Լրամշակման փուլում է
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը նրանց երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելիս նրանց ծառայության ստաժում հաշվարկվում է կրկնակի չափով: Այս դրույթը չի տարածվում այլ զորքերի զինծառայողների վրա, որոնք նույնպես կարող են մարտական հերթապահություն իրականացնել հակառակորդի հետ շփման գծում:
Գործող կարգի համաձայն` եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո, ապա նրան այլ տեսակի կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից: Ստացվում է, որ ունենալով կենսաթոշակի իրավունք` անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը ձեռք է բերում դիմելու օրվանից, այն դեպքում, երբ օրենքով նախատեսված են ավելի վաղ ժամկետից կենսաթոշակ նշանակելու դեպքեր:
Օրենքի 43.1-ին հոդվածի համաձայն` սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս դրանից հաշվանցվում է նույն ժամանակահատվածում այլ կենսաթոշակի գումարը, որն ստանալու իրավունք կունենար անձը` դիմելու դեպքում:
Մինչդեռ իրավակիրառ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է, բայց նա, ունենալով ծերության, հաշմանդամության կամ կերակրողը կորցնելու դեպքում նպաստի իրավունք, չի դիմում նպաստ նշանակելու համար:
Օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայացած և մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ: Ստացվում է, որ եթե անձը դիմել է վերափորձաքննության և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացել է, ապա թաղման նպաստ չի վճարվում:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել վերը նշված` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
- Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «դ.1.» ենթակետում լրացվել են «այլ զորքեր» բառերը, որով` 2016 թվականի հունվարի 1-ից հետո կենսաթոշակ նշանակելիս զինծառայության ստաժում կրկնակի չափով կհաշվառվի նաև Հայաստանի Հանրապետության զինված այլ ուժերի զինծառայողների` հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը.
- կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու այդ թվում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում.
- եթե անձը կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, ապա նրան այլ տեսակի կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից.
- սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս` եթե կենսաթոշակառուն նույն ժամանակահատվածում ունի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի այսուհետ` նպաստ իրավունք, ապա համարվում է, որ անձը նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը, որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից.
- թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի հուղարկավորությունը կատարած անձին.
Միաժամանակ, Օրենքի հավելվածում առաջարկվում է կատարել փոփոխություն և սահամնել, որ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում վճարման ենթակա կենսաթոշակային վճարը հաշվարկվում է այն արժույթով, որով վճարվում է աշխատողի աշխատավարձը և ՀՀ պետական բյուջե է վճարվում Հայաստանի Հանրապետության դրամով արտարծույթի փոխանակման ծախսերը փոխացվում են միջազգային կազմակերպությանը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ:
-
Քննարկվել է
13.11.2018 - 28.11.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7941
Տպել