Հիշել նախագիծը

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի

  N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև ՀՀ նախարարական պետաիրավական կոմիտեի 22.03.2019թ. N ԿԱ/32-219 նիստի արձանագրության 2-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

   ՀՀ կառավարության 04.03.2004թ. N 318-Ն որոշման պահանջների համաձայն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք սահմանված հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձանց համար, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում: Այսինքն, զինվորական ծառայության ընթացքում խեղում, վնասվածք կամ հիվանդություն ստացած, սակայն հաշմանդամություն ունեցող չճանաչված անձին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար պարտադիր է, որպեսզի զինծառայողը զինվորական ծառայությունից արձակված լինի խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների շրջանակներում նման կարգավիճակ ունեցող զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են վաղաժամկետ՝ մինչև օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության կամ պայմանագրային զինվորական ծառայության շրջանակներում կնքված պայմանագրի ժամկետը լրանալը: Խնդիրը ծագել է այն պատճառով, որ առկա են նաև դեպքեր, երբ զինծառայողը զորացրվում է պարտադիր զինվորական ծառայության կամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով, որից հետո առողջական խնդիրներ ունենալու դեպքում պարզվում է, որ նրա առողջական վիճակը վատթարացել է համապատասխան զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի կամ հիվանդության պատճառով: Նշված պատճառական կապը հաստատվում է ՀՀ կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ հաստատված քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության կարգի պահանջների համաձայն՝ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից: Տվյալ պարագայում ստացվում է, որ պարտադիր զինվորական ծառայության կամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակվելուց հետո սահմանված կարգով որոշված՝ առողջական վիճակի հետ կապված խնդիրները զինվորական ծառայության հետ պատճառական կապի առկայության դեպքում, նշված անձինք, եթե չեն ճանաչվում հաշմանդամություն ունեցող, որևէ ձևով չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից, ինչը հանգեցնում է արդարացի դժգոհությունների:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

   Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայությունից արձակված և զինվորական ծառայությամբ հետ պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել, օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունքից` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀպաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինվորական ծառայությունից արձակված և զինվորական ծառայությամբ հետ պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման գործընթացը, կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի

  N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի

  N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

 

    Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջում լրացուցիչ ծախսերի առաջացման հանգամանքը հնարավոր չէ գնահատել, քանի որ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակներում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի

  N 318-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.04.2019 - 20.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7392

Տպել

Առաջարկներ`

Մարտիկ Մարտիրոսյան

07.04.2019

Նախագծում չի նշվում, թե ծառայությունից արձակվելուց հետո քանի տարվա ընթացքում անձը կարող է դիմել անվճար բժշկական օգնություն ստանալու համար, այնինչ ՀՀ կառավարության թիվ 405-Ն որոշմամբ հաստատված կարգի 101-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձաքննական եզրակացությունները կարող են քննարկվել և հաստատվել զորացրվելուց հետո` 5 տարվա ընթացքում: Ստացվում է, որ նախագծով անվճար բուժում ստանալու համար ժամկետ սահմանված չի, այնսինքն՝ նախկին զինծառայողը կարող է դիմել անգամ ծառայության ավարտից 37 տարի հետո, այնինչ եթե ծառայությունից արձակվելուց հետո՝ 5 արվա ընթացքում իր մոտ առկա հիվանդության վերաբերյալ պատճառական կապը զինվորական ծառայության հետ հաստատված չլինի նախկին զինծառայողը չի կարող իրացնել իրեն տրված անժամկետ իրավունքը: Առաջարկում եմ նախագծով հստակ ժամկետ սահմանել, թե զինվորական ծառայությունից արձակվելուց հետո քանի տարվա ընթացքում անձը կարող է դիմել անվճար բժշկական օգնություն ստանալու համար:

Մարտիկ Մարտիրոսյան

07.04.2019

Բացի այդ, Նախագծով շարունակում է չլուծված մնալ զինվորական ծառայության հետ չկապված, սակայն զինվորական ծառայության ընթացքում բուժման ենթակա առողջական խնդիր ունեցող անձին ծառայության ավարտից հետո անվճար բժշկական օգնություն տրամադրելու հարցը (Օրինակ, զորակոչիկի մոտ հայտնաբերվել է «քթի միջնապատի ծռվածություն», առանց վիրահատվելու զորակոչվում է, ծառայության ընթացքում էլ վիրահատական բուժում չի ստանում): Առաջարկում եմ նախագծում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում բուժման ենթակա առողջական խնդիր ունեցող, սակայն բուժում չստացած նախկին զինծառայողին նույնպես տրամադրվում է անվճար բժշկական օգնություն:

Մարտիկ Մարտիրոսյան

07.04.2019

Նախագծով առաջարկվում է, որ «25. Զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ արձակված կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակը վատթարացած անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում:»: Ակնհայտ է, որ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակված անձինք անցում են ռազմաբժշկական փորձաքննություն և այս առումով որևէ խնդիր չկա: Իմ կարծիքով խնդրահարույց է զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով առողջական վիճակի վատթարացումը որոշելը, եթե անձն առողջական այդ խնդրի կապակցությամբ ծառայության ընթացքում չի անցել ռազմաբժշկական փորձաքննություն: Օրինակ, ՀՀ կառավարության 2018 թվականի թիվ 405-Ն որոշմամբ հաստատված կարգի 97-րդ կետի համաձայն՝ ԿՌԲՀ-ի կողմից ծառայության հետ պատճառական կապի որոշման համար անհրաժեշտ են՝ 1) զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք հիվանդությունը ձեռք բերելու, վնասվածքը կամ խեղումն ստանալու հանգամանքների մասին. 2) զորամասի բուժծառայության կամ այլ ռազմաբժշկական հաստատության եզրակացությունը: Եթե ծառայությունից արձակվելուց հետո է ի հայտ եկել հիվանդությունը, ապա անձն չի կարող ներկայացնել նշված փաստաթղթերը: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ համապատասխան փոփոխություն կատարել նաև ՀՀ կառավարության 2018 թվականի թիվ 405-Ն որոշման մեջ:

Տեսնել ավելին