Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը ԵՎ ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս ոլորտը կարգավորվում է ՀՀ կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատելու մասին» N 679 որոշմամբ։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի՝ 2027 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքով։

Միաժամանակ, նախագծի ընդունման համար հիմք է հանդիսանում «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 12-ի թիվ 705-Ա որոշումը։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը համապատասխանեցվում է ներկայիս կառավարման մարմնի անվան հետ։ Մասնավորապես, ներկայումս «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Բացի այդ, նախագծով կանոնակարգվում է բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովման գործընթացը։

Միևնույն ժամանակ, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը 2027 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու, և միաժամանակ ուժի մեջ է մտնելու «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին օրենքը, որի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է նոր լիազորող նորմ, համաձայն որի՝ բնակչության անհատական պաշտպանության միջոցների տեսակները, դրանց ցանկը և ապահովման կարգը հաստատում է Կառավարությունը, իսկ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետով սահմանված մարմինը հանդիսանալու է որպես լիազոր մարմին։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4 Ակնկալվող արդյունքը

2027 թվականի հունվարի 1-ից կապահովվի «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը։

 

5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի  հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշմամբ հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ ռազմավարությունից։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    29.04.2026 - 14.05.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 553

Տպել

Առաջարկներ`

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

03.05.2026

Հարգելի՛ գործընկերներ,


Որոշման նախագծի բոլոր կետերում առկա հիմնական տեղեկությունները, նույնիսկ՝ շարադրանքի հաջորդականությունը` համաձայն ՀՀ կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 53-Ն որոշման, դասվում են պետական գաղտնիքի շարքին, մասնավորապես՝


ԸՍՏ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

14. Ռազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանվածության աստիճանի մասին տեղեկությունները


3. ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

24. Քաղաքացիական պաշտպանության ուժերի և միջոցների, վարչական շենքերի պաշտպանվածության ու բնակչության անվտանգության ապահովվածության աստիճանի, տարահանման երթուղիների և տեղաբաշխման վայրերի ու դրանց հնարավորությունների մասին տեղեկությունները:

25. Քաղաքացիական պաշտպանության պլանների մասին տեղեկությունները:


ԱՌԱՋԱՐԿ

Հաշվի առնելով վերոհիշյալը՝ առաջարկում ենք ամբողջովին գաղտնիացնել նշված նախագիծը՝ պարտադիր փոխելով հիմնական կետերում առկա  տվյալները, ինչպես նաև Նախագիծը հեռացնել համացանցի հնարավոր հասանելի բոլոր ռեսուրսներից։


Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վերոշարադրյալը, առաջարկում ենք կատարել հետևյալ փոփոխությունները․


ՆԿԱՏԱՌՈՒՄ 1․

Ներկայացված նախագծի 1 դրույթում առանձնացված է միայն «փրկարար ուժերի անձնակազմ»-ը, մինչդեռ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված է «արձագանքման ուժեր» տերմինը, որի մեջ մտնում են՝ «փրկարարական, վթարավերականգնողական, անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման նպատակով պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպություններին ենթակա ուժեր»-ը, այս կետում չկա նաև անդրադարձ օգնության ձեռք մեկնող կամավորների մասով։ Բացի վերոշարադրյալը, նշված կետում առկա է նաև «քիմիական վտանգավոր օբյեկտներ» եզրույթը, որն անհրաժեշտ է փոխարինել ՀՀ նշված օրենքով սահմանված «վտանգավոր օբյեկտներ՝ ռադիոակտիվ, հրդեհապայթյունավտանգ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող, արտադրող, վերամշակող, պահպանող կամ փոխադրող օբյեկտներ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներ, որոնց վթարը կարող է հանգեցնել զգալի վնասների և մարդկային կորուստների» եզրույթով, իսկ «վթար»  եզրույթը փոխարինել նույն օրենքով սահմանված իրարից տարբեր նկարագիր ունեցող «աղետ, արտակարգ դեպք (պատահար), արտակարգ իրավիճակ, վթար» տերմիններով։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է սահմանել յուրաքանչյուր դեպքի կամ զուգահեռաբար տեղի ունեցած մի քանի դեպքերի ժամանակ աշխատանքներին ներգրավված  «արձագանքման ուժեր»-ի մեջ մտնող կառույցներին կամ խմբերին, ինչպես նաև կամավորներին տրամադրվելիք անհրաժեշտ միջոցների տեսակների բաշխումը համապատասխանաբար աղետի գոտում, արտակարգ դեպքի կամ պատահարի վայրում, արտակարգ իրավիճակի գոտում, վթարի վայրում, ինչպես նաև վերը թվարկված վայրերին մոտ գտնվելիս։   



ԱՌԱՋԱՐԿ 1․

1 դրույթի 1-ին կետը շարադրել հետևյալ կերպ՝

1)  արձագանքման ուժերը՝ փրկարարական, վթարավերականգնողական, անհետաձգելի արձագանքման աշխատանքների իրականացման նպատակով պետական կառավարման համակարգի մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին ենթակա ուժերին (հետայսու՝ արձագանքման ուժերին), ինչպես նաև կամավորներներին` զտող հակագազերով, շնչադիմակներով, մաշկի պաշտպանության միջոցներով, իսկ վտանգավոր օբյեկտներում (ռադիոակտիվ, հրդեհապայթյունավտանգ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող, արտադրող, վերամշակող, պահպանող կամ փոխադրող օբյեկտներ, ինչպես նաև հիդրոտեխնիկական կառույցներ, որոնց վթարը կարող է հանգեցնել զգալի վնասների և մարդկային կորուստների), աղետների, արտակարգ դեպքերի (պատահարների), արտակարգ իրավիճակների, վթարների վերացման աշխատանքներին մասնակցող արձագանքման ուժերին և կամավորներին՝ նաև լրացուցիչ մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով։


ՆԿԱՏԱՌՈՒՄ 2․

1 դրույթի 2-րդ կետն անդրադառնում է սահմանամերձ մինչև 10կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչության ապահովմանը։ Հիմնավորված չէ, թե ինչ սկզբունքով է ընտրվել նշված շառավիղը, ինչպես նաև ազգաբնակչությանը տրամադրվող անհատական պաշտպանիչ միջոցների տեսակները։ Անհրաժեշտ է բազմակողմանի ուսումանսիրել խնդիրը՝ խորհրդակցելով նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ, ինչպես նաև հաշվի առնել ներկայիս իրողությունները՝ փոխառելով նաև արտաքին փորձը։


ԱՌԱՋԱՐԿ 2.

Առաջարկում ենք վերաշարադրել 1 դրույթի 2-րդ կետը՝ փոփոխելով առկա ելակետային տվյալները, անհրաժեշտության դեպքում նաև նախատեսվող միջոցների տեսակները։



ՆԿԱՏԱՌՈՒՄ 3․

1 դրույթի 3-րդ կետում շարադրված է՝ «կազմակերպությունների աշխատողները, Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և շնչադիմակներով»։

Ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը՝ պետական, թե մասնավոր, անհրաժեշտ է հստակեցում։ Այս կետում անդրադարձ չկա նաև Հայկական ԱԷԿ-ի անձնակազմին։


ԱՌԱՋԱՐԿ 3.

Առաջարկում ենք վերաշարադրել  1 դրույթի 3-րդ կետը հետևյալ կերպ․

3) պետական կազմակերպությունների աշխատողները, Հայկական ԱԷԿ-ի անձնակազմը և նրա շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը` զտող հակագազերով և շնչադիմակներով.


ՆԿԱՏԱՌՈՒՄ 4․

1 դրույթի 4-րդ կետում անդրադարձ կա բացառապես քիմիական վտանգավոր օբյեկտների անձնակազմին, մինչդեռ հարկ է անդրադառնալ  օրենքով սահմանված վտանգավոր օբյեկտներին։ Բացի դա, քիմիական վտանգավոր օբյեկտներ տերմինը ենթադրում է, որ դրանք մեկից ավելին են, հետևաբար՝ ճիշտ կլինի առհասարակ նշել անձնակազմեր, այլ ոչ՝ անձնակազմ։


ԱՌԱՋԱՐԿ 4.

1 դրույթի 4-րդ կետը շարադրել հետևյալ կերպ․

4) Վտանգավոր օբյեկտների անձնակազմերը` մեկուսացնող և արդյունաբերական հակագազերով։

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

03.05.2026

ՆԿԱՏԱՌՈՒՄ 5․

2-րդ դրույթի՝ «Անհատական պաշտպանության միջոցներով ապահովման հերթականության» 2-րդ կետով սահմանված՝ «Բնակչությանն անհատական պաշտպանության միջոցներով ապահովելու հերթականություն»-ը և հերթական կետերում առկա ենթակետերի հաջորդականությունը  շարադրված է առանց հաշվի առնելու աղետների ռիսկի առնվազն նախնական գնահատումը, այն է՝ աղետների ռիսկի բնույթն ու հավանական չափը որոշելու որակական և քանակական մոտեցմամբ արտահայտված վերլուծական գործընթաց:  Առաջնահերթությունները սահմանելիս հաշվի չեն առնված նաև զուգահեռաբար նույն կամ տարբեր վայրերում հնարավոր աղետի, արտակարգ դեպքի կամ պատահարի, արտակարգ իրավիճակի, վթարի սցենարները։

2-րդ դրույթի 2-րդ կետի 1-ին մասով սահմանված ա, բ, գ, դ կետերով սահմանված հաջորդականությունն անհրաժեշտ է փոփոխել, ինչպես նաև «բ» և «դ» ենթակետերի սահմանումներն անհրաժեշտ է փոփոխել համախատասխանաբար «արձագանքման ուժերի» և «վտանգավոր օբյեկտների անձնակազմերը» սահմանումներով։  


ԱՌԱՋԱՐԿ 5․

2-րդ դրույթի 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ կերպ․

1)            առաջին հերթին․

ա․ արձագանքման ուժերը,

բ․ Հայկական ԱԷԿ-ի անձնակազմը և նրա շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությունը և պետական կազմակերպությունների աշխատողները,

գ․ վտանգավոր օբյեկտների անձնակազմերը,

դ․ սահմանամերձ գոտու բնակավայրերի բնակչությունը,



ՆԿԱՏԱՌՈՒՄ 6.

Որոշման նախագծում առկա չեն անհատական պաշտպանության միջոցների բնութագրերը՝ առնվազն մարդկանց շնչառական օրգանները և մաշկը թունավոր գազերից, գոլորշիներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթաակտիվ փոշիներից, վարակիչ հիվանդությունների հարուցիչներից պաշտպանության մասով: Սա անհրաժեշտ և պարտադիր պայման է պետության կողմից կիրառական միջոցների ձեռքբերման, ինչպես նաև կատարվելիք ծախսերի արդյունավետության համար։


ԱՌԱՋԱՐԿ 6.

Սահմանել նախատեսվող բոլոր դեպքերի համար անհատական պաշտպանության միջոցների տեսակները, տարատեսակները և յուրաքանչյուր միջոցի հստակ բնութագրերը։



ՆԿԱՏԱՌՈՒՄ 7.

7-րդ դրույթի 17-րդ կետում զետեղված «կազմակերպությունների փրկարար ուժեր» եզրույթը բավականին նեղ է և ըստ էության չի ընդգրկում առավել լայն և կիրառական սպեկտր։ Հետևապես, այն անհրաժեշտ է փոխարինել «արձագանքման ուժեր» եզրույթով, որն իր մեջ արդեն իսկ ներառում է «կազմակերպությունների փրկարար ուժեր» գաղափարը։ Հարկ է փոխարինել նաև «քաղաք» տերմինը կամ «համայնք», կամ «բնակավայր» տերմինով։


ԱՌԱՋԱՐԿ 7․

7-րդ դրույթի 17-րդ կետը շարադրել հետևյալ կերպ․

17. Վտանգի առկայության դեպքում արձագանքման ուժերի անձնակազմերին, Հայկական ԱԷԿ-ի անմիջական վտանգավոր օբյեկտների աշխատողներին, ինչպես նաև այն համայնքների բնակչությանը, որտեղ տեղակայված են այդ օբյեկտները, և Հայկական ԱԷԿ-ի շուրջ 10 կմ շառավղով գոտու բնակավայրերի բնակչությանն անհատական պաշտպանության միջոցները բաշխվում են նախօրոք:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: