Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

<<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 292-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «297-րդ» բառը:

Հոդված 2. Oրենսգրքի 296-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 296.

Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը

  1. Անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, ապօրինի հատված ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

  1. Նույն արարքները, որոնք կատարվել են`

1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

2) բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում,

3) խոշոր վնաս պատճառելով,

4) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ,

5) կատարվել է մի խումբ անձանց կողմից,

6) կատարվել է շահադիտական դրդումներով՝

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգից ութ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

  1. Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս`

պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը տասը տարի ժամկետով կամ առանց դրա:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 297-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 297.

Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը

  1. Անտառներ, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Անտառներ, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

3.Սույն օրենսգրքի 296-րդ, 297-րդ հոդվածներում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 64-րդ,  70-րդ, 71-րդ և 76-րդ հոդվածների վերնագրերից և հոդվածների տեքստերից  հանել  «ֆոնդի»  բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» և «հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով»  բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով» և «երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով» բառերով:

          Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 65. Հատատեղերի օգտագործման, բնափայտի մթերման և դուրսբերման սահմանված կարգը                                        խախտելը,  ապօրինի  ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը

 

Հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրսբերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «Հոդված 66.

Ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային  կամ  այլ անձանց սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը

 

Անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:»:

 

     Հոդված 5. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով» և «հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով» և «երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի «հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի «հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասի «հարյուրհիսնապատիկի չափով» բառերը փոխարինել  «երեքհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի «հիսունապատիկի չափով» և «հարյուրապատիկի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկի չափով»  և «երկուհարյուրապատիկի  չափով» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 77-րդ հոդվածի վերնագրում և տեքստում  «անտառային ֆոնդում»  բառերը փոխարինել «անտառային հողերում» բառերով:

          Հոդված 11. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի «հիսնապատիկից մինչև ութսունապատիկի չափով» և  «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկից մինչև հարյուրվաթսունապատիկի չափով» և «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 79-րդ հոդվածի շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 79.    Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու

     հետևանքով անտառներում ծառերը, թփերը,

     մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ

     վնասելը

 

Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրվաթսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեքհարյուրաապատիկի չափով:»:

Հոդված 13. Օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 2-րդ մասի «հիսնապատիկի չափով» և «հարյուրապատիկի չափով» բառերը համապատասխանաբար փոխարինել «հարյուրապատիկի չափով» և «երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 85.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« Հոդված 85.2.   Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած

                            բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու

                            խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական,

                            անտառամերձ, անտառային ու բնության հատուկ

                         պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելը

 

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում  այրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի չափով:»:

          

Հոդված 15. Օրենսգրքի 88-րդ հոդվածի՝

  • վերնագրից հանել «տեսակների իրականացման» բառերը.
  • 1-ին մասից հանել «տեսակների որսի իրականացման» բառերը:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.11.2018 - 20.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Ֆինանսական, Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9781

Տպել

Առաջարկներ`

Արման Բաբախանյան

11.11.2018

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը: Պետք է նշել, որ վերոնշյալ հոդվածով նախատեսված հանցանքները մեծամասամբ կատարվում են հենց շահադիտական դրդումներով: Նման պարագայում, երբ շահադիտական դրդումները նախատեսվում են որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք գրեթե բացառվում են դեպքերը, երբ արարքը հնարավոր կլինի որակել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով: Հետևաբար առաջարկում եմ սույն հանցակազմի ծանրացնող հանգամանքների շարքից հանել հանցանքը շահադիտական դրդումներով կատարելը:

Արման Բաբախանյան

11.11.2018

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով որպես ծանրացնող հանգամանք նախատեսվում է հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը, իսկ հանցակցության առավել վտանգավոր ձևը, այն է՝ հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը, նախատեսված չէ: Առաջարկում եմ, հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարելը որպես ծանրացնող հանգամանք նախատեսել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով:

Արման Բաբախանյան

11.11.2018

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար որպես լրացուցիչ պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը տասը տարի ժամկետով, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է մեկից երեք տարի ժամկետով: Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին:

Տեսնել ավելին