«Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը հաստատելու մասին»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՀՐԱՄԱՆ
|
N o ________________-Ն «_____» ______________________ 2026 թ.
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-250-Ն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 22-րդ հոդվածի 9-րդ մասը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները, առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ հանրային մասնագիտական ուսումնական հաստատության հիմնադրման համագործակցության պայմանագրով նախատեսված լինելու դեպքում սույն որոշման հավելվածում ներկայացված կարգը կիրառվում է նաև այդ հանրային մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի անդամների, նրանց առաջադրման, փոխարինման և լիազորությունների դադարման ու դադարեցման նկատմամբ։
3․ Սահմանել, որ հիմք ընդունելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 8-րդ մասը՝ ձևավորվող նոր խորհուրդների առաջին կազմում օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր մարմնի կողմից առաջադրվող համապատասխանաբար մեկական անդամ (բացառությամբ ուսանողության ներկայացուցիչների) պաշտոնավարում է երկու տարի ժամկետով, մեկական անդամ՝ երեք տարի ժամկետով։ Մանկավարժական աշխատողներից առաջադրվող մեկ անդամ պաշտոնավարում է չորս տարի, մեկ անդամ՝ հինգ տարի ժամկետով (համապատասխան թեկնածուներին առաջադրելիս պետական մասնագիտական ուսումնական հաստատության՝ նրանց առաջադրող մարմինը
որոշում է, թե առաջադրված թեկնածուներից որն է առաջադրվում չորս տարի, իսկ որը՝ հինգ տարի ժամկետով)։
3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի -------ից։
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված 1
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2026 թվականի ---------ի
N ----------Ն հրամանի
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՄԱՆ ՈՒ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ
Գլուխ 1. Խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները
1. Պետական մասնագիտական ուսումնական հաստատության խորհրդի (այսուհետև՝ ՄՈՒՀ-ի խորհուրդ) անդամ կարող է նշանակվել անձը, որը բավարարում է հետևյալ պահանջներին (բացառությամբ ուսանողության ներկայացուցիչներից առաջադրվող անդամների)՝
1) լրացել է նրա քսանհինգ տարեկանը,
2) ունի բարձրագույն կրթություն կամ ՄՈՒՀ-ի որակավորումների (ուղղվածության) որևէ ոլորտում վերջին տասը տարվա ընթացքում ոչ պակաս, քան երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ սպորտի, մշակույթի ոլորտի որակավորման կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատությունների (այուհետև՝ քոլեջների, քոլեջի) դեպքում՝ համապատասխան ոլորտում ունեն պետական պարգև կամ պատվավոր կոչում կամ աշխարհի, եվրոպական կամ օլիմպիական խաղերում ստացել են մեդալ,
3) նրա մասով չկան սույն կարգի 2-րդ կետով սահմանված՝ ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ հանդիսանալու արգելքներ,
4) իր հետ աշխատանքային պայմանագիրը երբևէ չի լուծվել վստահությունը կորցնելու, ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու կամ աշխատավայրում կամ աշխատավայրից դուրս աշխատանքային գործառույթներն իրականացնելու հիմքով (այս մասով թեկնածուն ներկայացնում է գրավոր հավաստում),
5) նախկինում նրա՝ որպես պետական ՄՈւՀ-ի խորհրդի անդամի լիազորությունները չեն դադարեցվել խորհրդի անդամ հանդիսանալու արգելքներ ի հայտ գալու կամ անհարգելի պատճառով Խորհրդի նիստերին չմասնակցելու հիմքով՝ Օրենքին համապատասխան։
2. Պետական ՄՈՒՀ-ի խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, կամ որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.
2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) որևէ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է.
5) զբաղեցնում է քաղաքական պաշտոն.
6) տվյալ ՄՈՒՀ-ում զբաղեցնում է վարչական պաշտոն։
3. Քոլեջում մանկավարժական աշխատող հանդիսանալը չի խոչընդոտում անձին առաջադրվել ու նշանակվել խորհրդի կազմում որպես իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ ոլորտը սպասարկող գործատուների կամ քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչ։
4. Որպես կանոն միևնույն անձը չի կարող միաժամանակ հանդիսանալ ավելի քան 3 (երեք) պետական ՄՈւՀ-ի խորհրդի անդամ։ Առանձին դեպքերում պետական կառավարման համապատասխան լիազոր մարմնի որոշմամբ (ասյուհետ՝ Լիազոր մարմին) կարող է սահմանվել բացառություն այս կանոնից՝ հաշվի առնելով համապատասխան թեկնածուի՝ համապատասխան ոլորտում փորձառությունը, հեղինակությունը, մասնագիտական կրթության ու ուսուցման նախաձեռնություններում մասնակցության ծավալը և արդյունավետությունը։ Սույն կետում նշված սահմանափակումը չի տարածվում համապատասխան լիազոր մարմնի աշխատողների կազմից նշանակված խորհրդի անդամների վրա։
5. Խորհրդի անդամ առաջադրելիս լրացուցիչ հաշվի առնվում հետևյալ գործոնները՝
1) քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում թեկնածուի փորձառությունը, այդ թվում՝ աշխատանքային փորձը, մասնակցությունը ոլորտում քաղաքականության մշակմանը, պետական կամ համայնքային կառավարմանը,
2) կրթություն–աշխատաշուկա համագործակցությանը թեկնածուի ներգրավվածությունը,
3) թեկնածուի կառավարչական փորձն ու հմտությունները՝ կազմակերպությունների և գործընթացների կառավարման փորձ, ոլորտի իրավակարգավորումների իմացություն, ֆինանսական գրագիտություն, ռազմավարական կառավարման և կատարողականի գնահատման, ռիսկերի գնահատման և վերահսկման հարցերում փորձառություն,
4) բազմազանության և ներառականության սկզբունքները՝ պետական քոլեջներում մեծ, միջին ու փոքր ձեռնարկությունները, ըստ ոլորտների մասնավոր հատվածի շահերը ներկայացնող տարբեր կազմակերպությունները ներկայացնող թեկնածուների ներկայացվածության համաչափությունը, տարբեր ՄՈւՀ-երի խորհուրդներում միևնույն մարմինների ու կազմակերպությունների առաջադրած թեկնածուների ներկայացվածության համաչափությունը, այդպիսի կազմակերպությունների տարածքային և ճյուղային ներկայացվածությունը, հասարակական կազմակերպությունների դեպքում՝ նրանց անդամների կազմում մեծ և փոքր ու միջին ձեռնարկությունների համամասնությունը։
Գլուխ 2. Խորհրդի անդամների առաջադրման նախաձեռնությունը
6. Խորհրդի անդամի առաջադրման գործընթացը նախաձեռնվում է նման անհրաժեշտություն առաջանալու մասին ՄՈւՀ-ի խորհրդի նախագահի կամ նրան փոխարինող անձի գրության հիման վրա, որը Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Լիազոր մարմնի ղեկավարի կամ մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջադրման դեպքում ներկայացվում է Լիազոր մարմնին, իսկ ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ լիազորված մարմինների կողմից առաջադրման դեպքերում՝ քոլեջի տնօրենին։ Տնօրենն՝ ըստ անհրաժեշտության, քոլեջի կանոնադրությամբ լիազորված մարմիններին կամ անձանց տեղեկացնում է մանկավարժական աշխատողների կամ ուսանողության ներկայացուցիչներից անդամ առաջադրելու մասին կամ կանոնադրության համաձայն կազմակերպում է թեկնածուների ընտրության գործընթացը։
7. Սույն կարգի ուժի մեջ մտնելուց հետո ձևավորվող խորհրդի առաջին կազմի առաջադրման դեպքում Լիազոր մարմնին սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գրությունը ներկայացնում է քոլեջի տնօրենը։
8. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու դեպքում նրան փոխարինող անդամի առաջադրման համար սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գրություն չի պահանջվում։
9. Խորհրդի անդամի առաջադրման անհրաժեշտության մասին գրության մեջ նշվում է թափուր տեղի առաջացման հիմքը (անդամի լիազորությունների ժամկետի ավարտ, այլ հիմքով լիազորությունների դադարում կամ դադարեցում), համապատասխան անդամի տեղը թափուր դառնալու ամսաթիվը։
10. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Լիազոր մարմնի ղեկավարի կամ մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից խորհրդի անդամի առաջադրման գործընթացը նախաձեռնում է Լիազոր մարմինը, իսկ մյուս դեպքերում՝ քոլեջի տնօրենը։
Գլուխ 3. Խորհրդի անդամների առաջադրումը լիազոր մարմնի կողմից
11. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան Լիազոր մարմնի ղեկավարի կողմից առաջադրման դեպքում՝ թեկնածուներից մեկը որպես կանոն առաջադրվում է Լիազոր մարմնի աշխատողների կազմից, իսկ մյուս անդամի առաջադրման նպատակով Լիազոր մարմինը դիմում է ոլորտի իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին կամ ոլորտը սպասարկող (քոլեջում դասավանդվող մասնագիտությունների ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող) գործատուներին, կամ անմիջապես համապատասխան անձի համաձայնությամբ առաջադրում է ոլորտում հեղինակավոր այլ անձանց կազմից։
12. Առաջադրման նպատակով Լիազոր մարմինը դիմում է այն պետական մարմնին, տեղական ինքնակառավարման մարմնին կամ գործատուին, որը առաջադրման պահին առնվազն մեկ տարի համապատասխան քոլեջի հետ համագործակցում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության իրականացման հարցում։ Նշված պահանջին համապատասխանող պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի բացակայության դեպքում, Լիազոր մարմինը կարող է դիմել քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում պետական քաղաքականություն կամ վերահսկողական գործառույթ իրականացնող պետական մարմնի կամ այդպիսի ոլորտում քոլեջի գտնվելու վայրում գործունեություն իրականացնող գործատուի, կամ քոլեջի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմնի։
13. Ոլորտում հեղինակավոր այլ անձի առաջադրումը թույլատրվում է անկախ քոլեջի հետ նախկինում համագործակցության հանգամանքից։ Ոլորտում անձի հեղինակությունը գնահատելիս Լիազոր մարմինը հաշվի է առնում, ի թիվս այլ գործոնների, ոլորտում անձի ունեցած ազգային ու միջազգային պարգևները, կոչումները, գիտական աստիճանները, ոլորտում ընդհանուր փորձառությունը (այդ թվում՝ ղեկավար պաշտոններում), միջազգային որակավորումները, ոլորտում գործունեություն ծավալող կրթական հաստատությունների, ոչ առևտրային կազմակերպությունների, մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների և (կամ) մասնագիտական միությունների խորհուրդների անդամ լինելու հանգամանքը։
14. Եթե սույն կարգի 13-րդ կետին համապատասխանում են երկուսից ավել մարմիններ կամ կազմակերպություններ, ապա Լիազոր մարմինը նախապատվությունը տալիս են այն մարմնին կամ կազմակերպությանը, որը տվյալ քոլեջի առավել մեծ քանակի ուսանողների համար է պրակտիկա և (կամ) գործնական աշխատանքային ուսուցում կազմակերպել վերջին երեք տարվա ընթացքում։
15. Եթե չկա սույն կարգի 13-րդ կետին համապատասխանող մարմին և (կամ) կազմակերպություն, ապա նախապատվությունը տրվում է քոլեջի գտնվելու համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին և քոլեջում դասավանդվող մասնագիտությունների ոլորտում հեղինակավոր այլ անձանց։
16. Խորհրդի անդամի առաջադրումը նախաձեռնելու համար Լիազոր մարմինը գրությամբ դիմում է սույն կարգի 12-16 կետերի համաձայն որոշվող մարմիններին կամ կազմակերպություններին՝ առաջարկելով տաս աշխատանքային օրվա ընթացքում առաջադրել Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող թեկնածու։ Գրությամբ Լիազոր մարմինը ներկայացնում է օրենքում և սույն կարգում խորհրդի անդամին ներկայացվող նվազագույն պահանջները և ժամկետները, ինչպես նաև տեղեկացնում է առաջադրվող թեկնածուի վերաբերյալ ներկայացման ենթակա տեղեկությունների ու փաստաթղթերի մասին։
17. Լիազոր մարմինը կարող է մեկ տեղի մասով թեկնածուի առաջադրման համար միաժամանակ դիմել մեկից ավելի մարմիններին կամ կազմակերպություններին կամ ոլորտում հեղինակավոր անձանց։ Ընդ որում յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն կարող է ներկայացնել միայն մեկ անձի թեկնածություն։
18. Եթե Լիազոր մարմինը ստացել է ավելի շատ թեկնածուների մասով առաջարկ, քան առաջադրման ենթակա անդամների քանակն է, ապա անդամի ընտրության համար կարող են հաշվի առնվել սույն կարգի 6-րդ կետում նշված գործոնները։
Գլուխ 4. Խորհրդի անդամների առաջադրումը մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից
19. Սույն կարգի իմաստով մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպություն են համարվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված և առնվազն վերջին երեք տարում փաստացի գործունեություն իրականացրած գործատուների միությունները, առևտրաարդյունաբերական պալատները և այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական հիմնական կամ միակ նպատակն է մասնավոր հատվածի շահերը ներկայացնելը, ինչպես նաև Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան։
20. Սույն կարգի 20-րդ կետում նշված կազմակերպությունը համարվում է քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող, եթե՝
1) դրա կանոնադրությամբ ուղիղ ամրագրված է հատկապես այդ ոլորտներից առնվազն մեկում գործող մասնավոր կազմակերպությունների շահերը ներկայացնելը, և
2) դրա անդամների առնվազն 10 (տաս) տոկոսը (իսկ 200 (երկու հարյուր) անդամից պակաս անդամ ունեցող կազմակերպությունների դեպքում՝ առնվազն 10 (տաս) անդամ) հանդիսանում են հատկապես այդ ոլորտներից առնվազն մեկում գործող մասնավոր կազմակերպություններ, կամ
3) եթե չկա սույն կետի 1)-ին և 2)-րդ ենթակետերում ներկայացված պայմաններին համապատասխանող որևէ կազմակերպություն՝ մասնավոր հատվածի շահերը ներկայացնող այն կազմակերպությունը, որի անդամներից առնվազն 10-ը (տասը) հանդիսանում են հատկապես այդ ոլորտներից առնվազն մեկում գործող մասնավոր կազմակերպություններ։
21. Եթե քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում առկա է մասնավոր հատվածի շահերը ներկայացնող մեկից ավել կազմակերպություններ, ապա նախապատվություն է տրվում այն կազմակերպությանը, որն առնվազն մեկ տարի համապատասխան քոլեջի հետ համագործակցում է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության իրականացման հարցում։
22. Եթե քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում առկա են սույն կարգի պահանջներին համապատասխանող ավելի շատ կազմակերպություն, քան առաջադրման ենթակա անդամների քանակն է, ապա նախապատվությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը առավել շատ է համընկնում ՄՈւՀ-ի խորհրդի կողմից (իսկ եթե սույն կարգի համաձայն խորհուրդ դեռ չի ձևավորվել՝ տնօրենի կողմից) առաջնահերթ որակված մասնագիտական ուղղվածություններին։ Կազմակերպության ընտրության հարցում հաշվի են առնվում նաև սույն կարգի 6-րդ կետում նշված գործոնները։
23. Կազմակերպությունը կարող է ներկայացնել միայն մեկ անձի թեկնածություն։
Գլուխ 5. Մանկավարժական աշխատողների և ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամների առաջադրումը
24. Մանկավարժական աշխատողների և ուսանողության ներկայացուցիչներից անդամների առաջադրման գործընթացը իրականացվում է քոլեջի կանոնադրության հիման վրա՝ խորհրդի նախագահի (իսկ եթե սույն կարգի համաձայն խորհուրդ դեռ չի ձևավորվել կամ դեռ խորհրդի նախագահ չի ընտրվել՝ տնօրենի) նախաձեռնությամբ։
Գլուխ 6. Խորհրդի անդամների առաջադրման համար ներկայացվող տեղեկություններն ու փաստաթղթերը
25. Թեկնածու առաջադրող մարմինը կամ կազմակերպությունը առաջադրման համար ներկայացնում է իր ղեկավարի կամ լիազորված անձի ստորագրությամբ գրություն՝ դրանում ներառելով հետևյալ տեղեկություններն ու կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) առաջադրվող անձի անուն, ազգանուն, անձը հաստատող փաստաթղթի համար, անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
2) առաջադրվող անձի գրավոր համաձայնությունը առաջադրմանը,
3) փաստաթղթեր, որոնցով հաստատվում է, որ անձը բավարարում է սույն կարգի 1-ին կետի 2)-րդ ենթակետի պահանջներին,
4) առաջադրվող անձի գրավոր հավաստումն առ այն, որ համապատասխանում է սույն կարգի 1-ին կետի 3)-5)-րդ ենթակետերով նախատեսված պահանջներին,
5) քոլեջի հետ համագործակցող մարմնի կամ կազմակերպության ղեկավարի տեղեկանք առ այն, որ առաջադրված անձն անձամբ ներգրավված է այդպիսի համագործակցությանը (եթե կիրառելի է),
6) սույն կարգի 6-րդ կետում նախատեսված գործոններին համապատասխանության հիմնավորումներ։
Գլուխ 7. Խորհրդի անդամների նշանակումը
26. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Լիազոր մարմնի ղեկավարի կամ մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջադրված թեկնածուների մասով փաստաթղթերն ու տվյալները ներկայացվում են Լիազոր մարմնին՝ այդ մասին Լիազոր մարմնի համապատասխան գրություն ուղարկելու օրվանից քսան աշխատանքային օրվա ընթացքում։ Այդ դեպքում փաստաթղթերն ու տվյալները համարվում են ստացված քսանօրյա ժամկետի ավարտից հետո հինգերորդ աշխատանքային օրը (իսկ եթե բոլոր կազմակերպություններից ու մարմիններից դրանք ստացվել են ավելի շուտ՝ վերջինի ստացման օրը)։
27. Առաջադրման առնչությամբ անհրաժեշտ փաստաթղթերն ու տվյալները ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմինը ստուգում է դրանց ամբողջականությունը, և թերություններ հայտնաբերելու դեպքում նույն ժամկետում առաջադրողին ծանուցում դրանք վերացնելու անհրաժեշտության մասին։
28. Եթե դիմումում և կից փաստաթղթերում թերություններ չեն հայտնաբերվում, ապա դրա հիման վրա այն ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում Լիազոր մարմնի ղեկավարը հաստատում է խորհրդի անվանական կազմը, իսկ սույն կարգի համաձայն մեկից ավելի թեկնածուների առաջադրման դեպքում՝ նույն ժամկետում նաև կատարում է թեկնածուների ընտրություն։
29. Խորհրդի անվանական կազմը հաստատելու որոշման մեկական օրինակ ուղարկվում է խորհրդի նշանակված անդամին, առաջադրող մարմնին կամ կազմակերպությանն ու քոլեջին։
Գլուխ 8. Խորհրդի անդամների լիազորությունների դադարումը և դադարեցումը
30. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Լիազոր մարմնի ղեկավարի կամ մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունների կողմից առաջադրված անդամներին վաղաժամկետ հետ կանչելու դեպքում առաջադրած մարմինը հետ կանչելու որոշման մասին ծանուցում է խորհրդի նախագահին ու Լիազոր մարմնին։ Նման հետկանչի դեպքում խորհրդի անդամի լիազորությունները դադարում են ծանուցման մեջ նշված ժամկետում, որը սակայն չի կարող պակաս լինել ծանուցման ուղարկման օրվանից տաս աշխատանքային օրվանից։
31. Այն դեպքում, երբ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են անդամի կողմից իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում ներկայացնելու, խորհրդի անդամի մահվան, քոլեջի մանկավարժական աշխատողների կամ ուսանողների կազմից առաջադրված անդամի դեպքում՝ մանկավարժական աշխատողի կամ ուսանողի կարգավիճակը դադարելու հիմքով, ապա համապատասխան անդամի լիազորությունները դադարում են ինքնաբերաբար՝ համապատասխան հանգամանքները վրա հասնելու պահից։ Ընդ որում, համապատասխան հանգամանքների մասին տեղեկանալուց հետո առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում քոլեջի տնօրենը ծանուցում է Լիազոր մարմնին և ՄՈւՀ-ի խորհրդին։ Այն դեպքում, երբ դադարել են մանկավարժական աշխատողների կամ ուսանողների կազմից առաջադրված անդամի լիազորությունները, քոլեջի տնօրենը նույն ժամկետում ծանուցում է քոլեջի իրավասու մարմիններին՝ փոխարինող անդամի առաջադրման գործընթաց նախաձեռնելու նպատակով։
32. Օրենքին համապատասխան՝ խորհրդի անդամ հանդիսանալու արգելքներ ի հայտ գալու կամ անհարգելի պատճառով Խորհրդի նիստերին չմասնակցելու հիմքով՝ Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ խորհրդի որոշում ընդունվելու դեպքում՝ որոշումը դրա կայացման օրվանից հինգ օրվա ընթացքում խորհրդի նախագահի կամ համապատասխան նիստին նրա պարտականությունները կատարած անդամի կողմից ուղարկվում է Լիազոր մարմնին ու քոլեջի տնօրենին։ Լիազոր մարմինը խորհրդի որոշումը ստանալու պահից քսան աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան անդամի լիազորությունների դադարեցման կամ դադարեցումը մերժելու մասին անհատական իրավական ակտ։
-
Duration
12.02.2026 27.02.2026 -
Type
Order Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 119
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.