Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվում է նախատեսել օրենսդրական կարգավորում՝ հոգեբանի իրավունքների և պարտականությունների շրջանակի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է նաև անչափահասների մասնակցությամբ քննչական և դատավարական գործողությունները իրականացնել բազմամասնագիտական կենտրոններում, ինչն ենթադրում է երեխաների, որպես քրեական վարույթի մասնակիցների, արժանապատվության և հոգեկան անվտանգության պահպանում, արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացում, իրավական և սոցիալական արդարության հավասարակշռում, քննչական և դատավարական գործողությունների պայմանների հարմարեցում անչափահասի հոգեկան և հուզական վիճակին, կրկնակի վիկտիմիզացիայի ռիսկերի չեզոքացում և կրկնակի հարցաքննության անհրաժեշտության բացակայություն։

 

  • Discussed

    30.09.2025 - 21.10.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure, Juvenile justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 926

Print

Suggestions

Մուշեղ Բաբայան

05.10.2025

Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի»: Այս համատեքստում Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 61․1-րդ հոդվածի շարադրանքը չի համապատասխանում վերը նշված օրենսդրական պահանջին։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է համարակալել այդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կետերը։ 2․ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացվող 61․1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հոգեբանի իրավունքները, այդ թվում՝ անչափահասի հետ քննչական գործողությունն սկսելուց առաջ նրան տրվող հարցերի վերաբերյալ հոգեբանի առաջարկություններ ներկայացնելու, այդ հարցերը նախապես հոգեբանի հետ համաձայնեցնելու առնչությամբ։ Սակայն, այդ հոդվածի համապատասխան կետերի շարադրանքից հետևում է, որ հոգեբանի հետ համաձայնեցվում են միայն քննիչի, մեղադրյալի, պաշտպանի կողմից անչափահասին տրվող հարցերը։ Շարադրանքից դուրս են մնացել դատաքննության կամ ցուցմունքների դեպոնացման ընթացքում դատախազի և դատավորի կողմից տրվող հարցերը։ Նախագծում այդ կետերի ձևակերպումը հետևյալն է․ Հոգեբանն իրավունք ունի (…) <<.անչափահասի հետ կապված քննչական գործողությունն սկսելուց առաջ առաջարկել քննիչի կողմից տրվելիք հարցերի ձևակերպումներ. .առաջարկել մեղադրյալի, պաշտպանի կամ այլ անձանց կողմից անչափահասին ուղղված հարցերը նախապես համաձայնեցնել իր հետ՝ առանց անչափահասի հետ անմիջական հաղորդակցության>>: Թեպետ վերը նշված 2-րդ կետում առկա է <<կամ այլ անձանց>> արտահայտությունը, ինչը սակայն, վերաբերելի չի կարող լինել դատախազին կամ դատավորին։ Նախ՝ այդ կետում թվարկված են վարույթի մասնավոր մասնակիցները և շարադրանքը չի կարող վերաբերվել վարույթի հանրային մասնակիցներին, բացի այդ՝ ակնհայտ է Նախագծի հեղինակների արդարացված կամքը, որ վարույթի հանրային մասնակիցներին հոգեբանն իր նախաձեռնությամբ առաջարկում է անչափահասին տրվելիք հարցերի ձևակերպումները, իսկ վարույթի մասնավոր մասնակիցներին առաջարկում է նախապես իր հետ համաձայնեցնել այդ հարցերը։ Հետևաբար կարծում եմ, որ ճիշտ կլինի հոգեբանի իրավունքների այդ հատվածը խմբագրել այնպես, որ դրանք վերաբերելի լինեն նաև դատախազին և դատավորին։ 3․ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի 212-րդ հոդվածը սահմանում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ կատարվող քննչական գործողության առանձնահատկությունները։ Այս հոդվածում շարադրված նորմերը հոգեբանի առնչությամբ որոշակի կրկնություններ և հակասություններ ունեն Նախագծով առաջարկվող՝ այլ հոդվածներում լրացումների և փոփոխությունների հետ։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ․ <<8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները>>: Ուստի, կարծում եմ, որ պետք է Նախագծում կամ գործող օրենսգրքի 212-րդ հոդվածում համապատասխան փոփոխություններով ապահովել վերը նշված օրենսդրական պահանջի կատարումը։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

02.10.2025

Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 220.1-րդ հոդվածով․ «Հոդված 220.1. Բազմամասնագիտական կենտրոնում քննչական և դատավարական գործողությունների կատարման կարգն ու ընդհանուր պայմանները։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Բազմամասնագիտական կենտրոնին ներկայացվող պահանջներն ու դրա գործունեության կարգը սահմանում է Կառավարությունը: Առաջարկում ենք, սույն նախագծի հետ միասին ներկայացնել նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որպեսզի պարզ և հասկանալի լինի, թե բազմամասնագիտական կենտրոն ասելով սույն նախագծի հեղինակը ի՞նչ է հասկանում և որո՞նք են դրանք, արդյո՞ք այդ կենտրոնը նոր է ստեղծվելու կամ արդեն իսկ գոյություն ունի։ Արդյոք բազմամասնագիտական կենտրոնն ունենալու է ստորաբաժնումներ (նաև մարզերում), թե գտնվելու է կոնկրետ մեկ վայրում (Երևանում)։ Ուստի դժվար է սույն հոդվածի վերաբերյալ որևէ կարծիք կամ առաջարկություն ներկայացնել։ Միայն կարծում ենք, որ եթե այս կենտրոնը մասնավոր է լինելու, ապա պետք է ընտրվի մրցույթով և լիցենզավորվի, իսկ եթե պետության կողմից է հիմնադրվելու, ապա պետք է հստակեցվի այս կառույցի կազմակերպաիրավական ձևը՝ հիմնադրամ, թե ՊՈԱԿ, թե ՀՈԱԿ, կամ այլ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: