Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԲԱՆԿԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

 

1․  Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Բանկերի վերակառուցման մասին օրենքի նախագծի և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է դեռևս 2018 թվականին Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի (FSAP) շրջանակում ներկայացված առաջարկություններից, որոնց նպատակն է նախատեսել բավարար գործիքակազմ ֆինանսական համակարգում անվճարունակ բանկերի ֆինանսական վիճակի վերականգնման և առհասարակ ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար։

Մասնավորապես, տրվել է առաջարկություն[1], որով ընդգծվել է բանկերի վերակառուցման (առողջացման) (bank resolution) օրենսդրությունը Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) կողմից հաստատված «Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions» միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրում (Memorandum of Economic and Financial Policies - MEFP) որպես կառուցվածքային հենանիշ է սահմանվել «Բանկերի վերակառուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը։

 

2․  Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.     

           Անվճարունակ բանկերի առողջացմանը վերաբերող իրավահարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Գործող կարգավորումը չի ապահովում համապատասխան գործիքակազմ (այդ թվում՝ վերակառուցման նախնական պլանավորում, վերակառուցման գործիքներ, անհրաժեշտ ֆինանսավորման մեխանիզմներ) խնդրահարույց բանկերի առողջացման կամ առանց խաթարումներ առաջացնելու ֆինանսական համակարգից արագ և արդյունավետ հեռացման համար:

Բանկերի առողջացման ներկայումս գործող կարգավորմամբ շարժվելու դեպքում հնարավոր չէ առանց ֆինանսական համակարգի համար համբավի ռիսկեր և էական խաթարումներ առաջացնելու կարգավորել իրավիճակը: Մասնավորապես, ըստ գործող օրենքի՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից բանկին անվճարունակ ճանաչելու որոշման կայացումից հետո 6 ամսվա ընթացքում ադմինիստրացիայի ղեկավարը գնահատում է իրավիճակը և ԿԲ խորհրդի հաստատմանն է ներկայացնում բանկի առողջացման ծրագիրը , իսկ ադմինիստրացիայի գործունեության ընթացքում կարող է կիրառվել մորատորիում, որի համար ողջամիտ սահմանափակող ժամկետ օրենքով սահմանված չէ: Համեմատության համար նշենք, որ միջազգային պրակտիկայումբանկերի վերակառուցման ծրագրերը կազմվում են նախապես, բանկերի բնականոն գործունեության ընթացքում, բանկերը վերակառուցվում են (հիմնական որոշումները կայացվում են) 2-3 օրվա ընթացքում, իսկ մորատորիում կարող է հայտարարվել հստակ ժամկետով: Բանկերի առողջացման (վերակառուցման (bank resolution)) oրենսդրական դաշտն անհրաժեշտ է արդիականացնել և համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Միջազգային ստանդարտների ձևավորման համար  հաշվի են առնվել վերջին տասնամյակում  օտարերկրյա բանկերի լուծարման և վերակառուցման (առողջացման) փաստացի դեպքերը, այդ գործընթացներում առաջացած խնդիրները և դրանցից քաղած դասերը: Հետևաբար, ճգնաժամերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ ունենալու համար անհրաժեշտ է վերանայել ՀՀ օրենսդրական դաշտը, և ներդնել ժամանակի մարտահրավերները հասցեագրող կարգավորումներ:

 

3Կարգավորման նպատակը և բնույթը

           Օրենսդրական փոփոխությունների փաթեթով՝

  1. Ներդրվում է բանկերի վերակառուցման ինստիտուտը, իսկ բանկերին վերակառուցելու բացառիկ իրավասությունը վերապահվել է Կենտրոնական բանկին։ Վերակառուցում իրականացնելու համար Կենտրոնական բանկին օրենքով տրվում են իրավասություններ, որոնք հնարավորություն կտան հասնել վերակառուցման նպատակներին։
  2. Սահմանվել են այն հիմնարար նպատակները, որոնց հասնելու համար Կենտրոնական բանկը, որպես վերակառուցման լիազոր մարմին, կարող է բանկին վերակառուցելու որոշում կայացնել։ Մասնավորապես, դրանք են՝ ֆինանսական կայունության ապահովումը, բանկի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատության ապահովումը, պետական միջոցների պաշտպանությունը՝ նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը:
  3. Սահմանվել են այն սկզբունքները, որոնցով անհրաժեշտ է առաջնորդվել բանկերի վերակառուցումն իրականցնելիս։ Օրինակ, Կենտրոնական բանկի կողմից օրենքի նախագծով սահմանված վերակառուցման գործիքների, ինչպես նաև այլ իրավասությունների կիրառման համար չի պահանջվում վերակառուցվող բանկի, վերակառուցվող բանկի մասնակիցների, պարտատերերի, հաճախորդների և այլ անձանց համաձայնությունը, կամ բանկի վերակառուցման գործընթացում ավանդատուների երաշխավորված բանկային ավանդները՝ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»  օրենքով սահմանված հատուցման չափով պաշտպանված են և այլն։   
  4. Ներդրվում են բանկերը վերակառուցելու գործիքները՝ բանկի վաճառքի գործիքը, կամուրջ բանկի գործիքը, ակտիվների առանձնացման գործիքը, ներքին աջակցության գործիքը և դրանց կիրառման մեխանիզմները:
  5. Օրենքով սահմանվել է վերակառուցող մարմնի կողմից վերակառուցման ծրագիր մշակելու պահանջը, որի նպատակն է բացահայտել և վաղ փուլում հասցեագրել բանկերի լուծարման կամ վերակառուցման հնարավոր խոչընդոտները, իսկ բանկի վերակառուցման հիմքերի առաջացման դեպքում՝ կազմակերպել և ապահովել բանկի վերակառուցման ողջ գործընթացը։  
  6. Խնդրահարույց բանկերի կորուստները կլանելու և կապիտալը համալրելու նպատակով ներդրվում է Կենտրոնական բանկի կողմից կապիտալի գործիքների դուրսգրման և փոխարկման հնարավորությունն ու իրավասությունը:
  7. Նախագծով ներդրվել են որոշակի պաշտպանական մեխանիզմներ։ Մասնավորապես, սահմանվել է, որ եթե բանկի վերակառուցման արդյունքում վերակառուցվող բանկի որևէ մասնակից կամ պարտատեր կրի ավելի մեծ վնաս, քան կկրեր վերակառուցվող բանկի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարման դեպքում, ապա վնասը փոխհատուցվում է օրենքի նախագծով սահմանված կարգով։
  8. Նախատեսվել է կարգավորում՝ վերակառուցման գործընթացի ֆինանսավորումն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, վերակառուցման գործընթացի ֆինանսավորման նպատակով ստեղծվում է Վերակառուցման հիմնադրամ, որը ձևավորվելու է բանկերի կողմից կատարվող միանվագ, պարբերական և լրացուցիչ հատկացումների հաշվին: Ֆոնդին հատկացումներ կատարելու են ՀՀ բոլոր առևտրային բանկերը: Առաջնորդվելով միջազգային լավագույն փորձով, ինչպես նաև կատարելով վերլուծություն հայաստանյան բանկային համակարգում՝ վերակառուցման ֆոնդի թիրախային մակարդակ է սահմանվել Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բանկերի ընդհանուր պարտավորությունների հանրագումարի առնվազն 0,5%-ը, որին հասնելու ժամկետը կազմում է 10 տարի՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո։ Հարկ ենք համարում նշել, որ միջազգային պրակտիկայում համանման ցուցանիշը տատանվում է 0.5-3%: Նախագծի համաձայն՝ բանկերը կատարում են եռամսյակային պարբերական վճար նախորդ եռամսյակի վերջին օրվա դրությամբ տվյալ բանկի ակտիվների  մինչև 0,1 տոկոսի չափով: Տվյալ մեծությունը ընտրվել է՝ հաշվի առնելով նաև Ավանդների Երաշխավորման Հիմնադրամին կատարվող հատկացումները և բանկերի ընդհանուր ֆինանսական բեռը: Ընդ որում՝ Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է տարբեր բանկերի համար սահմանել տարբերակված պարբերական վճարներ՝ կախված առանձին բանկի ռիսկայնության մակարդակից՝ ըստ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշների:

Ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը թույլ կտա ավելի արդարացի բաշխել ֆինանսական բեռը համակարգի մասնակիցների միջև:
Նախագծով նախատեսվում են նաև վերակառուցման հիմնադրամի ֆինանսավորման այլ մեխանիզմներ, այդ թվում՝ Ֆինանսների նախարարության կողմից բյուջետային վարկերի կամ երաշխիքների տրամադրում (բացառիկ դեպքերում): Վերակառուցման գործընթացում սահմանափակ ծավալով կարող է օգտագործվել նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցները, պայմանով, որ ապահովվելու է ավանդատուների համար երաշխավորված ավանդների հասանելիությունը:

 

Նախագծով առաջարկվող այլ կարգավորումները մշակվել են՝ հիմք ընդունելով Ֆինանսական կայունության խորհրդի (FSB) կողմից հաստատված «Key Attributes of Effective Resolution Regimes for Financial Institutions» միջազգային ստանդարտը և  «Bank Recovery and Resolution Directive (BRRD)» եվրոպական դիրեկտիվը:

 

    4Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կներդրվեն ճգնաժամերի կառավարման արդյունավետ և միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ և գործիքներ՝ ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: Օրենսդրության բարելավումն անհրաժեշտ է ճգնաժամերի կառավարման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու, բանկերի ձախողման դեպքում բանկերի կրիտիկական գործունեության (գործառնության) անընդհատությունը  և ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու համար: Կներդրվի լայն գործիքակազմ՝ իրականացնելու բանկերի վերակառուցումն այնպես, որպեսզի ապահովվի նաև պետական միջոցների պաշտպանությունը՝ հնարավորինս նվազեցնելով պետական արտակարգ աջակցություն ստանալու անհրաժեշտությունը։

 

           5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

6Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Ակտերը նորմատիվ բնույթի են, քանի որ նախագծերը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ են և պարունակում են վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

 

7Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի նախատեսված է, որ Ֆինանսների նախարարությունը կարող է որոշում կայացնել Բանկերի վերակառուցման հիմնադրամին բյուջետային վարկ կամ երաշխիք տրամադրելու վերաբերյալ:

 

8Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

9Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

        Նախագծի մշակումը չի բխում  Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններից։ Նախագծի մշակումը բխում է ՀՀ-ի Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կնքված Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների հուշագրից (Memorandum of Economic and Financial Policies - MEFP)։

 

[1]https://www.imf.org/en/Publications/CR/Issues/2018/12/12/Republic-of-Armenia-Financial-Sector-Assessment-Program-Press-Release-Staff-Report-and-46461

 

  • Discussed

    14.08.2025 - 29.08.2025

  • Type

    Law

  • Area

    Financial

  • Ministry

    Central Bank of the Republic of Armenia

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1555

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: