Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1475/about:  

 Նոր նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում, առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

 

 

 

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու  մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյան և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականցումն է, ինչ­պես նաև միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ավելի պարզեցումը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
1. Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 և 36 տոկոս դրույ­քա­չա­փեր, իսկ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է:

Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրա­պե­տու­թյու­նում եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է շուրջ 25.1-25.2 տոկոս, բավական բարձր է և դրանով իսկ չի նպաստում ինչպես տնտեսական աճին, այն­պես էլ աղքա­տու­թյան կրճատ­մանը: Ավելին, եկա­մտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկա­մուտ­ների իրական մեծու­թյունների թերհայտարարագրման։

2. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի գծով հար­կա­­յին բեռը մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը խոչընդոտում է օտարերկրյա ներ­դրում­­ների ներգրավմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը։ Թերևս հենց այս պատ­ճառով Կառավարության ծրագրում ամրագրվել է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելու և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղա­փո­խելու ծրագրային դրույթ, որը նաև համահունչ է հարկման համակարգերի՝ աշխարհում ընթա­ցող փոփո­խու­թյուններին։

Շահութահարկի դրույքաչափի նվազեցման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ձեռ­նարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկ­­ման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով: Հարցի էությունը կայանում է նրանում, որ ազգային տնտեության ներդրումային գրավչությունը մեծա­պես կախ­ված է ներ­դրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա ուղղակի ազդե­ցություն ունի շահու­թա­հարկի դրույքաչափը:

3. Ներկայումս գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են հարկման հետևյալ այլընտ­րան­­քային համակարգերը՝

1) ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում մինչև 9 մլն. դրամ շրջանառություն ունեցող գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճա­րող­­ները ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հար­կերի),
2) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգ, որի շրջանակներում մինչև 18 մլն. դրամ շրջանառություն ունեցող և ընտանիքի անդամների միջոցով գոր­ծու­նեու­թյուն իրականացնող հարկ վճարողները ամբողջությամբ ազատված են հարկերից (բացա­ռու­թյամբ ներմուծման հարկերի),
3) արտոնագրային հարկի համակարգ, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակ­ներով զբաղվող հարկ վճարողները առանց շրջանառության սահմանափակման վճա­րում են արտոնագրային հարկ հաստատուն վճար,
4) շրջանառության հարկով հարկման համակարգ, որի շրջանակներում մինչև 115 մլն. դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները վճարում են շրջանառության հարկ:

Խնդիրը կայանում է նրանում, որ հարկման տարբեր համակարգերի կիրառության նախորդ տարիների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հարկման համա­կար­գերի բազմազանությունն անխուսափելիորեն հան­­գեց­նում է մի շարք բացասական երևույթ­ների, մասնավորապես՝

1) հարկային օրենսդրության բարդությունը, հետևաբար նաև՝ հարկ վճարողների մոտ վար­վող հարկային հաշվառման հետ կապված դժվարությունները,
2) օրենսդրական երկիմաստությունները, տարընկալումները, անորոշություններն ու հակա­­սությունները, որոնք մի կողմից հարկ վճարողներին դարձնում են խոցելի, մյուս կող­մից կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում հարկ վճարողների և հարկային մարմինների փոխ­հա­րա­բերություններում,
3) հարկային վարչարարության հետ կապված դժվարությունները, հետևաբար նաև՝ արդ­­յու­­նավետության ցածր մակարդակը։

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով, մասնավորապես, առա­ջարկվում է՝

1) 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռ­նար­կա­տիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նեկան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրո­ձեռ­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավա­բանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարե­կան մեծությունը չի գերազանցում 20 մլն. դրամը: Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համա­կարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Օրենս­գրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: Հարկման համա­կարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմա­նել, որ՝

ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վար­­չա­­կան սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վար­չա­­կան սահ­մաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոն­նե­րում և տոնա­վա­ճառ­ներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազ­­­մա­կեր­պու­թյուն­ներն ու անհատ ձեռնարկատերերը,

բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանա­փա­կում­ների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով,

2) 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակ­ների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով,
3) անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկ­վում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը,
4) 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկո­սային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս,
5) նվազեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուր­­­նե­րից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը՝ 10 տոկոսի փոխարեն սահ­մա­նե­լով 5 տոկոս,
6) շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևան­­քով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝

ա. 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով բարձրաց­նել ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքա­­չափերը: Առաջարկվում է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ,

բ. 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք­ների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպե­լիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները,

գ. 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքա­չափը,

դ. 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենա­ներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքա­չափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմա­նելով 150 դրամ,

7) շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն. դրամ,
8) 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի (այդ թվում ինտեր­նետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազ­մակերպ­­ման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունք­­ների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհա­նուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջա­նակ­ներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմա­նելով, որ ֆիզի­կա­կան անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտա­յին հարկը հաշ­վար­կելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) գոր­ծու­նեու­թյան կազ­մա­կերպիչը՝ որպես հարկային գոր­ծա­կալ:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բեռի վերաբաշխումն է և հարկման համակարգի պարզեցումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար միջա­վայրը, մասնա­վորա­պես, բարե­նպաստ պայմաններ ստեղծել միկրո­ձեռ­նար­կատիրության զարգացման համար, բարձրաց­­նել ազգա­յին տնտե­սու­թյան մրցու­նա­կու­թյունն ու ներդրումային գրավչու­­թյունը:

 

  • Քննարկվել է

    15.11.2018 - 30.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7968

Տպել

Առաջարկներ`

Արտակ Քյուրումյան

24.11.2018

Առաջարկում եմ օրենքը ուժը կորցրած ճանաչել 2019թ. հունվարի 1-ից: Եթե ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ ինքնազբաղված անձանց դեպքում լավագույն լուծումը «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած հայտարարելն է, ինչու դա անել 2020թ. հունվարի 1-ից, այլ ոչ թե 2019թ. հունվարի 1-ից, տալով դրա համար անհրաժեշտ մնացած բոլոր կարգավորումները:

Արտակ Քյուրումյան

24.11.2018

Ինչու է հարկավոր այս օրենքի նախագիծը, եթե նույն օրը, 2018թ. նոյեմբերի 15-ին հանրային քննարկման է ներկայացվել նաև «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքի նախագիծը:

Տեսնել ավելին