Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով՝

«3.1) համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա  իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ, 4.2-րդ, 4.3-րդ և 4.4-րդ կետերով.

          «4.1) հաստատում է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունները.

4.2) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի  կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.

4.3) համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով).

4.4) որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 14-րդ կետը՝ «որոշում է կայացնում» բառերից հետո լրացնել «(կազմում է արձանագրություն)» բառերով.

2) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման  և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում՝ նշանավոր որևէ անհատի անվամբ նրա  կենդանության ժամանակ  անվանակոչում կամ անվանափոխում  կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում, այդ նպատակով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքների հիման վրա.»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

«Հոդված 18.1. Համայնքի ավագանու առաջարկությունը համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին

  1. Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, հետևյալ դեպքերում.

1) երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ.

2) համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ավագանու կողմից չհաստատվելու դեպքում.

3) համայնքի տարեկան աշխատանքային պլանի հաշվետվությունն ավագանու կողմից չհաստատվելու դեպքում.

4) հաշվետու տարում համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունն ավագանու կողմից չհաստատվելու դեպքում:

  1. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո:
  2. Համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունն ընդունվում է ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն երկու երրորդ ձայներով: Որոշումը և հիմնավորող փաստաթղթերը եռօրյա ժամկետում ուղարկվում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին:
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը և հիմնավորող փաստաթղթերը համայնքի ղեկավարի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոնանկության հիմքերի հետ համապատասխանելու դեպքում՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու և տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
  4. Համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը երկօրյա ժամկետում ուղարկվում է համայնքի ղեկավարին և ավագանուն:

 Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝ «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պետական կառավարման» բառերով:

 Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «նիստերին» բառից հետո լրացնել «և քվեարկություններին» բառերով:

 Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «քսան աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1)  3-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

 «3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին և 7-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ և 3.2-րդ մասերով.

«3.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում  համայնքի ավագանին երեք աշխատանքային օրից կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմելու դեպքում երեք աշխատանքային օրից օրենքի ուժով հրավիրվում է ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում համայնքի ղեկավարի կողմից իր հրաժարականը հաստատելու պարագայում՝ նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ ընդունվում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում: Ավագանու նիստ չկայանալու կամ որոշում չընդունելու պարագայում՝ համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Ավագանու նիստը չկայանալու կամ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը չընդունվելու մասին արձանագրությունը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի կողմից ներկայացվում է մարզպետարան:

3.2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում նիստին ներկա ավագանու անդամների ձայների երկու երրորդով ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում:».

3) 5-րդ մասը «հոդվածի 3-րդ» բառերից հետո լրացնել «,3.1-րդ, 3.2-րդ» բառերով, իսկ «որոշումը» բառը փոխարինել «որոշումները» բառով.

4) 6-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը մասին սույն հոդվածի  3-րդ, 3.1-րդ, 3.2-րդ և 4-րդ մասերով նախատեսված  որոշումները կամ արձանագրությունները ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»:

Հոդված 9. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու» բառերը փոխարինել «սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-րդ, 3.2-րդ և 4-րդ մասերով նախատեսված» բառերով, «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

2) լրացնել հետեյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:»:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «մեկ ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում՝» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի նոր ղեկավարի լիազորություններն ստանձնելուց հետո համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև այդ պաշտոններում օրենքով սահմանված կարգով նոր նշանակումներ կատարվելը:»:

Հոդված 11.  Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի վարչական ղեկավար:»:

2) լրացնել հետևյալ  բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալը կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելը, որոշվում  է  համայնքի ավագանու կողմից:»:

3) 2-րդ մասում «հայեցողական» բառը փոխարինել «համայնքային վարչական» բառերով:

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով.

«8. 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն.

  1. Համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվում է համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող՝ վերջինիս բացակայության ընթացքում:
  2. Վարչական ղեկավարը սույն օրենքի իմաստով գյուղական բնակավայրում համարվում է գյուղապետ, իսկ քաղաքային բնակավայրում՝ քաղաքապետ:»:

 Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի.

  • 5-րդ կետում «հրատարակումը» բառը փոխարինել «հրապարակումը».
  • 10-րդ կետը «աշխատողներին» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածը՝

  • 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 1-ին կետերով.

«3.1) մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի տարեկան աշխատանքային պլանը, պլանի կատարողականը և դրա  վերաբերյալ հաշվետվությունը.

     11.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.».

2) 1-ին մասի 10-րդ կետը «ազատում է» բառից հետո լրացնել «համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային» բառերով.

3) 3-րդ մասը «իրականացնում է» բառից հետո լրացնել «համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային» բառերով:

Հոդված  14. Օրենքի 36-րդ հոդվածի.

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:».

  • 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը:

Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին  համապատասխան՝ տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:»:

Հոդված 17. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «քարտուղարին,» բառից հետո լրացնել «համայնքային քաղաքական, համայնքային վարչական և համայնքային» բառերով:

Հոդված 18. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, սակայն նախաձեռնությունից ոչ շուտ, քան երեք օրից» բառերը:

Հոդված 19.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 82.1-ին հոդվածով.

«Հոդված 82.1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը

«1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը համայնքի ծրագրային այն փաստաթուղթն է, որը սահմանում է տվյալ տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամ նրանց մասնակցությամբ համայնքում  իրականացվող բոլոր ծրագրերը և միջոցառումները:

  1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը մշակվում և հաստատվում է համայնքի ավագանու կողմից հաստատված հնգամյա զարգացման ծրագրի հիման վրա՝ տվյալ տարվա ընթացքում համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական և այլ ծրագրերի ու միջոցառումների պլանավորման, իրականացման և վերահսկման գործընթացներն առավել նպատակային և արդյունքահեն կազմակերպելու համար:
  2. Համայնքի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկվում են համայնքում իրականացվող համայնքի բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող, ինչպես նաև ֆինանսավորում չպահանջող բոլոր ծրագրերը, այդ թվում՝ համայնքի ենթակառուցվածքների պահպանման, շահագործման և զարգացման, համայնքային ծառայությունների մատուցման, հիմնական միջոցների կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներդրումային, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի աջակցությամբ և այլ ծրագրեր:
  3. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը կազմելու նպատակով՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում և համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում համայնքի տարեկան աշխատանքայի պլանի մշակման մեթոդաբանությունը:
  4. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը սահմանում է տարեկան աշխատանքային պլանի կազմման իրավական հիմքերն ու կառուցակարգերը, մասնակցության մեխանիզմները, մշտադիտարկման և գնահատման համակարգերը (այդ թվում՝ ցուցանիշներն ու դրանց բնութագրիչները, տեսակները), հաշվետվողականությունը և այլն:
  5. Համայնքի ղեկավարը՝ բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 20. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասում «հրատարակվում» բառը փոխարինել «հրապարակվում» բառով:

Հոդված 21. Օրենքի 98-րդ հոդվածի 3-րդ մասում «հայց է ներկայացնում» բառերը փոխարինել «կարող է հայց ներկայացնել» բառերով:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    23.10.2018 - 08.11.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14599

Տպել

Առաջարկներ`

Վոլոդյա Ձավարյան

28.10.2018

31-րդ հոդվածի 8-րդ մաս՝ 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, բայց գոնե համապատասխան մասնագիտական կրթություն, կամ գոնե ՏԻՄ ոլորտի հետ կապված որոշակի աշխատանքային ստաժ

Վոլոդյա Ձավարյան

28.10.2018

Հոդված 18.1. -ի 1-ին մասում կարելի է նախատեսել նաև, որ համայնքի ղեկավարի պաշտոնանկության վերաբերյալ առաջարկությունը կարող է արվել համայնքի ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի գրավոր նախաձեռնությամբ, համայնքի բնակիչների նախաձեռնությամբ (կարելի է նախատեսել որոշակի տոկոս ) տեղական հանրաքվեի արդյունքից ելնելով

Վոլոդյա Ձավարյան

28.10.2018

Կարելի է նաև «Հոդված 18.1.-ի 1-ին մասում ավելացնել՝ երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ անվավեր են ճանաչվել համայնքի ղեկավարի գրավոր առաջարկության, կարծիքի, հիմնավորման, կամ եզրակացության հիման վրա ընդունված համայնքի ավագանու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող երկու և ավելի որոշումներ.

Տեսնել ավելին