Հիշել նախագիծը

Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագծի ընդունման մասին որոշում

ՆԱԽԱԳԻԾ 

Կ Ա Ռ Ա Վ Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն      Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

              «» _____________ 2019 թվականի N    -Ն

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի  10-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 37-րդ հոդվածը` Կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝
  • բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկը, որում ընդգրկված շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
  • հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
  • բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում  ընդգրկված շահառուներին, պետական բյուջեի միջոցների հաշվին Առողջապահության նախարարության, ինչպես նաև  ԱԱՊ կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշումը:
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված 1

 կառավարության 2019թվականի

-ի N -Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԴԵՂԵՐԸ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

 

  1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ.

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք,

2) հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան),

3) հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան),

5) բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ,

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,

7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան),

8) մինչև 7 տարեկան երեխաներ,

9) ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ:

 

  1. Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով.

1) 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,

2) Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,

3) բռնադատվածներ,

4) միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,

5) միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,

6) միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

  1. Չաշխատող կենսաթոշակառուներին դեղերը տրվում են մասնակի փոխհատուցմամբ` 30 տոկոս զեղչով:

 

 

 

Հավելված 2

 կառավարության 2019թվականի

-ի N       -Ն որոշման

 

ՑԱՆԿ 

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԴԵՂԵՐԸ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԴՐԱՆՑ ԱՐԺԵՔԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ

 

  1. Դեղերը՝ դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ հատկացվում են հետևյալ հիվանդությունների դեպքում՝

 

  1. Տուբերկուլոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
  2. Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
  3. Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
  4. Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
  5. Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
  6. Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
  7. Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
  8. Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
  9. Մալարիա (հակամալարիային դեղեր)
  10. Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և կամ այլ դեղեր)
  11. Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
  12. Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (Բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
  13. Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
  14. Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշով պացիենտներին` (հորմոնային դեղեր)
  15. Վիրուսային հեպատիտ Ց հիվանդության բուժման համար (հակավիրուսային  դեղեր):  

 

Հավելված 3

կառավարության 2019 թվականի

-ի  N   -Ն որոշման

 

ԿԱՐԳ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՑԱՆԿԵՐՈՒՄ  ԸՆԴԳՐԿՎԱԾ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կարգավորվում են որոշման N 1 Հավելվածով հաստատված բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին (այսուհետ՝ Շահառու) անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղերի (այսուհետ՝ Դեղեր) փոխհատուցման (ֆինանսավորման) մեխանիզմների սահմանման առանձնահատկությունները, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (այսուհետ՝ ԱԱՊ կազմակերպություն), ինչպես նաև վերջիններիս հետ պայմանագրեր կնքած կազմակերպությունների միջոցով դեղերի՝ դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացնելու, ինչպես նաև որոշման N 2 հավելվածով, Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի միջոցների հաշվին, սահմանված հիվանդությունների համար Առողջապահության նախարարության կողմից դեղերի ձեռքբերման և հատկացման հետ կապված հարաբերությունները: 

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԴԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ 
  1. Սույն որոշման հավելված 2-ով սահմանված հիվանդությունների դեպքում Առողջապահության նախարարության կողմից, պետական բյուջեի միջոցների հաշվին, կենտրոնացված կարգով իրականացվում է դեղերի ձեռքբերում` գործող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
  2. Սույն որոշման հավելված 2-ով սահմանված հիվանդությունների դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են Առողջապահության նախարարության կողմից` ԱԱՊ կազմակերպությունների, հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և դիսպանսերային(շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակեպություւնների միջոցով, համաձայն բաշխացուցակների, որոնք հաստատվում են առողջապահության նախարարի հրամաններով:
  3. Սույն որոշման հավելված 1-ով բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկերում ընդգրկված շահառուներին, ԱԱՊ կազմակերպությունները դեղերը հատկացնում են իրենց կազմում գործող կամ գնումների գործընթացում հաղթող ճանաչված մասնակից/երի կողմից ներկայացված և պայմանագրերով սահմանած դեղատուն/ների միջոցով (այսուհետ Դեղատուն):
  4. Շահառուներին հատկացվող դեղերի արժեքի լրիվ փոխհատուցումը իրականացվում է ԱԱՊ կազմակերպությունների կողմից, իսկ մասնակի փոխհատուցման դեպքում՝ ԱԱՊ կազմակերպությունների կողմից, դեղատան հետ կնքված պայմանագրերի միջոցով: ԱԱՊ կազմակերպությունները, հաջորդ տարվա իրենց կարիքների համար գնման ընթացակարգերը կազմակերպում և իրականացնում են ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում` «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն` շահառուներին դեղերով անընդհատությունը ապահովվելու նպատակով: 
  5. Լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ հատկացված դեղերի ձեռքբերումը ԱԱՊ կազմակերպություններն իրականացնում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Գնման ընթացակարգ իրականացնելիս` տեխնիկական բնութագիրը կազմելիս, սահմանվում է սպասարկման տարածքում գործող մինչև 5 կմ շառավիղով հեռավորության վրա դեղատնների գտնվելու պահանջը, իսկ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա Դեղատան բացակայության հիմքով գնման ընթացակարգը չկայանալու դեպքում` հայտարարվում է նոր գնման ընթացակարգ` սահմանելով սպասարկման տարածքում գործող մինչև 15 կմ շառավղով հեռավորության վրա դեղատների գտնվելու պահանջը:
  6. Գնման ընթացակարգի արդյունքում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը որակավորումը հիմնավորող փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև իր կողմից առաջարկվող դեղատան մասին տեղեկատվություն (իրավաբանական անվանումը, գտնվելու հասցեն, եթե առաջարկվող դեղատունը չի հանդիսանում հաղթող ճանաչված մասնակցի դեղատան մասնաճյուղ, ապա ներկայացնում է համատեղ գործունեության  պայմանագիր):  Տեղեկատվության հիման վրա գնահատվում է առաջին տեղ զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված հայտը: ԱԱՊ և հաղթող ճանաչված մասնակցի հետ կնքված պայմանագրում նշվում է դեղատան վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը:
  7. ԱԱՊ կազմակերպության կողմից դեղի դուրս գրումն իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով հաստատված «Հիմնական դեղերի ցանկին»  համապատասխան:
  8. ԱԱՊ կազմակերպությունը կամ Դեղատունը դեղատոմսի հիման վրա դեղը հանձնում է Շահառուին: ԱԱՊ կազմակերպության կողմից դեղատոմսերի գրման, դեղերի բաց թողման, հատկացման և ԱԱՊ կազմակերպությունում կամ Դեղատանը դեղատոմսերի պահպանման կարգը իրականացվում է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 09-ի թիվ 1402-Ն որոշման համաձայն:
  9. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի ձևերը սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 09-ի թիվ 1402-Ն որոշմամբ:
  10. ԱԱՊ կազմակերպությունը կարող են դեղեր ձեռք բերել և պացիենտներին անվճար հատկացնել բժշկական հաստատության դեղատնից, իսկ վերջիններիս բացակայության դեպքում` գլխավոր (ավագ) բուժքրոջ միջոցով:
  11. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղատոմսերը դուրս գրելիս բնօրինակը տրվում է պացիենտին դեղը դեղատնից ստանալու համար, իսկ դրա պատճենը պահվում է ԱԱՊ կազմակերպությունում:
  12. Դեղատանը գնահատվում է դեղատոմսը (նշվում է դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը, դեղատոմսի ետևի մասում ստացողը կատարում է նշում ստացած դեղի անվանման քանակի և/կամ վճարած գումարիմասին:
  13. Յուրաքանչյուր ամսվա վերջում Դեղատան կողմից ամփոփվում է անվճար և զեղչով տրված դեղերի փաստացի ծախսը և ամփոփ տվյալները ներկայացվում է ԱԱՊ կազմակերպությանը:
  14. Առողջապահության նախարարության անունով մարդասիրական օգնությամբ ստացված և բաշխված, ինչպես նաև անմիջապես առողջապահական կազմակերպությունների անունով այլ մարդասիրական խողովակներով ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր պացիենտներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից :
  15. Անվճար պայմաններով դեղերի հատկացման ժամանակ առաջնահերթություն տրվում է որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերին` ելնելով դրանց պիտանիության ժամկետներից:
  16. Առողջապահության նախարարության կողմից պետության կարիքների համար կենտրոնացված կարգով ձեռքբերվող դեղերի սպառման և կամ գնման և կամ մատակարարման ընդհատման դեպքում, պացիենտների բուժման շարունակականության և անընդհատության ապահովման նպատակով, ԱԱՊ կազմակերպությունները, Առողջապահության նախարարության գրավոր հանձնարարականով, պետք է ձեռքբերեն  և անվճար ապահովեն պացիենտներին:

 

 

 ՀԱՏԿԱՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ (ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ) ՄԵԽԱՆԻԶՄԸ 

  1. Սույն որոշման հավելված 2-ով սահմանված հիվանդությունների դեպքում Առողջապահության նախարարության կողմից ձեռքբերվող դեղերի փոխհատուցումը իրականացվում է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետակակն բյուջեի համապատասան ծրագրի շրջանակում:
  2. Շահառուներին հատկացված դեղերի փոխհատուցումն իրականացվում է Առողջապահության նախարարության և ԱԱՊ կազմակերպությունների միջև կնքվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի (այսուհետ՝ պետական պատվերի պայմանագիր) շրջանակներում:
  3. Դեղերի փոխհատուցման նպատակով` ԱԱՊ կազմակերպության կողմից շահառուներին հատկացված դեղերի մասով պետական պատվերի պայմանագրով սահմանված կարգով հաշվետվությունները ներկայացվում են առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն (այսուհետ՝ ՊԱԳ):
  4. Սույն կարգի 18-րդ կետում նշված հաշվետվությունները առնվազն ներառում են տեղեկատվություն փաստացի հատկացված դեղերի առևտրային և համընդհանուր անվանումների, քանակների և փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ:
  5. ԱԱՊ կազմակերպությունը Դեղատներին մատակարարված դեղերի համար վճարումները կատարում է վերջիններիս միջև կնքված պայմանագրի դրույթների համաձայն:
  • Քննարկվել է

    25.02.2019 - 14.03.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9760

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

12.03.2019

Նախագծի Հավելված 1-ի 1-ին՝ «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են լրիվ փոխհատուցմամբ» կետի 2)-րդ, 4)-րդ, 5)-րդ եւ 7)-րդ ենթակետերում երեխա/երեխաներ բառ/երից հետո փակագծում գրված է «մինչեւ 18 տարեկան» արտահայտությունը։ Նույն կերպ նաեւ Հավելված 1-ի 2-րդ՝ «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբեր, որոնց պատկանող շահառուներին հիվանդության դեպքում դեղերը հատկացվում են մասնակի փոխհատուցմամբ` 50 տոկոս զեղչով» կետի 6)-րդ ենթակետում։ Հարկ է նկատել, որ 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանվում է, որ «…Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր անձ...»: Համանման կերպով՝ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրա-քանչյուր ոք»։ Վերոգրյալից հետեւում է, որ երեխա բառն ինքնին արդեն ենթադրում է համապատասխան անձի մինչեւ 18 տարեկան լինելը։ Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով ՀՀ կողմից վավերացված կոնվենցիայի եւ օրենքի դրույթների անհարկի կրկնության անհրաժեշտությունը՝ առաջարկում ենք հանել Նախագծի նշված կետերում փակագծում գրված «մինչեւ 18 տարեկան» արտահայտությունը։

Արսեն Գրիգորյան

25.02.2019

Հարգելի օրինագծի հեղինակներ, զինծառայողները որպես առանձնահատուկ խումբ նշված չեն, իսկ զինծառայողների բժշկական սպասարկման շրջանակներում մի շարք դեղամիջոցներ չեն հատկսցվում կամ չեն փոխհատուցվում, խնդրում եմ օրինագծում զինծառայողներին ընդգրկել շսհառուների ցսնկում։

Տեսնել ավելին