14.01.2026
Նախագծի նպատակը՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ներմուծվող տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման պարզեցված ընթացակարգ սահմանելը, ողջունելի է՝ հատկապես հաշվի առնելով, որ ՀՀ-ում օպերատիվ ազդարարման համակարգի (ERA-GLONASS/էքստրեմալ կանչի կոճակ) գործարկման ենթակառուցվածքը փաստացի բացակայում է, իսկ պահանջը գործնականում ստեղծել է ձևական և անհամաչափ ֆինանսական բեռ։
Միաժամանակ, նախագծի ընդունման դեպքում առաջանում են իրավական որոշակիության և խտրական վարչարարության ռիսկեր, հատկապես՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների (ԷՏՄ) նկատմամբ կիրառվող լրացուցիչ ծախսերի և տեխնիկական տվյալների (ձիաուժ/հզորություն) շտկման պրակտիկայի պատճառով։
Սույնով ներկայացնում եմ կոնկրետ պարզաբանման հարցադրումներ և լուծումների առաջարկներ՝ նախագծում ներառելու կամ պաշտոնական մեկնաբանությամբ հստակեցնելու նպատակով.
1) Գների/վճարների կարգավորում և մրցակցային ռիսկերԳործնականում ԷՏՄ-ի համար ՍԲԿՏՍ (անվտանգության հավաստագիր) և/կամ դրա հետ կապվող ծառայությունները դարձել են բարձրարժեք ու ոչ մրցակցային շուկա (մինչև ~250,000 դրամ)՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պահանջների մի մասը կապված է հենց ERA-GLONASS ֆիզիկական կոճակի հետ։
Հստակեցման պահանջ
Խնդրում եմ նախագծով կամ պաշտոնական պարզաբանմամբ հստակ պատասխանել՝
- Եթե նախագծով օպերատիվ ազդարարման համակարգի/կոճակի պահանջը ժամանակավորապես հանվում է, ապա
- դուրս է գալի՞ս արդյոք ՍԲԿՏՍ պահանջը հենց այդ բաղադրիչի բացակայության հիմքով մերժելու պրակտիկան,
- և արդյոք ՍԲԿՏՍ ստանալու պարտադիր նախապայմանների շրջանակում ERA-GLONASS-ի մասով պահանջը դադարում է կիրառվել։
- Եթե ERA-GLONASS պահանջը հանվում է, ապա գների տրամաբանությունը ինչպե՞ս է փոխվելու՝
- ակնկալվո՞ւմ է արդյոք, որ ծառայության արժեքը 250,000-ի փոխարեն կվերադառնա 120,000 դրամի կարգին,
- ո՞ր մարմինն է ապահովելու, որ շուկան չպահպանի նախկին բարձր գինը՝ արդեն անհիմն պահանջի բացակայության պայմաններում։
Առաջարկ
- Նախագծի անցումային կարգավորումներում ամրագրել, որ ERA-GLONASS պահանջի ժամանակավոր չկիրառման դեպքում ՍԲԿՏՍ մերժումը միայն ERA-GLONASS բաղադրիչի բացակայության հիմքով չի թույլատրվում, իսկ ծառայություն մատուցողների գների նկատմամբ կիրառվում են թափանցիկ հաշվարկման/հիմնավորման պարտադիր պահանջներ (օրինակ՝ հրապարակային գնացուցակ + ծառայության բաղադրիչների բացատրություն + վերահսկող մարմնի արձագանքման մեխանիզմ)։
Տրանսպորտային միջոցների պետական գրանցումը կատարվում է ՀՀ կառավարության 2010 թ. N1251-Ն որոշմամբ սահմանված կարգով, և գույքահարկի հաշվարկման հիմքում դրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված/գրանցված ձիաուժի ցուցանիշը, որտեղ տվյալների գրանցման լիազոր մարմինը փաստացի ՆԳՆ-ն է։
Գործնականում ստացվել է հետևյալ անհավասարությունը.
- Ներքին այրման շարժիչով մեքենաները գրանցվում են սովորական ընթացակարգով՝ առանց էական լրացուցիչ ծախսերի,
- մինչդեռ էլեկտրական մեքենաները ստիպված են կրել լրացուցիչ ծախսեր (ՍԲԿՏՍ/ԷՊՏՍ շղթայով)՝ այն պատճառով, որ տարիներ շարունակ ՆԳՆ/համակարգը չի ապահովել ԵԱՏՄ պահանջներին համահունչ տվյալների ճիշտ գրանցումը, իսկ շտկման միակ գործնական ուղին փաստացի դարձել է վճարովի գործընթացը։
Առաջարկ
Նախագծի շրջանակում կամ հարակից կարգով սահմանել, որ՝
- եթե պետական մարմնի ոչ պատշաճ վարչարարության պատճառով առաջացել է սխալ/չհիմնավորված տեխնիկական տվյալ (օր.՝ հզորություն), ապա տվյալների ուղղման գործընթացը չպետք է անհամաչափ ֆինանսական բեռ դնի քաղաքացու վրա, և պետք է գործի «ուղղում՝ ոչ թե նոր գրանցում» տրամաբանությունը։
Էլեկտրական շարժիչների դեպքում «շարժիչի հզորություն» եզրույթը գործնականում սխալ է կիրառվել՝ հաճախ «պիկային/մարկետինգային» ցուցանիշը նույնացնելով իրական հզորության հետ, մինչդեռ ԵԱՏՄ մակարդակով վաղուց սահմանված է, որ ԷՏՄ-ի համար պետք է կիրառվի 30 րոպեանոց ծանրաբեռնվածության ռեժիմում առավելագույն հզորությունը (ԷՊՏՍ-ում արտացոլվող տրամաբանությամբ)։
Հստակեցման պահանջ
Խնդրում եմ հստակեցնել՝
- Արդյոք նախատեսվու՞մ է, որ ՆԳՆ-ն տեխնիկական տվյալների (այդ թվում՝ հզորության) շտկումը կկատարի պաշտոնական աղբյուրների հիման վրա (ԷՊՏՍ/արտադրողի փաստաթուղթ/հավաստագիր), և ոչ թե համացանցային չհաստատված կայքերի կամ ոչ ստուգելի աղբյուրների համադրմամբ։
- Եթե ԷՊՏՍ ներկայացվում է տարվա ընթացքում, ապա ինչու՞ է ՆԳՆ-ը տվյալ տարվա գույքահարկը շարունակում հաշվարկել նախկին սխալ (պիկային) հզորությամբ մինչև ԷՊՏՍ ներկայացման օրը՝ այն դեպքում, երբ խոսքը պետք է լինի նախկին սխալի ուղղման մասին, ոչ թե նոր իրավական վիճակի ստեղծման։
Առաջարկ
Ամրագրել միասնական կանոն՝
- պաշտոնական աղբյուրների առաջնահերթություն,
- ուղղում՝ ոչ թե նոր գրանցում,
- և պարտադիր audit trail՝ համակարգում պահպանելով «նախկին սխալ տվյալ» + «ուղղված տվյալ» նշումներով։
Քանի որ շտկման հիմքում դրվող տվյալները ԵԱՏՄ համակարգերում առկա են/կարող են ստուգվել, խնդրում եմ հստակեցնել՝
- հնարավոր կլինի՞ արդյոք, որ ՆԳՆ-ն (կամ լիազոր մարմինը) ուղիղ ինտեգրմամբ/ստուգմամբ օգտվի ԵԱՏՄ համապատասխան բազաներից/ռեեստրերից,
- որպեսզի քաղաքացին չստիպված լինի վճարել լրացուցիչ գումարներ միայն այն նպատակով, որ պետական մարմինը ստանա տվյալ, որը կարող է ստացվել պաշտոնական միջպետական համակարգից։
Առաջարկ
Նախագծի կիրառման շրջանակում նախատեսել՝
- տվյալների ստուգում/հաստատում պետական մարմինների կողմից՝ միջգերատեսչական/միջպետական պաշտոնական աղբյուրներից,
- և քաղաքացիների վրա չդնել այնպիսի ծախս, որը պայմանավորված է պետական համակարգերի ոչ բավարար փոխգործունակությամբ։
Խնդրում եմ տալ հստակ պատասխան (նախագծում կամ պաշտոնական պարզաբանմամբ).
- Եթե ERA-GLONASS կոճակի պահանջը ժամանակավորապես դուրս է գալիս, ապա՝
- ՍԲԿՏՍ-ը պարտադի՞ր է մնալու, թե՞ տվյալ պահանջը (կամ դրա արժեքի զգալի մասը) կդադարի կիրառվել։
- Քաղաքացիները 2026 թվականին արդյո՞ք ստիպված կլինեն վճարել 250,000, թե՞ ողջամիտ է ակնկալել 120,000 դրամի կարգ (կամ ավելի ցածր)՝ արդեն անհիմն պահանջների բացակայության պայմաններում։
Խնդրում եմ ներկայացված հարցադրումներին տրամադրել պաշտոնական և հստակ պարզաբանում, և նախագծում ամրագրել իրավական որոշակիություն ապահովող նորմեր՝
- գների/վճարների անհիմն աճի կանխարգելման,
- ԷՏՄ-ի նկատմամբ խտրական բեռի վերացման,
- տվյալների շտկման՝ «ուղղում, ոչ թե նոր գրանցում» մեխանիզմի,
- և պաշտոնական բազաներից օգտվելու միջոցով քաղաքացիների ծախսերի նվազեցման ուղղությամբ։
Հարգանքով՝
Անդրանիկ Ուգուջյան