Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության աջակցող ստորաբաժանումներում ծառայությունն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»,
2) 1-ին մասի 3-րդ և 4-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
3) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
4) 3-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետում «Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերը փոխարինել «Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար» բառերով,
բ. 2-րդ կետում «գլխավոր վարչության պետ,» բառերը փոխարինել «դեպարտամենտի պետ,» բառերով, իսկ «գլխավոր վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «դեպարտամենտի պետի տեղակալ» բառերով,
դ. 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ պարբերություններում «օպերլիազոր» բառերը փոխարինել «հետաքննիչ» բառերով,
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանում է Կառավարությունը, իսկ այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Ոստիկանության պետը:»,
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քրեակատարողական, փրկարար ծառայությունների հիմնական պաշտոնների, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, դատախազության պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասում «հիմքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 14.1-ին հոդվածով սահմանված փորձաշրջանի ընթացքում» բառերը:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ոստիկանությունում կամ սույն մասում նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:
Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Կառավարությունը:»,
2) 2.1-ին և 2.2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում`
ա. «30 տարեկան» բառերը փոխարինել «40 տարեկան» բառերով,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով և 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).»,
գ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) համապատասխանում է ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջներին, անձնական հատկանիշներով բավարարում է բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին:»,
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
3) 3-րդ մասից հանել «մասնագիտական,» բառը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Ոստիկանության պետի կողմից հաստատված կոնկրետ պաշտոնի անձնագրով:»,
4) 4-րդ մասում`
ա. 2-րդ կետում «քաղաքացիական կամ այլ ծառայությունում» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) որը չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:»,
5) 6-րդ մասում «փաստաթղթերի ցանկը» բառերից հետո լրացնել «, թեկնածուների ընտրության» բառերը։
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.
«6.1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին պաշտոնների խմբերում առաջխաղացման կարգով պաշտոնի նշանակումը կատարվում է պաշտոնի նշանակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացված` տվյալ ստորաբաժանման ղեկավարի միջնորդության հիման վրա, բացառությամբ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու դեպքերի: Միջնորդությունը նախապես համաձայնեցվում է տվյալ ստորաբաժանման գործունեությունը համակարգող Ոստիկանության պետի տեղակալի հետ:»,
3) 8-րդ մասի երկորդ նախադասությունը հանել,
4) 9-րդ մասում «մասերով» բառից հետո լրացնել «նախատեսված պայմանների հաշվառմամբ` սույն օրենքի 13.1-ին հոդվածով» բառերը:
Հոդված 7. Օրենքի 13.1-ին հոդվածում՝
1) վերնագրից հանել «ու Ոստիկանության զորքերի հրամանատարի» բառերը,
2) 8-րդ մասից հանել «և Ոստիկանության զորքերի հրամանատար» և «կամ Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերը:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում՝
ա. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ. չորրորդ պարբերության «վերջին մեկ տարին» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով,
2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել,
3) 6-րդ մասում՝
ա. «Կառավարության կողմից» բառերը փոխարինել «պաշտոնի անձնագրով» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետեր․
«1.1) ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողները․
1.2) այլ պաշտոնից փոխադրվող (այդ թվում՝ առաջխաղացման կարգով) ոստիկանության ծառայողները.»,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ․
«2.1) սույն հոդվածի 10-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված անձինք․»,
դ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները:»,
4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7. Պաշտոնի անձնագրով սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող և առաջին անգամ ոստիկանությունում ծառայության անցնող անձինք ոստիկանությունում ծառայության են ընդունվում սույն օրենքի 14.1-ին հոդվածով նախատեսված կարգով:»,
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.2-րդ մաս․
«9.2. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում առաջնահերթության կարգով պաշտոնի է նշանակվում ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցված ծառայողը։»,
6) 10-րդ մասում`
ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների, քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ոստիկանությունում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) ոստիկանության նախկին ծառայողները: Սույն պարբերությամբ սահմանված կարգով նշանակումից հետո ծառայողն անցնում է պարտադիր վերապատրաստում:»,
բ. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
գ. չորրորդ պարբերությունում «կասեցվելու» բառը փոխարինել «դադարեցվելու» , բառով, իսկ «կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին» բառերը հանել,
դ. հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող անձը: Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքում այլ մարմինների ծառայողներին և ոստիկանության նախկին ծառայողներին ոստիկանությունում թափուր պաշտոնի նշանակելիս հաշվի չի առնվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային պահանջը: Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքում ոստիկանության նախկին ծառայողները ոստիկանությունում թափուր պաշտոնի նշանակվելիս ենթակա են բժշկական փորձաքննության ոստիկանության ծառայողների համար նախատեսված պայմաններով:»,
7) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 9. Օրենքի 14.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 14.1. Ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար
անցկացվող մրցույթը, մասնագիտական պատրաստումը և
փորձաշրջանը
- Ոստիկանությանմիջին խմբի թափուր` տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոնների համալրումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:
- Արտամրցութային կարգով պաշտոնի են նշանակվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին, 1.1-ին, 1.2-րդ և 2.1-ին կետերով նախատեսված անձինք:
- Արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստիկանության միջին խմբի թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթով` ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա մասնագիտական պատրաստում անցնելուց հետո:
- Մրցույթին կարող են մասնակցել ոստիկանությունում առաջին անգամ ծառայության ընդունվող` համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք:
- Մրցույթի յուրաքանչյուր մասնակից նախապես որոշում է եռամսյա մասնագիտական պատրաստման իր նախընտրած ուղղությունը, որը փոփոխման ենթակա չէ, և ստորագրում է պարտավորագիր (համաձայնություն)` մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության ցանկացած տարածքում պաշտոնի նշանակվելու վերաբերյալ: Մասնագիտական պատրաստումն անցկացվում է ոստիկանությունում ծառայության հետևյալ չորս ուղղություններով՝ հետաքննական, պարեկային, վարչական (կառավարչական), համայնքային ոստիկանության և ընտանիքում բռնության կանխարգելման։
- Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Ոստիկանության պետի լիազորած ստորաբաժանումը:
- Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ ոստիկանության պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում: Հայտարարության հետ հրապարակվում են նաև այն բնագավառները, որոնցից կազմված են լինելու հարցատոմսերը:
- Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջները:
- Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
- Թեստերը կազմվում են Ոստիկանության պետի սահմանած կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից և խնդիրներից:
- Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից:
- Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
2) ոստիկանությունում ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն.
3) ոստիկանության, այդ թվում` մասնակցի նախընտրած ծառայության իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն (մասնագիտական հարցեր):
- Մրցույթի հաղթող են ճանաչվում և մասնագիտական պատրաստմանը մասնակցելու իրավունք են ձեռք բերում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
- Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո` 1 աշխատանքային օրվա ընթացքում, այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
- Գրավոր բողոքը քննության է առնում Ոստիկանության պետը՝ ուսումնասիրելով մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը)` դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի՝ մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու հարցը:
- Ոստիկանության պետը որոշումն ընդունում է բողոքը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, և իր ընդունած որոշումը հրապարակում է ընդունելուց հետո՝ նույն օրը:
- Մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված մասնակիցները ոստիկանության ուսումնական հաստատությունում անցնում են եռամսյա մասնագիտական պատրաստում, որի արդյունքներն ամփոփվում են թեստավորմամբ` ձեռք բերված տեսական գիտելիքները, գործնական և մարտավարական հմտությունները ստուգելու նպատակով: Եռամսյա մասնագիտական պատրաստում անցնող անձինք մասնագիտական պատրաստման ողջ ժամանակահատվածում ստանում են կրթաթոշակ` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
- Մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտած անձանց շրջանակից պաշտոնի նշանակվող անձանց ընտրությունն ըստ թափուր պաշտոնների առկայության կատարում է Ոստիկանության պետը: Ոստիկանության միջին խմբի համապատասխան պաշտոնում նշանակված անձի նկատմամբ սահմանվում է եռամսյա փորձաշրջան:
- Փորձաշրջանը համարվում է հաջողությամբ ավարտված ուղղակի ղեկավարի դրական բնութագրի հիման վրա: Բնութագիրը պետք է պարունակի նվազագույն տեղեկություններ փորձաշրջանում գտնված անձի տրամաբանելու, քաղաքացիների, գործընկեր ծառայողների հետ շփվելու որակների, ծառայողական լիազորությունների իմացության և դրանք կիրառելու կարողության, ծառայողական կարգապահության վերաբերյալ:
- Մասնագիտական պատրաստումը հաջողությամբ ավարտած, սակայն պաշտոնի չնշանակված անձինք մեկ տարի ժամկետով ընդգրկվում են ոստիկանության ծառայողների թեկնածությունների ցուցակում՝ ըստ ծառայության համապատասխան ուղղության։ Թեկնածությունների ցուցակում ընդգրկված թեկնածուներին մեկ տարվա ընթացքում առաջարկվում է պաշտոն՝ հաշվի առնելով թափուր պաշտոնների առկայությունը և սույն օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված առաջնահերթությունը։ Պաշտոնի նշանակվելիս կամ նշանակումից հրաժարվելու դեպքում անձը հանվում է ոստիկանության ծառայողների թեկնածությունների ցուցակից։
- Ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, մասնագիտական պատրաստման և փորձաշրջանի անցկացման կարգը սահմանվում է Ոստիկանության պետի հրամանով:»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6.1-ին և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում, 22-րդ հոդվածում, 41-րդ հոդվածի 5-րդ մասում և 48-րդ հոդվածի 1-ին մասում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:
Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «խնամքով» բառից հետո լրացնել «կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը:
Հոդված 14. Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում`
1) առաջին պարբերության երկրորդ նախադասության «աշխատավարձ» բառից առաջ լրացնել «հիմնական» բառը,
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով ոստիկանության ծառայողի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվելու ժամանակահատվածում պահպանվում է նրա հիմնական աշխատավարձը` մինչև պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվելու պահը վճարվող չափով: Գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում կատարվում է վերահաշվարկ, եթե պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցված լինելու ժամանակահատվածում փոփոխվել է ծառայողի պաշտոնային դրույքաչափը:»:
Հոդված 15. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.
«1.1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.»,
2) 2-րդ կետից հանել «, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը,
3) 11.3-րդ կետում «14-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «14.1-ին հոդվածով» բառերով,
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Ոստիկանության ծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում ոստիկանությունում ծառայության ստաժի մեջ չեն հաշվարկվում պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները:»:
Հոդված 16. Օրենքի 47-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Պաշտոնը կամ պաշտոնների խումբը
|
Ծառայության սահմանային տարիքը |
Ծառայության ժամկետի երկարաձգման ժամանակահատվածը |
Ոստիկանության պետ |
65 |
մինչև 5 տարի |
Ոստիկանության պետի տեղակալ |
65 |
մինչև 5 տարի |
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ |
65 |
մինչև 5 տարի |
»,
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 49-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև» բառերը, իսկ «2-3-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաև սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով պաշտոնից ազատված` ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողները:»:
Հոդված 18. Օրենքի 54-րդ հոդվածի 7-րդ մասում «Պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են սահմանվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններ, որոնցում» բառերը փոխարինել «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում» բառերով, «նշանակվում են» բառերը փոխարինել «կարող են նշանակվել» բառերով, իսկ «սակայն» բառից հետո լրացնել «պաշտոնի նշանակմամբ» բառերը:
Հոդված 19. Օրենքի 58-րդ հոդվածի վերնագիրը և տեքստը «տեխնիկական սպասարկում իրականացնող» բառերից հետո լրացնել «և քաղաքացիական աշխատանք կատարող» բառերով, իսկ վերնագրի «քաղաքացիները» բառը փոխարինել «անձինք» բառով:
Հոդված 20. Օրենքի ամբողջ տեքստում «պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ոստիկանության պետ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 21. Օրենքի 11.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 4-րդ հոդվածի 2-րդ կետի և 21-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:
- Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 4-րդ հոդվածի 2-րդ կետը և 21-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոստիկանության աջակցող ստորաբաժանումներում ծառայող և ոստիկանությունում ծառայության առնվազն տասնյոթ օրացուցային տարվա ստաժ ունեցող ծառայողների զբաղեցրած հաստիքները չեն ներառվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում մինչև տվյալ պաշտոնը զբաղեցնող ոստիկանության ծառայողի կողմից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու իրավունք ձեռք բերելը կամ տվյալ պաշտոնից ազատվելը:
-
Քննարկվել է
23.03.2019 - 07.04.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8942
Տպել