Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                                           ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

                                           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
                                                                             ՈՐՈՇՈՒՄ

                                                       ----------- 2018 թվականի N -----Ն

 

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի  Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

                                     

                                      Հայաստանի Հանրապետության

  վարչապետ                                                                                    Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 Հավելված N 1

                                                                                      ՀՀ կառավարության 2018 թվականի

  ___________-ի N _____Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի իմաստով տեխնիկական միջոցներ են գիտականորեն հիմնավորված ցանկացած գործիքներ, սարքավորումներ, համակարգեր, տարբեր տեսակի հարմարանքներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել, վերցնել, հետազոտել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ, ամրագրել դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները:
  3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխում նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման ընթացքում տեխնիկական միջոցների կիրառման նկատմամբ:

 

  1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

 

  1. Դատավարական գործողություններ կատարելիս տեխնիկական միջոցներ օգտագործում են դատավորը, քննիչը, այդ թվում՝ քննչական խմբի անդամը, հետաքննության մարմնի աշխատակիցը, դատավորի ամ քննիչի օգնականը, դատական նիստերի քարտուղարը։ Եթե տեխնիկական միջոցի օգտագործման համար պահանջվում է մասնագիտական հմտություններ և գիտելիքներ, ապա վարույթն իրականացնող մարմինը նշանակում է մասնագետ: Տեխնիկական միջոցների օգտագործման տեխնիկական աջակցությունն ապահովում է դատարանի, հետաքննության կամ նախաքննության մարմինների մասնագիտացված ստորաբաժանումները:
  2. Քննիչն իրավունք ունի տեխնիկական միջոցների օգտագործումն ապահովելու նպատակով ներգրավել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց:
  3. Դեպքի վայրում տեխնիկական միջոցներ օգտագործող անձինք պահպանում են «Դեպքի վայրի պահպանման կանոնների մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջները:
  4. Տեխնիկական միջոցներ կիրառած անձինք իրավասու չեն հրապարակելու օրենքով պաշտպանվող գաղտնիքները։ Դատավորի կամ քննիչի օգնականը, դատական նիստերի քարտուղարը, մասնագետը տեխնիկական միջոցների կիրառման արդյունքում ստացված տեսաձայնագրությունը, տեսագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները փոխանցում են վարույթն իրականացնող մարմնին։
  5. Տեխնիկականմիջոցներկիրառելու դեպքում քննչական գործողության թղթային արձանագրության մեջ նշվում է գործողության ընթացքի մասին համառոտ տեղեկությունները:[1]

 

       3.ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Տեխնիկական միջոցներն օգտագործելիս պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները։
  2. 11. Դատավարական գործողություններ կատարելիս կարող են օգտագործվել օրենքով չարգելված տեխնիկական միջոցներ։ Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման նպատակներով (Օրինականության սկզբունք):
  3. Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ։ Տեսաձայնագրառման կամ տեսագրման (այսուհետ՝ տեսաձայնագրառում) ընդհատումը, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, ինքնին չի ազդում տեսաձայնագրառման արդյունքների հավաստիության վրա և չի կարող որակվել որպես տեսաձայնագրառման նյութերի մոնտաժում կամ փոփոխություն (Հավաստիության սկզբունք):
  4. 13. Տեխնիկական միջոց ընտրելիս նախապատվություն տրվում է այն միջոցին, որի կիրառմամբ հնարավոր է, նվազագույնը միջամտելով մարդու հիմնական իրավունքներին, համարժեք կերպով լուծել իրավաչափ խնդիրը: Տեսաձայնագրառումն օգտագործվում է այնպես, որ դրա տեսադաշտը ճշգրտորեն ընդգրկի միայն այն պատկերները, որոնք համապատասխանում են դրա կիրառման նպատակին (Համաչափության սկզբունք):
  5. Տեխնիկական միջոցները և դրանց օգտագործումը պետք է համապատասխանեն անվտանգության, գիտականության և բարոյական հանրաճանաչ նորմերի պահանջներին։ Դատավարական գործողությունների ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը և առողջությունը։ Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը (Անվտանգության սկզբունք):

 

  1. 4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ և ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

  1. 15. Տեխնիկական միջոցների տեսակը, քանակը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանի տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին և այլ պայմաններին:
  2. Տեսաձայնագրառումը և լուսանկարահանումն իրականացվում է գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրառման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:
  3. Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանի դատավարական գործողության իրականացման իրական ամսաթվին և ժամին:
  4. Տեսաձայնագրության ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեղեկատվություն տեսաձայնագրառման կատարման ժամի և օրվա մասին:

 

  1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Դատավարական գործողությունների կատարելիս տեխնիկական միջոցներ կիրառելու դեպքում նախապես պետք է ստուգել տվյալ տեխնիկական միջոցի սարքինությունը, այդ թվում՝ մարտկոցի, հիշողության կրիչի և դրանում բավարար ծավալի առկայությունը:
  2. Անհրաժեշտության դեպքում դատավարական գործողությունն իրականացվում է երկու կամ ավելի տեխնիկական միջոցներով, ինչի մասին նշվում է դատավարական գործողության արձանագրության մեջ:
  3. Տեխնիկական միջոցների կիրառման ընդհատման տևողությունը նշվում է համապատասխան արձանագրության մեջ:
  4. 2 Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է մեծ տարածություն ընդգրկող հատվածում կամ գործողության ընթացքում կատարվելու են տեղաշարժեր, ապա վարույթն իրականացնող անձը տեսաձայնագրառող անձին նախօրոք տեղեկացնում է գործողության ընթացքում կատարվող տեղաշարժերի հաջորդականության մասին:
  5. Ամրագրման արդյունքում ստացված լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, դիապոզիտիվները, կինոժապավենները, ժապավենները, կինո և տեսաֆիլմերը, տեսաերիզները, տեսապատկերները, համակարգչային տեղեկատվության կրիչները, տեսաձայնագրությունը, ձայնագրառման և (կամ) այլ նյութերը պահպանվում են առանձին լազերային սկավառակների կամ թվային այլ կրիչների վրա, որոնք կցվում են արձանագրությանը:

 

[1] Այս կետն առաջարկում ենք քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան փոփոխությունների համատեքստում:

  • Քննարկվել է

    16.07.2018 - 03.08.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8697

Տպել

Առաջարկներ`

Grigor Minasyan

16.07.2018

տեխնիկական միջոցներ կարող են օգտագործել, ի թիվս այլնի, քննիչի օգնականը: Հետաքրքիր է, դա ինչ նորամուծություն է, կխնդրեի մեկնաբանել, կամ էլ շատ լավ միտք է, կարելի է զարգացնել և ՔԴՕ-ում համապատասխան փոփոխություն կատարել՝ օգնականին տալով որոշակի դատավարական հստակ կարգավիճակ:

Տեսնել ավելին