ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի թիվ 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
Համայնքների ֆինանսական հաշվետվությունները հանդիսանում են համայնքի ֆինանսական վիճակը և ֆինանսական արդյունքները բնութագրող կարևոր տեղեկատվության աղբյուր, մինչդեռ այդ տեղեկատվությունը հաշվի չի առնվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում հանրային հատվածի կազմակերպությունները, այդ թվում համայնքները սկսել են վարել հաշվապահական հաշվառում և պատրաստել ֆինանսական հաշվետվություններ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (այսուհետ՝ Ստանդարտ)։ Մասնավորապես, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարի աշխատակազմը պատրաստում է համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման N 2 հավելվածով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Մասնավորապես, Կարգի 12-րդ կետով սահմանված է սուբվենցիայի ամբողջական փաթեթը ներառող փաստաթղթերի կազմը, որը չի ներառում համայնքի ֆինանսական հաշվետվությունները, մինչդեռ դրանք հանդիսանում են համայնքի ֆինանսական վիճակը և ֆինանսական արդյունքները բնութագրող կարևոր տեղեկատվության աղբյուր։ Համայնքի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են համայնքի ակտիվները և պարտավորությունները, հասույթները և ծախսերը, ինչպես նաև Ստանդարտով պահանջվող այլ տեղեկատվություն, որը կարող է նպաստել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման վերաբերյալ որոշումների արդյունավետության բարձրացմանը։
Վերոգրյալով պայմանավորված, մշակվել է «ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր «6. Ինստիտուցիոնալ զարգացում» բաժնի «6.10 Պետական ծախսեր» կետից՝ հանրային միջոցների օգտագործման հստակ ներգործությունը գնահատելու համար կներդրվեն բյուջետային ծրագրերի գնահատման այնպիսի չափանիշներ և հաշվետվողականության այնպիսի ստանդարտներ, որոնք թույլ կտան բարելավել թե՛ ռեսուրսների ծախսման արդյունավետությունը և թե՛ ֆինանսական կարգապահությունը։
6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ համայնքի՝ որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվությունները կներառվեն, Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ամբողջական փաթեթում և կհանդիսանան կարևոր տեղեկատվության աղբյուր սուբվենցիաների տրամադրման վերաբերյալ որոշումների կայացման համար:
7. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Duration
03.03.2026 18.03.2026 -
Type
Decision
-
Area
Financial
-
Status
Views 245
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.