Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  օրենքի ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Գործարարությամբ զբաղվելը-2019» զեկույցի համաձայն՝ «Վարկերի ստացումը» ցուցիչով Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը[1]: Գրանցած ցուցանիշի վրա իր ազդեցությունն է ունեցել, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված՝ գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտա­դրանքի և եկամուտների նկատմամբ միայն պայմանագրով նախատեսված դեպքերում տարածելու վերաբերյալ պահանջը, ինչպես նաև գրավի պայմանագրով գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելու հնարավորության բացակայությունը:

Միաժամանակ, հարկ է նկատել, որ ներկայում շրջանառության մեջ է գտնվում «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2019 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվել են գրավի իրավունքը գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտա­դրանքի և եկամուտների նկատմամբ տարածելու, ինչպես նաև գրավի պայմանագրով գրավի առարկայի, այդ թվում՝ առարկաների խմբի ընդհանուր նկարագրություն սահմանելուն ուղղված օրենսդրական կարգավորումներ նախատեսելու վերաբերյալ միջոցառումներ:

Վերը նշվածը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  1. հանվել է որոշիչ կամ նկարագրական հատկանիշներ ունեցող ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պայմանագրում պարտադիր սահմանելու վերաբերյալ պահանջը,
  2. սահմանվել է, որ գրավի իրավունքը տարածվում է նաև գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,
  3. նախատեսվել է գրավի պայմանագրում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը սահմանելու հնարավորությունը՝ գույքի մասի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշներով պայմանավորված խմբի մասին նշում կատարելու միջոցով, ինչպես նաև պայմանագրում հատուկ նշում կատարելու միջոցով գրավը պարտապանի ողջ գույքի վրա տարածելու հնարավորությունը,
  4. սահմանվել է, որ բոլոր դեպքերում գրավի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է հնարավորություն ընձեռի նույնականացնել գրավի առարկան դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին,
  5. նախատեսվել է, որ գրավի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել գրանցման կամ հաշվառման փաստի ուժով ծագող գրավի իրավունքի, գրավականի, կոշտ գրավի և գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքերում:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության  «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գրավի ինստիտուտը, որը կարող է դրականորեն ազդել «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային ցանկում Հայաստանի Հանրապետության դիրքի վրա:

 

 

[1] http://www.doingbusiness.org/content/dam/doingBusiness/country/a/armenia/ARM.pdf

  • Քննարկվել է

    10.04.2019 - 26.04.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6983

Տպել

Առաջարկներ`

Արթուր Այվազյան

10.04.2019

Չի կարելի գրավադրել գրավի առարկայի շահագործումից առաջացող արդյունքի վրա դա թուրիմածություն է ինչպես վաճառել գրավադրված հողից աճած բերքը կամ տարածքի վարձակալական գումարը հաստոցի արտադրանքը սա միակողմանի և ի օգուտ բանկերի թալանի նպաստող դրութ է հանել

Տեսնել ավելին