«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի լրամշակված նախագիծ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ:
Վերոնշյալ որոշումը բավականին ծավալուն է, բացի այդ մի շարք հարցերի կարգավորումը դրված է Կառավարության վրա, այդ թվում՝ պետական մրցանակ շնորհելու մասին որոշում ընդունելը, ինչն անհարկի ծանրաբեռնում է Կառավարության գործունեությունը և աննպատակահարմար է:
Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների կարևորությունը՝ առավել քան անհրաժեշտ է դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորել օրենքով՝ միաժամանակ վարչապետին վերապահելով պետական մրցանակներ շնորհելու լիազորությունը: Մինչդեռ, Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոհիշյալը վկայում է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
- սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները,
- նախատեսվել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների շնորհման և հանձնման կարգը,
- սահմանվել են պետական մրցանակների հավաստիքները, այդ թվում՝ դրամական պարգևները և դրանց չափերը,
- նախատեսվել է այն հարցերի շրջանակը, որոնց կարգավորումը թողնվել է Կառավարությանը,
- կարգավորվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հետ կապված այլ հարաբերություններ:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները և կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները:
-
Քննարկվել է
07.03.2019 - 23.03.2019
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Կրթություն և գիտություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Տրանսպորտ
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7271
Տպել