Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) ներդրված պարզեցված վարույթը գործը ընդհանուր հայցային վարույթից տարբերվող հեշտացված ընթացակարգի միջոցով քննելու հնարավորություն է ստեղծել: Այդուհանդերձ, այս վարույթի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քաղաքացիական գործերի քանակի աննախադեպ աճի պատճառների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կատարած գործոնային վերլուծությունը[1] թույլ են տալիս եզրահանգել, որ պարզեցված վարույթի ինստիտուտը որոշակի կատարելագործման կարիք ունի: Այսպես՝

  1. Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ: Մինչդեռ այս կարգավորումից պարզ չէ, թե որ պահն է հիմք ընդունվում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելու համար՝ հայցադիմում ներկայացնելու պահը, թե դրանից հետո.
  2. Օրենսգիրքը չի պարունակում դրույթներ արտարժույթով ներկայացված պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքության որոշման վերաբերյալ, ինչը արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում կարող է խնդրահարույց լինել.
  3. Օրենսգիրքը չի նախատեսում պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գործին մասնակցող անձանց գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ, ինչը, սակայն, այս վարույթի արդյունավետությունը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացման նախադրյալներ ապահովելու համար անհրաժեշտ է թվում.
  4. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, այնուամենայնիվ գործնականում պարզեցված վարույթով որոշակի հարցեր պարզելու համար առաջանում է դատական նիստ հրավիրելու անհրաժեշտություն: Այսպես, հայցից հրաժարվելու, հաշտության համաձայնություն կնքելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է նախատեսել դատական նիստ հրավիրելու հնարավորություն.
  5. Օրենսգրքի 302-րդ հոդվածից հետևում է, որ պարզեցված վարույթի կարգով գործը քննելու դեպքում դատարանի կողմից կայացվող վճռի պատճառաբանական մասի բովանդակությանը ներկա­յացվող պահանջները ընդհանուր կարգով քննվող գործերով կայացվող վճիռների պատճառաբանական մասին ներկայացվող պահանջների համեմատ քիչ են: Այնինչ, վերջին տարիներին բռնագանձման պահանջների կտրուկ աճը և այդ գործերով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների սակավաթվությունը վկայում են, որ բոլոր դեպքերում վճիռը պատճառաբանելը դատարանի համար առաջացնում է անհարկի ծանրաբեռնվածություն[2]:
  6. Ներկայումս պարզեցված վարույթ կիրառելու հարցը դատարանը լուծում է հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում, այսինքն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացված լինելու պարագայում կայացվում է պարզեցված վարույթ կիրառելու մասին առանձին որոշում: Բացի այդ, պարզեցված վարույթով գործի քննության ընթացքում որոշակի գործողությունների կատարման համար սահմանված են ժամկետներ, որոնց հաշվարկումը ևս լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանին:

Ամբողջ վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ).

  • բռնագանձման պահանջի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելիս հիմք է ընդունվում հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջի չափը.
  • կարգավորվել է արտարժույթով բռնագանձման վերաբերյալ պահանջ ներկայացվելու դեպքում այդ պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքությունը որոշելու հարցը.
  • ընդլայնվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը՝ ներառելով նաև այն դեպքերը, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելը պատասխանողը չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացրել հակընդդեմ հայց.
  • սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ.
  • նախատեսվել է պարզեցված վարույթով դատական նիստ հրավիրելու հնարավորություն.
  • պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռի պատճառաբանական մաս պարունակելու պահանջը ամրագրվել է գործի քննության ընթացքում հայցի դեմ առարկություն ներկայացվելու, ինչպես նաև մինչև գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակելը վճիռը պատճառաբանելու վերաբերյալ դիմում ներկայացվելու և կայացված վճռի գործին մասնակցող այդ անձի համար անբարենպաստ լինելու դեպքերով.
  • նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը, որպես կանոն, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թյան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը երաշխավորող նախադրյալներ:

 

 

 

[1] Մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգը (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf):

[2] Դատարաններում 2013-2017 թվականներին ստացված քաղաքա­ցիական գործերի վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 2017 թվականի ընթացքում ստացված քաղաքացիական գործերի 83.5% եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որի 80 տոկոսի հայցագինը հիմնականում չի գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը։ Ընդ որում, տվյալ կատեգորիայի գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքները չեն գերազանցում 1%-ը (ավելի մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի 38-39-րդ էջերը) (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf):

  • Քննարկվել է

    17.10.2018 - 02.11.2018

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11819

Տպել

Առաջարկներ`

ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ

01.11.2018

<<ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե.ԵՍՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. 2018թ. փետրվարի 09-ին ընդունված և 2018թ. ապրիլի 09-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը /այսուհետև՝ օրենսգիրք/ իր բնույթով առաջընթաց էր քաղաքացիական դատավարության կարգով գործերի քննման կարգի, պայմանների և ժամկետների առումով: Սակայն, նրա ընդունումից և պրակտիկ կիրառումից պարզվեց, որ օրենսգրքում առկա են որոշակի տեխնիկական վրիպակներ, ինչպես նաև պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկան խնդիրներ, որոնց վերաբերյալ առաջարկում եմ կատարել համապատասխան ուղղումներ և փոփոխություններ: Այսպես. 1. Օրենսգրքի 41-րդ գլուխը կարգավորում է գործերի քննությունը պարզեցված վարույթի կարգով: Նշված ինստիտուտը նորամուծություն է և առաջընթաց, առանց դատական նիստերի, արագ և պարզեցված կարգով գործերը քննելու համար: Սակայն, օրենսգրքի պրակտիկ կիրառման ընթացքում առաջացան որոշակի հարցեր, որոնք խնդիր առաջացրեցին սահմանված կարգով և ժամկետներում նմանատիպ կարգով գործերի քննությանը: Դեռևս օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ առաջարկել էի պարզեցված վարույթի տարբերակ, որը համադրելով արդեն իսկ ընդունված՝ գործող օրենսգրքի նորմերին, այժմ կրկին առաջարկում եմ պարզեցված վարույթի հետևյալ ընթացակարգը: Այն է՝ դատարանը սույն օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելիս, եթե առկա են պարզեցված վարույթ կիրառելու հիմքերը, նշում է, որ դատարանը կիրառում է պարզեցված վարույթի նորմերը և նշանակի դատական ակտի հրապարակման ժամանակ և վայր, վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու օրվանից 40-օրյա ժամկետում: Այդ ընթացքում, դատավարության մասնակիցներին ուղարկում է որոշումը՝ նրանց պարզաբանում սույն օրենսգրքի 298-299-րդ հոդվածներով սահմանված դատավարական գործողությունների կատարման կարգը և պայմանները: Եթե առկա կլինեն պարզեցված վարույթը դադարեցնելու հիմքեր, ապա ոչ ուշ քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կամ արագացված դատաքննության կարգով քննելու մասին: Ներկայացված նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք որոշակի չափով համահունչ են գործող պրակտիկային և իմ կողմից ներկայացված առաջարկություններին: Սակայն 297-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված պարզեցված վարույթի կարգով գործը չքննելու պահանջներից, ի թիվս այլ հանգամանքների նշված է նաև <<ապացույց պահանջելու>> դատավարական գործողությունը: Նույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասը արդեն իսկ սահմանում է, որ ապացույցները ինչ ժամկետում և կարգով պետք է ներկայացվեն, հետևաբար <<ապացույց պահանջելու>> դատավարական գործողությունը չպետք է ներառել պարզեցված վարույթը բացառող հանգամանքների մեջ և առաջարկում եմ օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասից՝ <<փորձաքննություն նշանակելու>> բառերից հետո հանել <<ապացույց պահանջելու>> բառերը: 2. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսում է պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի եզրափակիչ ակտի կայացման ժամկետ՝ չորս ամսվա ընթացքում: Իմ կարծիքով այդ ժամկետը շատ է, նախկինում ես առաջարկել էի 40-օրյա ժամկետ, այժմ գտնում եմ, որ առավելագույնը պետք է սահմանվի երկամսյա ժամկետ: Սակայն այս ժամկետները սահմանելիս պետք է նշել բացառություն, եթե կիրառվել է հայցի ապահովման միջոց: Քանի որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և կից փաստաթղթերըպատասխանողին ուղարկվում է հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո, իսկ կատարողական վարույթի ավարտը ավելի երկար ժամանակ է պահանջում, քան օրենքով սահմանվող վերը նշված ժամկետները: Այս առումով անհրաժեշտ է սահմանել, որ հայցի ապահովում բավարարելու դեպքում կարող է եզրափակիչ դատական ակտը հրապարակվել ավելի ուշ ժամկետում կամ սահմանել, որ այդ ժամկետի հաշվարկը պետք է սկսվի պատասխանողին ուղարկելու օրվանից: 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածը սահմանում է պարզեցված վարույթը դադարեցնելու հիմքերը և կարգը, ըստ որի անցում է կատարվում միայն ընդհանուր հայցային վարույթին՝ հրավիրվում է նախնական դատական նիստին: Առաջարկում եմ ավելացնել 2-րդ կետ, որով սահմանել կարգ, որ 42-րդ գլխի՝ 303-րդ հոդվածով սահմանված արագացված դատաքննության կիրառման հիմքերի առկայության դեպքում դադարեցնել պարզեցված վարույթը և որոշում կայացնել արագացված դատաքննություն կիրառելու մասին: 4. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ <<պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճիռը չի պարունակում պատճառաբանական մաս>>: Այս առումով գտնում եմ, որ, եթե պատճառաբանական մաս ահրաժեշտ չէ, չկա որևէ անհրաժեշտություն նաև վճռի նկարագրական մասը շարադրելուն, քանի որ պատճառաբանության հիմք հանդիսացող՝ հայցվորի, պատասխանողի և դատավարության մյուս մասնակիցները դիրքորոշումների հակիրճ բովանդակությունը որևէ ձևով պարտադիր պայման չի դառնալու: Հետևաբար առաջարկում եմ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռում նշել միայն վճռի ներածական մասը /192 հոդվածի 2-րդ մաս/, եզրափակիչ մասը /192 հոդվածի 5-րդ մաս/ և առավելագույնը վճռի նկարագրական մասի՝ գործի դատավարական նախապատմությունը /192 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ/: 5. Բացի այդ, նախագծում հստակ չի ձևակերպված 302-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետևյալ միտքը՝ <<և կայացված վճիռն անբարենպաստ է գործին մասնակցող այդ անձի համար>>: Մինչև գործով վերջնական եզրափակիչ դատական ակտի կայացումը ոչ դատավարության մասնակիցները, ոչ էլ դատարանը չի կարող կանխատեսել, թե ում վերաբերյալ <<անբարենպաստ>> վճիռ կկայացնի: Հետևաբար առաջարկում եմ այդ միտքն ընդհանրապես հանել: Ինչ վերաբերում է այդ հոդվածի 2-րդ մասում նշված այն հանգամանքին, որ երբ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ հրապարակելը գործին մասնակցող անձը ներկայացել է վճիռը պատճառաբանելու վերաբերյալ դիմում, ապա այս միտքը ևս իմպերատիվ չպետք է նշել, քանի որ բոլոր գործերով հայցվորները կարող են միջնորդել պատճառաբանված վճիռ կայացնել՝ հաշվի առնելով, որ չպատճառաբանված վճիռը նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն բողոքարկման ենթակա չէ: Այս առումով առաջարկում եմ պարզեցված վարույթի կարգով կայացված բոլոր դատական ակտերի դեմ թողնել բողոքարկման իրավունք, կամ սահմանել, որ վճիռը կայացնելուց հետո, եռօրյա ժամկետում պատճառաբանված վճիռ ստանալու մասին միջնորդություն չներկայացնելու դեպքում վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում: Վերը նշված խնդիրները կարգավորելու համար, գտնում եմ, որ պետք է չպատճառաբանված վճռի կայացման պայմաններում կողմին տալ հնարավորություն՝ վճիռը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում դիմելու պատճառաբանված վճիռ ստանալու միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը ստանալուց հետո, դատարանի վրա դնել պարտականություն յոթ օրվա ընթացքում տալ պատճառաբանված վճիռ:

Տեսնել ավելին