Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ  նոր օրենքի նախագծի ընդունման

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

 

Նոր խմբագրությամբ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ  օրենքի ընդունումը պայմանավորված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված հիմնախնդիրների լուծման, նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության շարունակականության համար իրավական հիմքեր ապահովելու,  ինչպես նաև ՄԱԿ-ի               «Փոխակերպենք մեր երկիրը. Մինչև 2030 թվականը կայուն զարգացման օրակարգում» ներառված չորրորդ,  այն է՝   «ներառական և բոլորի համար որակյալ կրթության ապահովում, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորության խթանում» նպատակի պահանջներից:

Կրթությունը մարդու հիմնարար իրավունք է: Պետությունը պետք է ապահովի համընդհանուր հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն:

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև «Կրթություն 2030. Դեպի ներառական և արդարացի որակյալ կրթություն և կրթություն ողջ կյանքի ընթացքում բոլորի համար» Ինչհոնի և «Կրթություն բոլորի համար»  հռչակագրերի, 2010 թվականի մայիսին վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։

2015 թվականի հունվարից ուժի մեջ է մտել  «Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքը, որով  անցում է կատարվել ներառական հանրակրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման,  յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Ներառական նախադպրոցական կրթության զարգացմամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան դառնում է իրավահավասար բոլոր երեխաների հետ։  Շեշտը դրվում է երեխայի ուժեղ կողմերը զարգացնելուն, իսկ թույլ կողմերը ուժեղացնելը իրականացվում է կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը գնահատելու և այդ պայմանը ապահովելու միջոցով` ֆիզիկական միջավայրը, տեխնիկական սարքերը, մասնագետի աշխատանքը, ուսուցման  մեթոդը և մեթոդաբանությունը, ուսուցողական հարմարեցված նյութերը և այլն։

Կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող երեխայի ընտանիքը դադարում է խուսափել իր երեխայի խնամքից կամ իր երեխայի հետ միջավայրի շփումից, քանի որ նույն միջավայրը սկսում է  ընդունել հաշմանդամությւոն ունեցող եեխայի հավասար լինելու փաստը։ Ընտանիքի անդամի հետ տարվող մասնագիտացված աջակցության ծառայությունները, ինչպես նաև երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի գնահատման գործընթացին անմիջական մասնակցությունը, մասնագետների խորհրդատվությունը և միջավայրի վերաբերմունքը օգնում են ծնողին ավելի օգտակար լինել իր երեխային, դուրս գալ անելանելիության ու ամոթի բարդույթից և օգնել իր երեխային հաղթահարելու անհատական ուսուցման  պլանը։ 

     Օրենքի ընդունումով հնարավոր է դառնում երկրում կրթության կազմակերպման և իրականացման մեխանիզմների արդիականացումը, որոնք համահունչ են ժամանակակից մարտահրավերների կարգավորմանն ուղղված միջոցառումներին։

           

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

<<Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) 7-րդ գլխի 7.1-ին բաժնի 13-րդ կետով  սահմանված է .

<<13.Նախադպրոցական կրթության որակի և մատչելիության ապահովում

ա. կատարելագործել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը և կառավարման համակարգը,

բ. ապահովել նախադպրոցական կադրերի արդյունավետ մասնակցությունը վերապատրաստման, կատարելագործման և ատեստավորման ծրագրերին,

գ. բարելավել նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,

դ. մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:>>:

 

Օրենքի մշակման շրջանակներում իրականացվել է համակողմանի հետազոտություն՝ ուղղված նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների բացահայտմանը՝ հետևյալ հինգ ուղղություններով. կրթության մատչելիություն, կրթության որակ, կրթության բովանդակություն, կրթության կառավարում, կրթության արդյունավետություն:

Արդի փուլում նախադպրոցական կրթական ծառայությունների ուղղությամբ բնակչության առավելագույն պահանջարկի ապահովմանը միտված` զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձևեր և մոդելներ, ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների և կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական ձևերով գործող կազմակերպությունների բազայի վրա: Ուստի անհրաժեշտություն է  տարբեր ուղղվածության նախադպրոցական կրթական ծրագրերի իրացման համար ֆինանսավորման մոդելի ներդրումը:

Ինչպես նշված է նախադպրոցական կրթության բարեփոխումների ռազմավարական խնդիրների իրագործման ուղղություններում (ՀՀ կառավարության 13 մարտի 2008թ <<ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ ռազմավարական և փորձնական ծրագրերին հավանություն տալու մասին>> N10 արձանագրային որոշման մեջ, ակնկալվում է պետական  աջակցությունը նախադպրոցական կրթության համակարգի զարգացման ծրագրերում նպատակային ֆինանսական ներդրումների իրականացման միջոցով:

Ռազմավարության մեջ շեշտադրվում է` ակնկալվում է, որ պետությունն այս ոլորտում կկատարի նպատակային ներդրումներ`  ապահովելով տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացումը, հաշվետու լինելը և կիրականացվի համարժեք պետական վերահսկողություն արդյունքների նկատմամբ:

Նախադպրոցական կրթության համակարգի զարգացման համար  կարևորագույն պայման է` անկախ կազմակերպաիրավական ձևից և սեփականության ձևից, 1 սանի հաշվարկով  ուսումնական հաստատության  նորմատիվային սկզբունքի կիրառումը:

<<Կրթության մատչելիության ապահովում>> ծրագրի շրջանակներում գերազանցապես այն համայնքներում, որտեղ չկան մանկապարտեզներ, շուրջ 220 հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկվել են ավագ տարիքային խմբեր` 4515   նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկմամբ, ակնկալվում է տարեցտարի ընդլայնել համակազմի  թիվը:

     2013-2014 ուտարվա վիճակագրական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գործում են համայնքային ենթակայության  647 մանկապարտեզ` 63430 երեխայի ընդգրկմամբ,կրթահամալիրների կազմում գործող և գերատեսչական ենթակայության` 9 մանկապարտեզ -673 երեխայի ընդգրկմամբ, ոչ պետական` 57 մանկապարտեզ 1950 երեխայի ընդգրկմամբ, ընդամենը հանրապետությունում` 71138 երեխա:

         Ոլորտի վերլուծության դինամիկան ցույց է տալիս, որ գործնականում նախադպրոցական կրթության պահանջարկն աստիճանաբար ավելանում է և  ակնկալվում է համայնքային, ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության ավելացում, ուստի անհրաժեշտություն է հիմնախնդիրների լուծման համար  կարևորություն ունեցող իրավական կարգավորման քաղաքականություն: Միաժամանակ, որևէ փաստաթղթով կամ իրավական ակտով կարգավորված չեն հաշմանդամություն ունեցող և/կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի նախադպրացական ուսումնական հաստատություն ընդգրկման և հաստատությունում ուսուցման կազմակերպման մեխանիզմները: Թեև Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել և իրականացնում է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման  քաղաքականություն, սակայն նախադպրոցական կրթության և ծառայությունների շարունակական մատչելիության ապահովման համար օրենքով ամրագրված չեն պետական և համայնքային բյուջեներից հաստատությունների  ֆինանսավորման, երեխաների կրթության կազմակերպման, զարգացման, կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական ակտեր:

  • Պետական նպատակաուղղված քաղաքականության, կառավարման համակարգի համապարփակ գործունեությանն ուղղված իրավական հիմքի բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների  կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,  նախադպրոցական մանկավարժական կադրերի  վարձատրության խնդիրները:
  • Կանոնակարգված չէ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, ինչպես նաև կառավարման և վերահսկողության համակարգի ապահովումը:
  • Անհավասար իրավական դաշտ է ստեղծված հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկված նախադպրոցական խմբերի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության միջև:

Եթե ՀՀ կառավարության 4 նոյեմբերի 2010թ. N 1427-Ն որոշմամբ  սահմանված են ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսերի ֆինանսավորման մեխանիզմները, ապա համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում տարբեր գործոններով պայմանավորված  կարգավորված չէ:

Նախադպրոցական կրթության ոլորտում առկա են հետևյալ խնդիրները.

