Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՒՂՎԵԼԻՍ ԿԱՄ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑ­ՆԵԼԻՍ ԴԱՏԱՎՈՐԻ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ օրենքով նախատեսված դեպքերում արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցվում են Կառավարության սահմանած կարգով և չափով:

Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու նպատակը դատավորի բնականոն գործունեության երաշխավորումն է և դատավորի գործունեության սոցիալական  երաշխիքների ապահովումը:

Վերոհիշյալը վկայում է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկաց­նելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

Միաժամանակ, օրենսդրական կարգավորումների միատեսակությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ դատավորին հատուցման ենթակա բեռնափոխադրման ծախսերի առավելագույն չափը որոշելիս հաշվի է առնվել Կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Մաքսային ծառայողին այլ տարածաշրջանի մաքսային մարմին ծառայողական տեղափոխման հետ կապված բնակելի տարածք տրամադրելու կամ բնակելի տարածք վարձակալելու, տեղափոխվելու և անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 2073-Ն որոշմամբ սահմանված՝ մաքսային ծառայողին անձնական գույքը տեղափոխելու հետ կապված ծախսերի միանվագ փոխհատուցման չափին վերաբերող իրավակարգավորումները, իսկ դատավորին տրամադրվող գիշերավարձի և օրապահիկի չափերի մասով՝  Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված համապատասխան իրավակարգավորումները:

Բացի այդ, Կառավարության դեռևս 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման 7-րդ կետի համաձայն՝ ի թիվս այլ պաշտոնատար անձանց, Դատական դեպարտամենտի ղեկավարին առաջարկվել է մեկամսյա ժամկետում կանոնակարգել համապատասխան մարմիններում պաշտոնատար անձանց և այդ մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, այդ թվում` սահմանաքանակները: Վերոնշյալի հաշվառմամբ՝ Նախագծով սահմանված կարգավորումներն ուղղված են նրան, որ դատավորի կողմից արտագնա նիստերին մասնակցությունն առաջնահերթորեն ապահովվի Դատական դեպարտամենտին հատկացված ծառայողական մեքենաների միջոցով և միայն դրա անհնարինության դեպքում կիրառվեն Նախագծով սահմանված փոխհատուցման միջոցները:

 2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

«Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկաց­նելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվել են՝

1) դատավորի՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս հատուցման ենթակա ծախսերը,

2) դատավորի՝ իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս  գործուղման վայրում բնակարանի վարձին համարժեք հատուցում տրամադրելու, ինչպես նաև անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու և գործուղման ավարտից հետո դատավորի մշտական բնակության վայր վերադարձնելու հետ կապված ծախսերը հատուցելու կարգը,

3) դատավորի՝ արտագնա նիստ անցկացնելիս ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման առավելագույն չափերը,

4) դատավորի՝ արտագնա նիստ անցկացնելիս ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման կարգը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկաց­նելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգի և չափի հետ կապված հարաբերությունները:

 

 

  • Քննարկվել է

    02.10.2018 - 18.10.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7733

Տպել