ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջից։ Ընդունելության տեղերը ձևավորելիս հիմք է ընդունվել Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի հմ. 1363-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը», համաձայն որի՝ պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները պետք է ապահովել համապատասխան որակավորմամբ մասնագետներով: Նախագիծը ձևավորելիս հաշվի են առնվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերը, աշխատաշուկայում որոշ մասնագիտությունների (կրթական ծրագրերի (այսուհետ՝ ԿԾ)) գծով առկա պահանջարկը, ըստ մասնագիտությունների և ԿԾ-երի նախորդ ուսումնական տարիներին իրականացված փաստացի ընդունելության ցուցանիշները, բակալավրիատի բարձր առաջադիմությամբ շրջանավարտների թիվը, ինչպես նաև լիցենզիայով բուհերին՝ ըստ մասնագիտությունների և ԿԾ-երի հատկացված տեղերի քանակը:
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել տնտեսության զարգացման կարիքներին համահունչ մագիստրոսի ԿԾ-ով մասնագետների պատրաստման գործընթացը:
Մասնավորապես տեղեր են հատկացվել «ֆիզիկա» մասնագիտության «Տեսական ֆիզիկա», «Միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա», «Աստղաֆիզիկա», «Օպտիկա» և «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» ԿԾ-երին, «Ռադիոֆիզիկա մասնագիտության» «Ռադիոֆիզիկա», «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում» ԿԾ-երին, «Էներգետիկա» մասնագիտության «Ատոմային էներգետիկա» «Այլընտրանքային էներգետիկա» ԿԾ-երին, «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «Հեռահաղորդակցություն» ԿԾ-ին, «Մեքենաշինություն և նյութերի մշակում» մասնագիտության նույն ԿԾ-ին, «Ավիացիոն և հրթիռային տեխնիկա» մասնագիտության նույն ԿԾ-ին, «Արդյունաբերական ճարտարագիտություն» մասնագիտության նույն ԿԾ-ին, «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության «Արհեստական բանականությամբ համակարգեր» ԿԾ-ին, «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» ԿԾ-երին, «Ագրարային ճարտարագիտություն» մասնագիտության «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ճշգրիտ գյուղատնտեսություն» ԿԾ-երին, «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն», «Պարենամթերքի տեխնոլոգիա», «Սննդամթերքի անվտանգություն», «Ագրոնոմիա» մասնագիտության «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» ԿԾ-երին, «Անասնաբուծություն» մասնագիտության «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա», «Անտառային տնտեսություն», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Անասնաբուժություն», «Անասնաբուժություն», «Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն» կրթական ծրագրերին, «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության «Ցեղասպանագիտություն» ԿԾ-ին, «Զբոսաշրջություն» մասնագիտության «Կրոնական զբոսաշրջություն» ԿԾ-ին, «Գեոմատիկա» մասնագիտության «Գեոդեզիա և կադաստր» ԿԾ-ին, «Շինարարական ճարտարագիտություն» մասնագիտության «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» և «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ» ԿԾ-երին, «Հոգեբանություն» մասնագիտության «Գործնական հոգեբանություն» ԿԾ-ին, «Իրավագիտություն» մասնագիտության «Քրեական իրավունք և դատավարություն» և «Գործարարական իրավունք» ԿԾ-երին, «Քաղաքագիտություն» մասնագիտության «Ազգային անվտանգություն» և «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն» ԿԾ-ին, «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության նույն ԿԾ-ին:
Նախագծով մագիստրատուրայի 2026/2027 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ընդունելության տեղերի ցանկը լրացվել է նոր ԿԾ-երով, որոնցից են՝ «Բլոկչեյն և թվային արժույթներ», «Բլոկչեյն և կրիպտոարժույթներ», «Կայուն շրջակա միջավայրի ճարտարագիտություն», «Կայուն քաղաքների ճարտարագիտություն», «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում», «Կայուն զարգացման տնտեսագիտություն և կառավարում», «Պինդմարմնային նանոֆիզիկա և նանոնյութեր», «Էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում», «Ջերմաէներգետիկա», «Կայուն քաղաքների ճարտարագիտություն», «Էկոլոգիա և կենսառեսուրսների կառավարում», «Կենդանաբանություն և մակաբուծություն», «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում», «Տնտեսության պետական կարգավորում», «Ծրագրային ճարտարագիտություն», «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Եվրասիական հետազոտություններ», «Բարոյագիտություն» կրթական ծրագրերը։
Նախատեսվում է 2026/2027 ուստարում բնական գիտություններ բնագավառի մասնագիտություններին հատկացնել է 231 տեղ՝ ընդհանուր հատկացված տեղերի 19․4 %-ը, տեխնիկական գիտություններին՝ 188 տեղ՝ ընդհանուր տեղերի 15․9 %-ը, գյուղատնտեսական գիտություններին՝ 40 տեղ՝ ընդհանուր տեղերի 3․4%-ը (ընդամենը՝ 38․7 %):
Այսպիսով, 2026/2027 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, մագիստրոսի ԿԾ-ով ընդունելությանը հատկացվել է 1287 տեղ, որից 1055 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին, պահուստային տեղերի քանակը 7-ն է, որն ըստ անհրաժեշտության կբաշխվի ընդունելության մրցույթի արդյունքում հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) հավաքած կամ ԲՏՃՄ մասնագիտություններով առավելագույն միավորներ ունեցող դիմորդներին:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս ուսումնական տարում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 50 տեղ, որից 40 տեղը՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «Միավորումների և զորամասերի կառավարում» մասնագիտությանը, և 10 տեղը՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությանը: Նշեմ, որ այդ տեղերի ֆինանսավորումը կատարվում է Պաշտպանության նախարարության բյուջեի միջոցների հաշվին:
Նշեմ նաև, որ Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի N 430-Ն որոշմամբ հաստատված պայմանագրի 2.1.5. կետի համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով բուհն ավարտած շրջանավարտներին իրավունք է վերապահված զինվորական ծառայությունից արձակվելուց հետո 2 տարվա ընթացքում դիմելու մագիստրատուրա և վճարովի ուսուցման մրցույթը հաղթահարելու պարագայում սովորելու պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագիծը նպատակ ունի աջակցել համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին՝ հաշվի առնելով նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մրցութային հիմունքներով անվճար մասնագիտական կրթություն ստանալու անձի իրավունքը: Ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են՝ պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկն ապահովելն ու տեղեկատվական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, տվյալագիտության, գեոմատիկայի, անվտանգության, լոգիստիկայի, ավիացիոն և հրթիռային տեխնիկայի, ագրոնոմիայի ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսում մասնագիտություններին:
Մագիստրոսի ԿԾ-ով ընդունելության կազմակերպումը հետապնդում է երկու նպատակ՝
1. Աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նեղ մասնագիտական գիտելիքներով մասնագետների պատրաստում, որոնք ուսումն ավարտելուց հետո հիմնարար գիտելիքներով աշխատանքի կանցնեն համապատասխան ոլորտում.
2. Լայն մտահորիզոն և անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ունեցող որակյալ մասնագետների պատրաստում, որոնք հետագայում իրենց կրթությունը կշարունակեն ավելի բարձր կրթական աստիճանում՝ ասպիրանտուրայում:
3. ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծի ընդունմամբ կհաստատվեն 2026-2027 ուստարվա համար ըստ մասնագիտությունների, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով պետության կողմից ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ տեղերը, կապահովվի բարձրագույն կրթության շարունակականությունը և մագիստրոսի կրթական ծրագրով բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը: Այն կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառների մասնագետների պատրաստմանը:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» առաջին մեգանպատակից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված՝ աշխատաշուկայի նոր պահանջներին համապատասխան մասնագիտությունների ներդրման, բարձրագույն կրթությամբ մրցունակ կադրերի պատրաստման, բնագիտական ուղղություններով բարձրագույն կրթության որակի զարգացման ռազմավարական նպատակներից:
-
Duration
23.01.2026 07.02.2026 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 40
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.