Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ անցկացնելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ), իսկ նոյն հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է ՀՀ կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան մեկ անգամ։

 «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թ. նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի ընդունմամբ դադարեցվեց նախկին «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ուսման կապակցությամբ տարկետում տալու համակարգը, որը նախատեսում էր յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն ուսումնական հաստատություններին տարկետման իրավունքով տեղերի հատկացումը: Նշված համակարգի շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարան ընդունված արական սեռի քաղաքացիները ստանում էին տարկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, ուսումնառության ընթացքում անցնում էին ռազմական պատրաստություն և ուսման ավարտից հետո նրանց շնորհվում էր առաջին սպայական կոչում՝ հաշվառելով պահեստազորում, որից հետո վերջիններս ենթակա էին պահեստազորի բժշկական կազմի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի (ՀՀ կառավարության 19.05.1994թ. N232 որոշում):

Նշված տարկետման համակարգի վերացման արդյունքում սկսած 2018/2019 ուսումնական տարվանից ԵՊԲՀ-ում ուսումնառության համար տարկետում է տրվում միայն «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում, որի ավարտից հետո քաղաքացին զորակոչվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության, այնուհետև 3 ամիս հետո ներգրավվում պայմանագրային զինվորական ծառայության (ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 430-Ն որոշում):

Նախկին տարկետման համակարգով ԵՊԲՀ ընդունված և ավարտած քաղաքացիներին մինչև 2023 թվականը պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելով աստիճանաբար նվազեց նման կարգավիճակ ունեցող քաղաքացիների քանակը, որի արդյունքում 2023 և 2024 թվականներին զորակոչի ենթակա անձանց բացակայության պատճառով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչեր չեն հայտարարվել: Ներկայումս առկա է նման կարգավիճակ ունեցող մեկ քաղաքացի (մինչև 35 տարեկան), որը նախկինում  խուսափել է զորակոչից և դիմել է զորակոչվելու համար:

Միաժամանակ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում 16.01.2024թ. ՀՕ-23-Ն օրենքով կատարված լրացման արդյունքում 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում սահմանվել է, որ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրացած և սույն օրենքի կամ 2021 թվականի հունվարի 1-ին ուժը կորցրած «Զինապարտության մասին» օրենքի կամ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչև 37 տարին լրանալը, իսկ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները մինչև 45 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի կամ պահեստազորի  սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամ, կամ վեց ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ մեկ ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով ութ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, եթե չունեն սույն օրենքով սահմանված՝ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ զորակոչից տարկետման հիմք, կամ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության չզորակոչվել՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Նշված օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2024թ. փետրվարի 12-ին, 2024թ. ընթացքում մինչև 35 տարեկան կամ 35 տարին լրացած և նախկինում զորակոչից խուսափած որևէ քաղաքացի չի դիմել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար, իսկ ներկայումս 35 տարին լրացած մեկ քաղաքացի դիմել է զինկոմիսարիատ՝ ցանկություն հայտնելով զորակոչվելու: Կառավարության որոշմամբ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ հայտարարվելուց հետո հնարավոր է նաև նման կարգավիճակ ունեցող այլ սպաների ներգրավում զորակոչային միջոցառումներին, որի կապակցությամբ նպատակահարմար է զորակոչի թվաքանակը սահմանել մինչև 10 անձ։

Միաժամանակ, հաշվի առնելով զորակոչվողների կարգավիճակը, ինչպես նաև այն հանգամանքը, որ 2023 թվականին չի հայտարարվել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ նախկին որոշումներում առկա պետական մարմիններին հանձնարարականների և զորացրում կատարելու վերաբերյալ դրույթների նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, զորակոչի ենթակա անձանց թվաքանակը և զորակոչ անցկացման ժամկետները:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները։

  Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և կամ այլ ռազմավարություններ։

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ պարբերության հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Զինված ուժերի կիրառման արդյունավետության բարձրացմանը զուգահեռ լուծելով նաև անձնակազմի համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրները:

 

  • Duration

    26.12.2025 10.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 242

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: