Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ  քր. դատ. օր.) 53֊րդ հոդվածի 1-ին մասի 3֊րդ կետի համաձայն՝ դատախազը լիազորված է հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար։ Արդյո՞ք ՀՀ քր. դատ. օր.-ը նախատեսում է դատախազի հանձնարարությամբ հետաքննության մարմնի կողմից նախաքննության մարմին նյութերը փոխանցելու (նախապատրաստումը շարունակելու) լիազորություն և նյութեր փոխանցելու դատավարական կարգ: Գործնականում այս հարցն առաջացրել է տարաբնույթ մեկնաբանություններ ինչպես դատախազների, այնպես էլ քննիչների ու փաստաբանների կողմից։

Ներկայումս սույն հարցի վերաբերյալ գերատեսչական մեկնաբանությունների հետևանքով ստեղծվել է իրավական անորոշություն, որը հիմք է դարձել դատախազության կողմից քննչական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (Արագածոտնի քննչական վարչության պետն ապօրինի մեղադրյալի կարգավիճակում պահվել է մեկ տարուց ավելի ժամկետով) կամ քրեական հետապնդում հարուցելու սպառնալիքների համար (դեպքեր արձանագրվել են Երևան քաղաքի քննչական վարչությունում, Շիրակի մարզային քննչական վարչությունում և այլ ստորաբաժանումներում ծառայողների առնչությամբ):

1.1. 1998թ. գործող ՀՀ քր. դատ. օր–ի 53–րդ հոդվածի 1–ին մասի 3–րդ կետում նախատեսված կարգավորման խնդրահարույց լինելը 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 6–րդ հոդվածի տեսանկյունից։ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ ՀՀ քր. դատ. օր.-ի 53֊րդ հոդվածի 1-ին մասի 3֊րդ կետում խոսվում է ոչ թե նյութերի փոխանցման կամ նյութերի նախապատրաստությունը շարունակելու, այլ նյութեր նախապատրաստելու վերաբերյալ հանձնարարություն տալու դատախազի լիազորության մասին։ Տվյալ նորմից բխում է, որ դատախազը, ստանալով հանցագործության մասին դիմում, նամակ կամ քրեական գործ հարուցելու այլ առիթ, ունի հայեցողական լիազորություն՝ որոշելու նյութերի նախապատրաստումը հանձնարարել հետաքննության մարմնին, թե քննչական մարմնին։ Ասվածը բխում է պետական մարմինների լիազորությունները նախատեսող իրավական նորմերի տառացի մեկնաբանման կանոնից և պետական մարմիններին լատենտային լիազորություններ վերապահելու սահմանադրական արգելքից։

Նյութերը մի մարմնից վերցնելու և նախապատրաստումը շարունակելու համար այլ մարմին փոխանցելու դատախազի հնարավորությունը լիազորող նորմերի իրավական որոշակիության սահմանադրական պահանջի տեսանկյունից։  ՀՀ Սահմանադրության 6–րդ հոդվածի 2–րդ մասում հատուկ նշված է, որ լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: Պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները սահմանող նորմերի իրավական որոշակիության սահմանադրական պահանջից բխում է`

1) Պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները չեն կարող սահմանվել օրենքի անալոգիայի կարգով: Տվյալ դեպքում նյութերի նախապատրաստության փուլում դատախազին չի կարող օրենքի անալոգիայի կարգով վերագրվել այնպիսի լիազորություններ, որոնք նախատեսված են հետաքննության կամ նախաքննության փուլում։

Օրինակ` եթե համեմատում ենք նյութերի նախապատրաստման և նախնական քննության փուլերի դատավարական կարգավորումները, ապա հստակ է, որ նախնական քննության փուլում դատախազն ունի երկու տարբերակված լիազորություն։ ՀՀ քր. դատ. օր.-ի 187-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելուց հետո՝ դատախազը նախաքննություն կատարելու համար գործն ուղարկում է քննիչին։ ՀՀ քր. դատ. օր.-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատախազը լիազորված է ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին։ Այս կարգավորումներից հստակ է, որ օրենսդիրը տարբերակել է նախաքննություն կատարելու հանձնարարությունը և ընթացքի մեջ գտնվող քրեական գործը հետաքննության մարմնից վերցնելու և քննիչին հանձնելու լիազորությունները։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման փուլում՝ համապատասխան առիթների առկայության դեպքում, դատախազն իրավասու է միայն որոշել նյութերի նախապատրաստությունը հանձնարարել հետաքննության, թե՞ նախաքննության մարմնին։ Օրենքով նախատեսված չէ նախապատրաստման ընթացքում դրանք մեկ մարմնից մյուս մարմնին փոխանցելու մասին որևէ լիազորություն։ Ասվածի համատեքստում պետք է կրկին ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1–ին մաս համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով[1]։

2) Պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները պետք է սահմանվեն այնքան հստակ, որպեսզի իրավահարաբերության սուբյեկտները կարողանան իրենց վարքագիծը կազմակերպեն լիազորող նորմին համապատասխան։ Տվյալ դեպքում նյութերի նախապատրաստման փուլում դատախազի` նյութերը մի մարմնից մյուսին փոխանցելու և նյութերի նախապատրաստումը շարունակելու լիազորությունը ձևակերպված չէ (առավել հստակ` բացակայում է նման ձևակերպումը) այնպես, որը դատավարական հարաբերության հանրային սուբյեկտներին հնարավորություն կտա իրենց վարքագիծը կազմակերպել լիազորող նորմերին համապատասխան։

3) Պետական մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունները չեն կարող մեկնաբանվել տարածական և դրանց բովանդակության մեջ ընդգրկել այնպիսի հնարավորություններ, որոնք լիազորող իրավական նորմերով հստակ սահմանված չեն։ Տվյալ դեպքում ՀՀ քր. դատ. օր–ի 53֊րդ հոդվածի 1-ին մասի 3֊րդ կետում նախատեսված` հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին նյութեր նախապատրաստելու մասին հանձնարարություն տալու դատախազի լիազորությունը չի կարող մեկնաբանվել տարածական, որի արդյունքում դատախազին կվերապահվի օրենքով չնախատեսված լիազորություն։

Ըստ այդմ, թեև գործող ՀՀ քր. դատ. օր-ում ուղղակիորեն նախատեսված չէ դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը շարունակելու համար փոխանցելու լիազոորություն, սակայն նկատի ունենալով այս հարցում տարաբնույթ մեկնաբանությունները, այն պետք է լուծել օրենսդրական փոփոխության կարգով։

 1.2. Քննչական վարչության պետերի նկատմամբ իրավասության վերաբերյալ իրավական վեճի հիման վրա ապօրինի քրեական հետապնդումների հարուցումը կամ հարուցման սպառնալիքները պրակտիկայում։

Այսպես. 2018թ.-ի դեկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի գրությամբ Շիրակի մարզի դատախազություն են վերադարձվել նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն ուղարկված՝ Ա.Ս. Գևորգյանի հաղորդումը և կից փաստաթղթերը՝ որպես հիմք նշելով, որ ՀՀ քր. դատ. օր-ով կամ որևէ այլ նորմատիվ իրավական ակտով նյութերի նախապատրաստումը շարունակելու համար նյութը հետաքննության մարմնից վերցնելու և քննիչին դրա հետագա նախապատրաստումը հանձնարարելու իրավասությամբ դատախազն օժտված չէ, հետևաբար՝ այդ հանձնարարությունը չի բխում օրենքի պահանջներից և ենթակա չէ կատարման:

Շիրակի մարգի դատախազը Շիրակի մարզային քննչական վարչություն է վերադարձրել Ա.Ս. Գևորգյանի հաղորդումը և կից փաստաթղթերը՝ անհապաղ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ, միաժամանակ նշելով, որ հիշյալ հանձնարարությունը չկատարելու դեպքում՝ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնը զբաղեցնող անձի գործողությունները (անգործությունը) կարող են մեկնաբանվել որպես պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, կամ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը:

Մեկ այլ օրինակ. 2017թ.-ի մարտի 13-ին և 14-ին Արագածոտնի մարզի դատախազությունից նույն մարզային քննչական վարչություն են ստացվել Ա.Ալեքսանյանի հանկարծամահության, Ն.Ղազարյանի մահվան, Գ.Գրիգորյանի մարմնական վնասվածք ստանալու, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում դատապարտյալ Ռ.Դանիելյանին հասցեագրված հանձնուքում եղած մեկանգամյա օգտագործման թվով 49 հատ թեյի փաթեթների մի քանիսից սուր հոտ գալու և Ա.Խաչատրյանին շահագործման ենթարկելու դեպքերի առթիվ հետաքննության մարմիններում նախապատրաստված,  ՀՀ քրեադատավարական օրենքով թույլատրելի բոլոր դատավարական գործողությունների կատարմամբ նյութերը՝ նյութերի նախապատրաստումը շարունակելու հանձնարարությամբ:

Հաջորդ օրը՝ 2017թ.-ի մարտի 15-ին նշված բոլոր նյութերը վերադարձվել են մարզի դատախազին՝ ՀՀ քրեադատավարական օրենքով քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլում հետաքննության մարմնից նյութեր քննչական մարմին փոխանցելու դատավարական կարգ ու դատախազի լիազորություն նախատեսված չլինելու հիմքով:

Նույն օրը՝ շարադրված հինգ նյութերը կրկին ուղարկվել են մարզային քննչական վարչություն՝ այս անգամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով դրանք նախապատրաստելու հանձնարարությամբ:

Դրանք կրկին վերադարձվել են մարզի դատախազություն՝ դեպքերի կապակցությամբ նյութերն արդեն իսկ նախապատրաստված լինելու և վերը նշված՝ նույն պատճառաբանությամբ:

2017թ.-ի մարտի 16-ին  նյութերը՝ նույն հանձնարարությամբ կրկին ուղարկվել են մարզային քննչական վարչություն, որոնք՝ այլ անձանց իրավունքները ու շահերը չոտնահարելու կապակցությամբ փոխանցվել են քննիչներին և ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում դրանցից երեքով մերժվել է քրեական գործ հարուցելը, իսկ երկուսով՝ հարուցվել են քրեական գործեր:

Սակայն, այդ ընթացքում Արագածոտնի մարզի դատախազը զեկուցագիր է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ 2017թ.-ի մարտի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: 

2017թ.-ի ապրիլի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով Արագածոտնի մարզային քննչական վարչության պետին մեղադրանք է առաջադրվել, որ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը, Արագածոտնի մարզի դատախազին անհիմն հակադրվելու, նույն մարզի իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը ընդգծելու, արտոնյալ կարգավիճակ ստանալու, աշխատանքային հաջողություններ գրանցելու կարիերիստական անձնական շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորություններ՝ ապօրինաբար չի կատարել մարզային քննչական վարչության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված քրեական դատավարության օրենսդրության խնդիրների լուծման համար ստեղծված մարմնի ղեկավարի պարտականություները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ խաթարվել է հանրային-իրավական պաշտպանության տիրույթում գտնվող արդարադատության շահը՝ հիշյալ նյութերով անհետաձգելի, առաջնային և անհրաժեշտ որևէ   գործողություն   չկատարելու  արդյունքում խախտվել են ՀՀ քրեական դատավարության սկզբունքները սահմանող, նույն օրենսգրքի 7-րդ և 17-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև խաթարվել է մարզի դատախազության և մարզային քննչական վարչության բնականոն գործունեությունը, հեղինակազրկվել են պետական իշխանության հիշյալ մարմինները:

Այդ կապակցությամբ՝ նույն ժամանակ կասեցվել է վերջինիս պաշտոնեական լիազորությունները:

Այնուամենայնիվ, ևս յոթ ամիս հետո՝ 2018թ.-ի փետրվարի 28-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել:

Վերացվել է նաև շուրջ մեկ տարի տևած Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի պաշտոնավարման կասեցումը:

1.3. Փաստաբանների դիրքորոշումը

Ընդ որում, դատախազի կողմից նյութերի հետաքննության մարմնից վերցնելու և այն նախաքննության մարմնին հանձնելու պրակտիկայի օրինականությունը վիճարկում են նաև փաստաբանները։ Այսպես` թիվ ԼԴ2/0080/01/17 գործով պաշտպանը վերաքննիչ բողոքում նշել է, որ հանցագործության վերաբերյալ հաղորդումն ընդունելուց հետո նախապատրաստվել են նյութեր, որից հետո` 14.08.2017թ. ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի պետ Հ.Աբրահամյանը նշված նյութերն ուղեկցական գրությամբ ուղարկել է ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազ Կ.Հարությունյանին հետագա ընթացքը որոշելու համար: Մեջբերելով ՀՀ քր. դատ. օր-ի 53, 57, 182 և 187-րդ հոդվածները, պաշտպանը նշել է, որ մինչև քրեական գործ հարուցելը հետաքննության մարմինն իրավունք չունի հանցագործության մասին հաղորդումը հանձնել դատախազին հետագա ընթացքը լուծելու նպատակով, այլ իրավունք ունի պահանջի դեպքում բացառապես հարուցված քրեական գործը հանձնել դատախազին` հետագա ընթացքը լուծելու համար։ Տվյալ դեպքում, հետաքննության մարմինը փաստացի հրաժարվել է իրականացնել օրենքով իր վրա դրված լիազորությունները և դրանց կատարումը օրենքով չնախատեսված կարգով փոխանցել է նախապատրաստված նյութերը դատախազին, ով օրենքի խախտմամբ ընդունել է դրանք և ուղարկել է նախաքննական մարմնին, երբ օրենսդիրը չի նախատեսում հանցագործության վերաբերյալ հաղորդումը և դրա հիման վրա նախապատրաստված նյութերի հետագա ընթացքը լուծելու նպատակով դատախազին ուղարկելու և նրա կողմից այն ընդունելու ու հետագա ընթացքը լուծելու նպատակով նախաքննության մարմնին ուղարկելու դատավարական կարգ, հիմքեր, պայմաններ և ընդհանրապես լիազորություն, ինչը քրեադատավարական օրինականության սկզբունքի կոպիտ խախտում է, որը հանգեցրել է նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածում ամրագրված սահմանադրաիրավական օրինականության սկզբունքի խախտման և անօրինական դարձրել քրեական գործ հարուցելու գործունեությունը։ Վերաքննիչ բողոքի պատասխան բերած անձը` մեղադրողն անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ քրեական դատավարության օրենսդրությամբ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի հետագա ընթացքը լուծելու համար դատախազին ուղարկելու դատավարական կարգ, հիմքեր, պայմաններ և լիազորություն ունեցող սուբյեկտ նախատեսված չէ, այսինքն հետաքննության մարմինն ապօրինի կերպով նյութերն ուղարկել է դատախազին, նշել է, որ այդ փաստարկը չի բխում օրենքից, քանի որ ՀՀ քր. դատ. օր-ի 53 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանվում է՝ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է հանցագործության դեպքով հետաքննության մարմնին և քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր քրեական գործ հարուցելու համար, որպիսի պայմաններում դատախազը իրավասու է նյութերը թողնել հենց հետաքննութան մարմնի տիրույթում կամ սեփական նախաձեռնությամբ դրանք ուղարկել քննչական բաժին, ինչը և արվել է։

1.4. Իրավաբան գիտնականների դիրքորոշումը։ Հայ–ռուսական համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի 03.04.2017թ. № 57 նիստին քննարկվել է մինչև քրեական գործ հարուցելը նյութերը հետաքննություն կատարող մի մարմնից վերցնելը և այլ մարմնին դատախազի որոշմամբ փոխանցելու իրավաչափության վերաբերյալ եզրակացությունը։

Մի շարք դատավարագետներ` Ա. Երեմյանը, Ա. Կուրդովան, Ջ. Հայրապետյանը, Կ. Բադիկյանը, Ս. Մարաբյանը ներկայացրել են գրավոր կարծիքներ: Մասնավորապես` ի.գ.թ. դոցենտ Ա. Երեմյանը գրավոր կարծիքում նշել է, որ համաձայն է Եզրակացության մեջ նշված նկատառումների և պատճառաբանության հետ և նշել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում դատախազի կողմից նյութերը մի մարմնից վերցնելու և այլ մարմին փոխանցելու լիազորության վերապահումը կհամարվի օրենքի անալոգիա:

Ի.գ.թ. Ա. Կուրդովան և ի.գ.թ. Ջ. Հայրապետյանը ներկայացրել են համատեղ կարծիք, որտեղ նշվում է, որ մինչև քրեական գործ հարուցելը նյութերը հետաքննություն կատարող մի մարմնից վերցնելը և այլ մարմնին դատախազի որոշմամբ փոխանցելը չունի ո՛չ իրավական, ո՛չ գործնական հիմնավորում։ Մասնավորապես, իրավական առումով օրենսդիրը չի նախատեսում նման հնարավորություն, բացի այդ, համակարգային առումով դատախազը հնարավորություն ունի մինչև նյութերի նախապատրաստման օրենքով նախատեսված ժամկետը լրանալը հարուցել քրեական գործ և նոր դրանից հետո փոխանցել քրեական գործն այլ մարմնին։

Ի.գ.թ. Կ. Բադիկյանը գրավոր կարծիքում նշել է, որ քրեադատավարական օրենսդրությունը դատախազին նյութերի նախապատրաստման փուլում, նյութերը հետաքննության մարմնից նախաքննական մարմնին փոխանցելու լիազորությամբ չի  օժտել: Նյութերի նախապատրաստումը հետաքննության մարմնից նախաքննական  մարմնին փոխանցելու պրակտիկան հաճախ է կիրառվում: Դա հիմնականում կատարվում է այն դեպքում, երբ հետաքննական մարմնի գործողությունները   դատախազը համարում է թերի կամ ոչ պատշաճ: Օրենսդրությունը նման իրավիճակների համար սահմանել է կոնկրետ կարգավորումներ: Մասնավորապես, ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին իրավունք է վերապահում գրավոր ցուցումներ տալ հետաքննության մարմնին` դատավարական գործողություններ կատարելու, որոշումներ ընդունելու վերաբերյալ: Բացի այդ, որպես հետաքննության և նախաքննության  օրինականության ապահովման պատասխանատու՝ դատախազը նաև լիազորված է վերացնել հետաքննության մարմնի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ: Այսինքն` դատախազը կարող է քրեական գործ հարուցելու համար հանցագործության հատկանիշների առկայության հարցի պարզաբանումն իրականացնել ոչ թե օրենքով չնախատեսված հայեցողությամբ` նյութերը մի մարմնից մյուսին հանձնելով, այլ վերոհիշյալ լիազորությունների սահմաններում, որով չեն խախտվի նյութերի նախապատրաստման դատավարական ժամկետները, կազմակերպաիրավական առումով խնդիրներ չեն առաջանա և հետագայում ապացույցների թույլատրելիության հարց  չի բարձրացվի:

Ի.գ.թ. Ս. Մարաբյանը գրավոր կարծիքում նշել է, որ համաձայն է մինչև քրեական գործ հարուցելը նյութերը հետաքննության մի մարմնից վերցնելը և նախաքննության մարմնին հանձնելու դատախազի լիազորության բացակայության մասին եզրակացության հետ, սակայն առարկություն է ներկայացրել Եզրակացության մեջ առկա այն դատողության վերաբերյալ, ըստ որի՝ օրենքով չնախատեսված  գործողության կատարման արդյունքում, նյութերի փոխանցումը և դրանից հետո կատարված գործողությունները, այդ թվում՝ քրեական գործի հարուցումը կարող են լինել խոցելի, իսկ ձեռք բերված ապացույցները՝ անթույլատրելի: Ս. Մարաբյանը նշել է, որ դժվար կլինի հիմնավորել, թե նման դեպքերում ո՞ր հիմքով ապացույցը պետք է ճանաչել անթույլատրելի:

 

  1. Նյութերը մի մարմնից վերցնելու և նախապատրաստումը շարունակելու համար այլ մարմին փոխանցելու անթույլատրելիությունը

2.1. Նյութերը մի մարմնից վերցնելու և նախապատրաստումը շարունակելու համար այլ մարմին փոխանցելու անթույլատրելիությունը քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլի խնդիրների տեսանկյունից։ ՀՀ քր. դատ. օր-քի 180–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն` հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ։  Քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլում արդեն իսկ նախապատրաստման ընթացքում գտնվող նյութերի փոխանցման դատավարական ձևի բացակայությունը լիովին բխում է քրեական դատավարության այս փուլում որոշվող հարցերի անհապաղության և հրատապության գաղափարից։ Նախապատրաստման ընթացքում գտնվող նյութերը մի պետական մարմնից մեկ այլ պետական մարմին փոխանցելու դեպքում հնարավոր չէ ապահովելու հանցագործության մասին հաղորդումներն անհապաղ լուծելու օրենսդրական պահանջը ։

2.2. Նյութերը մի մարմնից վերցնելու և նախապատրաստումը շարունակելու համար այլ մարմին փոխանցելու բացառումը` որպես նյութերի նախապատրաստման 10 օրյա դատավարական ժամկետի պահպանման երաշխիք։ Նյութերը մի մարմնից վերցնելու և նախապատրաստումը շարունակելու համար այլ մարմին փոխանցելու օրենսդրական հնարավորության բացակայությունը կոչված է ապահովելու նյութերի նախապատրաստման 10 օրյա ժամկետի պահպանումը և քրեական գործի հարուցման հարցի անհապաղ լուծումը։ ՀՀ քր. դատ. օր-ոի 180-րդ 1-ին մասի համաձայն՝ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Այս դրույթում նախատեսված է նյութերի նախապատրաստման 10 օրյա ժամկետ, որը սկսում է հոսել հաղորդումը ստանալու պահից: Մինչդեռ՝ եթե դատախազի կողմից նյութերը մի մարմնից փոխանցելը և նյութերի նախապատրաստությունը շարունակելու հանձնարարությունը դիտարկվի որպես նյութեր նախապատրաստելու հանձնարարություն (ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով), ապա դա նշանակում է, որ օրենքով նախատեսված 10 օրյա ժամկետը սկսում է հոսել դատախազի կողմից նյութեր նախապատրաստելու (նյութերի նախապատրաստումը շարունակելու) հանձնարարությունը  ստանալու պահից. չէ որ դա կարող է մեկնաբանվել այնպես, որ քննիչը հաղորդումը նոր է ստանում, ուստի 10 օրյա ժամկետը հաշվարկում է ոչ թե հետաքննության մարմնի կողմից այն ստանալու և մի քանի օր նյութեր նախապատրաստելու, այլ դատախազի հանձնարարությամբ փոխանցված նյութերը ստանալու պահից: Ընդ որում, նախաքննության առանձին մարմիններում (Հատուկ քննչական ծառայությունում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում) նշված մեկնաբանության հիման վրա ձևավորվել է կայուն պրակտիկա, որ նյութերի նախապատրաստման 10 օրյա ժամկետը հաշվարկում են փոխանցվող նյութերը ստանալու պահից, ինչը բացասական է ազդում մարդու իրավունքների պաշտպանության, հանցագործության բացահայտման և ապացույցներն անհետաձգելի քննչական գործողությունների կատարմամբ հավաքելու պահանջների վրա:

Այսպես՝ քաղաքացին հաղորդումը ներկայացնում է ՀՀ ոստիկանություն, որտեղ 9 օր նյութեր է նախապատրաստվում, այնուհետև այն դատախազի կողմից փոխանցվում է նախաքննության մարմնին, որը 10 օրյա ժամկետը սկսում է հաշվարկել նյութերը ստանալու պահից: Նյութերը մի մարմնից մյուսին փոխանցելու անթույլատրելի պրակտիկան գործնականում բերում է նյութերի նախապատրաստման ժամկետներն ապօրինաբար երկարացնելուն, ինչը չի համապատասխանում քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլի խնդիրներին:

2.3. Նյութերը մի մարմնից վերցնելու և նախապատրաստումը շարունակելու համար այլ մարմին փոխանցելու անթույլատրելիությունը  կազմակերպաիրավական տեսանկյունից։ Այս փուլում դատախազի կողմից նյութերը մի մարմնից վերցնելու և այն այլ մարմնին հանձնարարելու լիազորության բացակայությունը կոչված է՝ կանխելու այս փուլում կազմակերպական, իսկ քաղաքացու համար նաև` բյուրոկրատական մի շարք խնդիրներ։ Գործնականում նյութերի նախապատրաստման սկզբնական փուլում դատավարական գործողություններ կատարում են հետաքննության մարմնի աշխատակիցները, օրինակ` փորձաքննության նշանակումը։ Մինչև փորձաքննության եզրակացությունը ստանալը դատախազի կողմից նյութերը մեկ այլ մարմին փոխանցելու դեպքում, փորձագիտական հիմնարկը, տեղեկացված չլինելով նման փոփոխության մասին, եզրակացությունն ուղարկում է հետաքննության մարմին, և այն երկար ժամանակ մնալով այդ մարմնում, կարող է բացասական ազդել աշխատանքի կազմակերպման վրա։

Բացի այդ` նյութերի նախապատրաստման վարույթին ներգրավված անձինք հաճախ ստիպված են լինում նյութերն այլ մարմին փոխանցելուց հետո կրկին մասնակցել նոր պաշտոնատար անձի կողմից նույնաբնույթ գործողություններին, օրինակ` հետաքննիչը վերցրել է բացատրությունը, սակայն նյութերն այլ մարմին փոխանցելուց հետո` նոր պաշտոնատար անձը կրկին հրավիրում է քաղաքացուն բացատրություն վերցնելու։

2.4. Նյութերը հետաքննության մարմնից վերցնելու և նախաքննության մարմին փոխանցելու ոչ իրավական գործընթացի ազդեցությունը քրեական գործ հարուցելու որոշման և ապացույցների թույլատրելիության վրա։ Ինչպես նշվեց, քրեական գործի հարուցման հարցի լուծման փուլում նախատեսված չէ դատախազի հանձնարարությամբ հետաքննության մարմնից նյութեր քննչական մարմին փոխանցելու դատավարական կարգ և դատախազի լիազորություն, ուստի, օրենքով չնախատեսված  գործողության կատարման արդյունքում, նյութերի փոխանցումը և դրանից հետո կատարված գործողությունները, այդ թվում՝ քրեական գործի հարուցումը կարող են լինել խոցելի, իսկ ձեռք բերված ապացույցները՝ անթույլատրելի:

Թեև գործող ՀՀ քր. դատ. օր-ում ուղղակիորեն նախատեսված չէ դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը շարունակելու համար փոխանցելու լիազոորություն, սակայն նկատի ունենալով այս հարցում տարաբնույթ մեկնաբանությունները, այն պետք է լուծել օրենսդրական փոփոխության կարգով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում հստակեցնել դատախազի լիազորությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում՝ ամրագրելով, որ դրանք ստանալուց անմիջապես հետո դատախազը կարող է հետաքննության մարմնին կամ քննիչին հանձնարարել նախապատրաստել նյութեր: Այս կարգավորման պարագայում կվերացվի դատախազի կողմից նյութերի նախապատրաստումը մի մարմնից մեկ այլ մարմին փոխանցելու լիազորության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից հանցագործության մասին հաղորդումն անմիջապես ստանալու դեպքում դատախազի կողմից հետաքննության մարմնին կամ քննիչին նյութեր նախապատրաստելը հանձնարարելը բխում է իրավական որոշակիությունից, կհանգեցնի միջգերատեսչական տարբերակված մոտեցումների վերացմանը և միասնական պրակտիկայի ձևավորմանը:

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել  անհրաժեշտ չէ:

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ

ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

[1] Քրեական գործի հարուցման  հարցի լուծման փուլում դատախազի կողմից նյութերը մի մարմնից վերցնելու և նախապատրաստումը շարունակելու համար այլ մարմին փոխանցելու լիազորության բացակայության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ այս փուլում դատախազը օժտված չէ ստուգման համար նյութեր, փաստաթղթեր պահանջելու լիազորությամբ (նկատի ունենալով այս փուլում հարցերի լուծման անհապաղությունը` այս մասին հաջորդիվ)։ Այսպես` ՀՀ քր. դատ. օր-ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` ստուգման համար հետաքննության մարմնից, քննիչից պահանջել նյութեր, փաստաթղթեր, քրեական գործեր և քննության ընթացքի մասին տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ դրանց կամ դրանք ստուգել նրանց գտնվելու վայրում։ Նշված նորմում հստակ ամրագրված է, որ ստուգման համար նյութեր, փաստաթղթեր կամ քրեական գործեր պահանջելու լիազորությունը գործում է հետաքննության և նախաքննության (որոնք սկսվում են քրեական գործ հարուցելուց հետո) նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս, մինչդեռ նյութերի նախապատրաստման (քրեական գործի հարուցման հարցի լուծման) փուլը նախորդում է հետաքննությանը և նախաքննությանը։

  • Քննարկվել է

    20.12.2018 - 04.01.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10289

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

21.12.2018

փոփոխությունը հստակ չէ, ինչ է նշանակում հաղորդումն անմիջապես ստանալ՝ պետք է հասկանալ, որ դատախազն իրավասու է միայն իրեն հասցեագրված հաղորդումները ուղարկել քննիչին կամ հետաքննության մարմնին, թե կարող է նաև նյութերի նախապատրաստումն ասենք քննիչին հանձնարարել, եթե հաղորդումն ուղղված է եղել հետաքննության մարմնի պետին։ Անհրաժե՛տ է հաստակեցնել, և <անմիջապես> բառի տեղը ճիշտ որոշել։ Բացի այդ, այս կարգավորման պարագայում բաց է մնում, այսպես․ ՀՀ ՔԴՕ 176 հոդվածի 3-րդ կետով նախատեսված առիթի ստուգման կապակցությամբ նյութեր նախապատրաստելու անհրաժեշտությամբ պայմանավորված դատախազը զրկվում է այն քննիչին կամ հետաքննության մարմնին հանձնարարելու հնարավորությունից, այլ կերպ ասած՝ դատախազը հետաքննության մարմնի կամ իր կողմից լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալներ ստանալիս, զրկված կլինի համապատասխան զեկուցագիրը նյութեր նախապատրաստելու համար քննիչին հանձնելու հնարավորությունից։ անհրաժեշտ է այս հարցը ևս ներառել փոփոխության մեջ

Տեսնել ավելին