ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի, տեխնիկական գործունակության, բովանդակության մատչելիության և տեղեկատվական անվտանգության նկատմամբ ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխանող իրավակարգավորումների ներդրման անհրաժեշտությամբ։ Ներկայում գործող կարգավորումը չի սահմանում կայքերի ոճական, կառուցվածքային և տեխնիկական միասնական պահանջներ, ինչը հանգեցնում է տարբերակված մոտեցումների, տեղեկատվության ներկայացման անկանոնությանը և կայքերի մատչելիության սահմանափակումներին։
Այս պայմաններում խոչընդոտվում է պետական տեղեկատվության հասանելիությունը հանրության լայն շրջանակների համար, նվազում է էլեկտրոնային ծառայությունների արդյունավետության մակարդակը, ինչպես նաև բարձրանում է կայքերի խոցելիության աստիճանը՝ տեղեկատվական և կիբեռանվտանգության տեսանկյունից։
ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները տեխնիկական և կառուցվածքային առումով այլևս չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին՝ պայմանավորված վեբ տեխնոլոգիաների առաջընթացով, մատչելիության միջազգային չափորոշիչների ձևավորմամբ և տեղեկատվական անվտանգության նոր սպառնալիքներով։ Կայքերի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար լիարժեք ապահովված չէ, պետական մարմինների կայքերը տարբերվում են ոճային և կառուցվածքային լուծումներով, իսկ բովանդակությունը հաճախ թարմացվում է չկանոնակարգված։ Բազմաթիվ պետական մարմինների բազմաթիվ կայքեր չեն համապատասխանում Web Content Accessibility Guidelines (WCAG) 2.1 AA մակարդակի պահանջներին և չեն կիրառում տեղեկատվական անվտանգության նվազագույն ստանդարտները (օրինակ՝ OWASP Top 10)։ Միաժամանակ, բացակայում է կայքերի տեխնիկական հուսալիության և շարունակական աշխատանքի միասնական մշտադիտարկման համակարգ։
2. Կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել պետական կառավարման մարմինների պաշտոնական կայքերի կառուցվածքի, ոճի, մատչելիության, տեխնիկական կատարողականի և տեղեկատվական անվտանգության միասնական նվազագույն պահանջներ՝ հիմնված «Հենակետ» դիզայն համակարգի և միջազգային լավագույն փորձի վրա։
Նախագիծը կնպաստի պետական կայքերի հստակ ձևավորմանը, հարմարավետ նավարկելիությանը, կապահովվի տեղեկատվության բովանդակության առավել մեծ հասանելիություն քաղաքացիների (ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց) համար, ինչպես նաև՝ կնպաստի պետական տեղեկատվական ակտիվների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ կձևավորվի կայքերի մշտադիտարկման, սպասարկման և թարմացման միասնական մշակույթ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը համահունչ է ՀՀ կառավարության թվայնացման քաղաքականությանը և բխում է ՀՀ 2021-2025 թվականների թվայնացման ռազմավարության դրույթներից։
5. Պետականբյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախատեսվում է, որ նախագծի իրականացումը կապահովվի համապատասխան մարմինների գործառույթների և ծառայությունների թվայնացման համար նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին։
6. Այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերի փոփոխության կամ ընդունման անհրաժեշտություն չի նախատեսվում։
-
Discussed
27.08.2025 - 11.09.2025
-
Type
Decision
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 1100
Print