Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1308-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի n 1308ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի n 1308-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 31.01.2017թ. N 02/14.10/1825-17 հանձնարարականի կատարման շրջանակներում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությամբ, որը ենթադրում է համապատասխան փոփոխությունների նախաձեռնում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում՝ շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների լայն մասնակցությամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Քվոտայի պահանջը սահմանված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով: Վկայակոչված հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 1-ից: Այսպիսով, Հայաստանում իրականացվեց քվոտայի համակարգի ներդրման առաջին քայլը, որը գործարկման հաջորդ փուլում ենթադրում է իրավակիրառական պրակտիկայից բխող, շարունակական և հետևողական բարելավման օբյեկտիվ գործընթաց՝ քվոտայի պահանջի կատարումը լիարժեք ու նպատակային ապահովելու համար: Մասնավորապես, քվոտավորման ենթակա կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջի կատարման գործընթացների ուսումնասիրությունները վկայում են, որ այս փուլում դեռևս առկա են որոշ օբյեկտիվ խոչընդոտներ՝ առանձին ոլորտներում այդ պահանջի լիարժեք կատարման առումով: Նշված խոչընդոտները վեր հանելու և համապատասխան լուծումներ առաջադրելու նպատակով, ՀՀ վարչապետի 31.01.2017թ. N 02/14.10/1825-17 հանձնարարականի հիման վրա պետական կառավարման թվով 28 մարմինների կողմից իրականացվել են ոլորտային առանձնահատկությունների, ինչպես նաև որոշ պետական կազմակերպությունների կողմից քվոտայի պահանջը չկատարելու պատճառների ուսումնասիրություն: Պետական կառավարման թվով 12 մարմիններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացրել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ որոշ առաջարկություններ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև պետական կառավարման նշված մյուս մարմինների ուսումնասիրություններով վեր հանված խնդիրները կարելի է բաժանել հետևյալ հիմնական խմբերի՝

1.   ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի՝ անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը գործող կարգավորումների շրջանակներում հնարավորություն չի տալիս լիարժեք հաշվարկել քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի թվաքանակը,

2.  պետական կառավարման որոշ մարմիններում աշխատողների (ծառայողների) թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն և այլն), որը անհնար է դարձնում այդ մարմինների համակարգերում գործող կազմակերպությունների համար քվոտավորման ենթակա աշխատատեղերի թվի հաշվարկը,

3.  քաղաքացիական, դիվանագիտական, զինվորական, քրեակատարողական, փրկարար ծառայությունների և համայնքային ծառայության պաշտոնները հաշմանդամություն ունեցող անձանցով համալրման օրենսդրական սահմանափակումները և գործնականում առկա օբյեկտիվ մի շարք այլ խոչընդոտները,

4.  տնտեսության ճյուղային առանձնահատկություններով պայմանավորված՝ առանձին ճյուղերում ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի պահանջի կատարման օբյեկտիվ, լրացուցիչ դժվարությունները,

5.  քվոտավորման ենթակա կազմակերպությունների գործատուների համար՝ իրենց մոտ աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց մասին ամբողջական տեղեկատվության բացակայությունը,

6. քվոտայի պահանջի առաջացման կամ այդ պահանջի կատարման տարվա ընթացքում քվոտավորման ենթակա կազմակերպության վերակազմակերպման դեպքում քվոտայի պահանջի կատարման խնդիրները, այդ թվում՝ օրենսդրական կարգավորման հստակեցման անհրաժեշտությունը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով առաջարկվում է կասեցնել քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը՝ պայմանավորված հետևյալ օբյեկտիվ հանգամանքներով՝

1. պետական կառավարման մարմինների կողմից քվոտայի պահանջի կատարման վերաբերյալ հիմնականում ներկայացվել են ընդհանրական խնդիրներ և առաջարկություններ, որի պարագայում առաջանում է համատեղ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն՝ կապված պետական և ոչ պետական կազմակերպությունների համար քվոտայի չափի, քվոտայի պահանջի առաջացման համար հիմք հանդիսացող աշխատողների նվազագույն թվաքանակի (հարկային տարում միջինը 100 աշխատող) տարբերակման, ինչպես նաև պետական կառավարման ոլորտային, տնտեսության ճյուղային առանձնահատկությունների բազմակողմանի վեր հանման և բացահայտված խնդիրների համար փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու հետ,

2.      պետական և հասարակական կազմակերպությունների հետ շահագրգիռ լայն քննարկումների ամփոփ արդյունքներով անհրաժեշտ է մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել քվոտայի պահանջը սահմանող «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որը կներառի բացահայտված խնդիրների փոխհամաձայնեցված լուծումները:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

5.

Ակնկալվող արդյունքը

 

Քվոտայի պահանջի կասեցում՝ մինչև քվոտայի համակարգի առավել նպատակային և արդյունավետ ներդրման ու գործարկման համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված հիմքերի և մեխանիզմների լիարժեք ապահովումը:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի n 1308ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի n 1308-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի n 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի n 1308-Ն որոշման գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում մշակել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.03.2017 - 29.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

14.03.2017 10:54

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8266

Տպել