Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակում է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել դատարանի որոշման մեջ նշված բնակության տարածքը: Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել ի թիվս այլնի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց:

Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով:

«Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետի համաձայն՝  հեռավար (դիստանցիոն) կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով, սակայն հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով՝ բացառիկ դեպքերում և որոշակի ժամկետով։

Նույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.5-րդ կետի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը սահմանելու իրավասությունը վերապահված է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության  կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են դրա կիրառման դեպքերը:

Անազության մեջ պահվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրականացման մեխանիզմների անհրաժեշտությանն անդրադարձել են նաև մի շարք միաջազգային-իրավական փաստաթղթերով:

Մասնավորապես․

«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 28-րդ հոդվածով մասնակից երկրներին կոչ է արվում ճանաչել կրթություն ստանալու` երեխայի իրավունքը, խրախուսում է կրթության տարբեր տեսակների, այդ թվում` մասնագիտական կրթության կազմակերպումը և կրթության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը բոլոր երեխաների համար:

Կրթության իրավունքն ամրագրված է այնպիսի հիմնարար փաստաթղթում, ինչպիսին է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից արձանագրությունը, որի 2-րդ հոդվածը սահմանում է, որ «Ոչ ոքի չի կարելի մերժել կրթության իրավունքը: Պետությունը, կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների` զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը»:

ՄԱԿ-ի Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ նվազագույն ստանդարտ կանոններում  (Պեկինյան կանոններ) ընդգծվում է, որ իրավախախտում կատարած անչափահասներին հասարակությունում վերաինտեգրելու և հետագա հանցավորությունը կանխարգելելու գործում կարևոր են նաև սոցիալական կառույցների (ընտանիք, դպրոց և այլն) ներգրավումը և մասնագիտական կրթության ու աշխատանքի կազմակերպումը: Մասնավորապես՝ սահմանված է, որ ազատությունից զրկված լինելու ժամանակահատվածում անչափահասները պետք է ստանան խնամք, պաշտպանություն և անհրաժեշտ այլ անհատական օժանդակություն` սոցիալական, կրթական, մասնագիտական ուսուցման, հոգեբանական և այլն, որոնք անհրաժեշտ են` նրանց տարիքի, սեռի և անձնական հատկանիշների առումով: Անհրաժեշտ է ջանք գործադրել անչափահաս իրավախախտներին այնպիսի աջակցություն ցուցաբերելու համար, որն անհրաժեշտ է վերականգնման գործընթացը խթանելու համար (կանոն 1.3, 13.5, 25.1 և այլն):

«Անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելման մասին ՄԱԿ-ի ուղենիշները» (այսուհետ` Ռիադյան ուղենիշներ) ևս անդրադառնում են անչափահաս դատապարտյալների կրթության խնդիրներին: Այս փաստաթղթի հիմնարար սկզբունքներում ևս ընդգծվում է կրթության, մասնավորապես` մասնագիտական ուսուցման կարևորությունը հանցագործությունները և ռեցիդիվը կանխարգելելու գործում: Նշվում է, որ սոցիալականացման գործընթացում բոլոր երեխաների բարեհաջող ինտեգրումն ապահովելու համար շեշտն անհրաժեշտ է դնել կանխարգելման քաղաքականության վրա, հատկապես ընտանիքի, համայնքի, դպրոցների ներգրավման, մասնագիտական ուսուցման և այլ միջոցներով:

Վերոգրյալ իրավակարգավորումների համադրված և համակարգային վերլուծության արդյունքում կարելի է հանգել այն հետևության, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաչանքյուր ոք ունի կրթության իրավունք, այդ թվում՝ այն անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Միաժամանակ, գործնականում ներկայումս հնարավոր չի լինում ապահովել վերջիններիս կրթության իրավունքի պատշաճ իրացումը, քանի որ բացակայում են անհրաժեշտ օրենսդրական կարգավորումները: Նկատի ունենալով, որ տնային կալանք խափանման միջոցը ենթադրում է, որ անձի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակված է և վերջինս չի կարող այցելել ուսումնական հաստատություններ, առավել նպատակահարմար է վերջիններիս կրթությունը կազմակերպել  հեռավար (դիստանցիոն) կարգով:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում և սահմանել իրավակարգավորում այն մասին, որ դատարանի կողմից տնային կալանք կիրառելիս՝ նամակագրությունից, հեռախոսային խոսակցություններ, հաղորդակցության այլ ձևերից (այդ թվում՝ փոստային առաքանուց) օգտվելու  սահմանափակումները կարող են չտարածվել կրթության շարունակականությունն ապահովելու համար կրթական ծրագրերով հեռավար (դիստանցիոն) կրթությունը շարունակելու դեպքերի նկատմամբ:

 

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում փոփոխություններ չեն առաջանա:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.

       Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանում:

 

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

 

 

  • Duration

    14.01.2026 30.01.2026
  • Type

    Law

  • Area

    Justice, Education and science, Criminal procedure, Juvenile justice

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 447

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: