Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու դեպքում հողամասի նկատմամբ իրավունքները հարկադրաբար դատական կարգով դադարում են:

 Առկա կարգավորումներով ի տարբերություն հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման օրենքով թվարկված ընդհանուր այլ հիմքերով նախատեսված ընթացակարգերի,  որպես սեփականության իրավունքի դատական կարգով հարկադիր դադարման հիմք է նախատեսվում նաև երեք տարվա ընթացքում պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունը չկատարելը և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելը, որով անկախ պարտավորությամբ պայմանավորված պարտքի չափից անձն ըստ էության ամբողջությամբ զրկվում է հարկման ենթակա հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից, բացառվում է հարկային պարտավորության կատարման հնարավորությունը տվյալ անձի սեփականություն հանդիսացող այլ գույքի հաշվին՝ վերջինիս վրա բռնագանձում տարածելու կամ հարկային պարտավորության կատարումը պատշաճ վարչարարությամբ օրենքով նախատեսված կարգով ապահովելու միջոցով:

 Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ քննության առարկա է դարձվել և Սահմանադրության 60-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող ու անվավեր է ճանաչվել ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետը:

 Վերը նշված գործի շրջանակներում Սահմանադրական դատարանը անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցին՝ արձանագրել է, որ հողամասը լինելով քաղաքացիական իրավունքների օբյեկտ և անշարժ գույքի տեսակ (Քաղ. օր.-ի 132 և 134-րդ հոդվածներ) հետևաբար նաև՝ հարկման օբյեկտ (Հարկային օրենսգրքի 10-րդ հոդված), օժտված է նույնպիսի ընդհանուր իրավակարգավիճակով, ինչպիսին սահմանված է սեփականության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի այլ տեսակների համար՝ այն առանձնահատկություններով, որոնք նախատեսված են Հողային օրենսգրքով:

 Սահմանադրական դատարանը միաժամանակ փաստել է, որ Սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջների համատեքստում վիճարկվող դրույթում ամրագրված սեփականության իրավունքի դադարման հիմքն անմիջականորեն չի բխում պետության և հասարակության՝ անձի սեփականության իրավունքի հանդեպ գերակայող շահերի ապահովման անհրաժեշտությունից և անհրաժեշտ միջոց չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված նպատակին հասնելու համար, համարժեք չէ սահմանափակվող իրավունքի նշանակությանը, արդարացի միջոց չէ հանրային ու մասնավոր շահերի հավասարակշռությունն ապահովելու տեսանկյունից: Հողի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարեցումը՝ հողօգտագործումից բխող հարկային պարտավորությունների չկատարման հիմքով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, այնպիսի ծայրահեղ միջոց է, որը պետք է կիրառվի պետության և հասարակության գերակա շահերով պայմանավորված նպատակին հասնելու բոլոր պիտանի և անհրաժեշտ իրավական այլ միջոցները սպառելու դեպքում: Մասնավորապես, հողի հարկի վճարման պարտականության չկատարումը կարող է հիմք հանդիսանալ հողի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր դադարման, եթե այլ կերպ, այդ թվում՝ հարկատու անձի սեփականություն հանդիսացող այլ գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու արդյունքում, հարկային այդ պարտավորության կատարումը հարկային պարտքին համարժեք չի ապահովվել: 

 Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջանում  ելնելով Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից, ինչպես նաև՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջից, հողի հարկի վճարման պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովող նորմատիվ կարգավորումներ սահմանելիս երաշխավորել արդյունավետ ընթացակարգեր` մի կողմից սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանության, մյուս կողմից` անհրաժեշտության դեպքում, պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ հողի հարկի վճարման պարտավորության կատարումը պատշաճ վարչարարության շրջանակներում ապահովելու և հարկատուի սեփականություն հանդիսացող այլ գույքի նկատմամբ դատական կարգով արդարացի ու հարկային պարտավորությանը համարժեք բռնագանձում տարածելու եղանակով:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ բացառելով հողի հարկը երեք տարվա ընթացքում չվճարելու և չորրորդ տարվա ընթացքում պարտքը չմարելու հիմքով հողամասի նկատմամբ իրավունքների հարկադրաբար դատական կարգով դադարումը, առանց անհրաժեշտ իրավական այլ միջոցները սպառելու հնարավորության:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

 Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՍԴՈ-1432 որոշմանը:  

  • Քննարկվել է

    18.12.2018 - 02.01.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Տնտեսական, Կադաստր, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7647

Տպել