ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող լրացումները պայմանավորված են կառուցապատողների հատուկ հաշիվների նկատմամբ գործող սահմանափակումների մեղմման և դրանց արդյունավետ կիրառման նպատակով։
Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները կառուցապատողների հատուկ հաշվի միջոցների օգտագործման առումով սահմանում են սահմանափակումներ, ինչը հանգեցնում է ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների։ Նախագծով առաջարկվում է այդ միջոցների հաշվին թույլատրել պետական դրամային պարտատոմսերի ձեռքբերում, միաժամանակ պահպանելով հատուկ հաշվի՝ որպես ռիսկերի կառավարման գործիքի նշանակությունը։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդների օգտագործման մասով առկա են օրենսգրքով նախատեսված սահմանափակումներ, որոնք բխում են հատուկ հաշվիների կիրառման տրամաբանությունից։ Այս հաշիվներում առկա միջոցների նկատմամբ պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան ՀՀ առևտրային բանկերը կարող են հաշվարկել տոկոսներ, որոնք համարվում են կառուցապատողների եկամուտներ և օրենսգրքի դրույթների համաձայն մուտք են գործվում կառուցապատողների բանկային հաշիվներին՝ վերջիններիս կողմից առանց սահմանափակման տնօրինվելու իրավունքով։
Միևնույն ժամանակ, նշված տոկոսների մեծությունները հաճախ համադրելի չեն շուկայում դրամական միջոցների ներդրման դիմաց ակնկալվող շուկայական տոկոսների մեծություններին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ միջոցները կառուցապատողների կողմից օգտագործելու կամ այլ գործիքներում ներդնելու սահմանափակումներ են առկա։
- Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները․
Վերոհիշյալ խնդիրը լուծելու և միաժամանակ կառուցապատողի հատուկ հաշիվների՝ որպես ռիսկերի կառավարման գործիքի գործառույթը չխաթարելու հանգամանքից ելնելով, Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներում՝ կառուցապատողներին թույլ տալով կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների հաշվին ձեռք բերելու պետական դրամային պարտատոմսեր, որոնց դիմաց ստացված տոկոսային եկամուտը կմուտքագրվի կառուցապատողի բանկային հաշվին, իսկ պարտատոմսերի մարումից կամ իրացումից ստացվող միջոցները՝ բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին։
Ընդ որում, նախատեսվում է նաև, որ կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի համար օրենսգրքով սահմանված սահմանափակումները (գրավադրում, արգելադրում, բռնագանձում և այլն) հավասարապես կիրառելի են նաև պարտատոմսերի նկատմամբ։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ կբարձրանա կառուցապատողների հատուկ հաշվի միջոցների օգտագործման արդյունավետությունը, և առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ապահովել կառուցապատողի հատուկ հաշվում առկա միջոցների նկատմամբ ավելի բարձր տոկոսային եկամուտներ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և(կամ) այլ ռազմավարություններ».
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի 2․ «Տնտեսություն» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» ենթաբաժնում ամրագրված ՀՀ կառավարության ստանձնած հանձնառություններից։
Նախագծով առաջարկվող կարգավորմամբ բարելավվելու է տնտեսության ներդրումային միջավայրը՝ հնարավորություն տալով օգտագործել պետական պարտատոմսերի շուկան՝ որպես կառուցապատողների ֆինանսական միջոցների արդյունավետության բարձրացման գործիք։
-
Discussed
07.10.2025 - 24.10.2025
-
Type
Legal code
-
Area
Economy, Financial
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 905
Print