Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

«Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնակելի կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, բնակելի կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վերջին տարիներին ՀՀ-ում  իրականացվող ակտիվ կառուցապատմանը զուգահեռ` ոլորտը դեռևս բավարար կանոնակարգված չէ, կառուցապատողների և գնորդների շահերը հավասարակշռված և պաշտպանված չեն, ինչը հաշվի առնելով՝ կարծում ենք անհրաժեշտ է նախաձեռնել նոր օրենսդրական կարգավորումներ: Այդ նպատակով կատարվել է ուսումնասիրություններ և կազմվել օրենսդրական նոր կարգավորումներ նախատեսող օրենքի հայեցակարգ (այսուհետ՝ Հայեցակարգ)՝ նպատակ ունենալով կանոնակարգել կառուցվող անշարժ գույքի գնման իրավունքի վաճառք իրականացնող սուբյեկտների գործունեությունը՝ որպես առանձին գործունեության տեսակ, և փորձել հնարավորինս նվազեցնել գնորդների ռիսկերը:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կառուցապատման հետ կապված հարաբերությունները կարգավորում է ինչպես քաղաքացիաիրավական, այնպես էլ վարչաիրավական գործիքակազմերի միջոցով։

Կառուցապատման գործունեության ոլորտում էական փոփոխություններ կատարվեցին 2015 թվականին, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանվեցին կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք, իսկ հետագայում՝ նաև բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները։

Կառուցապատող հասկացությունը, լինելով բավականին լայն և ընդգրկուն հասկացություն, միևնույն կարգավորումների ներքո միավորում է միմյանցից բոլորովին տարբերվող գործունեություն իրականացնող և տարբեր նպատակներ հետապնդող սուբյեկտների՝ որևէ կերպ չտարբերակելով կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունք վաճառող բնակելի կառուցապատողներին, որոնք գործնականում առնչվում են սպառողների հետ և այդ համատեքստում պետք է նաև տարբերակվեն այլ կառուցապատողներից։

Բնակելի կառուցապատողների նկատմամբ հստակ չափորոշիչների բացակայությունը հանգեցնում է գործնականում այս զգայուն ոլորտում կառուցապատման, որպես ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և ավարտի, ըստ այդմ նաև՝ կառուցապատողի պատասխանատվության շրջանակների անորոշությանը։

Ակնհայտ է, որ նման իրավիճակը չի կարող դրական ազդել բնակելի կառուցապատման գործունեության որակի և դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետության վրա։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենքի սույն հայեցակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բնակելի կառուցապատման գործունեության ոլորտում առկա իրավիճակը, խնդիրները, ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը, Օրենքի հիմնական դրույթները և Օրենքի ընդունման անհրաժեշտության հիմնավորումները։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող լուծումները նպատակ են հետապնդում ամբողջական և համալիր կերպով կարգավորել բնակելի  կառուցապատողի գործունեության հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների առանձնահատկությունները և միջազգային պրակտիկայում առկա մոտեցումները, կառուցապատողի և սպառողների իրավունքներն ու շահերը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

  Հայեցակարգով սահմանված կառուցապատողի և կառուցապատման գործունեության վերաբերյալ դրույթների հստակեցումը կնպաստի նշված ոլորտում առաջացող հարաբերությունների իրավական հստակեցմանը, կայունացմանը, սպառողների, կառուցապատողների և կառուցապատման գործունեության ոլորտի բոլոր սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը:

Հայեցակարգի ընդունումն իրավական հիմք կհանդիսանա «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Հայեցակարգի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․ Տնտեսություն» բաժնի «2․7 քաղաքաշինություն» կետի․ Քաղաքաշինությունը և մասնավորապես շինարարության ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության առավել դինամիկ զարգացում արձանագրող բնագավառն է: Իրատեսորեն գնահատելով քաղաքաշինության բնագավառում առկա իրավիճակը՝ Կառավարությունը նախատեսում է բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման, քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեությունների, քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով ստեղծել նախադրյալներ՝ առկա խնդիրները լուծելու (ընթացակարգերի պարզեցում, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, վերահսկողական մեխանիզմների բարելավում) և հետագա զարգացումներն ապահովելու համար։ Քաղաքաշինության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին, ինչպես նաև նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արդիականացումն իրականացնել այն հաշվառմամբ, որ այն արագ արձագանքի շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և երաշխավորի դրանց կիրառությունը, ստեղծի հնարավորություն՝ ապահովելու երկրի շինարարական արտադրանքի և ծառայությունների համատեղելիությունը միասնական շուկայում շրջանառվող արտադրանքի և ծառայությունների հետ, խթանի տեղական արտադրությունն ու նորարարական տեխնոլոգիաների զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը, արտահանման և ներդրումային ծավալների աճը։

      8․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

          «Բնակելի կառուցապատման գործունեության մասին» օրենքի ընդունման հայեցակարգի նախագիծն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    05.08.2025 - 26.08.2025

  • Type

    Law

  • Area

    Urban planning, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1475

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: