Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» նախագիծ

 

 

1.Անհրաժեշտությունը.

«ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման

նախագծի ընդունումը պայմանավորված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված արդյունքների ապահովմամաբ:

2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.

«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված է, որ մինչև 2023 թվականը 3-5 տարեկանների առնվազն 95%-ն ընդգրկված կլինի նախադպրոցական ծառայություններում:

ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականության և իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման և վերանորոգման/հիմնանորոգման ծրագրի իրականացման արդյունքում  2025 թվականի դրությամբ նախադպրոցական կրթության համակարգում 3-5 տարեկանների ընդգրկվածությունը կազմել է 81%, որը 2021 թվականի 64,3% ցուցանիշի համեմատ աճել է շուրջ 17%-ով:

Չնայած վերոգրյալին՝ քաղաքային բնակավայրերում դեռևս մտահոգիչ է այն երեխաների թիվը, որոնք մեծաթիվ հերթերով պայմանավորված՝ մինչև դպրոց գնալը այդպես էլ չեն հասցնում հաճախել մանկապարտեզ:

Այս համատեքստում առաջարկվում է նախադպրոցական կրթության ծառայությունների ցանցի ընդլայնում՝ մասնավորի հետ համագործակցությամբ:

Նախագծով առաջարկվում է նաև համանման մոտեցում սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման համար՝ ամրագրելով, որ ֆինանսավորման համար հինք ընդունվեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» մուտքագրված տվյալները:

Ներկայում ֆինանսավորման մեխանիզմները տարբերակված են և էականորեն տարբերվում են համայնքից համայնք. մի դեպքում ֆինանսավորման համար ելակետային է համարվում երեխաների փաստացի միջին հաճախումների թիվը, նույնիսկ ամսական կտրվածքով, մյուս դեպքում՝ հաստատության տարիֆիկացիայով հաստատված պլանային թիվը, արդյունքում` ֆինանսական հատկացումների զգալի տարբերություններ են ստեղծվում: Խնդիր է նաև նախադպրոցական տարբեր հաստատությունների կողմից իրականացվող ծախսերի անհամամասնությունը և դրանց ֆինանսավորման էական տարբերությունները համայնքից համայնք:

  • Discussed

    20.03.2026 - 04.04.2026

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 591

Print

Suggestions

Դավիթ Տուրյան

21.03.2026

Իրավական ակտերի մշակման ընթացքում առաջնահերթ նշանակություն ունի նորմատիվ տեքստի լեզվական և կառուցվածքային միասնականության, ինչպես նաև իրավական որոշակիության ապահովումը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի թվարկումների ձևակերպման միասնականությունը, քանի որ տարբեր քերականական ձևերի կիրառումը նույն շարքում կարող է հանգեցնել ձևաբանական անհամաչափության և, որպես հետևանք, տեքստի բազմիմաստ կամ ոչ միարժեք ընկալման։

Նորմատիվ իրավական ակտերի ձևակերպման ընդունված կանոնների համաձայն՝ այն դեպքերում, երբ թվարկվում են միատարր տարրեր (մասնավորապես՝ վարչատարածքային միավորներ), կիրառվում է անվանական (անհոլով) ձև, իսկ համապատասխան հոլովական վերջավորությունը տրվում է ամբողջ արտահայտությանը՝ դրա ավարտին։ Այս մոտեցումը բխում է իրավական տեխնիկայի այն հիմնարար սկզբունքից, ըստ որի՝ միևնույն շարքում ընդգրկված տարրերը պետք է ունենան նույն քերականական ձևը՝ ապահովելով տեքստի կառուցվածքային ամբողջականությունն ու կանխատեսելիությունը։

Մինչդեռ նախագծի 3-րդ կետում կիրառված «Երևանում» ձևը շեղվում է նշված տրամաբանությունից, քանի որ այն ներկայացված է հոլովված ձևով, մինչդեռ նույն թվարկման մեջ ներառված «Աբովյան» և «Վանաձոր» տեղանունները օգտագործված են անվանական ձևով։ Արդյունքում խախտվում է թվարկման քերականական համասեռությունը, ինչպես նաև առաջանում է կառուցվածքային անհամաչափություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ նորմի ընկալման հստակության վրա։

Բացի այդ, նույն նախադասության շրջանակում արդեն իսկ կիրառված է ընդհանուր հոլովական ձև՝ «քաղաքային բնակավայրերում», որը վերաբերում է թվարկված բոլոր տարրերին։ Այս պայմաններում առանձին տարրի հոլովումը ոչ միայն ավելորդ է, այլև հակասում է տեքստի ներքին տրամաբանությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում եմ նախագծի 3-րդ կետում «Երևանում» բառը փոխարինել «Երևան» բառով՝ ապահովելով նորմատիվ տեքստի լեզվական և կառուցվածքային միասնականությունը, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքի պատշաճ իրականացումը։

Այսպիսով, առաջարկվում է նշված կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3․ Որոշման հավելվածը լրացնել նոր՝ 14-րդ և 15-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝

«14. Սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ եթակետով սահմանված խմբի սաների ֆինանսավորումն իրականացվում է պետության և համայնքի կողմից տրամադրվող դրամաշնորհի և ծնողական համավճարի միջոցով: Ընդ որում՝

1) սույն հավելվածով նախատեսվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման չափաքանակի 50%-ը տրամադրվում է պետական բյուջեից, 50%-ը՝ համայնքային բյուջեից.

2) ծնողական համավճարը չի կարող գերազանցել սույն հավելվածով նախատեսվող պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման չափաքանակի 80%-ը:

15. Սույն հավելվածի 2-րդ կետի 5-րդ եթակետով սահմանված խմբի սաների ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ՝

1) Երևան, Աբովյան և Վանաձոր քաղաքային բնակավայրերում՝ սկսած 2027 թվականի սեպտեմբերի 1-ից.

2) հանրապետության մյուս քաղաքային բնակավայրերում՝ սկսած 2028 թվականի սեպտեմբերի  1-ից:»:»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: