Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԱՁԵՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
2019-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2024 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը մշակվել է համաձայն « Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի № 122-Ն որոշման № 1 հավելվածի 119-րդ կետի (նախկին 85-րդ կետ):
Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարության նպատակն է հրաձգություն մարզաձևի զարգացվածության աստիճանի և բնակչության՝ զենքին տիրապետելու հմտությունների զարգացումը, բնակչությանը նշանառության և կրակելու ուսուցումը, հրաձգություն մարզաձևում բարձրագույն նվաճումների ավանդույթների վերականգնումը, երիտասարդների մեջ հայրենասիրության գաղափարի արմատավորումը և ուժային կառույցներում աշխատելու պատրաստ երիտասարդության ձևավորումը:
Հրաձգություն մարզաձևի զարգացումն ու մասսայականացումը կբարձրացնեն Հայաստանի Հանրապետության բնակչության պաշտպանունակությունը, պետության սահմանների պաշտպանվածության աստիճանը, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ երիտասարդների մարտունակությունը, կձևավորվի դիպուկ և արհեստավարժ հրաձիգների սերունդ:
Հրաձգություն մարզաձևը նպաստում է բնակչության մարզվածության աստիճանի բարձրացմանը, ինչի շնորհիվ մարզվողները դառնում են ամրակազմ, ֆիզիկապես ուժեղ, կենսունակ, ձեռք են բերում լրացուցիչ շարժողական հմտություններ, բարոյակամային հատկանիշներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, համառությունը, նպատակասլացությունը, մտավոր գործունեության կանոնակարգվածությունը: Հրաձգարանների կառուցումը և շահագործումը կխթանեն առողջ ապրելակերպ ու ակտիվ հանգիստ ունենալու սովորությունները, երիտասարդ սերնդի ներդաշնակ ֆիզիկական ու հոգևոր զարգացումը:
Հրաձգություն մարզաձևով մարզվողների քանակի մեծացումը իր հերթին կնպաստի մարզական արդյունքների աճին, միջազգային մրցասպարեզներում մեդալների նվաճմանը, Հայաստանի Հանրապետության մարզական հեղինակության ամրապնդմանը:
Հրաձգություն մարզաձևի զարգացումը կխթանի բիաթլոն մարզաձևի զարգացումը, ինչպես նաև կնպաստի հետագայում հնգամարտ մարզաձևի զարգացմանը, որոնցում Հայաստանի Հանրապետությունը բարի ավանդույթներ է ունեցել:
Ներկայումս շատ քիչ են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հրաձգարանները: Հանրապետությունում գործում են 16 հրաձգարաններ, որոնցից մեկը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է (Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ենթակայության, մեկ 10-մետրանոց, մեկ 25-մետրանոց, մեկ 50-մետրանոց և հրաձգարան «վազող թիրախ» վարժության համար), չորսը գործում են հանրակրթական դպրոցներում նախնական զինվորական պատրաստության դասի պահանջների շրջանակներում, երեքը բարձրագույն ուսումնական հաստատություններում (Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամում և Երևանի պետական համալսարանում), երկուսը պատկանում են «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ ԴՕՍԱԱՖ), մեկը «Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հրաձգարանն է (Երևանի Դավթաշեն թաղամասում), մի հրաձգարան գործում է Նախարարության «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, իսկ չորսը այլ ենթակայության են: ԴՕՍԱԱՖ-ին պատկանող մյուս հրաձգարանները չեն գործում՝ վերանորոգված չլինելու և համապատասխան զենքի ու զինամթերքի բացակայության պատճառով:
Նշված գործող 16 հրաձգարաններից լիարժեք գործում են 4-ը, մյուսները թերի են գործում՝ վերանորոգված չլինելու, զենք, զինամթերք չունենալու պատճառով: Մինչդեռ հրաձգարանների պահանջարկը Հայաստանի Հանրապետությունում շատ ավելի մեծ է:
Հանրապետությունում գործում է հրաձգության ընդամենը երեք մարզադպրոց, որոնցից մեկը Նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, երկրորդը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, իսկ երրորդը՝ Գյումրու քաղաքապետարանի «Հրաձգության մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրվել է օպտիմալացվող տարածք, որը, սակայն, առայժմ վերափոխված և վերանորոգված չէ, և մարզումներն անցկացվում են ԴՕՍԱԱՖ-ի հրաձգարանում (Երևանի Կոմիտասի անվան զբոսայգի): Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 411-Ա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 23 հասցեում գտնվող շենք-շինություններից երկհարկանի ուսումնական մասնաշենքը (այդ թվում՝ նկուղը), պահեստը, արհեստանոցը և ավտոտնակները հետ են վերցվել «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել են «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Գյումրու քաղաքապետարանի «Հրաձգության մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը չունի հրաձգարան, և մարզումներն անցկացվում են Գյումրի քաղաքի միակ՝ մասնավոր անձի պատկանող հրաձգարանում. առկա է հրաձգարանի կառույցի ոլորտի փոխվելու վտանգ:
Հայաստանի Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն՝ Նախագծի № 1 հավելված) առաջարկում է հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման քաղաքականություն:
Հայաստանում հրաձգություն մարզաձևի զարգացման համար անհրաժեշտ է կառուցել նոր հրաձգարաններ և վերանորոգել եղած հրաձգարանները, հրաձգարանները ապահովել զենքով ու զինամթերքով: Ռազմավարությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում եղած հրաձգարանների վերանորոգման և նոր հրաձգարանների կառուցման համար՝ ընդառաջ գնալով խնդրի հրատապությանը: Ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը նախատեսված են 2019-2024 թվականների համար, սակայն հրաձգարանների կառուցումը և եղած հրաձգարանների վերանորոգումը պետք է կրեն շարունակական բնույթ:
Անհրաժեշտ է թույլատրել և խրախուսել մասնավոր հատվածի կողմից ժամանցային տիրերի կառուցումը:
Հրաձգարանների կառուցումը, վերանորոգումը և շահագործումը պետք է իրականացվեն այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:
Ռազմավարությունը սահմանում է հանրապետության 9-12-րդ դասարանների դպրոցականների, միջին մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 1-2-րդ կուրսերում սովորողների հրաձգարաններ հաճախելու անհրաժեշտությունը՝ հաստատված ժամանակացույցի և ցուցակների համաձայն: Տեղեկանքում ներկայացված է այդ գործընթացի համար անհրաժեշտ օդամղիչ՝ օդաճնշիչ զենքի մանրագնդակի և ինքնաձիգի փամփուշտի քանակի հաշվարկը:
Ռազմավարությունն առաջարկում է նաև հանրապետության մարզերի և Երևան քաղաքի բնակչության (հանրապետության ամեն մարզից և Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից՝ հարյուրական մարդ) պարբերական հաճախումների կազմակերպում հրաձգարաններ՝ որպես զենքին ծանոթանալու, նշանառություն սովորելու, զենքին տիրապետելու հմտությունների կատարելագործման միջոցի:
Որոշման նախագծում առաջարկվող միջոցառումներն ընդգրկված են «Հայաստանի Հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարության իրականացման 2019-2024 թվականների միջոցառումների ծրագրում» (№ 2 հավելված):
-
Քննարկվել է
17.07.2018 - 06.08.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 9048
Տպել