The draft has been accepted Discussed 24.02.2021 - 11.03.2021 «Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման Հավելված N 4-ով որպես ռազմավարական նպատակ առանձնացվել է «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրումը», և որի շրջանակում որպես առանձին ռազմավարական գործողություն հստակեցվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) ներդնումն ու գործարկումը: 2019 թվականի դեկտեմբերի 12-ին «Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխություններով, մասնավորապես 29-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվել է միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու հնարավորությունը, որի կարգը սահմանում է Կառավարությունը՝ միասնական իրավական հիմք ստեղծելով տարբեր պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվության փոխանակումը էլեկտրոնային եղանակով համակարգված իրականացնելու համար: Բացի այդ, Օրենքում կատարված փոփոխություններով նոր լուծումներ առաջարկվեցին պարտապանի գույքի գույքագրման ընթացքում: Մասնավորապես, սնանկության վարույթի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հնարավորություն տրվեց սնանկության գործով կառավարչին պարտապանի գույքի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինելու դեպքում անհրաժեշտության դեպքում հարցում ուղղել պետական մարմիններին՝ անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական մարմինների և սնանկության վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվություն ստանալու, տվյալներ փոխանակելու և հարցումներ իրականացնելու կարգը արդյունավետ լուծումներով և չափանիշներով միասնական իրավական ակտով սահմանելու համար: Վերոնշյալը վկայում է պետական մարմինների և սնանկության գործով կառավարչի միջև էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու անհրաժեշտության մասին: Հարկ է նշել ևս մեկ հանգամանք. վերը նշված ռազմավարական գործողության շրջանակում մշակվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) տեխնիկական առաջադրանք՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործառութային և տեխնիկական առանձնահատկությունների մասին, որի հիման վրա վրա պետք է մշակվի նաև նշված միասնական տեղեկատվական համակարգի բաղադրիչը: Համաձայն տեխնիկական առաջադրանքի` ծրագրի ընդհանուր մշակման և գործարկման համար նախատեսված է 32 շաբաթ: Տեխնիկական առաջադրանքի հիման վրա դեռեւս 2020 թվականի ապրիլին Եվրոպական միության աջակցությամբ կայացած մրցույթի ամփոփման աշխատանքները որոշ տեխնիկական ու բովանդակային խնդիրների պատճառով հետաձգվեցին մոտ ութ ամսով: Միաժամանակ հարկ է նշել, որ ԵՄ համապատասխան ֆինանսական միջոցները հասանելի են, ինչի պայմաններում նախատեսվում է առաջիկայում հայտարարել նոր մրցույթ, որի տևողությունը կարող է կազմել երկուսից մինչ վեց ամիս: Տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ հաղթող կազմակերպությանը որոշելուց հետո էլեկտրոնային հարթակի մշակման և գործարկման գործընթացը տևելու է շուրջ երեսուներկու շաբաթ: Նշված հանգամանքի հաշվառմամբ է պայմանավորված նախագծի՝ ուժի մեջ մտնելու նման երկար ժամկետ սահմանելու անհրաժեշտությունը: 1 0 0 6459