«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 25.11.2025 10:46:34 | Նախագծի 43-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետի կապակցությամբ հարկ է նկատել, որ հանրային պաշտպանության ապահովումը դադարեցնելը կարող է հանգեցնել մեղադրյալի իրավական օգնություն ստանալու և արդար դատաքննության իրավունքների խախտմանը։ Եթե վարույթն իրականացնող մարմինը պարզապես չի տրամադրում համապատասխան տեղեկատվությունը կամ ձգձգում է այն տրամադրելը, և եթե տվյալ գործը պաշտպանի պարտադիր մասնակցության դեպք չէ, ապա ստացվում է, որ մեղադրյալը կարող է փաստացի մնալ առանց պաշտպանության։ Վարույթն իրականացնող մարմինները կարող են փաստացի ձգձգել տեղեկատվության տրամադրման ժամկետները, ստեղծելով պայմաններ, որ մեղադրյալը սեփական միջոցներով հրավիրի փաստաբան, իսկ եթե մեղադրյալը չունենա բավարար ֆինանսական միջոցներ, ապա նա առհասարակ զրկվելու է թե՛ հանրային պաշտպանի, թե՛ փաստաբանի ծառայություններից։ Հանրային պաշտպանությունն ապահովելը դադարեցնելու հնարավորությունը, թեև տրամաբանական է չարաշահումների դեմ պայքարում, բայց կարող է հանգեցնել ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավական օգնություն ստանալու իրավունքի խախտմանը (ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդված)։ Եթե հանրային պաշտպանության ապահովումը դադարեցվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ապա այն կարող է որոշակիորեն իր մեջ ռիսկեր պարունակել, կախվածություն և շահագրգռվածություն, ինչի արդյունքում էլ չի երաշխավորվի անձի/մեղադրյալի ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների արդյունավետ իրացումը:
Բացի այդ, սույն նախագծով սահմանված տասնօրյա ժամկետը գործնականում հաճախ անիրատեսական է։ Քրեական գործերով հաճախ տեղեկատվության տրամադրումը ֆիզիկապես հնարավոր չէ ստանալ 10 օրվա ընթացքում։ Հետևաբար՝ օրենքը կարող է չկատարվել կամ գործարկվել սահմանափակ նպատակներով։ Վերոգրյալի համատեքստում ևս կարող են խախտվել ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածով սահմանված անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Առաջարկություն՝ Նախագծի 43-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետում նախատեսված նոր կանոնակարգին ավելացնել հետևյալ պարբերությունը․ "Հանրային պաշտպանությունն ապահովելու դադարեցումը չի կարող հանգեցնել քրեական վարույթում մեղադրյալի պաշտպանություն ունենալու իրավունքի խախտմանը։ Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կողմից պաշտպանությունն ապահովելու դադարեցման մասին որոշումը ուժի մեջ է մտնում միայն այն ժամանակ, երբ նույն պահին ապահովված է տվյալ անձի պաշտպանությունն այլ պաշտպանով։"։ Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահանջվող տեղեկության չտրամադրումը չի կարող որևէ բացասական հետևանք առաջացնել մեղադրյալի համար, և համարվում է ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, որի մասին հանրային պաշտպանի գրասենյակը իրավասու է հայտնել վերադաս մարմիններին։ Ինչպես նաև, առաջարկվում է տասնօրյա ժամկետը սահմանել քսանօրյա ժամկետ։
|
Չի ընդունվել։ Նախագծով առաջարկվող կարգավորումների շրջանակներում նախատեսված է վարույթն իրականացնող մարմնի պարտականություն՝ տասնօրյա ժամկետում անհատույց հանրային պաշտպանի գրասենյակին տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը, որպիսի պայմաններում վարույթն իրականացնող մարմինը տվյալ հարցի կապակցությամբ չունի հայեցողություն կամ հնարավորություն՝ երկարաձգելու համապատասխան տեղեկատվությունը տրամադրելու ժամկետը։ Հարկ է նաև նշել, որ առաջարկվող կարգավորումները նպատակ են հետապնդում առհասարակ սահմանափակելու քննարկվող ընթացակարգային երաշխիքի՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրման դեպքերն այն անձանց պարագայում, որոնք ունեն բավարար կարողություն ապահովելու իրենց իրավունքների լիարժեք պաշտպանությունը՝ սեփական միջոցների հաշվին։ Ընդ որում, նշվածը չի հակադրվում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավադրույթներին, մասնավորապես՝ նշված կոնվենցիայի 3-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները՝ պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը։», այսինքն, անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հիմքերից մեկը բավարար միջոցներ չունենալն է, իսկ նախագծով առաջարկվող կարգավորումների առանցքում դրված է հենց տրամաբանությունն առ այն, որ եթե անձն ունի բավարար միջոցներ, վերջինս չի օգտվում նշված երաշխիքից։ Հատկանշական է նաև, որ տեղեկատվությունը չտրամադրելու հետևանքը անվճար իրավաբանական օգնության տրամադրման դադարեցումն է, սակայն նախատեսված են բացառություններ, մասնավորապես՝ այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով պաշտպանի մասնակցությունը վարույթին պարտադիր է, իսկ մեղադրյալը չի հրավիրել պաշտպան։ Առաջարկը՝ տեղեկատվության տրամադրման ժամկետի երկարաձգման մասով ընդունելի չէ, քանի որ նման տեսակի տեղեկատվություն ձեռք բերելը սկզբունքորեն չի պահանջում նման երկար ժամկետ, ինչպես նաև դա չի բխելու ընդհանուր վարույթի արդյունավետությունից։ |
|||
| 2 | Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 25.11.2025 14:51:45 | «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է 214․4 հոդվածի 3-րդ մասով սահմանել, որ․ «Այն դեպքերում, երբ վիճարկվող որոշումն ընդունվել է մեկից ավելի փաստական հիմքերով, ապա դրանցից առնվազն մեկի առկայությունը հաստատվելը բավարար է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու պահանջը մերժելու համար:»։
Կարծում ենք, որ առաջարկվող կարգավորումը իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ․ Առաջարկվող կարգավորումից բխում է, որ նույնիսկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման համար հիմք ծառայած փաստական հիմքերից մի մասը հաստատված չհամարելու դեպքում դատարանը պետք է մերժի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու պահանջն ամբողջությամբ, այնինչ նշված փաստական հիմքերից նույնիսկ մեկի չհաստատվելը կարող է էական նշանակություն ունենալ առնվազն անձի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցի ընտրության համաչափության գնահատման համատեքստում։ Այլ կերպ ասած՝ փաստական հիմքերից որոշների չհաստատվելը կարող է հանգեցնել անձի նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցի անհամաչափության վերաբերյալ հիմնավոր հետևության, ուստի նման պարագայում դատարանին հայցը մասնակի բավարարելու լիազորությունից օրենքի ուժով զրկելը բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն կհանգեցնի ինքնակարգավորվող կազմակերպությունների անդամների արդյունավետ դատական պաշտպանության միջոց ունենալու իրավունքի խախտումների։ Նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծից հանել 214․4 հոդվածի 3-րդ մասը։ |
Ընդունվել է։ Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն։ |