Լրամշակման փուլում է
««Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/1475/about:
Նոր նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստում, առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Հիմնավորում
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը ազգային տնտեսության մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականցումն է, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի ավելի պարզեցումը:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
1. Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան՝ 23, 28 և 36 տոկոս դրույքաչափեր, իսկ շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է:
Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է շուրջ 25.1-25.2 տոկոս, բավական բարձր է և դրանով իսկ չի նպաստում ինչպես տնտեսական աճին, այնպես էլ աղքատության կրճատմանը: Ավելին, եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրման։
2. Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի գծով հարկային բեռը մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը խոչընդոտում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը։ Թերևս հենց այս պատճառով Կառավարության ծրագրում ամրագրվել է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելու և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելու ծրագրային դրույթ, որը նաև համահունչ է հարկման համակարգերի՝ աշխարհում ընթացող փոփոխություններին։
Շահութահարկի դրույքաչափի նվազեցման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկման ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով: Հարցի էությունը կայանում է նրանում, որ ազգային տնտեության ներդրումային գրավչությունը մեծապես կախված է ներդրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա ուղղակի ազդեցություն ունի շահութահարկի դրույքաչափը:
3. Ներկայումս գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են հարկման հետևյալ այլընտրանքային համակարգերը՝
1) ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում մինչև 9 մլն. դրամ շրջանառություն ունեցող գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողները ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հարկերի),
2) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգ, որի շրջանակներում մինչև 18 մլն. դրամ շրջանառություն ունեցող և ընտանիքի անդամների միջոցով գործունեություն իրականացնող հարկ վճարողները ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հարկերի),
3) արտոնագրային հարկի համակարգ, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողները առանց շրջանառության սահմանափակման վճարում են արտոնագրային հարկ հաստատուն վճար,
4) շրջանառության հարկով հարկման համակարգ, որի շրջանակներում մինչև 115 մլն. դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները վճարում են շրջանառության հարկ:
Խնդիրը կայանում է նրանում, որ հարկման տարբեր համակարգերի կիրառության նախորդ տարիների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հարկման համակարգերի բազմազանությունն անխուսափելիորեն հանգեցնում է մի շարք բացասական երևույթների, մասնավորապես՝
1) հարկային օրենսդրության բարդությունը, հետևաբար նաև՝ հարկ վճարողների մոտ վարվող հարկային հաշվառման հետ կապված դժվարությունները,
2) օրենսդրական երկիմաստությունները, տարընկալումները, անորոշություններն ու հակասությունները, որոնք մի կողմից հարկ վճարողներին դարձնում են խոցելի, մյուս կողմից կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում հարկ վճարողների և հարկային մարմինների փոխհարաբերություններում,
3) հարկային վարչարարության հետ կապված դժվարությունները, հետևաբար նաև՝ արդյունավետության ցածր մակարդակը։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝
1) 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն. դրամը: Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: Հարկման համակարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմանել, որ՝
ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,
բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանափակումների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով,
2) 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով,
3) անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը,
4) 2020 թվականի հաշվետու տարվա և դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և սահմանել 18 տոկոս,
5) նվազեցնել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը՝ 10 տոկոսի փոխարեն սահմանելով 5 տոկոս,
6) շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով՝
ա. 2019 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ առավել առաջանցիկ տեմպերով բարձրացնել ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Առաջարկվում է բարձրացնել նաև օղու և էթիլային սպիրտի նվազագույն իրացման գներ՝ 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ,
բ. 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները,
գ. 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը,
դ. 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել 301 և ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը՝ մեկ ձիաուժի համար ներկայումս նախատեսված 50 դրամի փոխարեն սահմանելով 150 դրամ,
7) շրջանառության հարկի շեմը թողնել անփոփոխ՝ 115 մլն. դրամ,
8) 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ՝ ավելի արդար սկզբունքների հիման վրա՝ այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխելով հարկման ընդհանուր համակարգ: Առաջարկվում է նաև վերանայել նշյալ գործունեության տեսակների շրջանակներում ստացվող շահումների հարկման մոտեցումները՝ սահմանելով, որ ֆիզիկական անձանց շահումները հարկվում են եկամտային հարկով, իսկ եկամտային հարկը հաշվարկելու և պահելու պարտավորությունը կրում է շահումով խաղերի (այդ թվում ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) գործունեության կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հարկման բեռի վերաբաշխումն է և հարկման համակարգի պարզեցումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար միջավայրը, մասնավորապես, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունն ու ներդրումային գրավչությունը:
-
Քննարկվել է
15.11.2018 - 30.11.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 10327
Տպել