Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ներկա իրավիճակը, առկա խնդիրները

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունվեց նոր խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Սահմանադրությամբ հստակորեն տարանջատվեցին և առանձին գլուխներում իրենց ամրագրումը ստացան դատական իշխանության և դատախազության՝ որպես պետական միասնական համակարգի վերաբերյալ դրույթները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ գլխում ամրագրվեցին 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ դատախազության վերաբերյալ ամրագրված նորմերից տարբերվող նոր իրավակարգավորումներ:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 210-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատախազության մասին գործող օրենքը պետք է համապատասխանեցվի Սահմանադրությանը: Ուստի ՀՀ արդարադատության նախարարությունը հարկ համարեց, որպեսզի հատվածական փոփոխություններին փոխարինի նոր խմբագրությամբ Դատախազության մասին ՀՀ օրենքը՝ ներառելով ոչ միայն Սահմանադրական նորմերին համապատասխանեցնելու, այլ նաև դատաիրավական բարեփոխումների արդի փուլում առաջնային համարվող դատախազության գործունեության համատեքստում մի շարք ուղղությունների նորովի կարգավորումներ:

Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» թիվ ՆՀ-170-Ա հրամանագրի 1-ին հավելվածով հաստատված Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկի 9-րդ կետի համաձայն՝ մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 

            Առաջարկվող լուծումները

          Հաշվի առնելով վերոշարադրյալը` մշակվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հետևյալը.

2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ ՀՀ Նախագահը Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարգավորում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման կարգը:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս նշելու, որ այն երկրներում, որոնց սահմանադրությունների համաձայն՝ Գլխավոր դատախազը նշանակվում է Պառլամենտի կողմից (Խորվաթիայում, Սերբիայում՝ կառավարության առաջարկությամբ և պառլամենտի իրավասու հանձնաժողովի համաձայնությամբ, Մոլդովայում՝ խորհրդարանի նախագահի առաջարկությամբ, Մակեդոնիայում՝ կառավարության, Հունգարիայում՝ նախագահի առաջարկությամբ) գլխավոր դատախազի տեղակալները՝

1) նշանակվում/ընտրվում և ազատվում են Դատախազության խորհրդի կողմից (Խորվաթիա, որտեղ խորհրդի անդամները ևս ընտրվում են պառլամենտի կողմից, Մակեդոնիա, Մոնտենեգրո).

2) նշանակվում և ազատվում են խորհրդարանի կողմից՝ դատախազության խորհրդի առաջարկությամբ (Սերբիա).

3) նշանակվում և ազատվում են Գլխավոր դատախազի կողմից անմիջականորեն կամ դատախազության խորհրդի համաձայնությամբ (Հունգարիա, Վրաստան, Մոլդովա՝ բարձրագույն խորհրդի համաձայնությամբ):

Վենետիկի հանձնաժողովի «Դատախազների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքների և զեկույցների ժողովածուի»  (2015 թվականի հունիսի 5) 3.1.2.-րդ կետում առաջարկվում է, որ վերադաս դատախազների նշանակումն ու ազատումն իրականացվի դատախազական խորհուրդների կողմից կամ նրանց ակտիվ մասնակցությամբ, օրինակ` վերադաս դատախազներին կարող է նշանակել գլխավոր դատախազը, իսկ դատախազական խորհուրդն իրավունք ունի մերժել գլխավոր դատախազի այդ որոշումը, եթե առկա են հիմնավոր պատճառներ: Հանձնաժողովը ողջունում է այն կարգավորումը, որի համաձայն` վերադաս դատախազները նշանակվում են դատախազական խորհուրդների կամ կոլեգիաների կողմից: Հանձնաժողովը ողջունում է այն հանգամանքը, որ դատախազական խորհուրդներում ընդգրկվեն որակավորված մասնագետներ:

Այսպիսի խորհուրդներ կան մի շարք երկրներում՝  Լեհաստան, Սլովենիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Մոլդովա, Խորվաթիա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Սերբիա և այլն:

Վերը նշված երկրներում, բացի խորհուրդներից գործում են նաև կոլեգիաներ կամ ժողովներ,  ընդ որում՝ կոլեգիան բաղկացած է լինում բոլոր վերադաս դատախազներից (Մոլդովա, Սերբիա), մասնավորապես, Գլխավոր դատախազը, տեղակալները, ստորաբաժանման ղեկավարները, տարածքները ղեկավարող դատախազները:

Բարձրագույն խորհուրդները ունեն լայն լիազորություններ, օրինակ՝ Մոլդովայում խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որի կազմում են Գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահը, 3 անդամ պառլամենտի կողմից, 6 անդամ դատախազության կոլեգիայի կողմից, որից 2-ը՝ կենտրոնական մարմնից, 4-ը մարզերի, համայնքներից: Վերջինիս նախագահը ընտրվում է դատախազ անդամներից: Բարձրագույն խորհուրդը ունի 3 հանձնաժողով՝ կարգապահական, խրախուսման և որակավորման: Սերբիան նույնիսկ առանձին օրենք ունի նվիրված՝ դատախազության պետական խորհրդի կարգավիճակին, լիազորություններին և այլն: Պետական խորհուրդը 11 անդամից է բաղկացած՝ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, Ազգային ժողովի իրավասու հանձնաժողովի նախագահ, և Ազգային ժողովի կողմից ընտրվող՝  6 դատախազներ ու իրավաբան-գիտնականներ կամ 15 տարվա ստաժ ունեցող իրավաբաններ: Խորհրդի նախագահը՝ գլխավոր դատախազն է, իսկ փոխնախագահը՝ ընտրվում է անդամ դատախազներից:

Նշված խորհուրդների լիազորություններն են՝ ներկայացնել գլխավոր դատախազի թեկնածուներ, նշանակել գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար, ներկայացնել Ազգային ժողովին տեղակալների թեկնածուներ, ընդունել էթիկայի կանոնագիրքը, առաջարկել վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական պատրաստման ծրագրեր, նշանակել և ազատել կարգապահական հանձնաժողովի անդամներին, տալ  եզրակացություններ, կարծիքներ դատախազության վերաբերյալ օրենքների նախագծերի վերաբերյալ, բյուջետային միջոցների տնօրինման վերաբերյալ և այլն:Այսինքն՝ նշված խորհուրդներին է վերապահված դատախազության գործունեության հիմնարար հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու լիազորությունները, իսկ կոլեգիաները՝ հրավիրվում և անցկացվում են քրեական քաղաքականության մշակման ուղղությունների, որոշակի գործերի քննարկման համար:

Նախագծով առաջարկվում է Գլխավոր դատախազի տեղակալներին նշանակել մրցույթի հայտարարման միջոցով՝ համապատասխան թեկնածուների հայտերի ներկայացմամբ, և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին ընտրել մրցույթի արդյունքներով՝  որակավորման անդամների կեսից ավելի ձայներով ընդունված որոշմամբ: Հավասար ձայներ ստացած թեկնածուների դեպքում որոշումը կարող է կայացնել ՀՀ գլխավոր դատախազը

2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Գլխավոր դատախազին պաշտոնի նշանակման համար պահանջներ չէին սահմանվում: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասով նման պահանջներ սահմանված են միայն Գլխավոր դատախազի տեղակալների համար:

Այսպես,  Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը:

Միևնույն ժամանակ Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել նաև լրացուցիչ պահանջներ:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`

1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.

2) տիրապետում է գրական հայերենին:

Միևնույն ժամանակ 33-րդ հոդվածի համաձայն՝  Դատախազությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը՝

1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ով դատապարտվել է հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

3) ով ունի դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) ով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով.

5) ում նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով:

Նախագծով վերը նշված պահանջները նախատեսվել են որպես լրացուցիչ պահանջներ և սահմանվել է, որ դրանք տարածվում են նաև Գլխավոր դատախազի և նրա տեղակալների վրա:

Օրենքի նախագծով սահմանվել է, որ Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել երեսուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով օժտված այն անձը, ով ունի՝

1) մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա փորձառություն կամ,

2) դատավորի, դատախազի, քննիչի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ Գլխավոր դատախազի տեղակալը պետք է համապատասխանի սույն օրենքի՝ դատախազի պաշտոնում նշանակվելու համար սահմանված պահանջներին:

Օրենքի նախագծով սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխան կարգավորումներ: Այսպես՝

«Հոդված 35. Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները և գլխավոր դատախազի ընտրությունը

  1. Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։
  2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
  3. Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով ճանաչվելու և նրա կողմից Գլխավոր դատախազի թեկնածուի առաջադրման և ընտրության կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով:
  4. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազը պետք է համապատասխանի սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված պահանջներին:
  5. Գլխավոր դատախազը իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովումսույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով իր երդման արարողությունից հետո՝ նախորդ Գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը, իսկ  եթե ընտրվելու պահին Գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է, ապա Գլխավոր դատախազն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությանը մասնակցելուն հաջորդող օրվանից:»:

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 177-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ`

1) լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը, կամ

2) պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին, կամ

3) դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը:

 Պաշտոնավարման ժամկետի ընթացքում գլխավոր դատախազի լիազորությունները կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ`

1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը.

2) իր պարտականությունները չի կատարում պատշաճ.

3) դրսևորել է դատախազության հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ, կամ

4) առկա են լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:

  Նման հիմքերի առկայության դեպքում Հանրապետության Նախագահն իրավունք ունի գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու առաջարկությամբ դիմելու Ազգային ժողով:»:

Նախագծով նշված հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, նաև փոփոխության ենթարկելով պաշտոնանկության հիմքերը:

Այսպես.

«Հոդված 63. Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը

  1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը:
  2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝

1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.

3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը.

4) Գլխավոր դատախազի մահը.        

5) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը.

6) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.

7) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը կամ կամ քրեական հետապնդում չիրականացնելը ոչ արդարացնող հիմքով:

  1. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝

1) հրաժարականի  դիմում է ներկայացրել Ազգային ժողով.

2) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը.

3) իր լիազորություններն իրականացնելիս կոպիտ կամ պարբերաբար խախտել է օրենքը.

4) կատարել է «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը կամ հանգեցրել դատախազին ոչ վայել վարքագծի դրսևորման.

5) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունը ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին:
  2. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին:»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 4-5-րդ մասերի համաձայն՝ դատախազին չի թույլատրվում բերման ենթարկել առանց գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալների համաձայնության, բացառությամբ դատական ակտի հիման վրա բերման ենթարկելու դեպքերի:

 Դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալները:

Վերը նշված իրավակարգավորումների արդյունքում բաց է մնում այն հարցը, թե ով է քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի նկատմամբ, կամ Գլխավոր դատախազին բերման ենթարկելու հնարավորություն սահմանվելու է, թե ոչ, քանզի վերը նշված իրավակարգավորումներից բխում է, որ Գլխավոր դատախազը բերման չի ենթարկվում, կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվում, քանի որ սահմանված չեն համապատասխան իրավակարգավորումներ: Անձեռնմխելիության հետ որոշակի աղերսներ ունեցող այս դրույթների իրավակարգավորումները, այնուհանդերձ, անհրաժեշտ են:

Վենետիկի հանձնաժողովը վերը նշված փաստաթղթի 3.3.1.-րդ կետում[1] նշում է, որ  անձեռնմխելիությունը չպետք է անսահմանափակ լինի, մասնավորապես՝ գլխավոր դատախազը և մյուս դատախազների օգտվելը պատգամավորին հավասար անձեռնմխելիությունից ծայրահեղություն է։ Միևնույն ժամանակ, սակայն, նշում է, որ ցանկալի է պաշտպանել դատախազին այլ մարմինների կողմից իր հանդեպ կամայական կամ խախտումներով իրականացվող գործընթացներից, օրինակ ոստիկանության կամայական միջամտությունից։ Նախընտրելի է, որ դատախազի նկատմամբ քրեական գործ/հետապնդում հարուցելու իրավասության նկատմամբ սահմանափակումը ենթակա լինի դատական հսկողության։ Իր պարտականությունների կատարման ընթացքում հանցագործություն կատարելու կամ իր կարգավիճակին անհամապատասխան վարքագիծ դրսևորելու դեպքերում դատախազի նկատմամբ հարուցված քրեական գործով նախնական քննությունը կարող է իրականացնել ավելի բարձր պաշտոն զբաղեցնող դատախազը։ Փաստաթղթում քննադատվում է այն նորմը, որի համաձայն դատախազին չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ հարցաքննել, ինչպես նաև նրա բնակարանները չի կարելի խուզարկել, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հայտնաբերվում է հանցանքի կատարման վայրում: Առաջարկվում է բացառությունը տարածել բոլոր այն դեպքերում, երբ կա նման գործողություն իրականացնելու  դատական ակտ:

Այսինքն, Վենետիկի հանձնաժողովը չնայած չի ընդունում պատգամավորական անձեռնմխելությամբ նաև Գլխավոր դատախազին օժտելը, սակայն, դրա հետ աղերս ունեցող տարրեր պարունակող դրույթների սահմանումը, այնուամենայնիվ, ողջունվում է:

