«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն, 522-Ն, 523-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N1827-Լ որոշմամբ փոփոխված խմբագրության համաձայն՝ մինչև 2030 թվականը նպատակ է դրվել կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ՝ ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, զուգահեռաբար ներդնելով նաև շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար: Միևնույն ժամանակ, հիշյալ թիրախում ներառված է «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի թողարկումը՝ 200 ՄՎտ հզորությամբ։ Սակայն, հարկ է նշել, որ 01.01.2026թ. դրությամբ արդեն իսկ շահագործվում են «Էներգետիկայի մասին» օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված էլեկտրական էներգիայի գնման պարտադիր երաշխիք ունեցող 62 կայան՝ 260,4 ՄՎտ փաստացի տեղակայված հզորությամբ, առանց օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի 38 կայան՝ 187,2 ՄՎտ փաստացի տեղակայված հզորությամբ, կառուցման փուլում են գտնվում 23 կայան՝ շուրջ 170 ՄՎտ հզորությամբ, ինչպես նաև բացառապես սեփական կարիքների համար տրամադրվել է էլեկտրական էներգիայի արտադրության 17 լիցենզիա՝ ընդհանուր 12,2 ՄՎտ հզորությամբ։ Ինքնավար էներգարատադրության մասով էլ 2025թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին միացված են 48565 ինքնավար արտադրող արևային կայաններ 618.793 ՄՎտ հզորությամբ: Արդյունքում, 01.01.2026թ. դրությամբ արդեն իսկ գերազանցվել է ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված 1000 ՄՎտ հզորությունը արևային էլեկտրակայանների համար։ Հարկ է նշել, որ զուգահեռաբար չի ընթացել էլեկտրահաղորդման ցանցի զարգացումը՝ միտված առկա ենթակառուցվածքների արդիականացմանը, հաղորդման ցանցի ընդլայնմանը և թողունակության մեծացմանը, ինչը հանգեցնում է ՎԷԱ կայանների ցանց ինտեգրման խնդիրների։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդման ցանցային կանոններում (այսուհետ՝ Հաղորդման ցանցային կանոններ) ամրագրվել են դրույթներ, որոնք նախատեսված են առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների գործունեությունը կանոնակարգելուն՝ նախատեսելով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարում, ինչն էլ նախատեսվում էր, որ կչեզոքացնի նման կայանների հնարավոր բացասական ազդեցությունը։ Այնուամենայնիվ, չնայած նման կայանների համար էլեկտրական էներգիայի ցանց առաքման սահմանափակումներին, արևային էլեկտրակայանների կառուցման մեծ տեմպերով զարգացումը առաջանցիկ է ամրագրված սահմանափակումների նկատմամբ, և հիմք ընդունելով գործող, լիցենզիա և միացման տեղեկանք ստացած արևային կայանների հզորությունները՝ նոր արտադրող կայանների միացման դեպքում սահմանափակման ենթակա արտադրողների համար հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակահատվածում սահմանափակման կիրառումը չի ապահովում էներգահամակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները։ Արդյունքում, ստեղծվում է իրավիճակ, երբ գործող ենթակառուցվածքների պարագայում փոքր հզորությամբ կայանների (մասնավորապես արևային կայանների) մեծ տեմպերով զարգացումը նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի պահուստավորման հնարավորության բացակայությամբ և աշխատանքի ռեժիմների չկարգավարմամբ պայմանավորված խնդիրներ է առաջացնում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման տեսանկյունից։ Խնդիրը բարձրացվել է նաև «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի կողմից (այսուհետ՝ Համակարգի օպերատոր), մասնավորապես նշելով, որ ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգին միացված արևային կայանների արտադրանքի շարունակական աճն առաջացնում է մի շարք խնդիրներ։ Մասնավորապես, արևային կայանների առավելագույն հզորության ժամերին էներգահամակարգի ներքին և Հայաստան-Իրան միջհամակարգային կապերի գերբեռնումը կանխելու նպատակով Համակարգի օպերատորն ամենօրյա ռեժիմով ցանցից անջատում է Երևանի ՋԷԿ ՀՇԳՑԷ-ն, բեռնաթափում է Արմփաուեր ՀՇԳՑԷ-ն, ՀԱԷԿ-ն ու Մասրիկ-1 արևային կայանը։ Ստեղծված իրավիճակում խաթարվում են համակարգի հուսալիությունն ու անվտանգությունը, ինչը կարող է հանգեցնել համակարգային վթարներին և դրանց զարգացումն ուղիղ սպառնալիք են ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի և ատոմային էլեկտրակայանի աշխատանքի հուսալիության և անվտանգության համար։ Ելնելով վերոգրյալից՝ Համակարգի օպերատորը խնդրել է ներդնել որոշակի ընթացակարգ՝ գնման երաշխիքով կայաններին բեռնաթափելու հնարավորության համար։
Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նաև կարգավորումներ «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակում միադրույք սակագնային համակարգում գործող կայանների կողմից համակարգային ծառայությունների մատուցման մասով և սահմանել բեռնաթափման համակարգային ծառայությունը որպես էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման հրահանգների բաղկացուցիչ մաս, ամրագրել նշված ծառայությունը մատուցողների շրջանակը և դրա դիմաց փոխհատուցման մեխանիզմը, համակարգի օպերատորի կողմից կարգավարման հրահանգին հետևելու պարտավորությունը չկատարելու համար պատասխանատվությունը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ բաշխման ցանց էլեկտրական էներգիայի առաքումը կարող է իրականացվել ինչպես Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրությամբ, այնպես էլ պլանային և վթարային անջատումների պատճառով, անհրաժեշություն է առաջացել հստակեցնել բաշխման ցանց էլեկտրական էներգիայի առաքումը դադարեցնելու (սահմանափակելու) տարեկան գումարային տևողությունները պլանային և վթարային անջատումների պատճառով և Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրությամբ, ինչպես նաև ամրագրել Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրությամբ նախատեսված հզորությունից թույլատրելի շեղումը և փոխհատուցման համար նախատեսված ժամերի հաշվարկման մեխանիզմը։
Միաժամանակ, հաշվի առնելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-334-Ն օրենքի ընդունումը, վերջինիս կիրարկումն ապահովող միջոցառումների մասով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում (այսուհետ՝ ԷՄՇ առևտրային կանոններում) և միկրոէներգաարտադրող հասկացությունը համապատասխանեցնել օրենքի 1-ին հոդվածով ամրագրված սահմանմանը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
ԷՄՇ առևտրային կանոններում, Հաղորդման ցանցային կանոններում և 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարվող լրացումներով և փոփոխություններով նախատեսվում են կարգավորումներ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ և պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրի շրջանակում միադրույք սակագնային համակարգում գործող կայաններին կարգավարման կարգադրության գործընթացի շրջանակում էլեկտրական էներգիա ցանց առաքումը սահմանափակելու և դրա հետ կապված վճարման (փոխհատուցման) մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ։ Մասնավորապես, նախատեսվում է՝
1. սահմանել ՀԾՄ-ին բեռնաթափման համակարգային ծառայության մատուցումը ՎԷԱ կայանի և միադրույք սակագնային համակարգում գործող ՊԷԱ կայանի կողմից Համակարգի օպերատորի Կարգավարման շրջանակում և դրա դիմաց վճարումը,
2. սահմանել Կարգավարման կարգադրության շրջանակում ՎԷԱ կայանի և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանի յուրաքանչյուր ժամում մատուցված բեռնաթափման համակարգային ծառայության քանակի և արժեքի որոշման մեխանիզմները և ընթացակարգը,
3. սահմանել համակարգի օպերատորի կողմից բեռնաթափման կարգավարման հրահանգին հետևելու պարտավորությունը չկատարելու համար պատասխանատվությունը,
4. էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման նպատակով հստակեցնել «Կարգավարում» հասկացությունը,
5. հստակեցնել բնականոն ռեժիմում Կարգավարման ենթակա մասնակիցների շրջանակը առաջնային պահուստի շրջանակում, ամրագրելով բացառություն ՎԷԱ կայանների և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանների համար, որոնք Կարգավարման ենթակա են նաև ՀԾՄ-ին բեռնաթափման ծառայություն մատուցելու նպատակով,
6. հստակեցնել բաշխման ցանց էլեկտրական էներգիայի առաքումը դադարեցնելու (սահմանափակելու) տարեկան գումարային տևողությունները պլանային և վթարային անջատումների պատճառով և Համակարգի օպերատորի Կարգավարման կարգադրությամբ,
7. Հստակեցնել Համակարգի օպերատորի կողմից Կարգավարման գործընթացում ԿԷԱ կայանի, ՊԷԱ կայանի և ՎԷԱ կայանի ներառման դեպքում վերջիններիս հզորությունը նվազեցնելու կամ ավելացնելու վերաբերյալ Կարգավարման կարգադրության տրման դեպքում, վերջիններիս բացասական անհաշվեկշռույթները զրոյացնելու կամ լրացուցիչ չափաքանակների վճարման մեխանիզմները,
8. հստակեցնել էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր միացման կետում էլեկտրական էներգիայի մատակարարման (առաքման) հուսալիության ցուցանիշը՝ հաշվի առնելով Համակարգի օպերատորի կարգավարական կարգադրություններով պայմանավորված սահմանափակումները,
9. ԷՄՇ կանոնների 2-րդ կետի 34.1-ին ենթակետում կատարվող փոփոխությամբ միկրոէներգաարտադրող հասկացությունը համապատասխանեցնել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-334-Ն օրենքի 1-ին հոդվածով ամրագրված սահմանմանը։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման դեպքում կբարելավվեն կայանների կողմից (մասնավորապես՝ արևային կայանների) էլեկտրական էներգիայի ցանց առաքման համար էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման սահմանված կարգավորումները՝ հնարավորինս չեզոքացնելով նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։
-
Duration
09.01.2026 26.01.2026 -
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
-
Status
Views 192
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.