Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 .... ................. 2018 թվականի N ......-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման (այսուհետ` որոշում) N 1 հավելվածով հաստատված կարգում (այսուհետ` կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

     1) 6-րդ կետի 1-ին ենթակետի՝

ա. «ա» պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«ա. մարմնում գլխավոր քարտուղարն է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է,»,

բ. «դ» պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«դ. պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է.»,

2) 21-րդ կետի 1-ին ենթակետի  «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման, բացառությամբ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով իրականացվող շինարարական աշխատանքների, ժամկետը, իսկ փուլային ձևով պայմանագրի կատարման դեպքում` առաջին փուլի կատարման ժամկետը, պետք է սահմանվի ապրանքների դեպքում առնվազն 20, իսկ աշխատանքների դեպքում` առնվազն 45 օրացուցային օր: Ընդ որում սույն պարբերությամբ սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրվանից, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է պայմանագիրը կատարել ավելի կարճ ժամկետում: Սույն պարբերությունը չի կիրառվում մեկ անձից գնման ձևի կիրառման դեպքում,»,

3) 21-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «ապրանքների» բառից հետո լրացնել «աշխատանքների կամ ծառայությունների, բացառությամբ շինարարական ծրագրերի» բառերով, իսկ «ապրանքի» բառից հետո «աշխատանքի կամ ծառայության» բառերով,

4) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկի 23-30-րդ կետերը,

5) 33-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Տույժը հաշվարկվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Եթե`

ա. պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրի գնի այն մասի նկատմամբ, որի համար տվյալ տարվա ընթացքում հատկացվել են ֆինանսական միջոցներ և կնքվել է համաձայնագիր.

բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավել չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաժանի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ,»,

6) 43-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «կառավարությանն առընթեր» բառերը,

7) 44-րդ կետից հանել «Եթե կոմիտեի կողմից սահմանված ժամկետից ուշ ներկայացված տեղեկատվությամբ արձա­նագրվում է, որ առաջին տեղն .զբաղեցրած մասնակիցը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցել է օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ կամ չի բավարարում հրավերով «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի պահանջները, և պայմանագիրը կնքված չէ, ապա տվյալ մասնակցի հայտը մերժվում է: Եթե սահմանված ժամկետում տրամադրված տեղեկատվության արդյունքում մասնակցի ներկայացրած հայտարարությունը որակվում է իրականությանը չհամապատաս­խանող, ապա հայտերի գնահատման նիստում հանձնաժողովի որոշմամբ տվյալ մասնակցի հայտը մերժվում է` անկախ մասնակցի կողմից կոմիտեի տրամադրած տեղեկատվությունից տարբերվող տեղե­կատվություն ներկայացվելու հանգամանքից: Սույն կետով նախատեսված որակավորման չափանիշի գնահատման ժամանակ հաշվի է առնվում սույն կարգի 47-րդ կետով նախա­տեսված ընթացակարգը:» բառերը,

8) 45-դ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«45. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տվյալ մասնակցի տվյալները` համապատասխան հիմքերով, գրավոր ուղարկում է լիազորված մարմին, որը դրանք ստանալուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախաձեռնում է պաշտոնական ընթացակարգ:

9) 46-րդ կետում «ոչ ուշ, քան փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին տրամադրվելուն հաջորդող երրերոդ աշխատանքային օրը:» բառերը փոխարինել  « սույն կարգի 32-րդ կետի 22-րդ ենթակետով սահմանված ժամկետներում» բառերով.

10) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից փաստաթղթերն ամբողջական չներկայացվելու կամ ներկայացված` ներառյալ կոմիտեի տրամադրած տեղեկատվության արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ անհամապատասխա­նություններ արձանագրվելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը նույն օրն էլեկտրոնային եղանակով ծանուցում է առաջին տեղն զբաղեցրած մասնակցին՝ առաջարկելով երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել անհամապատաս­խանությունը: Ընդ որում, եթե անհամապատասխանությունն արձանագրվել է կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում, ապա սույն կետում նշված ծանուցմանը կցվում է նաև այդ տեղեկատվությունը պարունակող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը:»,

11) 48-րդ կետի 1-ին ենթակետը խմբագրել հետևյալ խմբագրությամբ.

«1) շտկելու դեպքում հայտը գնահատվում է բավարար և առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից: Եթե կոմիտեից ստացված տեղեկատվության արդյունքում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը վերաբերում է`

ա. հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեցած ժամկետանց հարկային պարտավորություններին, ապա անհամապատասխանությունը համարվում է շտկված, եթե մասնակիցը ներկայացնում է կոմիտեի տրամադրած տեղեկատվության մեջ նշված գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթի բնօրինակից արտատպված (սկանավորված) օրինակը,

բ. «Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշին, ապա  արձանագրված անհամապատասխանությունը կարող է շտկվել ինչպես առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից կոմիտեից ստացված գրավոր տեղեկատվությունը գնահատող հանձնաժողովին ներկայացնելու, այնպես էլ կոմիտեի կողմից տրված նոր տեղեկատվությամբ: Ընդ որում, գնահատող հանձնաժողովի կամ քարտուղարի կողմից կոմիտեին կրկնակի հարցում չի կատարվում:»,

12) 61-րդ կետի 2-րդ ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«2) առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը, որպես սույն կետի 1-ին ենթակետով սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) պատճենները, իսկ այդ պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի (համաձայնագրի) սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) պատճենը կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը,»,

13) 61-րդ և 62-րդ կետերի 3-րդ ենթակետերում և 63-րդ կետի 2-րդ ենթակետում «հնգապատիկը» բառը փոխարինել «տասնապատիկը, բացառությամբ շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների» բառերով,

14) 63-րդ կետի 1-ին ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«1) հրավերով պահանջվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդի­սա­ցող մասնակիցը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի, հայտով ներկայացնում է հայտարարություն այն մասին, որ իր կողմից հայտը ներկայացվելուն նախորդող երեք հաշվետու տարիների համախառն եկամտի հանրագումարը պակաս չէ ներկայացված գնային առաջարկից,»,

15) 64-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «առկայության մասին» բառերից հետո լրացնել «՝ նշելով աշխատակիցների թվաքանակը, որոնց միջոցով մասնակիցը պետք է ապահովի պայմանագրի կատարումը» բառերը,

բ. 2-րդ ենթակետում «համապատասխան» բառից հետո լրացնել «որակավորում ունեցող աշխատակիցներ ունենալու» բառերը,

գ. 3-րդ ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«3) եթե գնման առարկայի նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի տասնապատիկը, բացառությամբ շինարարական ծրագրերի՝ ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների կամ գնման առարկան անշարժ գույք է կամ գնման ընթացակարգը կազմակերպվում է սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված հիմքով, ապա սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջը չի սահմանվում հրավերով և մասնակիցը հայտով ներկա­յացնում է միայն սույն կետի 1-ին ենթակետով հայտարարությունը»:

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    24.10.2018 - 08.11.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10324

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

05.11.2018

1. Նախագիծը ներկայացվել է Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի և 6-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթների տրամաբանության խախտմամբ, այն է <հիմնավորում> բաժնի ենթաբաժիններում ներկայացվել է կրկնվող և ընհանրական միտք պարունակող մեկ նախադասություն: Պետք է նշել նաև, որ նախագծի գերակշռող աառաջարկություները(7-12-րդ և 14-րդ կետեր) հիմնականում վերաբերում են մրցույթի մասնակցի ֆինանսական միջոցներին և պարտականություններին, որին չենք անրադառնա: 2. Նախագծով չի ներկայացվել որևիցե դրույթ, որով հնարավոր կլինի նվազեցնել շինարարական աշխատանքների գնման արդյունքում առկա կոռուպցիոն ռիսկերը, այն դեպքում երբ ՀՀ ֆինանսների նախախարարության գնահատականների համաձայն՝ այդտեղ թանկացումները հասնում են մինչև 30 տոկոսի: 3. Հաշվի չեն առնվել նաև <<Քաղաքաշինություն և տնտեսություն>> ՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջարկությունները: Այնուամենայնիվ ներկայացնենք ՀԿ առաջարկությունները. 4. Նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով ըստ էության առաջարկվում է որոշման 21-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության <<մատակարարման>> և << առնվազն 20>> բառերից հետո համապատասխանաբար ավելացնել <<կամ աշխատանքի կատարման, բացառությամբ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերով իրականացվող շինարարական աշխատանքների>> և << իսկ աշխատանքների դեպքում` առնվազն 45 >> բառերը: Այսինքն առաջարկվում է աշխատանքների ավարտի նվազագույն ժամանակի ներքին շեմի սահմանափակում և նվազագույն օրերի քանակ, առանց նախագծի համապատասխան բաժնում հիմնավորում ներկայացնելու: Աշխատանքները ճիշտ պլանավորելու, դրանց կատարման հսկողությունը արդյունավետ իրականացնելու, կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և անհրաժեշտ պայմանագրերը կնքելու համար հիմք պետք է հանդիսանան ողջամիտ հաշվարկները: Հետևաբար աշխատանքների ավարտի ժամկետը պետք է կարգավորվի միայն համապատասխան հաշվարկներով հիմնավորված պայմանագրով՝ կատարողի կողմից ավելի կարճ ժամկետում աշխատանքները ավարտելու հնարվորության պայմանով: Աշխատանքների նախապատրաստական գործողություների համար անհրաժեշտ է նախատեսել երեք շաբաթյա ժամկետ, քանի որ այդ փուլում անհրաժեշտ է նախորդ աշախատանքի վայրում կամ բազայում գործիքները և մեխանիզմները նախապատրաստել տեղափոխման համար, կնքել գործիքների և մեխանիզմների օգտագործման, աշխատանքային և նյութերի մատակարարման հետ կապված համապատասխան պայմանագրեր: Պետք է հաշվի առնել նաև, որ աշխատանքի արժեքը, բացի հաշվարկային տոկոսներից, կազմված է երկու հիմնական բաժիններից՝ օգտագործվող նյութերի արժեք և աշխատավարձ: Աշխատավարձը հաշվարկվում է միջին աշխատանքի մարդ/օր հարաբերակցությամբ, այսինքն աշխատանքի արժանահավատ արժեքը և ժամանակը որոշելու համար հիմք պետք է հանդիսանան մարդ/օր հարաբերակցությամբ իրականացված հաշվարկները: Հաշվի առնելով նշվածը առաջարկում ենք նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<2) 21-րդ կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունում «մատակարարման» բառից հետո լրացնել «և աշխատանքների սկսման» բառերը,>> 5. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով առանց հիմնավորման առաջարկվում է աշխատանքների կամ ծառայությունների գնման դեպքում հայտում գին չսահմանել, եթե ընթացակարգը կազմակերպելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում դրանց ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրով (գործարքով) սահմանված է մեկ միավորի գինը: Կարող ենք ենթադրել, որ տարվա կտրվածքով գերակշռող աշխատանքների կամ ծառայությունների գնման դեպքում հայտերում գին չի սահմանվելու, քանի որ քիչ հավանական է աշխատանքների կամ ծառայությունների ճշգրիտ կրկնությունը: Ապա ստացվում է, որ տարվա գնումների ընթացքում մեծ կշիռ ունեցող նշված պայմանների դեպքում բյուջեի կազմման, պլանավորման, գնման կողմնորոշիչ և ելակետաին գին չի ներկայացվելու, որի արդյունքում կառաջանան այնպիսի խնդիրներ, որոնց մասին ներկայացված է սույն առաջարկության 1-ին կետում: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 3-րդ ենթակետը: 6. Նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետով նախատեսվում է որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 23-30-րդ կետերով նախատեսված աշախատանքների և ծառայություների գնումները այլևս իրականացնել ոչ հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով: Այստեղ նույնպես ներկայացված չէ որևիցե ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկատվություն, որից պարզ կդառնա, թե ինչո՞ւ նշված ցուցակից հանվում են թվով յոթ աշախատանքներ և ծառայություններ, իսկ քսաներկուսի համար դեռևս պետք է կիրառվեն սահմանափակումներ: Հետևաբար առաջարկում ենք <հիմնավորում> բաժնում ներկայացնել համապատասխան տեղեկատվություն, որից պարզ կդառնա ներկայացված հարցադրումների պատասխանները: 7. Նախագծի 1-ին կետի 5-րդ ենթակետով ըստ էության առաջարկվում է 33-րդ կետի 4-րդ ենթակետի << համաձայնագիր>> բառից հետո ավելացնել << բ. գնման ընթացակարգը կազմակերպվել է չափաբաժիններով և ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագիրը ներառում է մեկից ավել չափաբաժիններ, ապա տուգանքը հաշվարկվում է պայմանագրով այդ չափաբաժնի համար սահմանված ընդհանուր գնի նկատմամբ» բառերը: Սրանով մրցույթի մասնակիցների համար հնարավոր է ստեղծվեն ոչ հավասար պայմաններ, քանի որ մեկ ոչ շահութաբեր չափաբաժնին ներկայացնելով ավելի մրցունակ տվյալներ կարելի է հաղթել մրցույթում, իսկ աշխատանքները իրականցնելիս այդ նույն չափաբաժնով նախատեսված աշխատանքների համար մուծելով նախատեսվող տուգանքները՝ շահույթով ավարտել ընդհանուր աշախատանքները՝ մյուս չափաբաժինների հաշվին: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 5-րդ ենթակետը: 8.Նախագծի 1-ին կետի 13-րդ ենթակետով ըստ էության 61-րդ և 62-րդ կետերի 3-րդ ենթակետերի և 63-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջ հանդիսացող գնումների բազային միավորի հնգապատիկը չգերազանցելու պայմանը առանց իրականացված համապատասխան մոնիտորինգի, վերլուծության և հիմնավորման փոխվել է երկու անգամով և շինարարական աշխատանքների համար նախատեսվել է սահմանափակող բացառություն: Այսինքն բացի նրանից, որ չի հիմնավորվել <<հնգապատիկ>>-ի չափը հենց <<տասնապատիկով>>, այլ ոչ ավել կամ պակաս չափով փոխարինելու անհրաժեշտությունը, չի հիմնավորվել նաև շինարարական կազմակերպությունների համար ներկայացվող պայմանների բարդեցման անհրաժեշտությունը, ակնհայտ է որ դրանով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման վրա դրական ազդեցություն չի կարող ունենալ: Պետք է հաշվի առնել, որ նախկինում շատ կազմակերպություններ հայտնի պատճառներով չեն մասնակցել կամ հաղթել պետական մրցույթներում: Նշված առաջարկությունը շինարարության առումով հակասում է նաև Նախագծի <հիմնավորում> բաժնում ներկայացված ակնկալվող արդյունքին, որով նախատեսվում է սկսնակ և փոքր բիզնեսի համար գնումների ընթացակարգերին մասնակցելու հնարավորությունների ավելացում: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 13-րդ ենթակետը: 9.Նախագծի 1-ին կետի 15-րդ ենթակետի <<ա>> պարբերությամբ ներկայացված առաջարկությունը նույնպես հիմնավորված չէ, քանի որ <<աշխատակիցների քանակը>> կարող է համարվել արդյունավետ տեղեկատվություն, եթե ներկայացվում է կոնկրետ որակավորում ունեցող աշխատակիցներից քանիսը որ գործողությունն են իրականացնելու, իսկ այդպիսի տեղեկատվություն ներկայացնելու համար մրցույթի մասնակցից պահանջվելու է ավելորդ ռեսուրսների տրամադրում կամ ներկայացվելու է պատահական թիվ: Մրցույթի առաջին փուլի համար նախատեսված այս և նմանատիպ այլ դրույթները նույնպես հակասում են Նախագծի <հիմնավորում> բաժնում ներկայացված ակնկալվող արդյունքին, որով նախատեսվում է գնման գործընթացների կազմակերպման գրավչության և մրցակցության աստիճանի բարձրացում: Նախագծի 1-ին կետի 15-րդ ենթակետի <<գ>> պարբերության պահանջ հանդիսացող գնումների բազային միավորի հնգապատիկը չգերազանցելու պայմանը առանց իրականացված համապատասխան մոնիտորինգի, վերլուծության և հիմնավորման փոխվել է երկու անգամով և շինարարական աշխատանքների համար նախատեսվել է սահմանափակող բացառություն: Այս խնդրի մասին մեկնաբանությունը ներկայացված է սույն առաջարկության 4-րդ կետում: Հետևաբար առաջարկում ենք նախագծից հանել 1-ին կետի 15-րդ ենթակետի <<ա>> և <<գ>> պարբերությունները և վերանայել այն պահանջները, որոնք ձևական բնույթ են կրում մրցույթի առաջին փուլի համար:

Արտակ Քյուրումյան

04.11.2018

Առաջարկում եմ ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N526-Ն որոշման հավելված N2-ով հաստատված փակ պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակից հանել 1-124 և 178-182 անուն ապրանքները և 183-187 ծառայությունները: Օրենքի հոդված 21-ի համաձայն փակ մրցույթը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական գաղտնիք: Անհասկանալի է, թե ինչպ պետական գաղտնիքով պայմանավորված են պետական մարմինները ձեռք բերում ծաղիկ, ծաղկեզամբյուղներ, ... հուշանվերներ, գրքեր, ..., շախմատ, շաշկի, նարդի, ... և այլ նման ապրանքներ:

Արտակ Քյուրումյան

04.11.2018

Առաջարկում եմ նախագծի 15-րդ կետով կարգի կետ 64-ում լրացվող նախադասության մեջ ավելացնել նվազագույն բառը և լրացվող մասը խմբագրել հետևյալ կերպ. «՝ նշելով աշխատակիցների նվազագույն թվաքանակը, որոնց միջոցով մասնակիցը պետք է ապահովի պայմանագրի կատարումը»:

Տեսնել ավելին