Միջազգային փորձի տեսանկյունից թերևս պետք է արձանագրել, որ կան երկրներ, որոնց Սահմանադրություններում դեռ ամրագրված են Գլխավոր դատախազի համար անձեռնմխելիության նորմեր, օրինակ՝ Սերբիայի Սահմանադրության 162 հոդվածը[2], Մոնտենեգրոյի Սահմանադրության 137-րդ հոդված[3], Ղազախստանի Սահմանադրության 83 հոդված[4] և այլն: Մի շարք երկրներում Գլխավոր դատախազի համար անձեռնմխելիության նորմեր սահմանվում են դատախազության մասին համապատասխան օրենքով, օրինակ՝ Լատվիայում[5], Հունգարիայում[6], Լիտվիայում[7],Մակեդոնիայում[8] և այլն:

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ օրենքի նախագծում ամրագրվել է.

  1. Գլխավոր դատախազի տեղակալին չի թույլատրվում ազատությունից զրկել առանց գլխավոր դատախազի, իսկ դատախազին՝ առանց գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալի համաձայնության, բացառությամբ դատական ակտի հիման վրա ազատությունից զրկելու դեպքերի: Գլխավոր դատախազի տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը, իսկ դատախազի նկատմամբ՝ գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը:
  2. Գլխավոր դատախազի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել Ազգային ժողովի համաձայնությամբ: Գլխավոր դատախազը ազատությունից կարող է զրկվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ, բացառությամբ դատական ակտի հիման վրա ազատությունից զրկելու դեպքերի:

2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ 103-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

Վերը նշված նորմերի համադրումից բխում է, որ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նշված լիազորության իրականացման համար սահմանվել է «բացառիկ դեպքերում» եզրույթը:

     Նշված լիազորության իրականացման կարգը սահմանվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով:

   Հարկ է ընդգծել, որ այս հոդվածում արդեն իսկ սահմանված է  հետևյալ ձևակերպումը՝ «Դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե`», իսկ «միայն եթե» եզրույթն արդեն իսկ նշանակում է, որ ոչ բոլոր դեպքերում է, որ դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան: Նշվածի համատեքստում կարելի է նշել, որ «միայն, եթե» եզրույթը փոխարինելով «հետևյալ բացառիկ դեպքերում» եզրույթով ապահովվում է 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանեցումը՝ պահպանելով գործող խմբագրությամբ ամրագրված արդեն իսկ սահմանափակ հիմքերը, երբ դատախազությունը հարուցում է պետական շահերի պաշտպանության հայց:

Հարկ է նշել, որ գործող կարգավորումների առավել սահմանափակումը կվտանգի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության լիազորության պատշաճ իրականացմանը ընթացքը, ինչը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ պետական շահերի և պետության համար: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ քրեական ոլորտից դուրս դատախազության պարտականությունների, գործառույթների վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված նորմեր և կանոններ չկան, այդ գործառույթները պայմանավորված են ներպետական իրավական և պատմական ավանդույթներով:

Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 21-ին «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս» վերտառությամբ թիվ 3 կարծիքում, ԵԽ նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության ոլորտում դատախազության դերի մասին» թիվ (2000)19 հանձնարարականը, 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ընդունված թիվ 11 «Դատախազության դերը քրեաիրավական ոլորտից դուրս» հանձնարարականում թեև չեն սահմանվում դատախազության համար կոնկրետ լիազորություններ քրեաիրավական ոլորտից դուրս և կախված իրավական համակարգերի տարբերություններից անդամ պետություններում այդ լիազորությունները կարող են տարբեր լինել, սակայն սահմանում են այդ լիազորությունների իրականացման համար մի շարք ուղղորդող սկզբունքներ՝ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում:

Մի շարք երկրների փորձը, մասնավորապես, Բելգիա, Չեխիա, Գերմանիա, Բուլղարիա, Հունգարիա, Իռլանդիա, Էստոնիա, Դանիա, Ֆինլանդիա, Վրաստան, Շվեդիա, Շվեյցարիա և Միացյալ Թագավորություն և այլն, ցույց է տալիս, որ դատախազությունը քրեական ոլորտից դուրս օժտված է տարբեր լիազորություններով, որոնք ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին՝ դատախազը կարող է հարուցել վարույթ՝ ամուսնությունը անվավեր/վավեր ճանաչելու համար, մահացած երեխայի անունից, հայրությունը չեղյալ ճանաչելու վարույթ, եթե որպես հայր ճանաչված անձն իրականում մահացած երեխայի հայրը չէ, անձի անունից, որը ճանաչվել է որպես երեխայի հայր, և որն ի վիճակի չէ վարույթ հարուցելու իր հայրությունը չեղյալ հայտարարելու համար, անչափահասների որդեգրությունն անվավեր ճանաչելու, ալիմենտի պահանջով, երեխայի խնամքի հարցով, ծնողական իրավունքից զրկելու համար, եթե անձը ցանկացած պատճառով ի վիճակի չէ պաշտպանելու սեփական իրավունքները, հիմնադրամը լուծարելու համար, եթե հիմնադրամը չի իրականացնում իր ստեղծման նպատակները, կամ եթե հիմնադրամի գրանցումը ենթակա է մերժման օրենքի փոփոխության հիմքով, եթե հիմնադրամի գործունեության օրինականությունն այլ կերպ հնարավոր չէ ապահովել, հանրային հիմնադրամների ստեղծման օրինականությունն ապահովելու նպատակով, եթե մահացած անձի կամ լուծարված իրավաբանական անձի զրպարտության դեպքում խախտվում է հանրային շահը, ցանկացած պայմանագրի պայման, որը ենթադրվում է, որ անարդար է, կարող է վիճարկվել դատախազության կողմից, պայմանագին առոչինչ ճանաչելու հայց հարուցել, եթե այդ պայմանագիրը վնասում է հանրային շահին, եթե հասարակական կազմակերպության, բացառությամբ կուսակցությունների, գործունեության օրինականությունն այլ կերպ հնարավոր չէ ապահովել, եթե կրոնական իրավաբանական անձը, կուսակցությունը խախտում են օրենքը, վարույթ է հարուցում քաղաքացիության վկայականով հաստատված փաստերը դատարանում վիճարկելու, կազմակերպության գրանցումը չեղյալ ճանաչելու համար, վարույթ է հարուցում շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքում՝ արգելելով այդպիսի գործունեությունը կամ վնասի հատուցում պահանջելով, վարույթ է հարուցում ցանկացած կողմի հանդեպ, որն իր ապօրինի գործունեությամբ զգալի վնաս է հասցնում սպառողների մեծ խմբի, նույնիսկ եթե վնաս կրող սպառողի անհատականությունը հնարավոր չէ պարզել, ցանկացած անձի դեմ վարույթ է հարուցում, որը խախտել է կենդանիների պաշտպանության օրենսդրությունը, ապրանքային նշանի գրանցման և գրանցումը չեղյալ հայտարարելու մասին որոշումների բողոքարկում, արտոնագրի տրամադրման կամ վերացման մասին որոշումը փոխելու համար խնդրանքով դիմում է համապատասխան մարմին, եթե դրանք առևտրային նպատակով շահագործելը հակասում է հանրային կարգին կամ բարոյականությանը, հինգ տարի շարունակ անհայտ կորած անձանց մահացած ճանաչելու համար դիմում է դատարան վարելահողերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով կնքված պայմանագրերի կամ պայմանագրի պայմանի անվավեր ճանաչելու հայց հարուցել և այլն:

Վերը նշված բոլոր լիազորությունները սահմանված են օրինակ Հունգարիայի օրենսդրությամբ: Իռլանդիայում Հանրահավաքների և ընտրությունների արդյունքների վավերությունը նույնպես կարող է վիճարկել, իսկ Բուլղարիայի Քաղաքացիության մասին օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազն իրավունք ունի դիմելու հպատակեցումը չեղյալ ճանաչելու կամ Բուլղարիայի քաղաքացիությունը դադարեցնելու միջնորդությամբ և այլն:

Ինչպես տեսնում ենք, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածի նորմերի իրավակարգավորումները և դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված դատախազության պետական շահերի պաշտպանության ոլորտի լիազորությունը, ինչպես արդեն նշեցինք, օրենքով արդեն իսկ սահմանափակվել է բացառապես հայց հարուցելու «հիմքերի առկայության» հանգամանքով, ինչի արդյունքում ՀՀ դատախազությունն իր սահմանադրական լիազորությունն առավելապես իրականացնում է պետական շահերի խախտման մասին համապատասխան տեղեկատվության «առկայության» դեպքում:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, նախագծով առաջարկվում է.

1) գործող օրենքում սահմանված իրավակարգավորումներն ինքնին համարել բացառիկ դեպքեր, ի նկատի ունենալով, որ արդեն իսկ սահմանված հիմքերը սահմանափակ են, սակայն բացառել այն դեպքերը, երբ  դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, այլ այն դեպքում, երբ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո,

2) քննարկել, «պետական շահերի պաշտպանության հայցի հարուցում» պետք է ընգրկի ոչ միայն՝ «քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային շահերի, վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի, քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցերը», այլ նաև՝ «համայնքի շահերի պաշտպանության հայցի հարուցումը»,

3) Նախորդ կետում ներկայացվածի համատեքստում հստակեցվել է  նաև դատախազության իրավասությունը պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելիս:

2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ 103-րդ հոդվածի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ:

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատախազությունը հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ:

Նշված լիազորության իրականացման կարգը սահմանվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերում սահմանված է «հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ» եզրույթը առաջարկվում օրենքում հղում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վրա, առանց դատավարական նշանակություն ունեցող իրավակարգավորումները սահմանելու և դրանով իսկ բացառելով կրկնությունները տարբեր իրավական ակտերում:

Մասնավորապես, առաջարկվում է հետևյալ իրավակարգավորումը.

1) «Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»

2) Անցումային դրույթներում սահմանել, որ «Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացման կարգի վրա մինչև նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը տարածվում են կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների, այլ դեպքերի վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և լուծման, հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները»:

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածում սահմանված՝ արհեստակցական միությանը անդամակցելու իրավունքի սահմանափակումը հանել, քանի որ եթե 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ 28-րդ հոդվածի համաձայն՝ արհեստակցական միություններ ստեղծելու իրավունքը կարող է սահմանափակվել դատախազության մարմինների ծառայողների համար, ապա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի ըստ անձանց կարգավիճակի ուղղակիորեն նման սահմանափակում չի նախատեսում: Ընդ որում, նման դիրքորոշումը բխում է նաև միջազգային փաստաթղթերից[9]:

  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածում սահմանված է, որ դատախազի պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է դատախազության կոլեգիայի նիստում հանդիսավոր պայմաններում տրված երդմամբ:

Առաջարկվում է առաջին անգամ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոն զբաղեցնող անձի համար ևս սահմանել երդման արարողություն Ազգային ժողովում:

Դատախազության էթիկայի հանձնաժողովում ՀՀ նախագահի կողմից նշանակվող անդամերի նշանակման կարգի փոփոխություն: Վերջինիս փոխարեն անդամները, որոնք պետք է լինեն իրավաբան-գիտնականներ, պետք է նշանակվեն ՀՀ Գլխավոր դատախազի կողմից: Օրենքի ուժով որպես Որակավորման հանձնաժողովի անդամ սահմանվել է նաև Արդարադատության ակադեմիայի ռեկտորը:

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասն անհրաժեշտ է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների դրույթներին: Մասնավորապես, անհրաժեշտ է սահմանել, որ Գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմում է Սահմանադրական դատարան և մասնակցում գործի քննությանը:

Նախագծով կարգավորվել է դատավորի նկատմամբ՝ վերջինիս լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում կամ նրան ազատությունից զրկելու հետ կապված հարաբերությունները:

Նախագիծը մշակել եմ ոչ միայն համապատասխանեցնելով Սահմանադրությանը, այլև՝ արդի դատաիրավական բարեփոխումների դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նորովի կարգավորումներ սահմանելով: Այսպես՝ բարեփոխվել է դատախազների կարգապահական պատասխանատվության ենթարկելու համակարգը՝ հստակեցնելով այն կարգավորող նորմերը:  Մասնավորապես, հստակեցվել է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը և վարույթ հարուցելու կարգը, վարույթի հարուցման հիմքերը, դատախազի, ում նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ,  իրավունքներն ու պարտականությունները: Ի տարբերություն գործող տարբերակի՝ Նախագծում մանրամասնորեն կարգավորվել են կարգապահական պատասխանատվության հիմքերի, կարգապահական տույժերի, դրանք նշանակելու իրավունք ունեցող անձանց շրջանակի, կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի ու ժամկետների, կարգապահական տույժը հանելու կամ մարելու, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգի հետ կապված բոլոր հարցերը:

          Կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նորմերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ուսումասիրվել է նաև Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոնտենեգրոյի,Մոլդովայի, Մակեդոնիայի փորձը:

Վերանայվել է դատախազների նշանակման, ծառայողական առաջխաղացման կարգն ու պայմանները՝ նախատեսելով օբյեկտիվ և թափանցիկ ընթացակարգեր: Սահմանվել են դատախազության ծառայողական առաջախաղացման ցուցակներ և հստակ չափանիշներ, որոնց բավարարման պարագայում անձը կկարողանա ընդգրկվել վերը նշված ցուցակներում, ինչը բացակայում է գործող օրենքում: Վերանայվել են նաև դատախազների նշանակման պահանջները: Դատախազների նշանակման և ծառայողական առաջխաղացման վերաբերյալ նորմերի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ուսումասիրվել է նաև Լատվիայի, Լիտվայի Էստոնիայի, Վրաստանի, Մոնտենեգրոյի,Մոլդովայի, Մակեդոնիայի և ԱՊՀ մի շարք երկրների փորձը:

Վերանայվել է  պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության դատախազական գործառույթի շրջանակները: Այսպես, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ նույն հսկողական գործառույթն իրականացնելիս, մասնավորապես` պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի հրամանների, կարգադրությունների և որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը ստուգելիս, դատախազը միայն միջնորդում է վերանայել օրենսդրությանը հակասող ակտը և այն վերացնլու լիազորություն չունի, ինչը խոչընդոտում է նշված գործառույթի արդյունավետ իրականացմանը: Օրենսդրությանը հակասող ակտը վերանայելու պահանջը, ըստ էության, չի համապատասխանում հսկողական գործունեության բնույթին և բովանդակությանը, որի հետևանքով նման իրավական կարգավորումը տեսականորեն հիմնավորված չէ, իսկ գործնականում` անարդյունավետ: Այդ իսկ պատճառով, որպես դատախազական հսկողության օբյեկտ սահմանվել է պատիժը կատարող մարմինների այն իրավական ակտերը, որոնք վրաբերում են պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկման օրենքով սահմանված կարգին և պայմաններին, մասնավորապես, պատժի կրման և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ամբողջ գործընթացը, ինչն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ: Այս ոլորտում առաջարկվող օրենսդրական փոփոխությունը բխում է նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կողմից 2011 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված՝ «Դատախազների և քրեակատարողական հաստատությունների վարչակազմի միջև փոխհարաբերությունների վերաբերյալ» թիվ 6(2011) կարծիքից ու կոչված է ապահովելու այդ կարծիքով արտահայտված նպատակների իրականացումը:

Բարեփոխվել է նաև դատախազների խրախուսման ընթացակարգը՝ հստակեցնելով գործող իրավակարգավորումները:

Սահմանվել է միևնույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման դատախազի վարույթից նույն դատախազության կամ կառուցվածքային ստորաբաժանման մեկ այլ դատախազի վարույթ գործերը տեղափոխելու հստակ և կանխատեսելի հիմքեր: Այսպես, Նախագծով սահմանվել է վերադաս և ստորադաս դատախազների փոխհարաբերությունները կանոնակարգող նորմեր, որը կտարածվի ոչ միայն հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի և վերադաս դատախազի, այլև ՀՀ դատախազության սահմանադրական բոլոր գործառույթների իրականացման ոլորտում ստորադաս և վերադաս դատախազների փոխհարաբերությունների վրա: Ավելին, սահմանվել են այն դեպքերը, որոնց առկայության պարագայում վերադաս դատախազը կարող է վերացնել ստորադաս դատախազի անօրինական և չհիմնավորված ակտերը, ինչպես նաև անմիջական վերադաս դատախազի պատճառաբանված որոշմամբ դատախազի վարույթից գործը մեկ այլ դատախազի կամ իր վարույթ տեղափոխելու հիմքերը: Նման հիմքերի նախատեսումն էականորեն սահմանափակում է վերադաս դատախազի հայեցողությունը:

Նախագծում սահմանվել է դատախազի կողմից իր լիազորությունների շրջանակներում տրված օրինական պահանջների պարտադիր կատարումը: Գործող օրենսդրության այս բացը տարիներ շարունակ հանգեցրել է գործնական լուրջ խնդիրների, որոնք անհարկի դժվարություններ են առաջացրել դատախազության և պետական իշխանության այլ մարմինների հարաբերություններում: Այսուհետ հստակ կապահովվի պետական իշխանության այլ մարմինների կողմից դատախազության՝ որպես պետական սահմանադրական մարմնի օրինական պահանջների իրական կատարումը: Այս մասին ընդհանուր առմամբ նախատեսված է ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետ Կեվին Քարթիի «ՀՀ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջոցների կարիքների գնահատման» զեկույցի առաջարկությունում և «ՀՀ-ում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետության մասին» ծրագրում, որում հիշյալ խնդիրը դիտվել է որպես երկարաժամկետ և հեռանկարային:

Նախագծով օրենքում ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը տեղադրվում է դատախազության կայքէջում:

 

          Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրությամբ կնախատեսվեն արդի դատաիրավական բարեփոխումներով դատախազության գործունեության համատեքստում առաջնային համարվող մի շարք ուղղությունների նոր կարգավորումներ, ինչպես նաև կապահովվի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխանությունը 2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

                                                      

 

[1] EUROPEAN COMMISSION FOR DEMOCRACY THROUGH LAW (VENICE COMMISSION) DRAFT COMPILATION OF VENICE COMMISSION OPINIONS AND REPORTS CONCERNING PROSECUTORS, Strasbourg, 5 June 2015 CDL(2015)027*, EUROPEAN COMMISSION FOR DEMOCRACY THROUGH LAW (VENICE COMMISSION) REPORT ON EUROPEAN STANDARDS AS REGARDS THE INDEPENDENCE OF THE JUDICIAL SYSTEM: PART II – THE PROSECUTION SERVICE Adopted by the Venice Commission at its 85th plenary session (Venice, 17-18 December 2010):

[2] Article 162 – Immunity

A Public Prosecutor and Deputy Public Prosecutor may not be held responsible for the expressed opinion while performing the function of prosecutors, except in cases when a Public Prosecutor or Deputy Public Prosecutor commits a criminal offence by violating the law.

A Public Prosecutor or a Deputy Public Prosecutor may not be detained or arrested in the legal proceedings instituted due to a criminal offence committed in performing the prosecutor's function or service without the approval of the authorised committee of the National Assembly.

[3] Article 137: Functional immunity

State Prosecutor and Deputy State Prosecutor shall enjoy functional immunity and shall not be held responsible for the expressed opinion or decision made in the performance of the duties thereof, unless this represents a criminal offense.

[4] Ãåíåðàëüíûé Ïðîêóðîð Ðåñïóáëèêè â òå÷åíèå ñðîêà ñâîèõ ïîëíîìî÷èé íå ìîæåò áûòü àðåñòîâàí, ïîäâåðãíóò ïðèâîäó, ìåðàì àäìèíèñòðàòèâíîãî âçûñêàíèÿ,íàëàãàåìûì â ñóäåáíîì ïîðÿäêå, ïðèâëå÷åí ê óãîëîâíîé îòâåòñòâåííîñòè áåç ñîãëàñèÿ Ñåíàòà, êðîìå ñëó÷àåâ çàäåðæàíèÿ íà ìåñòå ïðåñòóïëåíèÿ èëè ñîâåðøåíèÿ òÿæêèõ ïðåñòóïëåíèé

[5] Section 7. Immunity of a Prosecutor

(1) Initiation of a criminal prosecution against a prosecutor, as well as his or her detention, arrest, forcible conveyance and subjection to a search shall be carried out in accordance with the procedures prescribed by law, notifying without delay the Prosecutor General thereof.

(2) A prosecutor may not be detained pursuant to administrative procedures. A prosecutor shall be disciplinarily punishable for administrative violations committed.

(3) The control of information systems and means of communication, also, electronic means, used in the operations of the Office of the Prosecutor, the retrieval of information from such and interference with their operation shall be allowed only with the consent of the Prosecutor General.

[6] Section 3. Like Members of Parliament, the Prosecutor General and prosecutors shall be accorded immunity. Այս նորմը Վենետիկի հանձնաժողովը բնութագրել է որպես ծայրահեղություն:

[7] Article 12. Immunity of Prosecutors

  1. Investigation in relation to a criminal act committed by the Prosecutor General may be initiated only by the President of the Republic, upon removing him from office with the consent of the Seimas.

[8] Article 48 The Public Prosecutor and the Deputy Public Prosecutor shall enjoy immunity. The immunity of the Public Prosecutor and the Deputy Public Prosecutor shall mean they may not be held liable or detained for their actions, opinions or decisions made while performing their duties. The Public Prosecutor and the Deputy Public Prosecutor may not be detained without the approval of the Parliament of Republic of Macedonia unless they are caught while perpetrating a criminal act for which a sentence of imprisonment of at least five years is provisioned. The procedure for deciding on the matter of immunity of the Public Prosecutor and the Deputy Public Prosecutor shall be urgent and shall be conducted following a previously obtained opinion from the Council.

[9] Guidelines on the Role of Prosecutors, Adopted by the Eighth United Nations Congress on the Prevention of Crime and the Treatment of Offenders, Havana, Cuba,  27 August to 7 September 1990/, 8 and 9:

 

  • Քննարկվել է

    16.03.2017 - 31.03.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16474

Տպել