 

  • Կանոնակարգված չէ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, ինչպես նաև կառավարման և վերահսկողության համակարգի ապահովման խնդիրը:
  • Անհավասար իրավական դաշտ է ստեղծված հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի վրա գործարկված նախադպրոցական խմբերի և նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության միջև: 
  • Պետական նպատակաուղղված քաղաքականության, կառավարման համակարգի համապարփակ գործունեությանն ուղղված իրավական հիմքի բացակայության պատճառով խիստ տարբեր են համայնքային նախադպրոցական հաստատություններում երեխաների  կրթական ծրագրերի իրացման պայմանները, նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,  նախադպրոցական մանկավարժական կադրերի  վարձատրության խնդիրները հաստատություններում:

    ՀՀ մարզերի քաղաքային և գյուղական համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպման պայմանները խիստ տարբեր են.

  • երեխա-թվով ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են, մի դեպքում ֆինանսավորման համար ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, նույնիսկ ամսական կտրվածքով, մյուս դեպքում հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը-արդյունքում` ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում.
  • Հաստատությունների մանկավարժական անձնակազմի  աշխատանքի վարձատրությունների  չափը, միևնույն կրթական ցենզի, միևնույն ստաժի առկայության պայմաններում  շատ տարբեր է. բացակայում են նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված աշխատողներին ուղղվող  խթանման ֆոնդի հնարավորությունները,

Տեղական և միջազգային ծրագրերի և փորձի ուսումնասիրություն

 

Քաղաքակրթության զարգացման ներկայիս փուլում վաղուց արդեն ապացուցված է  վաղ տարիքի երեխայի համակողմանի զարգացման կարևորությունը և դրա ապահովման գործում կրթության ունեցած մեծ դերը: Դա բխում է ինչպես  երեխաների իրավական պաշտպանվածության, այնպես էլ նրանց համակողմանի զարգացման և սոցիալական հարմարվողականության միջազգայնորեն ընդունված նորմերից և չափանիշներից: 

Կառավարությունները, ի դեմս իրենց համապատասխան նախարարությունների, հիմնական պատասխանատվություն են կրում <<Կրթություն բոլորի համար>> ասպարեզում ազգային ծրագրերի շրջանակներում մանկահասակ երեխաների խնամքի ու նրանց դաստիարակության քաղաքականության մշակման, քաղաքական շրջանակների և բնակչության կողմից համապատասխան աջակցության ապահովման և մանկահասակ երեխաների համար ճկուն, հարմարեցման ենթակա ծրագրերի ներդրման համար, որոնք հատուկ հաշվարկված են նրանց տարիքի համար, այլ ոչ թե կրկնորդում են սովորական դպրոցական համակարգերը` դրանք փոխադրելով ավելի փոքր տարիքի երեխաների վրա:

Աշխարհի զարգացած երկրներում գոյություն ունեն նախադպրոցական կրթության կազմակերպման բազմաբնույթ մոդելներ և տիպեր: Այդ բազմազանության մեջ, սակայն, դրանք կարելի է խմբավորել ըստ որոշակի հատկանիշների` կազմակերպաիրավական ձևերի, ֆինասնավորման աղբյուրների, մատուցվող ծառայությունների բովանդակության և այլն:

Այսպես, ըստ առաջին հատկանիշի գոյություն ունեն պետական, մունիցիպալ, գերատեսչական, հասարակական, մասնավոր, ընտանեկան, ինչպես նաև կրոնական նախադպրոցական հաստատություններ: Ընդ որում, եվրոպական երկրներում ամենատարածվածը մունիցիպալ հաստատություններն են, որտեղ հաճախում են երեխաների մոտ 90 տոկոսը: Նախադպրոցական կրթության կազմակերպման կոնկրետ ձևերն ավելի բազմազան են` կապված աշխատանքի ռեժիմի, կրթության բովանդակության, տեղաբաշխման վայրերի, սոցիալական ուղղվածության և այլ գործոնների հետ: Օրինակ, ըստ աշխատանքի ռեժիմի եվրոպական երկրներում ամենատարածվածը ամբողջ օրով գործող հաստատություններն են: Բացի այդ, կան նաև կես օրով(կարճաժամկետ), երկարօրյա, սեզոնային (հատկապես գյուղական բնակավայրերում) և ճկուն աշխատանքային ժամերով աշխատող հաստատություններ: Նախադպրոցական կրթության կազմակերպման ավելի <ազգային> մոդելներ են կիրառվում Ճապոնիայում և Իսրայելում: Ընդ որում, Ճապոնիան աշխարհի այն առանձնահատուկ երկրներից է, որտեղ այդ ոլորտում գերակշռում են տղամարդ մասնագետները, և որոնց աշխատավարձը ավելի բարձր է մունիցիպալ ծառայողների աշխատավարձից: Նախադպրոցական ծառայություններում 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը շատ ավելի բարձր է, քան ավելի փոքր տարիքային խմբի երեխաների ընդգրկվածությունը երեխայի խնամքի ծառայություններում: ՏՀԶԿ կեսից ավելի երկրներում ներկայումս այդ տարիքի երեխաների ընդգրկվածությունը վաղ կրթության ոլորտում, համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրատարակվող <Կրթություն մեկ հայացքից> պարբերականի վերջին տվյալների, կազմում է 80 %  և ավելի: Ընդգրկվածության մակարդակը հատկապես  բարձր է Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Իսպանիայում, որտեղ  պրակտիկորեն ապահովված է 3-5 տարեկանների համընդհանուր ընդգրկվածություն: Մյուս կողմից, սակայն, Կորեայում, Լեհաստանում, Թուրքիայում այդ տարիքային խմբի երեխաների ընդգրկվածության մակարդակը մոտ կամ ցածր է 40 տոկոսի սահմանից:

ՈՒշադրությունը վաղ տարիքի երեխաների խնամքի և զարգացման ոլորտում շարունակում է խիստ կենտրոնացված մնալ հատկապես նախադպրոցական կրթության վրա և մասնավորապես տարրական դպրոցին անմիջապես նախորդող տարիքի վրա: Եվրոպայում հիմնականում ընդունվել է նախադպրոցական կրթության համընդհանուր հնարավորության ապահովման կոնցեպցիան: Շատ երկրներ ապահովում են բոլոր երեխաների` նախքան տարրական դպրոցը առնվազն երկու տարի անվճար, պետական ֆինանսավորմամբ նախադպրոցական կրթություն: Նախադպրոցական կրթության գնահատման հաշվետվությունների տվյալները տարբեր երկրներում հաճախ են արձանագրում 5 կամ 5-6 տարեկանների առավելագույն ընդգրվածություն, որը արդյունքն է այն բանի, որ այդ երկրներն իրենց կրթության պետական քաղաքականության  առաջնահերթություններում ներառում են երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստման նպատակային ծրագրեր:

Այսօր եվրոպական շատ երկրներ արդեն հասել են կամ մեծամասամբ մոտեցել են նախադպրոցական կրթությունը համընդհանուր դարձնելու նպատակին, ինչը ԱՄՆ-ն որպես թիրախ` սահմանել էր դեռևս 2000 թվականի համար: Հիմնականում կրթության նախարարությունը տարբեր երկներում ապահովում է անվճար պետական մանկապարտեզներ կամ նմանատիպ կրթական ծրագրեր` առավելագույն թվով 5 տարեկան երեխաներ ընդգրկելու համար: Այսօր աշխարհի շատ երկրներում պետական նախադպրոցական կրթությունը դարձել է ավելի մատչելի, քան, օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ պետական նախադպրոցական ծրագրերում ընդգրկված են 5 տարեկան երեխաների 66%-ը, 4 տարեկանների` 36%-ը և 3 տարեկանների` 14%-ը:

Ֆրանսիան, Բելգիան և Իտալիան, հասել են մեծ հաջողության պետական նախադպրոցական կրթության համընդհանուր հնարավորության ապահովման հարցում: Այսօր Ֆրանսիայում 3-5 տարեկան երեխաները 100%-ով ընդգրկված են նախադպրոցական կրթության մեջ և առավելապես պետական ծրագրերում:  Իտալիայում տեղական իշխանությունները 1950-ականներից սկսել են բացել նախադպրոցական հաստատություններ, և արդեն 1968 թվականից կառավարությունը հիմնադրել է անվճար նախադպրոցական հաստատություններ ըստ էության բոլոր երեխաների համար: Այսօր Իտալիայում 3-5 տարեկան երեխաների շուրջ 99%-ը ընդգրկված են նախադպրոցական հաստատություններում, առավելապես պետական ծրագրերում  /ՏՀԶԿ  կրթության տվյալների բազա- www. oecd.org/education/database ՏՀԶԿ  Ընտանեկան տվյալների բազա- www. oecd.org/els/social /family/database/

Վերջին տվյալներով ԱՊՀ երկրներից նախադպրոցական կրթության համակարգում երեխաների համախառն ընդգրկվածության լավագույն ցուցանիշներ ունեն Բելառուսը` 90.7 տոկոս քաղաքային բնակավայրում և 53.4 տոկոս` գյուղական բնակավայրում, Մոլդովան` միջինում 68.0 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` շուրջ 74.0 տոկոս, Ռուսաստանը` 59.3 տոկոս, Ուկրաինան` միջինում 57.0 տոկոս, Ղազախստանը` միջինում 38.7 տոկոս, այդ թվում 5-6 տարեկանները` 83.0 տոկոս:

Ներկայումս ԱՊՀ երկրներում նկատվում է նախադպրոցական կրթության նկատմամբ կառավարությունների ուշադրության և հոգածության աճ: Դրա վկայությունն է մի շարք երկրների (Բելառուս, ՈՒկրաինա, Հայաստան, Ղազախստան) կառավարությունների կողմից նախադպրոցական կրթության պետական ծրագրերի, ռազմավարությունների և այլ փաստաթղթերի ընդունումը, որի նպատակը նախադպրոցական կրթությունը պետական քաղաքականության առարկա դարձնելու միջոցով դրա հետագա զարգացման ապահովումն է: Այս առումով, որպես լավագույն օրինակ է ծառայում Ղազախստանը, որտեղ վերջերս ընդունված <Ճուտիկ> պետական ծրագրով նախատեսվում է մինչև 2020 թվականը ապահովել նախադպրոցական կրթության 100 տոկոս ընդգրկվածոթյուն: Բացի այդ, երկրում գործում է նախադպրոցական կրթության պետական պատվերի ինստիտուտ (պետությունը վճարում է նախադպրոցական պարտադիր կրթության համար` անկախ հաստատության սեփականության ձևից), գործում է նախադպրոցական կրթության հաստատությունների լիցենզավորման պարզեցված կարգ և հարկային իրական բարենպաստ մեխանիզմ (ԱԱՀ-ից և կորպորատիվ եկամտահարկից ազատում, հողի հարկի և գույքահարկի գծով զգալի արտոնություններ

 

Կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:

  1. Նախադպրոցական կրթության զարգացման հիմնական գերակայությունն է նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության ապահովումը: Այն ներառում է գործողությունների հետևյալ շրջանակը.
  • նախադպրոցական կրթության կազմակերպման ձևերի բազմազանեցում,
  • նախադպրոցական ծառայությունների ընդլայնում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական և սահմանամերձ համայնքներին,
  • նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրում,
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար համապատասխան պայմանների ստեղծում:
  1. Միաժամանակ, նախադպրոցական կրթության զարգացման քաղաքականություններն ուղղված կլինեն կրթության որակի բարձրացմանը, մասնավորապես`
  • նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազայի, նյութատեխնիկական հագեցվածության բարելավում,
  • կադրերի շարունակական վերապատրաստման մեխանիզմների մշակում,
  • նախադպրոցական ծառայությունների ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրում,
  • նախադպրոցական հաստատությունների շենքերի անվտանգության գնահատման մեխանիզմի ներդրում:

 

  1. Կրթության բոլոր մակարդակներում անհրաժեշտ է ստեղծել որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություններ բոլորի համար, ներառյալ՝ խոցելի խմբերի, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, կյանքի դժվարին պայմաններում հայտնված աղջիկների և տղաների, կանանց և տղամարդկանց: Կրթության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերը, բարեփոխումները, նախաձեռնություններն ու մշակումները պետք է հաշվի առնեն սովորողների առանձին խմբերի և անհատների կարիքները, նախատեսեն դրանց արձագանքման համապատասխան մոտեցումներ:

 

 

Օրենքի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության  կանոնակարգման և զարգացման նորմատիվային դաշտի, ինչպես նաև վերահսկողության համակարգի ապահովման համար իրավական երաշխիքների, օրենսդրական հիմքի ստեղծում:

  • Նախադպրոցական կրթության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ամրագրում,

 

  • նախադպրոցական կրթության ոլորտում կրթության պետական կառավարման լիազոր մարմնին,տարածքային կառավարման լիազոր մարմնին, ՏԻՄ-երին վերապահվող գործառույթների հստակեցում.
  • Նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերի բարելավում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն:
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավման և զարգացման պայմանների համար ֆինանսավորման հստակ մեխանիզմների մշակում և ներդրում
  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում,
  • երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական երաշխիքների հիմքի ապահովում,
  • նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և մանկավարժական կադրերի վերապատրաստման, մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման,աշխատանքի որակի և վարձատրության խթանում, վերահսկողության համակարգի ապահովում,
  • Կրթական ծրագրերի տեսակների, երեխաների ընդունելության, տարիքային խմբերի դասակարգման, համալրման, ազգային փոքրամասնության և օտարերկրյա քաղաքաքացիների երեխաների կրթության կազմակերպման, ռեսուրսային կենտրոնների, ոլորտի ղեկավար և մանկավարժական կադրերի իրավունքների և պարտականությունների սահմանում:
  • Նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականության և մատչելիության ապահովում. 3-6 տարեկան բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ներառական և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիություն և 5 տարեկանների առավել ընդգրկվածություն:
  • Ոչ պետական նախադպրոցական հաստատությունների և հանրակրթական ուսումնական հաստատությունների բազայի հիման վրա գործող նախադպրոցական խմբերի գործունեության կանոնակարգում:
  • Հաստատությունում ձևավորվող տարիքային խմբերի անվանումների, երեխաների ընդունելության, համալրման, փաստաթղթերի ցանկի հստակեցման, նորմատիվների կանոնակարգման իրավական նորմերի սահմանում:
  • Կրթության համակարգում կրթության հաջորդականությունն ապահովող տարբեր մակարդակների և ուղղվածության` այդ թվում նախադպրոցական կրթական ծրագրերի կառուցման հաջորդականության սկզբունքի ապահովում: մասնավորապես խոցելի խմբերի նախադպրոցական տարիքի, այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար, համընդհանուր ներառական կրթության ապահովում:
  • Սույն օրենքի նախագիծը երաշխավորում է համընդհանուր ներառական կրթության միջոցով նախադպրոցական կրթությունը դարձնել մատչելի և հասանելի քաղաքաբնակ և գյուղաբնակ բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական և տնտեսական պատճառներով խոցելի երեխաների համար:

Օրենքի նախագծում կարևորված է երեխաների իրավունքների պաշտպանությունը, հատկապես կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից, քանի որ երեխայի ներառման ամենագործուն միջոցը հասակակիցների հետ մեծանալու և ընկերություն անելու նրա իրավունքի ապահովումն է ։ 

Նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը, այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցողծառայությունների մատուցման (յուրաքանչյուր երեխայի, ծնողի, մանկավարժի մեթոդական աջակցության տրամադրման),  կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխանեիբացահայտման(հատուկ մանկավարժի և ուսուցչի օգնականի մասնագիտական աշխատանք, ամենօրյա դիտարկում, համեմատում, գնահատում), տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների։Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր ՝ այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի (նոր խմբագրությամբ) ընդունման կապակցությամբ կառաջանա այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի (նոր խմբագրությամբ) ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կառաջանա ծախսերի ավելացում :

 

  • Քննարկվել է

    15.03.2019 - 31.03.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 22323

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

31.03.2019

Նախագծով կանոնակարգված չեն այն դեպքերը, թե ինչպես է իրականացվելու «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին համապատասխան ապաստարանում հայտնված երեխաների նախադպրոցական կրթությունը։ Առաջարկում ենք կարգավորումներ նախատեսել նաեւ նշված դեպքի առնչությամբ։

Ստելլա Չանդիրյան

31.03.2019

Առաջարկում ենք Նախագծում նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պարտականությունների թվին ավելացնել նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում խտրականության դրսեւորման արգելքը։

Ստելլա Չանդիրյան

31.03.2019

Իրավական տեխնիկայի տեսանկյունից՝ առաջարկում ենք Նախագծի հոդվածների համարները վերաշադրել, քանի որ Նախագծում բացակայում են 5-րդ եւ 27-րդ հոդվածները։

Տեսնել ավելին