ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 20.01.2025թ. N 47-Լ որոշմամբ։
ՀՀ կառավարության որոշման սույն նախագիծը մշակվել է ի կատարումն նշված ցանկի 8-րդ կետի։
Ներկայում պետական սոցիալական բնակարանային ֆոնդից անձանց (ընտանիքներին) անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ, և ոլորտում առկա են մի շարք խնդիրներ։
Նախագիծը մշակվել է պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ոլորտում առկա խնդիրների լուծման և օրենսդրական բացերի լրացման նպատակով։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով, սահմանել փորձնական ծրագիր, որի համաձայն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները հատկացվում են մատչելի վարձավճարի դիմաց և այլն։