Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՖՈՆԴԻՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել և միասնականացնել պետական մարմիններում քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց, պետական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց որակյալ աշխատանքի համար, բացակայող աշխատողին փոխարինելու ժամանակահատվածի կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված փորձաշրջանը կամ փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողներին տրվող պարգևատրումների տրամադրման միասնական կարգավորումները:

 

 

  • Քննարկվել է

    08.02.2019 - 23.02.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16483

Տպել

Առաջարկներ`

Արման Հարությունյան

18.02.2019

«Ամփոփաթերթ» բաժնում Սահմանադրության 6-րդ հոդվածին համապատասխանության հարցով Ձեր կողմից ներկայացված փաստարկները, մասնավորապես՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածը վերաբերվում է բյուջեի կատարմանը, այսինքն սահմանում է որոշակի գործիքակազմ, տվյալ դեպքում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջների կատարումն ապահովելու համար և չի պարունակում Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի «պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդ»-ի մասով հավելյալ որևէ լիազորող նորմ: Ինչ վերաբերվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման 24-րդ կետին, ապա այն առնվազը, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդի մասով, չի բխում Օրենքի պահանջից: Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանվել է, որ տնտեսված միջոցները համապատասխան պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, այսինքն Կառավարությունը տնտեսված միջոցները պետական մարմնի աշխատակիցների պարգևատրմանն ուղղելու լիազորության հետ միաժամանակ ձեռք է բերում նաև այդ միջոցների մասով պագևատրման հավելյալ պայմաներ սահմանելու լիազորություն: Հետևաբար՝ հիմնավորման մեջ նշված իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև աշխատողների պարգևատրման միջազգային փորձը չեն կարող Կառավարությանը լիազորել պետական մարմինների աշխատակիցների պարգևատրման համար հիմնական պայմաններ և կարգ սահմանել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով պետական մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, քանի որ հիշյալ պարգևատրման ֆոնդը չի կարելի նույնացնել Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված տնտեսվող միջոցների հետ, չնայած որ դրանք կարող են ուղղվել միևնույն նպատակին՝ խրախուսմանը (պարգևատրմանը): Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես՝ Օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով Կառավարության լիազորությունը՝ ի հավելումն այլ օրենքներով սահմանված պարգևատրման պայմանների, այդ թվում` սահմանափակումների, սահմանելու պարգևատրման կարգ և պայմաններ՝ միայն նշված կետով նախատեսված տնտեսումից աշխատողների պարգևատրմանն ուղղված միջոցների մասով. Առաջարկում եմ. 1. Նախագծի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված միջոցներից՝ պետական մարմինների աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի» 2. Հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 17-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ» 3. Հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից, ինչպես նաև» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված`» բառերով: 4. Հավելվածի 1-ին կետում «քաղաքական, վարչական, ինքնավար, հայեցողական» բառերը փոխարինել «պետական պաշտոններ և» բառերով: 5. Հավելվածի 11-րդ կետում «2010» թիվը փոխարինել «2011» թվով: Ինչ վերաբերվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասին, ապա անհրաժեշտ է արձանագրել օրենսդրական բացի մասին, քանի որ նշված հոդվածը սահմանում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրման աղբյուրները և այդ աղբյուրներից պարգևատրում ստանալու նրանց իրավունքը, սակայն, ի տարբերություն պետական ծառայության պաշտոնների, պարգևատրման կարգը սահմանված չէ, ինչպես նաև պարգևատրման կարգ սահմանելու լիազորությունը վերապահված չէ որևէ մարմնի, որի արդյունքում կիրառվում է Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որն անկասկած անթույլատրելի է և ենթակա է շտկման օրենսդրական ճանապարհով: Պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու գաղափարն անշուշտ ողջունելի է, և հուսանք, որ օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով, պետական մարմինների բոլոր աշխատակիցների համար Կառավարությունն առաջիկայում կնախաձեռնի օրենսդրությանը համապատասխան բոլոր անհրաժեշտ քայլերը դրա իրագործման համար:

Սոնա Սարգսյան

15.02.2019

Առաջարկում եմ հստակ չափանիշներ սահմանել , թե ինչն է ավելացնում կամ պակասեցնում պարգևատրման տոկոսը : Պարգևատրման առավելագույն չափ կարելի է սահմանել 100 տոկոսը, կարծում եմ 200 տոկոսը կտրամադրվի միայն յուրայիններին: Իսկ նվազագույն չափ կարելի է սահմանել 30 տոկոսը, այդ թվից ներքև պարգևատրումն իմաստ չունի:

Տիգրան Սարաֆյան

11.02.2019

1․Կարգավորված չէ նախագծի կետերի հերթականությունը, 2․Ըստ ընդհանուր դրույթների 2-րդ կետից ենթադրվում է, որ պետական մարմնի ղեկավարն ինքն իրեն պետք է պարգևատրի։ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ՝ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ բաժնի 4-րդ կետի «Մարմնի ղեկավարը պարգևատրվում է, եթե տվյալ մարմնում աշխատանքի ակնկալվող արդյունքի նվազագույն մակարդակից ցածր արդյունք ունեցող աշխատողների թիվը չի գերազանցում հաշվետու ամսվա ընթացքում փաստացի աշխատած աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը:», նշված դրույթն անհրաժեշտ է փոփոխել մարմնի ղեկավարի պարգևատրման մոտեցումը՝ պարգևատրման գործառույթը վերապահելով նրա ղեկավարին (օրինակ՝ նախարարի պարագայում՝ վարչապետին)՝ բացառելով «ինքն իրեն պարգևատրելու» մոտեցումը։ նշյալ դրույթը ստեղծում է աշխատողներին բավարար գնահատելու (եթե նույնիսկ աշխատողի աշխատանքը անբավարար է) միտվածություն՝ հիմքում ունենալով «մարմնի ղեկավարին պարգևատրումից չզրկելու մոտիվացիան»։ 3․3-րդ կետի առթիվ կարգում ներկայացնել պետական կառավարման մարմինների պարգևատրման ցուցիչների սահմանման օրինակներ։ 4․8-րդ կետում անհասկանալի է թե ինչ հիմքով է վերցված պարգևատրման առավելագույն չափը աշխատողի պաշտոնային դրույքաչափի 200 տոկոսի չափով նախատեսելը: Այն չի ծառայելու աշխատանքների որոկի պատշաճ կատարման ապահովմանը և ապահովելու է ընտրովիության սուբյեկտիվ դրսևորումների խորացմանը` խախտելով անձնակազմի ներսում բարոյահոգեբանական մթնոլորտը: 5․15-րդ կետում առաջարկում եմ պարգևատրումները տալ նաև եռամսյակային պարբերականությամբ, 6․ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՇԽԱՏՈՂԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԿԱՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ: բաժնի1-ին և 2-րդ կետերի մասով հարկ է նշել, որ Հստակ չէ թե ինչու 2 ամիս և ավելի ժամկետով բացակայող աշխատողին փոխարինելու կամ թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարելու համար, աշխատանքի փաստացի ձեռք բերված դրական արդյունքի դեպքում փոխարինող աշխատողը պարգևատրվում է, գտնում եմ ավելի ճիշտ կլինի որ լինեն փոխարինող աշխատողներ` աշխատանքի ծավալի բաշխման ու նաև այլ աշխատողներին ևս մոտիվացիայից չզրկվելու հնարավորություն ունենալու համար, որի կապակցությամբ հարկավոր է վերանայել նաև փոխարինման պարգևատրման չափը սահմանելով ոչ թե 15 այլ 25 կամ 30 տոկոսի չափով, փոխարինողների մասին ներկայացվում է համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից փոխարինման օրվանից եռօրյա ժամկետում:

Տեսնել ավելին