«Առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերի կազմում ընթացիկ ծախսերի աճի և ծավալի առավելագույն չափերը սահմանելու, բացառիկ դեպքերի և ՀՀ կառավարության պարտքը նվազեցնելու միջոցառումների ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԻ ԱՃԻ ԵՎ ԾԱՎԱԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈԻՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը՝
Վերոհիշյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է 2018 թվականի հունվարի 10-ին ՀՀ նախագահի կողմից վավերացված ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներով` 2018թ-ից սկսած հեռանկարում պարտքի կայունացմանն ուղղված, սակայն տնտեսական աճը չտուգանող հարկաբյուջետային կանոնների համակարգի ամբողջականացմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝
Ներկայումս գործող հարկաբյուջետային կանոնների համակարգի հիմնական դրույթներն արտացոլված են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6 և 7-րդ կետերում և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներում: Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8.2, 8.3 և 8.4 մասերով սահմանված է.
«8.2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի`
ա) 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը պետք է լինեն դեֆիցիտից (պակասուրդից) ոչ պակաս:
բ) 50 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի ա) կետի պահանջի, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը:
գ) 60 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի ա) կետի պահանջի, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ և ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի հարաբերակցությունը հարկային եկամուտներին սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը:
8.3. Սույն հոդվածի 8.2-րդ մասով, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ:
8.4. Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝
ա) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար:
բ) գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը Ազգային ժողով ներկայացնելիս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար»:
Իսկ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է:
Վերոնշյալ օրենքներով սահմանվում են հարկաբյուջետային կանոնների գործողության ընդհանուր սկզբունքները և նախանշում, որ ՀՀ կառավարության կողմից կտրվեն լրացուցիչ կարգավորումներ: Հևտևաբար այդ կանոնների արդյունավետ գործողության համար անհրաժեշտություն է առաջանում մշակել ՀՀ կառավարության որոշում:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը՝ Նախագիծը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, այլ առաջարկում է վերջինիս իրականացմանն աջակցող լրացուցիչ իրավական կանոնակարգումներ:
4. Կարգավորման նպատակը և բնույթը` Նախագծի նպատակը` ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցումն է` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման և պետական բյուջեի կատարման գործընթացներն առավել կանոնակարգված և ճկուն դանձնելու համար:
Այդ նպատակին հասնելու համար, Նախագծով առաջարկվում է ամբողջականացնել գործող հարկաբյուջետային կանոնների փաթեթը՝ լրացնելով այն ներքոնշյալ կարգավորումներով.
Այսպես, ընթացիկ ծախսերի աճը կսահմանափակվի` կախվածության մեջ դնելով նախորդ 7 տարիների ՀՆԱ-ների միջին աճից նվազեցված ցուցանիշներից. ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ-ի 50%-ը գերազանցելու դեպքում նվազեցում չի կիրառվում, իսկ 60%-ը գերազանցելու դեպքում՝ կիրառվում է 0.5 տոկոսային կետ նվազեցման գործակից: 7 տարիների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականների համաձայն ՀՀ տնտեսական ցիկլերի միջին տևողությունը 7 տարի է: Մյուս կողմից վերջինս ընգրկում է հետճգնաժամային ժամանակահատվածը՝ արտացոլելով ՀՀ տնտեսական ներուժային աճի ներկա զարգացումները: Իսկ համախառն ներքին արդյունքի ծավալի միջին աճի նվազեցումների չափերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած ընթացիկ ծախսերի պահպանողական քաղաքականությամբ, ինչպես նաև տնտեսական ցիկլերին համահունչ արձագանքելու անհրաժեշտությամբ:
Մյուս կողմից ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցման համար Նախագծով սահմանվում է ժամանակահատված. 50%-ը գերազանցելու դեպքում՝ 5 տարի, որի ընտրությունը պայմանավորված է տարեկան առնվազն 1 տոկոսային կետով բարելավվելու նպատակադրմամբ, ինչը համահունչ է նաև 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հիմքում դրված կառավության պարտքի հետագծին: 60%-ը գերազանցելու դեպքում նույնպես սահմանվում է 5 տարի:
Նախագծով նախատեսվում է, որ վերը սահմանված սահմանափակումները չեն գործի բացառիկ դեպքերի առկայության պարագայում: Իսկ բացառիկ դեպքերում սահմանվում են ՀՀ կառավարության գործողությունները, որոնք պետք է բխեն պետական բյուջեի և պետական պարտքի վրա ազդեցության չափերից:
5. Ակնկալվող արդյունքը` Նախագծի ընդունմամբ ամբողջական կգործարկվի ներդրված ճկուն և երկարաժամկետ տնտեսական աճը խթանող հարկաբյուջետային կանոնների համակարգը և կամրապնդվեն, ինչպես նաև կընդլայնվեն բյուջետային գործընթացի կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը:
-
Discussed
03.07.2018 - 23.07.2018
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 8728
Print