«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով փոփոխություններ են կատարվել «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք), մասնավորապես՝
1) 13-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «տեղադրում» բառը փոխարինվել է «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով, ինչով հստակեցվել է թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, այսինքն տեղեկատվություն ներկայացնելու պահանջ սահմանելով նաև տվյալ կազմակերպությունում հաշվետու տարվա ընթացքում պահվող, օգտահանվող (որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս օգտագործվող) կամ հեռացվող (տեղադրվող, վնասազերծվող կամ ոչնչացվող) թափոնների համար,
2) 13-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված փոփոխության շնորհիվ հստակեցվել և ամբողջականացվել է օրենսդրությամբ սահմանված թափոնների առաջացման և հետագա գործածության մասին վարչական վիճակագրական հաշվետվության անվանումն ու բովանդակությունը՝ համապատասխանեցնելով 13-րդ հոդվածի 3-րդ մասին։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել, սահմանված կարգով շրջանառվել և պետական իրավական փորձաքննության են ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում համապատասխան փոփոխություններ և լրացումներ նախատեսող իրավական ակտերի նախագծերը։
Մինչև 2025 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունները, թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունների ընդունումը լիազոր մարմնի կողմից իրականացվել է թղթային տարբերակով՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների միջոցով, ինչից հետո ստացված տվյալները շրջակա միջավայրի նախարարության կողմից ուսումնասիրվել, ամփոփվել և փոխանցվել են ՀՀ վիճակագրական կոմիտե։ Թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունները նախատեսվում է 2026 թվականից սկսած ընդունել և պահպանել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ) համապատասխան բաժնի միջոցով։ Նախատեսվում է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով ՀՀ վիճակագրական կոմիտեին վերապահված իրավասությունների, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված՝ վերահսկողական գործառույթների կատարումն ապահովելու նպատակով, այդ պետական մարմինների համար ապահովել հասանելիություն էլեկտրոնային հարթակի միջոցով գեներացվող (ստեղծվող) և պահպանվող վարչական վիճակագրական հաշվետվություններին, ուստի նշված հաշվետվությունները ուղղակի տեսչական մարմնին ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.19-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու համար, ուստի անհրաժեշտություն է առաջանում նշված հաշվետվության անվանումը համապատասխանեցնել Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին՝ «օգտագործման» բառը փոխարինելով «պահման, օգտահանման» բառերով։
3) Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի փոփոխված «դ» կետի համաձայն՝ Կառավարության իրավասությունն է թափոնների հաշվառման կարգի և գործածության կանոնների ու պահանջների սահմանումը։ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ սահմանված է «թափոնների գործածություն» եզրույթը, համաձայն որի թափոնների գործածությունը դա այն գործողություններն են, որոնք ուղղված են թափոնների հավաքմանը, փոխադրմանը, տեղադրմանը, պահմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, հեռացմանը, վնասազերծմանը և թաղմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել, սահմանված կարգով շրջանառել և Կառավարության քննարկմանն է պատրաստվում ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որի 1-ին հավելվածով սահմանված է թափոնների հաշվառման կարգը, համաձայն որի թափոնների գործածության ոլորտում ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են սահմանված կարգով իրականացնել գոյացող, օգտագործվող, հեռացվող` ոչնչացվող, վնասազերծվող, տեղադրվող, ինչպես նաև այլ անձանց փոխանցվող կամ այլ անձանցից ստացվող թափոնների հաշվառում, իսկ 2-րդ հավելվածով սահմանվում են տարբեր տեսակի թափոնների գործածությանը վերաբերող կանոններ ու պահանջներ:
Հանրապետությունում առաջացող և գործածվող թափոնների վերաբերյալ տվյալների լիարժեք հաշվառումն ու լիազոր մարմնին այդ տվյալների ներկայացումը, ինչպես նաև թափոնների անվտանգ գործածության համար սահմանված կանոնների ու պահանջների պահպանումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ ՎԻՎ օրենսգիրք) լրացնելու նոր՝ 201.8-րդ հոդվածով։
ՎԻՎ օրենսգրքի 201.3-րդ, 201.4-րդ և 201.5-րդ հոդվածներով սահմանված են վարչական տուգաքներ՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով: «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու համար ՎԻՎ օրենսգրքի 169.19-րդ հոդվածով նախատեսված է տուգանքի նշանակում՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։ Հաշվի առնելով, որ հնարավոր է թափոնների գործածության մեջ ներգրավված անձանց կողմից միաժամանակ թույլ տրվեն օրենսդրությամբ թափոնների հաշվառման և անվտանգ գործածության համար սահմանված պահանջների ու կանոնների մի քանի խախտում, ուստի առաջարկվում է տուգանքի նշանակման չափը սահմանել վերը նշված տուգանքներից առնվազն երկուսի գումարային մեծությանը համարժեք։ Նշված խատումների շարունակական բնույթը կանխելու համար նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.
1) ՎԻՎ օրենսգրքի 169.19-րդ հոդվածում կատարել փոփոխություններ՝ թափոնների մասին տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվության անվանումը շարադրել «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, իսկ հաշվետվությունները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին չներկայացնելու համար պատասխանատվություն սահմանող դրույթը հանել, քանի որ ՎԻՎ օրենսգրքի 169.19-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունները այսուհետ ուղղակի չեն ներկայացվելու տեսչական մարմնին, այլ նախատեսվում է 2026 թվականից սկսած ընդունել և պահպանել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված «Շրջակա միջավայրի կառավարման ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի համապատասխան բաժինների միջոցով, այնուհետև շահակիր մարմինների համար ապահովելով հասանելիություն էլեկտրոնային հարթակին,
2) ՎԻՎ օրենսգիրքը լրացնել նոր՝ 201.8-րդ հոդվածով, որով նախատեսվում է վարչական տուգանքի նշանակում սահմանել Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ Կառավարության կողմից սահմանվող՝ թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններն ու պահանջները խախտելու համար:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում.
1) ՎԻՎ օրենսգրքի 169.19-րդ հոդվածում թափոնների մասին տարեկան վարչական-վիճակագրական հաշվետվության անվանումը կհամապատասխանեցվի «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասին,
2) ՎԻՎ օրենսգրքում լրացվող նոր հոդվածով սահմանվող տուգանքները կհանդիսանան միջոց՝ թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից թափոնների հաշվառում չվարելու կամ ոչ լիարժեք վարելու ներկայիս սովորությունը փոխելու համար,
3) թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հետևողական կլինեն թափոնների (ներառյալ վտանգավոր թափոնների) գործածության ընթացքում մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին հասցվող վնասակար ազդեցությունը կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով սահմանված կանոնների պահպանման և պահանջների կատարման հարցում։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղված է Կայուն զարգացման 11-րդ նպատակի 11.6-րդ թիրախի, և 12-րդ նպատակի 12.4-րդ ու 12.5-րդ թիրախների նպատակների իրականացմանը, ինչպես նաև Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ամրագրված Կառավարության հնգամյա ծրագրի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի 8-րդ և 14-րդ առաջնահերթ ուղղությունների ապահովմանը։
-
Տևողություն
02.04.2026 17.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Բնապահպանություն, Վարչական իրավախախտում
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 243
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: