«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի
փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2025 թվականի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ծրագրի շրջանակներում 2021-2022 թվականներին խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023-2024 թվականներին խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու, գործընթացները բնականոն կազմակերպելու և մթերումներ իրականացնող տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու հնարավորություն տրամադրելու նպատակով Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1168-Լ որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականին 9 կազմակերպության տրամադրվել է շուրջ 5․4 մլրդ դրամի բյուջետային երաշխիք, որից՝ խաղող մթերող 7 կազմակերպության 4․1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի և պտուղբանջարեղեն մթերող 2 կազմակերպության 1․3 մլրդ դրամի չափով՝ 1 տարի մարման ժամկետով, իսկ 2022 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել 9 կազմակերպության շուրջ 5․3 մլրդ դրամի չափով, որից՝ խաղող մթերող 8 կազմակերպության շուրջ 5․1 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 3 ամիս և պտուղբանջարեղեն մթերող 1 կազմակերպության շուրջ 0․2 մլրդ դրամի չափով 1 տարի 3 ամիս մարման ժամկետով։ 2021 թվականին տրամադրված բյուջետային երաշխիքները մարվել են սահմանված ժամկետներում։ 2022 թվականին պտուղբանջարեղեն մթերող կազմակերպությանը տրամադրված բյուջետային երաշխիքը մարվել է սահմանված ժամկետում, իսկ մյուսների մասով մարումները կսկսվեն 2024 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից։
Կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1530-Լ որոշմամբ սահմանված կարգով 2023 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող 3 կազմակերպության շուրջ 2․7 մլրդ դրամի չափով՝ 3 տարի 9 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից, իսկ 2024 թվականին՝ խաղող մթերող 4 կազմակերպության շուրջ 3․1 մլրդ դրամի չափով՝ 2 տարի 3 ամիս մարման ժամկետով, որոնց մարումները կսկսվեն 2027 թվականի հունվար-մարտ ամիսներից։
Բյուջետային երաշխիքի գործիքի կիրառմամբ հնարավորություն տրվեց լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման արդյունքում ապահովելու 2021-2024 թվականների գյուղատնտեսական հումքի, մասնավորապես՝ խաղողի մթերումների գործընթացը։
Ընթացիկ տարվա 7 ամիսներին կոնյակի արտահանման ծավալը կազմել է 7․4 մլն բացարձակ լիտր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է շուրջ 3,0 մլն լիտրով կամ արտահանման ծավալը նվազել է շուրջ 30 տոկոսով։
Արտահանման ծավալների նվազումը պայմանավորված է իրացման հիմնական շուկայում` ՌԴ-ում ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումով, ինչպես նաև Վերին Լարսի սահմանային ացակետում և վերջին շրջանում նաև Վրաստանի կողմից հայկական կոնյակների նկատմամբ կիրառվող զննությունների պատճառով, որոնց արդյունքում բարձրանում են տեղափոխման լոգիստիկ ծախսերն ու վաճառքի գները և նվազում են տնտեսավարողների ֆինանսական մուտքերը։
Խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունները դիմել են Էկոնոմիկայի նախարարություն՝ հայտնելով, որ շրջանառու միջոցների անբավարարությամբ, վարկային ծանրաբեռնվածությամբ և ազատ գրավի սակավությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջացել նոր վարկերի ներգրավման հարցում և անհրաժեշտություն է առաջացել ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու նպատակով տրամադրել բյուջետային երաշխիքներ։
Բյուջետային երաշխիքների կանխատեսվող չափը գնահատվում է մինչև 7.0 մլրդ դրամ՝ հիմք ընդունելով մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը խաղողի մթերումների համար կնքված պայմանագրերի արժեքները, որոնց շրջանակներում շահառուները կարող են օգտվել Ծրագրից։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան լրացումներ, ըստ որոնց՝
- խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թվականին արտահանված արտադրանքի արժեքը,
- Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվում է Ֆինանսների նախարարի հետ համատեղ մշակել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «2025 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը,
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ոլորտի մասնավոր հատվածի առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
5․ Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում Ծրագրի շրջանակներում խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին, լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում, կտրամադրվեն բյուջետային երաշխիքներ ու հնարավորություն կտրվի ներգրավելու լրացուցիչ վարկային միջոցներ՝ ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով։
6․ Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները - Սույն Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։
-
Discussed
02.09.2025 - 17.09.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture
-
Ministry
Ministry of Economy
Views 1277
Print