Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում հանրային եկամուտների ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԱՆՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Կարգավորման ենթակա խնդիրը

«Հայաստանի Հանրապետությունում հանրային եկամուտների ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է հասարակության մեջ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողի` որպես հանրային եկամուտների հավաքագրումն ապահովողի դերն ու նշանակությունն առավել կարևորելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հանրային եկամուտների ծառայողի հատուկ օր սահմանելու անհրաժեշտությամբ:

2 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն հարկային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը նույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է հարկային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է հարկային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն հարկային ծառայությունը հարկային ծառայողի կողմից նույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ու իր իրավասության սահմաններում իրականացվող մասնագիտական գործունեությունն է, որը նպատակաուղղված է հարկային մարմնի խնդիրների և գործառույթների իրականացմանը և չի իրականացվում այլ հանրային ծառայողների կողմից:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն հարկային մարմնի խնդիրներից է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների (Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարվող հարկերի, տուրքերի և օրենքով սահմանված վճարների, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջություն, որոնց հաշվառումը, հաշվառման և (կամ) վճարման նկատմամբ հսկողությունը, մուտքերի ապահովման վերահսկողությունն օրենսդրությամբ վերապահված է հարկային մարմնին) ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը:

«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է:

Նույն օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, որը նույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մաքսային ծառայության պաշտոն և իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է մաքսային ծառայության կադրերի ռեզերվում և վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն մաքսային ծառայության խնդիրներն են Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության իրականացումը, մաքսային գործի, մասնավորապես` մաքսային վճարների, այլ վճարների և հարկերի գանձման, մաքսային մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացման ապահովումը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն) 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության մշակմանը:

Կանոնադրության 10-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նպատակներն են`

1) «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խնդիրների լուծումը, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովման նպաստումը.

2) «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կանոնադրությամբ սահմանված խնդիրների լուծումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը համապատասխան` մաքսային գործի, մասնավորապես` մաքսային վճարների, այլ վճարների և հարկերի գանձման բնագավառում պետական քաղաքականության և վարչարարության իրագործումն ապահովող գործառույթների իրականացումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը:

Կանոնադրության 11-րդ կետով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի խնդիրները, մասնավորապես` պետական հարկերի և վճարների վճարման նկատմամբ հսկողության իրականացումը, մաքսային վճարների և մաքսային մարմնին վճարման ենթակա հարկերի գանձման և դրանք ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ապահովումը, Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված պարտավորությունների չկատարման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտավորությունների մարման գծով աշխատանքների իրականացումը, Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված չկատարված պարտավորությունների ապահովումը և գանձումը:

Կանոնադրության 12-րդ կետի համաձայն, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գործառույթներից են պետական հարկերի և վճարների հավաքագրման կազմակերպումը, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, վճարների, մաքսային վճարների հաշվարկման, գանձման և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման նկատմամբ հսկողության իրականացումը:

Այսինքն, Պետական եկամուտների կոմիտեն պետական կառավարման համակարգի այն մարմինն է, որին վերապահված է հանրային եկամուտների հավաքագրման ապահովումը, դրանց վճարման նկատմամբ հսկողության իրականացումը, իսկ նշված գործառույթների անմիջական իրականացնողները Պետական եկամուտների կոմիտեի ծառայողներն են:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի  18-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հանրային եկամուտների ծառայողի հատուկ օր չի նշվում:

Պետական եկամուտների կոմիտեի ծառայողը, որպես հանրային եկամուտների հավաքագրումն ապահովող, առաջնային դեր ունի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման գործում, ըստ էության, նրա աշխատանքն ուղղված է ողջ հասարակության համար նոր արդյունքի ստեղծմանը։ Յուրաքանչյուր տարեվերջ` դեկտեմբեր ամսին, ամփոփվում են Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների կատարած աշխատանքի արդյունքները, մասնավորապես` ներկայացվում են իրականացված բարեփոխումները, պետության և հասարակության ձեռքբերումները: Հետևաբար, հաշվի առնելով, որ դեկտեմբեր ամսվա 20-ից հետո են ներկայացվում տարվա վերջին հաշվետվությունները և միայն այդ ժամանակ պարզ լինում մուտքերի ամբողջական պատկերը, իսկ դեկտեմբերի 20-ից հետո աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը յուրաքանչյուր տարի փոփոխվում են, ուստի, ոչ աշխատանքային օրվա հետ չհամընկնելու հանգամանքով պայմանավորված, Նախագծով ընտրվել է դեկտեմբեր ամսվա չորրորդ ուրբաթ օրը՝ նշելու այն որպես Հայաստանի Հանրապետությունում հանրային եկամուտների ծառայողի օր:

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախատեսվում է ընդունել Նախագիծը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից։ Ըստ Կառավարության 2021-2026թթ Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել և կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու և պետական համակարգի առջև դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիանալիզմով օժտված մարդկային կապիտալ ձևավորելու միջոցով։

6 Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում կսահմանվի և կնշվի հանրային եկամուտների ծառայողի հատուկ օր, ինչի արդյունքում հասարակության մեջ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողի դերն ու նշանակությունը կարևորելու ևս մեկ հնարավորություն կստեղծվի:

7 Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Տևողություն

    12.05.2026 27.05.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 434

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: