Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___» «________» 2026 թվականի N _____ -Ն

 

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

            Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հաստատել Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը՝ ըստ հավելվածի։

2.  Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող տասներորդ օրը:

 

           ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

            ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

_______ի __-ի N ____-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 1.     ՆԱԽԱԲԱՆ ..................................................................................................... 3

2.    ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ ................................ 4

3.    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԿԵՐԸ ................. 6

4.    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ...................... 8

5.    ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ .......................... 8

6.    ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ .............................. 9

7.    ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ .......................... 11

 

  1.     ՆԱԽԱԲԱՆ

     1. Պետական լեզվաքաղաքականությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման օրակարգում է 1990-ական թվականների սկզբից։ Նորանկախ Հայաստանի Հանրապետության կայացման կարիքներից էր բխում և դրան էր ուղղված պետական ու կրթական համակարգերում հայերենի՝ որպես պետական լեզվի ինստիտուցիոնալացումն ու դրան համապատասխան իրավական մեխանիզմների ստեղծումը։ «Լեզվի  մասին» Հայաստանի Հանրապետության և մյուս օրենքներով ամրագրվել են նաև լեզվական իրավունքներն ու պարտականությունները։ Ներառականությունն ու սոցիալական համակեցությունն այն հիմնական չափումներն են, որոնք դրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմքում և հիմք են դարձել նաև սույն հայեցակարգի մշակման համար։

2. Հայեցակարգն ուրվագծում է պետական լեզվաքաղաքականության տեսլականը տեխնոլոգիական զարգացումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների արդի մարտահրավերների համատեքստում։ Ըստ այդմ՝ հայեցակարգն ամրագրում է`

ա) Հայաստանի Հանրապետության լեզվական համապատկերը և կենսունակ լեզվական միջավայր ապահովելու անհրաժեշտ պայմանները,

բ) պետական լեզվաքաղաքականության սկզբունքները,

գ) պետական լեզվաքաղաքականության չափումները,

դ) պետական լեզվաքաղաքականության իրականացման մեխանիզմները:

3. Հայեցակարգը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Լեզվի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և կոչված է իրականացնելու «Հայաստանի վերափոխման 2050 թվականի ռազմավարությամբ» լեզվի բնագավառում սահմանված նպատակները նույն ռազմավարության տրամաբանության շրջանակում։ 

4. Հայեցակարգը մշակելիս հաշվի են առնվել «Լեզվի մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Տեսալսողական մեդիայի մասին», «Կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ը », «Հայերենի թվանշային հավասարության զեկույցը», տարածաշրջանային և միջազգային լեզվական պետական քաղաքականությունների դինամիկան արտացոլող ուսումնասիրությունները, Հայաստանի Հանրապետության սոցիալական ու մշակութային ինտեգրման ռազմավարությունները և դրանց վերաբերող զեկույցները, մասնագիտական գրականությունը, ոլորտին վերաբերող այլ նյութեր։

5. Հայեցակարգը հիմք է դառնալու առանձին ռազմավարական ծրագրերի մշակման համար:

 

    2.    ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

     6. Հայեցակարգի հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածն է, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, 15-րդ հոդվածը ըստ որի՝ հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը գտնվում են պետության հոգածության և պաշտպանության ներքո։

7. Սահմանադրության 56-րդ հոդվածով սահմանվում է նաև ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը, ըստ որի՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք։

8. Ըստ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախաբանի՝ Հայաստանի Հանրապետությունում լեզվահարաբերությունները կարգավորվում են «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

9. Ըստ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում երաշխավորվում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը։

10. «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի հիմնական դրույթների շրջանակում մշակված «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված են լսողության խնդիր ունեցող անձանց տեղեկատվության մատչելիության ապահովման հատուկ պահանջները։ Ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի՝ Պետությունը հայերեն ժեստերի լեզուն ընդունում է որպես հաղորդակցման, ուսուցման և թարգմանչական ծառայությունների տրամադրման միջոց։ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված է «ժեստերի լեզու» հասկացությունը։

11. «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով կարգավորված են նաև Հայաստանի Հանրապետությունում ուսուցանվող և կրթական ու գիտական նպատակներով գործառվող պետական և մյուս լեզուների հարաբերությունները։

12. Ըստ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի՝ պետական լեզվաքաղաքականությունը լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջությունն է՝ ուղղված պետական լեզվի շահերի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը։ Ըստ օրենքի 5-րդ հոդվածի՝ պետական լեզվաքաղաքականության իրականացումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև լիազորված պետական մարմնին։

13. Պետական լեզվաքաղաքականությունը որքան էլ բխում է «Լեզվի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և լեզվի կիրառությունը կարգավորող այլ օրենքներից, այն չի ձևակերպվել որպես Հայաստանի Հանրապետության լեզվական միջավայրի կենսագործունեությանն ու զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն, որը կարող է կայուն շարունակականություն ապահովել Հայաստանի Հանրապետության զարգացող սոցիալական կյանքի կարիքներից բխող ոլորտային քաղաքականությունների մշակման և իրականացման համար։ Այս պայմաններում լեզվաքաղաքականություն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մոտեցումները եղել են հատվածական։

14. Միասնական պետական լեզվաքաղաքականություն չիրականացնելն  իր հետքն է թողել լեզվի բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վրա։ Գործող իրավակարգավորումները համահունչ չեն միմյանց, իսկ լեզվաքաղաքականություն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը համակարգված չէ։ Սա իր հերթին նվազեցնում է պետական լեզվաքաղաքականության իրականացման արդյունավետությունը։

15. Միասնական պետական լեզվաքաղաքականության բացակայությունը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության թվանշային փոխակերպման վրա՝ արդի տեխնոլոգիական զարգացումներին համահունչ լեզվական տեխնոլոգիաներ ապահովելու առումով։

16. Պետական լեզվաքաղաքականության նման հատվածականության պայմաններում ոլորտային կարգավորումները մշտապես շրջանցել են Հայաստանի Հանրապետության տնտեսության թվանշային փոխակերպման լեզվական բաղադրիչը։ Ընդ որում, տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության թվանշացումը անհրաժեշտաբար ենթադրում է լեզվական թվանշային տեխնոլոգիաների առաջնային ու նվազագույն գործիքակազմ, որի առկայությունը միայն թույլ կտա իրացնել լեզվի ամբողջ ներուժը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ արդի սոցիալ-տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումներին համահունչ։ 

17. 2025 թ. մշակված «Հայերենի թվանշային հավասարության զեկույցը» Եվրոպայի 87 լեզուների շարքում հայերենը տեղակայում է լեզուների թվանշային հավասարության երրորդ՝ «Հատվածական տեխնոլոգիական աջակցություն ունեցող լեզուների» խմբում։ Զեկույցն ամրագրում է, որ հայերենը թեև հաղթահարել է թույլ կամ բացակայող տեխնոլոգիական աջակցության փուլը, բայց հարուստ չէ թվանշային ռեսուրսներով, միայն հատվածաբար է ապահովված թվանշային կենսունակության համար անհրաժեշտ գործիքակազմով ու դեռ շարունակելու է առերեսվել թվանշային վտանգվածության խնդրին»։

18. Սույն հայեցակարգի նպատակը Հայաստանի Հանրապետության լեզվական բազմազանության պահպանման և լեզվական կենսունակության ապահովման դրույթներից բխող միասնական պետական լեզվաքաղաքականության մշակումն է՝ միտված պետության հարատևությանն ուղեկցող կայուն զարգացող լեզվական միջավայրի ձևավորմանը:

 

    3.    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԿԵՐԸ

    19. Հայաստանի Հանրապետության լեզվական բազմաշերտ համապատկերը ներառում է հայերենն իր ներքին բազմազանությամբ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետությունում տարբեր կարգավիճակ ունեցող և հաղորդակցական տարբեր իրավիճակներում գործառվող մյուս լեզուները` ապահովելով լեզվական համակեցությունը պետական ու հանրային կյանքում։

20. Ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Ըստ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է, որը հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզուն է:

21. Արդի շրջանում հայերենի զարգացումն ու նորմավորումն ընթացել է երկու տարբերակով` արևելահայ, որն առնվազն վերջին հարյուրամյակում պետական-պաշտոնական լեզվի գործառույթն է ունեցել, ինչպես նաև ապահովել է գրական, գիտական ու մշակութային ոլորտների գործունեությունը, և արևմտահայ, որը լինելով հայ ժողովրդի արևմտահայ հատվածի լեզուն՝ շարունակում է մնալ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում և Հայաստանի Հանրապետությունում բնակվող արևմտահայ գավառներից բռնագաղթած հայերի ու նրանց ժառանգների սոցիալական, գրական ու մշակութային կյանքում գործածվող (ժառանգված) և կրթական հաստատություններում ուսուցանվող՝ հայերենի նորմավորված մյուս տարբերակը։

22. Հայաստանի Հանրապետության լեզվական համապատկերի մաս են հաղորդակցական տարբեր իրավիճակներում փոխգործակցող և կոնկրետ հանգամանքներում լեզվական սոցիալականացում ապահովող հայերենի հետևյալ տարբերակները՝

1) առտնին լեզու՝ մարդկային հասարակության տվյալ խմբավորման բանավոր հաղորդակցման միջոց, որը կարող է լինել գրական լեզվի բանավոր տարբերակը, որևէ բարբառ, խոսվածք և այլն.

2) բարբառներ՝ տեղական լեզվի խոսվածքի բնույթ ունեցող, որևէ մարզով կամ շրջանով և կամ մեկ-երկու գյուղերով սահմանափակված, պատմականորեն առաջացած, բնականորեն մշակված, սահմանափակ միջավայրի լեզու.

3) արգո կամ ժարգոն՝ սոցիալական որոշակի խմբին բնորոշ կամ վերջինիս հաղորդակցական յուրահատուկ կարիքներին արձագանքող «սոցիալական բարբառ».

23. Հայաստանի Հանրապետության լեզվական համապատկերի մաս են և պետական հոգածության ու պաշտպանության ներքո են գրաբարը, միջին հայերենը, ինչպես նաև տարբեր եղանակներով վկայված և այսօր իրենց գործածության աշխարհագրությունը կորցրած հայերենի բարբառներն ու խոսվածքները։

24. Հայաստանի Հանրապետության լեզվական համապատկերի մաս է նաև հայերեն ժեստերի լեզուն:

25. Հայաստանի Հանրապետության լեզվական համապատկերը ներառում է նաև «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» իմաստով Հայաստանի Հանրապետության փոքրամասնությունների լեզուները՝ ասորերենը, եզդիերենը, հունարենը (Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառը), ռուսերենը և քրդերենը, ինչպես նաև նրանցով ստեղծված մշակույթը:

26. Ուսումնական և գիտական նպատակներով Հայաստանի Հանրապետությունում գործածվում են նաև օտար՝ եվրոպական և արևելյան լեզուներ։

27. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ներկայումս պարտադիր ուսուցանվում է առնվազն 2  օտար լեզու. ռուսերենը (1327 դպրոց), անգլերենը (1173 դպրոց), ֆրանսերենը (255 դպրոց), գերմաներենը (214 դպրոց), պարսկերենը (17 դպրոց), չինարենը (6 դպրոց), վրացերենը (4 դպրոց), թուրքերենը (4 դպրոց), ադրբեջաներենը (3 դպրոց), իսպաներենը (2 դպրոց), իտալերենը (2 դպրոց), արաբերենը (1 դպրոց):

28. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես օտար լեզու ուսուցանվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը։ Օտար լեզուների ուղղությամբ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության բուհերում ուսուցանվում և ուսումնասիրվում են նաև անգլերենը, ռուսերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, վրացերենը, պարսկերենը, արաբերենը, չինարենը, թուրքերենը, ադրբեջաներենը, կորեերենը, ճապոներենը, բուլղարերենը, լեհերենը, հունարենը, ռումիներենը, հին սլավոներենը, լատիներենը։

 

      4.    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

     29. Լեզվական համապատկերի մաս կազմող բոլոր լեզուները ապահովում են Հայաստանի Հանրապետության լեզվական միջավայրը, որը գրավոր և բանավոր, թվանշային կամ այլ եղանակներով մատչելի բոլոր լեզուների ու սոցիալ-հաղորդակցական բազմազանության ամբողջությունն է։ Լեզվական միջավայրում են ձևավորվում լեզվական անձի հմտությունները և ինքնարտահայտման եղանակները։

30. Լեզվական տարատեսակությունները (ռեգիստրները) փոխլրացնող հարաբերության մեջ են միմյանց հետ. դրանց սոցալ-հաղորդակցական գործառույթները պարտադիր չէ, որ հատվեն։ Դրանք կարող են բաշխվել հաղորդակցական իրադրության տարատեսակ դրսևորումների միջև։

31. Լեզվական միջավայրի կենսագործունեությունն ապահովվում է լեզվակիրների և  տեղեկության փոխանակման համար անհրաժեշտ հողորդակցական կանոնների պայմաններում, հաղորդակցվողների համար համապատասխան արդյունք ապահովող ընդհանուր մշակութային, սոցիալ-տնտեսական և պետական-քաղաքական համատեքստի առկայությամբ, լեզվական ռեսուրսների հասանելիությամբ։

32. Լեզվական միջավայրում հաղորդակցվողներն ինչպես անհատներն են, այնպես էլ լեզվակիր խմբերը, տարբեր իրավական կարգավիճակ ունեցող կառույցները։

33. Լեզվական միջավայրի կենսունակությունը ենթադրում է սոցիալ-հաղորդակցական այնպիսի համակարգ, որում տեղ չի տրվում առանձին խմբերի ու մշակույթների հանդեպ խտրական խոսույթի արմատավորմանը։

34. Պետության պարտավորությունն է ապահովել սոցիալ-հաղորդակցական տարբեր իրավիճակներում ու նպատակներով կիրառվող լեզվական բազմազանության դրսևորման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներ։

35. Հայաստանի Հանրապետության լեզվական միջավայրի կենսունակությունն ապահովվում է լեզվական համապատկերի պահպանմանն ու զարգացմանն ուղղված՝ սոցիալական կյանքի կարիքների գնահատմամբ իրականացվող օրենսդրական փոփոխություններով և ծրագրերով։

36. Լեզվական միջավայրի զարգացումը չափելի է ժամանակային կտրվածքով դրանում դրսևորվող խոսույթների դինամիկայի ուսումնասիրությամբ։ 

      

 5.    ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

     37. Պետական լեզվաքաղաքականությունը Հայաստանի Հանրապետության լեզվական միջավայրի զարգացման հնարավորություններն ուղենշում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող սոցիալական, ազգային, մշակութային, կրոնական և էթնիկ խմբերի բազմազանության՝ Հայաստանի Հանրապետության պետական, սոցիալ-տնտեսական կյանքում ներառականության և սոցիալ-հաղորդակցական համակեցության տեսանկյունից:

38. Պետական լեզվաքաղաքականության շրջանակում մշակվող ծրագրերը համահունչ  են Հայաստանի Հանրապետության քաղաքականություններին, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և մյուս օրենքների հիմնադրույթներին, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին։ Դրանք դինամիկ կերպով արձագանքում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի փոփոխություններին՝ Հայաստանի Հանրապետության լեզվավիճակն արձանագրող պարբերական մշտադիտարկումների, որակական ու քանակական վերլուծությունների միջոցով։

39. Հայերենը, որպես պետական լեզու, ուղղահայաց հարաբերությունների մեջ է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների, կրթական, գիտական և այլ նպատակներով գործառվող օտար լեզուների հետ:

40. Լեզուն, անմիջականորեն կապված լինելով տարբեր մակարդակներում հաղորդակցության, տեղեկության փոխանակման, կրթություն ստանալու, գիտություն և մշակույթ ստեղծելու, պահպանելու ու փոխանցելու հետ, ոլորտում մշակված քաղաքականությամբ խթանում է բաց ու թափանցիկ սոցիալական միջավայրի ձևավորումը՝ ստեղծելով ազգային ու համամարդկային արժեքներ:

41. Հաղորդակցական կոնկրետ իրավիճակներում ստեղծվող և գործառվող լեզվական տարատեսակությունները լեզվական միջավայրում ապահովում են խոսույթի բազմազանությունը՝ առանց խտրականացնելու այլ խոսույթներ։

42. Հայաստանի Հանրապետության լեզվական միջավայրի զարգացումը, հատվելով թվանշային դարաշրջանում տեղեկատվության հասանելիության ու մատչելիության մարտահրավերներին, ներդաշնակորեն արձագանքում է Հայաստանի Հանրապետության տնտեսության թվանշային փոխակերպման ու պետական կառավարման համակարգի արդիականացման գործընթացներին՝ ապահովելով չափելի և իր զարգացման տրամաբանության մեջ կանխատեսելի լեզվական միջավայր։

 

 6.   ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ

     43. Սույն հայեցակարգի շրջանակում պետական լեզվաքաղաքականությունը պետական ու հանրային կյանքի կարիքներից բխող այնպիսի համալիր գործողությունների մշակում և իրագործում է, որն ապահովում է լեզվական միջավայրի զարգացումը: Ըստ այդմ` պետական լեզվաքաղաքականությունը ձեռք է բերում հետևյալ չափումները.  

1) իրավական և ինստիտուցիոնալ չափում. ցույց է տալիս, թե միջազգայնորեն սահմանված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընդունված մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների շրջանակում իրավական ինչ կառուցակարգերով են իրացվում քաղաքացու լեզվական իրավունքները, ինչպես նաև ինստիտուցիոնալ ինչ մեխանիզմներով են պաշտպանվում այդ իրավունքները.

2) անվտանգային չափում. ցույց է տալիս, թե միջազգային նորմերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակում ինչ գործիքակազմով է ապահովվում Հայաստանի Հանրապետության պետական լեզվի շահերի պաշտպանությունը, ինչպես նաև պետական մեխանիզմների ճկունությունն ու դիմադրողականությունը լեզվական ու մշակութային բազմազանության պահպանման և սոցիալ-հաղորդակցական համակեցության ապահովման հարցում.

3) սոցիալական չափում. ցույց է տալիս, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև միգրացիոն հոսքերով Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները (ապաստան հայցողներ, փախստականներ, հարկադիր տեղահանվածներ, վերադարձածներ) լեզվական մատչելիության տեսանկյունից ինչ չափով են ներգրավված Հայաստանի Հանրապետության սոցիալական կյանքի մեջ` մնալով իրենց լեզվական իրավունքն իրացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրության  և միջազգային կարգավորումների շրջանակում:

4) մշակութային-կրթական չափում. ցույց է տալիս, թե ինչպես է  Հայաստանի Հանրապետությունում կրթությունն արտացոլում Հայաստանի Հանրապետության լեզվական համապատկերը, ինչպես է կրթությունը ձևավորում սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթ։

5) տեխնոլոգիական չափում. ցույց է տալիս, թե տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության թվանշացումն ինչ է ենթադրում լեզվի կենսունակության ու դրա այս կամ այն կարգավիճակի համար, սոցիալ-տնտեսական, գիտա-հետազոտական և կրթական ինչ ռեսուրսների առկայության պայմաններում է հայերենը և Հայաստանի Հանրապետության լեզվական համապատկերի մաս կազմող լեզվական բազմազանությունը ձևավորում կամ զարգացնում հասանելիություն լեզվական տեխնոլոգիաներին և թվանշային հավասարությանը, ինչպես նաև՝ ինչպես են լեզվական տեխնոլոգիաներն աջակցում պետության և տնտեսության թվանշային փոխակերպմանը։

6) հայախոսության չափում. ցույց է տալիս, թե թվանշային և սոցիալ-հաղորդակցական արդի համակարգերի ինչ գործիքակազմով են հայերենը և հայախոս հանրույթները արձագանքում սոցիալ-լեզվական միջավայրի փոփոխություններին ու առաջ եկած նոր մարտահրավերներին Հայաստանի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև՝ ինչ գործիքակազմով է չափվում ժամանակակից հայախոսությունը։

7) թարգմանական չափում. ցույց է տալիս փոխճանաչողությանը միտված գրավոր, բանավոր և այլ եղանակներով իրականացվող միջմշակութային հաղորդակցության զարգացման աստիճանը, ինչպես նաև՝ ինչպես է իրականացվում ազգային արժեքների միջազգայնացումն ու համամարդկային արժեքների ազգային լեզվով տարածումը։

 

        7.    ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ 

44. Սույն հայեցակարգը արտացոլվելու է «Մարդկային կապիտալի և բարեկեցության» ռազմավարության մեջ: Հայեցակարգից կբխեն լեզվի բնագավառին վերաբերող ռազմավարական մոտեցումները և ծրագրերը, առանձին ոլորտային քաղաքականությունները:

45. Հայեցակարգի իրականացումը կարտացոլվի Կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում` ներառելով միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ընկերությունների կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանարապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներից հայեցակարգի շրջանակում մշակվող ծրագրերի իրականացմանն ուղղված նպատակային ֆինանսավորումները:

46. Հայեցակարգն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մարմինները՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, լիազոր մարմինը՝ լեզվի բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաև այլ բնագավառները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

 

  • Duration

    30.12.2025 10.02.2026
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 926

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: