ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1969-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի N 1969-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Սահմանադրությամբ նախատեսված պատշաճ վարչարարության սկզբունքով, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3.1 մասի 8-րդ կետով նախատեսված է, որ ըստ անհրաժեշտության ստուգում իրականացվում է, ի թիվս այլնի, երբ տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստը բացահայտվել և հիմնավորվել է այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում:
Այս կարգավորման հիման վրա Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, երբ մեկ այլ՝ մանրածախ վաճառք իրականացնող տնտեսավարողի մոտ անցկացված ստուգման ընթացքում պարզում է, որ ստուգման շրջանակներում լաբորատոր փորձարկման համար վերցված թանկարժեք մետաղից պատրաստված իրի փորձանմուշը չի համապատասխանում դրա վրա զետեղված հարգորոշման ցուցանիշին, ստուգում է իրականացնում հարգադրոշմման թանկարժեք մետաղից պատրաստված իրը հարգորոշողի մոտ։
Միաժամանակ Կառավարության 2022 թվականի թիվ 1969-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետև՝ Կարգ) 15-րդ կետով նախատեսված է, որ լաբորատոր փորձաքննությունն ավարտելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում փորձաքննության գործընթացում օգտագործված նմուշները վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին կամ նրա ներկայացուցչին՝ հեռացնելով կապարակնիքը և ծածկագիրը, որի վերաբերյալ կազմվում է նմուշների վերադարձման ակտ՝ համաձայն N 2 ձևի: Իսկ նույն Կարգի 20-րդ կետի համաձայն՝ տեսչական վերահսկողության նպատակով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում` տնտեսավարող սուբյեկտը կարող է դրանք բողոքարկել` օրենքով սահմանված կարգով:
Սակայն, նման մոտեցումը հանգեցրել է գործնական խնդիրների, մասնավորապես, երբ խախտումը հայտնաբերվում է մեկ տնտեսավարողի՝ մանրածախ վաճառք իրականացնողի մոտ, որի հիման վրա ստուգման վարույթ է նախաձեռնվում այլ տնտեսավարողի՝ հարգորոշողի նկատմամբ, այլևս հնարավորություն չի լինում համապատասխան նմուշները ներկայացնել հարգորոշողին, քանի որ դրանք վերոնշյալ Կարգի համաձայն արդեն վերադարձված են լինում մանրածախ վաճառք իրականացնող տնտեսավարող սուբյեկտին, ինչի հետևանքով հարգորոշողը զրկվում է իր արդյունավետ պաշտպանության իրավունքից (օրինակ՝ պահանջել կրկնակի փորձաքննություն և այլն)։
Մինչդեռ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Հաշվի առնելով վերոգրյալ օրենսդրական կարգավորումները՝ ակնհայտ է, որ վարույթի բազմակողմանիության ապահովումը և դրա շրջանակներում նաև հարգորոշողի արդյունավետ պաշտպանության իրավունքի իրացումը պետք է ապահովվի՝ անկախ այն հանգամանքից, թե՛ ենթադրյալ իրավախախտումը հայտնաբերվել է վերջինիս մոտ իրականացված ստուգման ընթացքում, թե՛ մեկ այլ սուբյեկտի մոտ իրականացված ստուգման շրջանակներում: Մինչդեռ, եթե այլ տնտեսավարողի մոտ իրականացված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումները արձանագրելու դեպքում լաբորատոր փորձաքննությունից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, փորձաքննության ժամանակ օգտագործված նմուշները վերադարձվում են մանրածախ վաճառք իրականացնող սուբյեկտին, հարգորոշողը զրկվում է արդյունավետ պաշտպանության իր իրավունքից:
Ելնելով վերոգրյալից՝ հարկ է նախատեսել որոշակի ժամանակահատված, որի ընթացքում մանրածախ վաճառք իրականացնող սուբյեկտի մոտ ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերված խախտման դեպքում հնարավորություն ստեղծվի լաբորատոր փորձաքննության ենթարկված փորձանմուշը ներկայացնել հարգորոշողին նաև վերջինիս մոտ իրականացվող ստուգման ընթացքում:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով սահմանված կարգավորումներով սահմանված փոփոխությունների արդյունքում կսահմանվի այլ ժամկետ փորձանմուշը մանրածախ վաճառք իրականացնողին վերադարձնելու համար: Մասնավորապես, մանրածախ իրացնողի մոտ հայտնաբերված խախտման փաստով հարգորոշողի նկատմամբ ստուգման վարույթ հարուցելու դեպքում փորձանմուշը կպահպանվի նախատեսվող ժամանակահատվածով: Միաժամանակ, նախատեսվում է, որ տեսչական վերահսկողության նպատակով կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքների վերաբերյալ առարկություն կարող է ներկայացվել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու ժամկետում: Նման ժամկետի նախատեսումը պայմանավորված է նրանով, որ մանրածախ իրացնողը չզրկվի տևական ժամանակ իր ապրանքն իրացնելու իրավունքից, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի: Նման դեպքում տնտեսվարող երկու սուբյեկտների նկատմամբ վարչական մարմնի իրականացրած վարչարարությունը կլինի բազմակողմանի և օբյեկտիվ, ինչպես նաև կապահովվի նաև հարգադրոշմողի արդյունավետ պաշտպանության իրավունքը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Discussed
13.08.2025 - 29.08.2025
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 1114
Print