Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։

«Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է։

  • Discussed

    12.09.2025 - 28.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12694

Print

Suggestions

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

22.09.2025

Թեզ 4 - «Ուրախության ու դրականի հանդեպ երբեմն քամահրական, երբեմն զգուշավոր վերաբերմունքը: Նման իրավիճակում վիշտն ու տառապանքը դիտվում են իբրև ավելի վերամբարձ ու հետևաբար ներկայացմանը արժանի զգայական բովանդակություն, քան ուրախությունն ու կենսասիրությունը: Իսկ սա բերել է նրան, որ ուրախության ու կենսասիրության հիմնական բովանդակությունը պարփակվել է կենցաղային ձևերում, այնինչ բեմի գեղագիտության մեջ գերակշռել է վշտի ու ողբերգության թեման». Տպավորություն է ստեղծվում, որ մտքի հեղինակները բավարար չափով չեն ուսումնասիրել թատրոնի էությունն ու դրանից բխող տեսակները՝ դրամատիկական, օպերային, երաժշտական, տիկնիկային, կատակերգական և այլն: Օրինակ՝ դիտարկենք դրամատիկական թատրոնի էությունը, որն ակնկալում է հանդիսատեսից խորը ընկղմում կերպարների հուզական ապրումների մեջ: Նման թատրոնում հիմնականում շոշափվում են սոցիալական, հոգեբանական և փիլիսոփայական հարցեր, հանդիսատեսին ստիպում են խորամուխ լինել և մտորել կաևոր հարցերի շուրջ, առաջացնում են կատարսիս: «Որ գաղափարները պետք է ընկած լինեն Իրական Հայաստանի գեղագիության հիմքում» բաժին. Թեզ 5 – այս բաժնում ուշադրության է արժանի «այն գաղափարները, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին: Առավել մանրմասն պատասխանը ենթադրում է հետևյալ հիմնական գաղափարների շուրջ Իրական Հայաստանի գեղագիտության կառուցում. 1. Խաղաղություն, 2. Հայրենիքի և պետության նույնացում՝ հայրենաճանաչության կամ սեփական երկիրը ճանաչելու միջոցով 3. Արդարություն, ազատություն, բարեկեցություն, անվտանգություն, ինչպես անհատական, այնպես էլ հանրային և պետական մակարդակներում 4. Հանրային պատասխանատվություն, նախաձեռնողականություն և մասնակցություն 5. Հանրային խոսույթում, արվեստում և մշակույթում փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն, բոլոր խնդիրների շուրջ խոսակցության միջավայրի և հնարավորությունների ստեղծում 6. Անընդհատ (ինքնա) կրթություն և ստեղծագործ աշխատանք 7. Գեղագիտության միջավայրայնացում, որը պետք է հնարավորություն տա նյութականացնել Իրական Հայաստանի գեղագիտությունը հանրային համակեցության մակարդակում, այն տրամաբանությամբ, որ այն պետք է արտահայտվի ոչ միայն բեմերում և արվեստի ստեղծագործություններում, այլև քաղաքաշինական միջավայրում» ձևակերպումը: Այս ձևակերպման մեջ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում նվազեցնել պետության կենսունակության ապահոման կարևոր բաղադրիչներից՝ անվտանգության դերը կամ թյուր է կարծիքը այս կարևոր գործոնի մասով: Դրա մասին է խոսում «Արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանք» ձևակերպման մեջ երկրորդ դիրքում, իսկ այնուհետև՝ հաջորդ թվարկման մեջ, 3-րդ հորիզոնականի 4-րդ դիրքում գտնվելը: Նման մոտեցումը, մեղմ ասած, անթույլատրելի է, իսկ այլ կերպ ասած՝ վտանգավոր, քանզի բացառապես անվտանգ միջավայրում է հնարավոր ապահովել բարեկեցիկ և արժանապատիվ կյանք. նույն տրամաբանությամբ երկրորդ թվարկման մեջ այն առնվազն պետք է գտնվի խաղաղության տողում: Այստեղ հարկ է հիշել ամերիկյան հոգեբան Աբրահամ Մասլոուի կողմից առաջ քաշած «մարդու պահանջմունքների բուրգի» հիերարխիկ մոդելը, որտեղ անվտանգության բաղադրիչը գտնվում է երկրորդ հորիզոնականում, իսկ առաջինում՝ մարդու ֆիզիոլոգիական պահանջմունքներն են: Նշենք, որ վերը թվարկված 7 կետերից յուրաքանչյուրն ունի հիմնավորման կարիք: Օրինակ՝ ինչ ասել է «խաղաղություն», որոնք են դրա հիմքերը, և ինչն է թույլ տալիս կարծել, որ դիմացի կողմը նմանատիպ աշխատանքներ է տանում սեփական հասարակությանը խաղաղության պատրաստելու համար: Բոլորիս էլ հայտնի է, որ մինչ օչս ճիշտ հակառակն է. որպես ասվածի հիմք կարելի է վերցնել դիմացի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ և նվաճողական հռետորաբանությունը, որը հնչում է ոչ միայն հասարակական հատվածից, այլև՝ պետական տարբեր այրերի, այդ թվում՝ երկրի առաջնորդի շուրթերից: Հաշվի առնելով ոչ վաղ անցյալում դիմացի կողմի ռազմատենչ հռետորաբանությունը և դրան զուգահեռ նրանց կողմից նվաճողական գործողությունների իրականացումը՝ անհրաժեշտ է ունենալ բավարար հիմնավորվածություն դիմացի կողմի «խաղաղասիրության» մասով, որից հետո միայն կարելի է սեփական հասարակության մեջ սերմանել «բացարձակ խաղաղասիրություն»: Թեզ 6 - «Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը». Նախևառաջ, տարօրինակ է այս թեզն իր բովանդակությամբ, քանի որ երրորդ հանրապետության հիմնադրման օրվանից ի վեր առնվազն պետական մակարդակով երբևէ չի քարոզվել պատերազմ կամ վրեժխնդրություն: Ավելին՝ մատաղ սերնդի դաստիարակման աշխատանքներում նույնիսկ նման նրբերանգներ չեն նկատվել: Եթե հիմք ընդունենք վերոհիշյալ թեզը, ապա պատերազմի և վրեժխնդրության ոգով դաստիարակված հասարակության որոշ շերտեր ըստ էության օրինակ չէին խուսափի պարտադիր ժամկետային զինծառայությունից, ինչպես նաև որոշակի մասով նվազ կլիներ ՀՀ-ից արտագաղթողների թիվը. ասել է, թե երրորդ հանրապետության հիմնադրումից ի վեր՝ 30 տարուց ավելի, նման ոգով դաստիարակված հասարակության դիմագիծն ու վարքը զգալի չափով կտարբերվեր: Փորձելով հասկանալ թեզի տրամաբանությունը՝ կարելի է ենթադրել, որ օրինակ՝ հետայսու պետության կողմից չի ֆինանսավորվելու որևէ պատմական հերոսապատու, ռազմահայրենասիրական, այդ թվում՝ հայրենիքի համար կյանքը զոհած որևէ հերոսի մասին պատմող ֆիլմ, բեմականացում, հաղորդաշար կամ միջոցառում: Այս տրամաբանության ներքո հավանական է նաև, որ դադարեցվի ՀՀ զինված ուժերի գործունեությունը լուսաբանող «Զինուժ» հաղորդաշարի ֆինանսավորումը և հետևաբար նաև՝ հեռարձակումը: Թեզ 7 - «Հետևաբար հայրենիքի և պետության նույնականացումն ու նույնացումը՝ երկրի ճանաչողության միջոցով խաղաղությանն ուղղված ուղիղ քայլ է: Երկրի ճանաչողության միջոցով է ճանաչելի դառնում նաև տարածաշրջանը, սեփական բազմազանությունն ու բազմաշերտությունը: Ինչը կարևոր է, այդ բազմաշերտության գիտակցման ու ճանաչողության միջոցով կոտրվում է նաև սեփական փոքրության մասին կարծրատիպային պատկերացումը, որը վերածվել է սեփական խեղճության մասին պատկերացման: Հայրենիքի և պետության նույնացման քաղաքականությունը պետք է դառնա առաջին հերթին կրթական և հետազոտական բովանդակություն և շեշտադրում, այնուհետև իր դրսևորումն ունենա մեդիաարտադրանքի, արվեստային տարբեր ձևերի միջոցով: Սրա վառ օրինակը թերևս Արագածի թեմայի շուրջ ծավալված հանրային խոսույթում սեփական երկրի ներսում գտնվող բնապատկերներին ու լեռներին հայացքն ուղղելն էր». Հայերն անհիշելի ժամանակներից բնակվում են Կովկասում ու Մերձավոր Արևելքում և քաջատեղյակ են այս տարածաշրջանների բնիկ ժողովուրդների, ինչպես նաև եկվորների վարքին ու բարքին: Եվ, հետևաբար, թյուր է այն կարծիքը, թե հայերը չեն ճանաչում տարածաշրջանը: Բացի դա, անհիմն է և առնվազն տարօրինակ այն ձևակերպումը, թե հայն իրեն համարում է խեղճ. հատկապես այս վտանգավոր ձևակերպումը պահանջում է ծանրակշիռ փաստարկում: Ավելին, «հայերի խեղճության» թեզը գիտակցական և ենթագիտակցական մակարդակներում ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող հայրենակիցների մեջ տարաբնույթ մեթոդների և գործիքակազմերի գործադրմամբ փորձ է արվում սերմանել 44-օրյա պատերազմից և Արցախի կորստից հետո: Անդրադառնանք նաև ՛՛Արագածի օրակարգին՛՛: Հայտնի չէ, թե ինչ չափորոշիչներով է ընտրվել Արագած լեռը և ոչ, օրինակ՝ Խուստուփ լեռը: Տպավորություն է, թե այս օրակարգով փորձ է արվել նվազեցնել հանրային հնարավոր դժգոհությունների ռիսկը, որը կարող է առաջանալ հայկական օրակարգից Արարատի հնարավոր բացառումից հետո: Օրինակ՝ որպես ասվածի հիմք կարելի է համարել Արագած լեռան լուսապատկերը, որն ուղիղ նմանեցված է Արարատ լեռան լուսապատկերին:

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

22.09.2025

Թեզ 8 - «Հայրենիքի և պետության նույնացման համար առանցքային է պետական խորհրդանիշների նկատմամբ քաղաքացու պատկանելության զգացման ամրապնդումը, էմոցիոնալ կապի ստեղծումը». Տպավորություն է ստեղծվում, թե սա հեռուն տանող քողարկված գաղափար է. կարելի է ենթադրել, որ այն հիմք է ծառայելու ՀՀ-ից դուրս հայրենիք չճանաչելուն, հետևաբար՝ նաև ՀՀ խորհրդանիշներից դուրս այլ խորհրդանիշների ներկայացման կամ քարոզի բացառմանը: Օրինակ՝ այս հիմքով կարելի է ՀՀ պետական զինանշանից հանել Արարատ լեռան և Նոյյան տապանի պատկերները, արգելել Արևմտյան Հայաստանին վերաբերող հիմնականում հայրենասիրական ու ոգեղենություն ներշնչող երգերն ու այլ հիշատակումները: Թեզ 9 - Հայեցակարգում խոսվում է տարբեր, հատկապես հեռավոր բնակավայրերում նոր դպրոցների կառուցման, սրճարանների և ժամանցային այլ վայրերի ստեղծման և նմանատիպ այլ օղակների մասին. վերոհիշյալի համատեքստում չկա անդրադարձ գեր կարևոր հարցերից մի քանիսին, որոնցից են՝ ա. ծնելիության խթանումը, բ. հատկապես հեռավոր բնակավայրերի բնակիչների համար մասնագիտական կրթության ապահովումը, գ. աշխատատեղերի ստեղծումը, դ. առաջարկվող աշխատանքներին համահունչ աշխատավարձերի սահմանումը, ե. հեռավոր և հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչների համար որոշակի արտոնությունների սահմանումը (կոմունալ ծախսերի նվազեցում, վառելիքի անվճար տրամադրում, հարկային արտոնություններ և այլն): Հիշեցնենք, որ աղքատության նվազումն ու կենսակերպի բարելավումն ուղիղ փոխկապակցված է գեղագիտության հետ և հանդիսանում է դրա բաղադրիչի՝ անվտանգության կարևորագույն հիմնահարցերից մեկը: Թեզ 10 - «Բացի դա, անհրաժեշտ է ունենալ ուսումնական հաստատություններում միջոցառումների ուղեցույց, որը կուղղորդի պատշաճ ուշադրություն դարձնել կրթական բովանդակությանը՝ նվազեցնելով պաթետիկ դրսևորումները: ...Անհրաժեշտ է վերափոխել նման հանդիսությունների իրականացումը դեպի երկխոսային միջավայր, որտեղ ավելի շատ կխոսեն շահառուները, կներկայացվեն նախագծերն ու հաջողությունները: Ինչը կարևոր է, նման միջոցառումների ժամանակ, եթե դրանք չեն կրում հատուկ հոգևոր բովանդակություն, կարիք չկա ներառել հոգևորականների առանձին խոսքն ու հատկապես հանրային աղոթքը». Այս թեզի առաջ քաշումը՝ հատկապես հոգևորականների մասով, առնվազն հիմնավորված չէ: Կրթական օջախները, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ նաև իրեն կից հայորդաց տներով, հանդիսանում են համայնքի կյանքում կարևորագույն դերակատարում ունեցող ուսումնադաստիարակչական և բարոյախրատական գլխավոր փոխլրացնող օղակները: Այս օղակների հնարավոր ներդաշնակ աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի համայնքի կայացման և պահպանման գործում: Բացի դա, «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի»-ն՝ համաձայն ՀՀ սահմանդրության 18-րդ հոդվածի, ճանաչվում է որպես ազգային եկեղեցի իր բացառիկ առաքելությամբ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև պետության հետ հարաբերվում է համապատասխան ՀՀ օրենքով. այստեղ տեղին է անդրադաձնալ նաև այն հանգամանքին, որ հայ ժողովուրդը հանդիսանում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհում առաջին ժողովուրդը: Հաշվի առնելով վերը շարադրվածը և եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև այս համատեքստում վերջինիս կարևոր դերակատարումը յուրաքանչյուր համայնքի կյանքում, առնվազն տարօրինակ է այդ կառույցի ներկայացուցչին չհրավիրել հանրային միջոցառման կամ խուսափել միասնական աղոթքից: Ելնելով հայեցակարգում տեղ գտած մեծամասամբ անորոշ, այս պահին չհիմնավորված, նաև որոշ մասով իրականության հետ աղերս չունեցող և տարակուսելի ձևակերպումներից ու մոտեցումներից՝ պնդում ենք, որ նախագիծն այս տեսքով և բովանդակությամբ չափազանց ռիսկային է Հայաստանի Հանրապետության համար, չի արտացոլում օբյեկտիվ իրականությունը և դրանով առաջնորդվելու դեպքում կարող է անդառնալի վնաս հասցվել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդի շահերին: Միևնույն ժամանակ, առաջարկում ենք հաշվի առնել մեր կողմից բերված հիմնավոր փաստարկներն ու շեշտադրումները և դրևսորելով ողջամտությամբ՝ հետ կանգնել այս հայեցակարգի ընդունման գաղափարից:

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

22.09.2025

Հարգելի՛ գործընկերներ, դեմ ենք «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին, քանի նախևառաջ ներկայացված չէ հայեցակարգի ընդունման անհրաժեշտության բավարար հիմնավորվածությունը: Ավելին, բովանդակային շարադրանքը, խնդիրների ձևակերպումները և առաջարկվող հնարավոր լուծման տարբերակները, որպես կանոն, մեծամասամբ լղոզված է տարբեր անորոշ կամ կիսատ ձևակերպումներով, չհասկացվող և դասական առումով սահմանումներ չունեցող տերմիններով կառուցված եզրույթներով: Նշված շարադրանքն առհասարակ չի կարելի դիտարկել որպես հայեցակարգային փաստաթուղթ, քանի որ այն չի համապատասխանում նման փաստաթղթերի կառուցվածքա-տրամաբանական ձևին, ըստ էության բացակայում է նպատակների և խնդիրների փոխկապակցվածության բովանդակային ուղղահայացը, ինչպես նաև ձևակերպված չեն խնդիրներից բխող ենթախնդիրները, դրանց խմբավորվածություններն ըստ կատարման առաջնահերթության, ինչպես նաև դրանցում առկա առանցքային անհրաժեշտ շեշտադրումները և գրեթե ձևակերպված չեն հիմնարար լուծումները ու այդ համատեքստում, բնականաբար, հիմնավորապես սահմանված կամ առնվազն կանխատեսված չեն հնարավոր արդյունավետ լուծման եղանակներն ու ըստ էության դասակարգված չեն առաջնահերթությունները: Բացի դա, փաստաթղթում արվում են պնդումներ՝ ներկայացնելով դրանք որպես բացարձակ ճշմարտություններ՝ առանց հղում անելու դրանց համար հիմք հանդիսացած ենթադրյալ ինստիտուցիոնալ ուսումնասիրությունների և դրանցից բխող եզրահանգումների. տպավորություն է ստեղծվում, որ հեղինակները փորձում են սեփական սուբյեկտիվ ընկալումներն ու համոզմունքները ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն՝ այդպիսով նվազեցնելով կամ բացառելով հայեցակարգի շուրջ հնարավոր հանրային դիսկուրսի առաջացման վտանգը: Կարծում ենք, որ դրան է միտված նաև հեղինակների կողմից, մեզ համար ակնհայտ, նեյրո լինգվիստիկ ծրագրավորման խոսքային մեթոդաբանության կիրառումը՝ առնվազն «Իրական Հայաստան» եզրույթն ընթերցողի ենթագիտակցության մեջ ներբեռնելու առումով: Հաշվի առնելով այս և մի շարք այլ հանգամանքներ՝ կարելի է ենթադրել, որ հայեցակարգի հեղինակներն ամենայն հավանականությամբ տեսնում են ռիսկեր՝ հայեցակարգում արծարծված հարցերի և այդ համատեքստում իրենց կողմից առաջ քաշած սուբյեկտիվ գաղափարների՝ հանրության կողմից բավարար չընկալման կամ հնարավոր մերժման մասով, որից ելնելով՝ որոշակի, նաև ոչ ակներև մեթոդաբանության կիրառմամբ փորձ է արվում հնարավորինս չեզոքացնել նմանատիպ ռիսկերը: Հարկ ենք համարում շեշտել, որ հայեցակարգային փաստաթղթում անթույլատրելի է պարզունակ և ըստ էության դրանց արդյունավետության աստիճանը ժամանակի ընթացքում չչափված օրինակների մեջբերումը (փաստաթղթի հեղինակների կողմից նման օրինակների արդյունավետությանը հղում անելը կարող է լինել խիստ սուբյեկտիվ և չարտացոլի իրականությունը): Միևնույն ժամանակ, հայեցակարգային փաստաթղթի բովանդակությունը պետք է լինի հնարավորինս պարզ շարադրված, հասկանալի շահագրգիռ բոլոր կողմերին, հնարավորինս բացառի երկիմաստությունը, լինի իրատեսական՝ զերծ իրականությունից կտրված ու վերերկրային գաղափարներից, որն անհարկի կարող է խճճել հասարակությանը ու նրան կանգնեցնել փակուղու առաջ առնվազն փիլիսոփայական (գաղափարաբանական) առումով, որն իր մեջ պարունակում է նաև սոցիալ-հոգենական բարդ խնդիրների առաջացման մի շարք ռիսկեր, այդ թվում՝ հասարակություն-իշխանություններ փոխհարաբերությունների անջրպետի մեծացման, իսկ որոշ դեպքերում նաև՝ կտրուկ խզման տեսքով: Այսպիսով, վերը շարադրվածի համատեքստում այս տեսքով փաստաթղթի ասելիքը հասկանալու համար հարկ է, որպեսզի՝ ա. Գաղափարաբանական հիմնավորվածության մասով Որոշման հիմնավորման մեջ նշվեն առնվազն այն ինստիտուտները (տեղական, նաև՝ միջազգային), անկախ փորձագետները կամ մասնագիտական խմբերը (տեղական, նաև՝ միջազգային), ենթադրյալ կատարված ուսումնասիրությունների համապատասխան կարգով հաստատված մեթոդաբանությունը, ենթադրյալ կատարված բոլոր ուսումնասիրությունները (առաջնային, երկրորդական և ածանցյալ), դրանց հիմք հանդիսացած ելակետային ամբողջական տվյալները, ժամանակացույցը, կատարողներին, ստացված արդյունքները, այլ աղբյուրների հղումները և դրանցից ստացված տվյալները: Վերոհիշյալի համատեքստում նաև հարկ է նշել նույնաբովանդակ ուսումնասիրությունները և դրանց շնորհիվ ստացված արդյունքները, որոնք կատարվել են զուգահեռ նույն ժամանակահատվածում նմանատիպ ինստիտուտների ներգրավմամբ և հաստատված մեթոդաբանության կիրառմամբ տարածաշրջանային երկրներում, հատկապես՝ հարևան չորս երկրում: բ. Հայեցակարգի ներածության բաժնում նախևառաջ զետեղվի օգտագործվող եզրույթների բացատրական մաս, որտեղ ներառված կլինեն փաստաթղթում օգտագործվող «Գեղագիտական տեղորոշում», «Իրական Հայաստանը սահմանելու և այդ սահմանումը մինչ վերջ իրացնելու տեսանկյուն», «հայացք դեպի ներս», «հանրային թաքնված խոսույթ», «հանրային կենցաղ» «բեմ կամ բեմի գեղագիտություն», «հանրային շղթա», «օրհներգի հանրային կատարման ամոթ», «արդարություն», «ազատություն» և այլ հասկացությունների բացատրությունները: Դիտարկելով վերը շարադրված մեր շեշտադրումներն ու առաջարկները՝ որպես հայեցակարգի ստեղծման ու դրա առաջ քաշման հիմնավորման տեխնիկական, տրամաբանական և բովանդակային անհրաժեշտ և կարևոր գործոններ՝ միևնույն ժամանակ հարկ ենք համարում նաև անդրադառնալ հայեցակարգում առկա որոշակի թեզերի և շարադրանքի. Այսպիսով՝ «Ներածություն» բաժին. Թեզ 1 - «Իրական Հայաստանի գեղագիտությունն ըստ էության նկարագրված չէ, ավելին՝ այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր....». Նմանատիպ մոտեցումներ են ունեցել նաև բոլշևիկները: Նրանք հայտարարում էին «Իրական Հայաստան», այսինքն՝ Խորհրդային Հայաստանի առկա սահմանների ճանաչում, միևնույն ժամանակ՝ «Ոչ իրական Հայաստան», այսինքն՝ Սևրի պայմանագրով ճանաչված սահմանների մոռացում՝ Նախիջևանի, Արցախի և Արարատ լեռան հետ մեկտեղ, նույնիսկ՝ քրեօրեն պատժվում էին այն անձինք, ովքեր փորձում էին շոշափել «Ոչ իրական Հայաստան»-ի հարցը: Այս մասով առկա է նմանություն հայեցակարգում ներառված և բոլշևիկների կողմից առաջ քաշած գաղափարախուսությունների միջև: Թեզ 2 - «Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ». Այս թեզը նախկինում կիրառվել է Խորհրդային Հայաստանում: Նրա հայ բանաստեղծները գովերգել են Արագած լեռը, Սևանա լիճը, Երևանը, Լենինականը, Սյունյաց լեռները և այլն: Այսինքն՝ նրանք գովերգել են «Իրական Հայաստան»-ը, սակայն դրա հետ մեկտեղ՝ վերջիններիս թույլատրվել է ողբալ նաև կորուսյալ հայրենիքի վիշտը, իհարկե այն եղել է խիստ գրաքննության ներքո: «Հայացք դեպի ներս»-ը ենթադրում է ուշադրության սևեռում Հայաստանի Հանրապետության սահմաններով եզերված աշխարհագրական և պատմամշակութային արժեքներին: Վերոհիշյալից կարելի է բխեցնել, որ «Սասունցի Դավիթ» էպոսն այլև հայկական համարվել չի կարող, քանի որ այն կապված է Արևմտյան Հայաստանի կամ «Ոչ իրական Հայաստան»-ի Սասուն գավառի հետ: Այս վտանգավոր թեզն ուղիղ շաղկապված է նաև հայկական սփյուռքի հետ. այսպիսով՝ նույն տրամաբանությամբ կարելի է եզրակացնել, որ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները խորթացվելու են կամ խզվելու է նրանց կապը պատմական հայրենիքի հետ, քանի որ վերջիններս նույնպես ունեն իրենց իրական հայրենիքը: Թեզ 3 - «Հայաստանի գեղագիտության ձևավորման առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը եղել է խաղաղության բացակայությունը, որ էապես ազդել է կենցաղային և բեմական բովանդակության միջև անջրպետի խորացման վրա». Կրկին անդրադառնանք Խորհրդային Հայաստանին, որը կարելի է ասել խաղաղություն գովերգողներից լավագույններից մեկն էր. գրողներ՝ Ավետիք Իսահակյան, Պեռճ Պռոշյան, Հրանտ Մաթևոսյան և այլք, կինոֆիլմեր՝ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Հայրիկ» և այլն: Հարկ է շեշտել Խորհրդային Հայաստանի և ներկայիս խաղաղության գեղագիտության (փիլիսոփայության)՝ միմյանցից զգալի տարբերությունը, մասնավորապես՝ Խորհրդային Հայաստանի խաղաղության գեղագիտությունը դրսևորվել է հաղթողի դիրքերից՝ «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան», որով էլ պայմանավորված Խորհրդային Հայաստանի որևէ զիջում դիտարկվել է որպես մեծահոգություն:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: