ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգման և հստակեցման, առանձին իրավական նորմերի վերանայման, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Օրենսգրքի կարգավորումներով`
1) ապրանքների վերադարձի դեպքերի մասով գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսված է միայն պիտանիության ժամկետ ունեցող ապրանքների համար և այն դեպքերի համար, երբ ապրանքների ընդունման պահին պարզվում է, որ ապրանքը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին և այն ենթակա է վերադարձման,
2) գործարքների ճշգրտման դեպքում հարկային պարտավորությունների արտացոլման հետ կապված, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պարտավորությունները, ճշգրտման արդյունքները ենթակա են արտացոլման գործարքի ճշգրտման հաշվետու ժամանակաշրջանում, մնացած դեպքերում և մյուս հարկատեսակների մասով ճշգրտման արդյունքները ենթակա են արտացոլման գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում,
3) օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ԱԱՀ վճարող համարվելու դեպքերն ու ժամկետները: Այդ հոդվածով առանձնահատկություններ սահմանված է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ու հանրային սննդի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար, որոնց կիրառման ընթացքում առաջանում են խնդիրներ,
4) ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ՀՀ-ում իրականացվող գործարքների մասով, եթե գործարքների կողմերը չեն համարվում ԱԱՀ վճարողներ, ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունները կրում են ոչ ռեզիդենտ կազմակերպությունները: Ընդ որում, ԱԱՀ-ի գծով պարտավորությունները կրում են ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, եթե գործարքի կողմերը շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ են, կամ մատուցվում է էլեկտրոնային ծառայություններ ֆիզիկական անձանց ու օրենսգրքով սահմանված դեպքերում իրականացվում է էլեկտրոնային հարթակներով ապրանքների վաճառք ֆիզիկական անձանց: Այդ պարտավորությունների կատարման համար սահմանված են ԱԱՀ-ի հաշվարկման, հաշվետու ժամանակաշրջանների և ԱԱՀ-ի գծով հարկային հաշվարկների ներկայացման տարբեր կարգավորումներ,
5) առանձին ոլորտներին վերաբերող օրենսդրական կարգավորումներին (հարակից օրենսդրություն) համապատասխան հարկային օրենսգրքով սահմանված են որոշակի առանձնահատկություններ, մասնավորապես՝ ԱԱՀ-ից ազատման արտոնություններ, հետևաբար՝ հարակից օրենսդրության փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտ է հստակեցումներ կատարել նաև օրենսգրքում:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կանոնակարգել վերոնշյալ դրույթների կիրառման հետ կապված հարցերը, ինչպես նաև օրենսգրքի առանձին կարգավորումների կիրառման հետ կապված կատարել համապատասխան հստակեցումներ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է.
1) կանոնակարգել ապրանքի վերադարձի դեպքում գործարքի ճշգրտման հետ կապված հարցերը և գործարքի ճշգրտման հնարավորություն նախատեսել ապրանքի վերադարձի այն բոլոր դեպքերի համար, երբ գործարքի առարկա հանդիսացող ապրանքը ենթակա է վերադարձման,
2) կանոնակարգել հարկային հաշիվներից բացի այլ հաշվարկային փաստաթղթերով (այդ թվում` ՀԴՄ կտրոններով) ձեռքբերումների վերադարձի մասով գործարքների ճշգրտման դեպքում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում արտացոլելու հետ կապված հարցերը` նախատեսելով, որ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով ճշգրտումները արտացոլվում են ճշգրտման ժամանակաշրջանի համար ներկայացվող միասնական հաշվարկում, բացառությամբ՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարների ավելացման դեպքերի, որոնք պետք է արտացոլվեն մատակարարումների օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում,
3) վաղեմության ժամկետով (գործարքի կատարման տարվան հաջորդող 3 տարի) պայմանավորված սահմանափակումը կիրառել նաև դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի չեղարկման մասով (ներկայումս այն սահմանված է և կիրառվում է հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման, ինչպես նաև ճշգրտման մասով),
4) հստակեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող հարկ վճարողների կողմից մինչև ԱԱՀ շեմը (115 մլն դրամ) գերազանցելը իրականացվող ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների (ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում, աշխատանքների կատարում) մասով ԱԱՀ-ի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերը: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ՝
ա. ԱԱՀ-ի կիրառության իմաստով գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր են համարվում օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողները,
բ. գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման գործարքների մասով ԱԱՀ չեն հաշվարկելու և վճարելու, իսկ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով՝ հաշվարկելու և վճարելու են ԱԱՀ,
5) հստակեցնել ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից ՀՀ-ում իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունների կատարմանը վերաբերող դրույթները։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետք է հաշվարկի ու վճարի ԱԱՀ` ՀՀ-ում իրականացվող ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով, եթե գործարքի կողմը ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր է, ինչպես նաև ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օրենսգրքով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման համար կիրառել նույն կարգավորումները` հաշվետու ժամանակաշրջանի, հարկի վճարման ու հարկային հաշվարկների ներկայացման ժամկետների առումով,
6) հստակեցնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի՝ ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի ու ժամկետների հետ կապված հարցերը` օրենսգրքի 59-րդ հոդվածից հանելով, ըստ էության, չկիրառվող դրույթները,
7) առանձին ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով պայմանավորված (մասնավորապես` կրթության և զբոսաշրջության ոլորտ), ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման մասով օգտագործվող հասկացությունները համապատասխանեցնել այդ ոլորտը կանոնակարգող օրենքներով սահմանված հասկացություններին,
8) վերանայել սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվը մատակարարի կողմից չեղարկելու և այդ հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռքբերողի կողմից ԱԱՀ-ի գումարը հաշվանցելու կանոնը` նախատեսելով, որ այն ենթակա են հաշվանցման գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանում` այն գումարի չափով, որի մասով մինչև հաշվարկային փաստաթղթի չեղարկումն օրենսգրքով սահմանված կարգով ու չափով կատարվել է հաշվանցում,
9) վերանայել ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար ակցիզային հարկի գումարները մաքսային մարմիններին վճարելու հետ կապված դրույթը և նախատեսել, որ այդ ապրանքատեսակների ներմուծման մասով ակցիզային հարկի գումարները ևս ՀՀ պետական բյուջե պետք է վճարվեն մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ,
8) հստակեցնել հարկ վճարողների՝ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու, ինչպես նաև հարկային մարմնում հաշվառված` ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություններին հաշվառումից հանելու հետ կապված դրույթները։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։
8․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առաջարկվող բովանդակային, խմբագրական փոփոխություններով ու լրացումներով հստակեցնել և կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում բարձրացված հարցերը:
-
Discussed
28.10.2025 - 12.11.2025
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 2241
Print