Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.  Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է սոցփաթեթի շահառուներին հասանելիք սոցփաթեթի միջոցները նաև առողջության համընդհանուր ապահովագրության նպատակով ծախսելու մեխանիզմներ սահմանելու նպատակով, ինչպես նաև պայմանավորված է սոցփաթեթի շահառուների՝ 2026 թվականի հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվելու հանգամանքով, որի համատեքստում սոցփաթեթի կարգով սահմանված առողջապահական փաթեթի բաղադրիչի վերաբերյալ կարգավորումները վերանայելու անհրաժեշտություն է առաջացել։

 

2.        Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

 

1) Սոցփաթեթի շահառուներին[1] հասանելիք սոցփաթեթի միջոցները նաև առողջության համընդհանուր ապահովագրության նպատակով ծախսելու մեխանիզմներ սահմանելու նպատակով կատարվող փոփոխություններ.

ՀՀ կառավարության 27.12.2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ (այսուհետև՝ Որոշում) սահմանված ընդհանուր կարգի համաձայն՝ սոցփաթեթի շահառուին հասանելիք սոցփաթեթի գումարները սոցփաթեթի շահառու կազմակերպության սոցփաթեթի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետև՝ պատասխանատու ստորաբաժանում) փոխանցում է շահառուի բանկում բացված սոցփաթեթի հատուկ հաշվին, որտեղից էլ շահառուն օգտագործում է սոցփաթեթի գումարները Որոշմամբ սահմանված սոցփաթեթի ծախսման ուղղություններին համապատասխան կամ սահմանված դեպքերում՝ կանխիկացնում է իր սոցփաթեթի միջոցները։

Նախագծով առաջարկվող լուծումներով՝

1. ներդրվում է նոր մեխանիզմ, մասնավորապես, համաձայն որի՝ սոցփաթեթի շահառուն կարող է սահմանված կարգով դիմել պատասխանատու ստորաբաժանմանը իրեն հասանելիք սոցփաթեթի ամսական գումարները բանկի սոցփաթեթի հաշվին փոխանցելու փոխարեն՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով (այսուհետև՝ Օրենք) սահմանված կարգով Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին (այսուհետև՝ Ապահովագրության հիմնադրամ) փոխանցելու նպատակով։ Տվյալ դեպքում դիմումը ընթացք տալու պարագայում (նախագծով սահմանվում են նաև այն դեպքերը, երբ պատասխանատու ստորաբաժանումը պետք է մերժի շահառուի համապատասխան դիմումը, օրինակ, այն դեպքում, երբ շահառուն բանկում ունի արդեն իսկ ձևավորված պարտավորություն, որը մարված չէ։ Պարտավորության մարումից հետո շահառուն կարող է կրկին դիմել պատասխանատու ստորաբաժանում՝ համապատասխան փոխանցումները Ապահովագրության հիմնադրամին կատարելու համար)՝ պատասխանատու ստորաբաժանումը տվյալ շահառուին հասանելիք սոցփաթեթի ամսական գումարին ավելացնում է նաև շահառուի ապահովագրավճարի հաշվարկման բազայից Օրենքով սահմանված կարգով վճարման ենթակա ամսական ապահովագրավճարի չափի մնացած գումարը, և ստացված ընդհանուր գումարը (շահառուի համար վճարման ենթակա ամսական ապահովագրավճարը)՝ սահմանված կարգով և ժամկետում փոխանցում Ապահովագրության հիմնադրամի գանձապետական հաշվին։

Այսինքն, նման տարբերակով նորմալ ծանրաբեռնվածությամբ (1 դրույքով) աշխատող սոցփաթեթի շահառուի ամսական ապահովագրավճարից (10800 դրամից) կարող է նվազեցվել ամսական 6000 դրամ[2] (համամասնորեն նվազում է կախված աշխատողի ծանրաբեռնվածությունից (աշխատաժամանակի տևողությունից)։

Ընդ որում՝ նախատեսվում է, որ պատասխանատու ստորաբաժանմանը համապատասխան փոխանցումները կատարելու համար կարող է դիմել՝

- ինչպես սոցփաթեթի շահառուի իրավունքը նոր ձեռք բերած անձը, որը դեռևս սոցփաթեթի հատուկ հաշվի մասին տեղեկանք չի ներկայացրել պատասխանատու ստորաբաժանում և համապատասխան դիմումը չի գրել (այս դեպքում շահառուն միայն պատասխանատու ստորաբաժանմանը կներկայացնի Ապահովագրության հիմնադրամին սոցփաթեթի միջոցները փոխանցելու վերաբերյալ դիմումը),

-այնպես էլ՝ այն սոցփաթեթի շահառուն, որի սոցփաթեթի գումարները պատասխանատու ստորաբաժանումն ամսական կտրվածքով փոխանցում է իր սոցփաթեթի հաշվին (այս դեպքում շահառուն պատասխանատու ստորաբաժանմանը կներկայացնի դիմում՝ սոցփաթեթի գումարները բանկում բացված սոցփաթեթի հաշվին փոխանցելու փոխարեն Ապահովագրության հիմնադրամին փոխանցելու նպատակով)։

2. սահմանվում է կանխիկացման[3] նոր ուղղություն, որը նախատեսվում է՝ Օրենքով սահմանված կարգով ապահովագրավճար վճարող սոցփաթեթի շահառուի կողմից՝ որպես իր համար կամ իրեն փոխկապակցված անձի համար վճարված ապահովագրավճարի փոխհատուցում։ Տվյալ դեպքում՝ սոցփաթեթի շահառուն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա (կուտակված) սոցփաթեթի միջոցներից կարողանալու է կանխիկացնել որոշակի գումար՝ նախորդ տարվա ընթացքում իր համար կամ իրեն փոխկապակցված անձի համար Ապահովագրության հիմնադրամին փոխանցված ընդհանուր գումարի չափի շրջանակներում։ Կանխիկացումը կատարվելու է Ապահովագրության հիմնադրամի կողմից տրված տեղեկատվության հիման վրա (Ապահովագրության հիմնադրամից համապատասխան տեղեկատվությունն ստանալու է բանկը` առցանց եղանակով կատարված հարցման միջոցով):

Այսինքն, սոցփաթեթի շահառուն իրեն հասանելիք և իր սոցփաթեթի հաշվին կուտակված սոցփաթեթի գումարներից կարողանալու է կանխիկացնել նախորդ տարվա իր կողմից վճարված ապահովագրավճարի ընդհանուր գումարի շրջանակներում սոցփաթեթի գումարներ։ Սույն տարբերակը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ սոցփաթեթի շահառուների համար, օրինակ, իրենց փոխկապակցված անձանց համար ևս ապահովագրավճար վճարելու համար։ Բացի այդ որոշակիորեն կմեղմվի վերջիններիս ֆինանսական ծանրաբեռնվածությունը, և, կհանդիսանա լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիք։

3. սոցփաթեթի ծախսման ուղղություններում[4] լրացվում է նոր ուղղություն, համաձայն որի՝ սոցփաթեթի շահառուն կարողանալու է իրեն՝ Օրենքով սահմանված փոխկապակցված անձի համար (Օրենքով է սահմանված շրջանակը, օրինակ, հայրը, մայրը, ամուսինը, զավակը, ով չի օգտվում ապահովագրության համակարգից) ինքնուրույն վճարման ենթակա ապահովագրավճարի գումարը մարել իր սոցփաթեթի բանկում կուտակված կամ բանկի սոցփաթեթի հաշվին փոխանցման ենթակա գումարներից (բանկին կարող է շահառուի կողմից տրվել հանձնարարական իր սոցփաթեթի գումարները բանկ փոխանցվելուց հետո բանկի կողմից Ապահովագրության հիմնադրամ փոխանցելու համար)։

Միաժամանակ, այն մասով, թե ինչու է սույն ուղղության մասով նախատեսվել միայն փոխկապակցված անձի համար սոցփաթեթի միջոցներից ծախսելու հնարավորությունը, կարող է նշվել այն, որ Օրենքով սահմանված ընթացակարգի համաձայն՝ ապահովագրավճար վճարող աշխատողը (սոցփաթեթի շահառուն) ցանկության դեպքում՝ փոխկապակցված անձի համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու համար ինքնուրույն է կատարելու ապահովագրավճարների մարումը, իսկ ընդհանուր կարգին համապատասխան՝ իր համար ապահովագրավճարները որպես կանոն վճարելու է Օրենքով սահմանված հարկային գործակալը (այսինքն՝ սոցփաթեթի շահառու կազմակերպությունը)։

Նշված լուծումների մասով էական է նաև այն, որ սոցփաթեթը սպասարկող բանկերում սոցփաթեթի շահառուների հաշիվներին առկա է զգալի ծավալով կուտակված գումար, որը նշված 2-րդ և 3-րդ տարբերակներով կարող է օգտագործվել նաև առողջության ապահովագրության նպատակով։

***

2) սոցփաթեթի շահառուների՝ 2026 թվականի հունվարի 1-ից համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվելու համատեքստում սոցփաթեթի կարգով սահմանված առողջապահական փաթեթի բաղադրիչի վերաբերյալ կարգավորումները վերանայող փոփոխություններ

 

Առողջապահական փաթեթի հասկացությունն է շարադրվում նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ առողջապահական փաթեթը առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում ապահովագրված սոցփաթեթի շահառուներին Օրենքով սահմանված կարգով տրամադրվող ապահովագրական փաթեթն է լինելու, իսկ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում չապահովագրված և առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթ չունեցող սոցփաթեթի շահառուներին (բացառությամբ այն դեպքում, երբ սոցփաթեթի շահառուի՝ ապահովագրված անձի կարգավիճակը դադարում է ապահովագրավճարը Օրենքով սահմանված կարգով և նախատեսված վճարման ենթակա ժամանակահատվածում չվճարելու պատճառով)՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով տրամադրվող առողջապահական ծառայությունների փաթեթը։

Սույն տարբերակով հասկացությունը նախատեսվում է, որպեսզի որևէ սոցփաթեթի շահառու չզրկվի իրեն հասանելիք առողջապահական ծառայությունները, որպես սոցփաթեթի շահառու, անվճար ստանալու իրավունքից (հաշվի է առնվել նաև Օրենքի անցումային կարգավորումներով նախատեսված՝ անձանց խմբերի տարբեր տարիներին ապահովագրության համակարգում ընդգրկվելու հանգամանքը), և, եթե 2026 թ. հունվարի մեկից ապահովագրության համակարգում չընդգրկվող խմբում լինեն որոշ սոցփաթեթի շահառուներ՝ նրանց տրամադրվի առողջապահական ծառայությունների համարժեք փաթեթ՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով։

Բացի այդ, սոցփաթեթի հատկացման կարգից հանվում է այն պարտադիր պահանջը, համաձայն որի՝ սոցփաթեթի շահառուներն իրենց սոցփաթեթի գումարներն օգտագործելու համար պարտավորված են լինելու տարին մեկ անգամ անցնելու պարտադիր կանխարգելիչ բուժզննություն։

Ըստ այդմ, սոցփաթեթի շահառուների առողջապահական հարցերի կարգավորումը, այդպիսով վերապահվում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։

Մյուս կողմից, առողջության պահպանությանը նպատակաուղղված վերը նշված պարտադիր տարեկան բժշկական զննության կարգավորումը հանվում է՝ հաշվի առնելով նաև այն, որ Օրենքով սահմանված ընդհանուր կարգավորումներով որպես ապահովագրված անձի ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայման առանձնացվել է պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն անցնելը կամ զննություն անցնելու համար լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հերթագրված լինելը: Այն դեպքերը, որոնց պարագայում պարտադիր չի լինելու պարտադիր բժշկական կանխարգելիչ զննություն անցնելը՝ հանդիսանում են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման դեպքերը:

 

Վերոգրյալ նոր ընթացակարգերի ներդրման կապակցությամբ նախագծով համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ինչպես սոցփաթեթի հատկացման ընդհանուր կարգավորումներում (այդ թվում՝ սոցփաթեթի գումարները պատշաճ չփոխանցելու դեպքում պատասխանատվության մեխանիզմներ սահմանող նորմերում), այնպես էլ՝ սոցփաթեթի հաշիվները սպասարկող բանկերի հետ կնքվող պայմանագրերի օրինակելի ձևում և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ամսական պարբերականությամբ ներկայացվող տեղեկատվության բովանդակության մեջ։

 

3.        Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

Նախագծի բուն կարգավորումները պետական բյուջեի ծախսերը չեն ավելացնի՝ հաշվի առնելով այն, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ժամանակ արդեն իսկ հաշվարկվել են պետական բյուջեի ծախսերում սպասվելիք փոփոխությունները։

Ինչ վերաբերում է եկամուտներում փոփոխությանը, ապա նախագծով առաջարկվող լուծումները, ինչպես նշվեց, խթան կարող են հանդիսանալ սոցփաթեթի շահառուների համար իրենց փոխկապակցված անձանց ևս ապահովագրելու համար։ Տվյալ դեպքում, փոխկապակցված անձանց համար ապահովագրավճարների վճարումն անուղղակիորեն կարող են ազդել ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացման և ծախսերի նվազեցման վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխկապակցված անձանց գծով առողջապահական հնարավոր ծախսերը ՀՀ պետական բյուջեից կնվազեն։

 

4.        Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

1) «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթում որպես 4-րդ մեգանպատակ ընդգծվում է այն բոլոր անհրաժեշտ պայմանների ապահովումը, որոնք ուղղված են առողջ ապրելակերպին, առողջության պահպանմանը, վերականգնմանը և արդյունավետ աշխատանքային գործունեությանը:

2) ՀՀ կառավարության 18.08.2021 թ. N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի՝

- 4.5 «Առողջապահություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը Կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Նախատեսվել է նաև, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում:

      - 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսված է ընդլայնել պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքները:

Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակաուղղված են ինչպես սոցփաթեթի շահառուների առողջության պահպանմանն ու բարելավմանը, այնպես էլ՝ պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնմանը։

 

5.        Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

6. Ակնկալվող արդյունքը

Պետական հատվածի աշխատողների սոցիալական երաշխիքների ընդլայնում, այդ թվում՝ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրմամբ պայմանավորված սոցփաթեթի շահառուների ֆինանսական բեռի մեղմման մեխանիզմների սահմանում, սոցփաթեթի ծախսման ուղղությունների ընդլայնում։



[1] Սոցփաթեթի շահառու են հանդիսանում հանրային ծառայողները (բացառությամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝ պետական քաղաքական, պետական վարչական, ինքնավար (բացառությամբ դատավորների, դատախազների և քննիչների) պաշտոններ զբաղեցնող, գլխավոր դատախազի և նրա տեղակալների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի խորհրդականների, օգնականների, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող անձանց), դատավորները, կրթության, մշակույթի և սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների մի շարք ՊՈԱԿ-ներում հաստիքացուցակով նախատեսված պաշտոն զբաղեցնողները, մի շարք այլ պետական կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և Հայաստանի Հանրապետության «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք: ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ Է Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետով։

[2] Սոցփաթեթի շահառուներին տրամադրվող միջոցները տարեկան կտրվածքով կազմում են տարեկան առավելագույնը 72,000 դրամ (համամասնորեն նվազում է կախված աշխատողի ծանրաբեռնվածությունից (աշխատաժամանակի տևողությունից))։ Սահմանված է Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 4-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությամբ։

 

[3] Որոշման N 1 հավելվածի 36-րդ կետով սահմանված են կանխիկացման հետևյալ դեպքերը.

     աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու, սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման ժամանակ, երբ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցփաթեթի գումար չի փոխանցվել,

     աշխատողի մահվան դեպքում՝ ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան փոխանցելու ժամանակ,

     որպես կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում կատարված սոցիալական վճարների փոխհատուցում։

[4] Որոշման N 2 հավելվածով սահմանված են սոցփաթեթի ծախսման հետևյալ ուղղությունները.

·               հանգստի ապահովում.

·               ուսման վճարի փոխանցում.

·               գույքի ձեռքբերման կամ կառուցապատման նպատակով տրամադրված բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի ամսական վճարի մարում.

·               առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու վճարի մարում, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայություններ.

·               մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու վճարի մարում.

·               պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի ամսական վճարի մարում։

 

  • Duration

    21.12.2025 05.01.2026
  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 153

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: