"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
25.04.2018
Հարգելի գործընկերներ: Ողջունում եմ ՀՀ առողջապահության նախարարության ակտիվությունը «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող իրավական նորմատիվ ակտերի մշակման ուղղությամբ: Ցավալիորեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող շուրջ 60 իրավական նորմատիվ ակտերից ընդունվել են սոսկ 11-ը, շրջանառության մեջ են 10-ը: Այսպիսի պայմաններում դժվար է իրացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող իրավական կարգավորումները: Այդ կապակցությամբ առաջարկում եմ այդ փաստաթղթերի մշակմանը ակտիվորեն ներգրավել ՔՀԿ-ներին՝ համապատասխան ֆինանսավորմամբ: Քննարկվող օրինագիծը շատ անհրաժեշտ է: Դա հիմնականում հաջողված է: Սակայն դրա դրույթներից 2-ն առնվազն իրարամերժ են կամ էլ շաղկապված չեն ու հակասական են: Այսպես Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքման կարգը (այսուհետ՝ Կարգ) 2-րդ մասում նշվում է, որ. «Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:», իսկ 12-րդ մասում՝ «Դեղատոմսով բաց թողնվող դեղի առաքումն իրականացվում է դեղագետի կամ դեղագործը կողմից:»: Թվում է, թե այս կարգավորմամբ խիստ հսկողություն է սահմանված անվտանգ, արդյունավետ եւ որակյալ դեղերի առաքումը կազմակերպել լիցենզվորված մասնագետների՝ այն է՝ է դեղագետի կամ դեղագործը կողմից: Դա ըստ մեր կարծիքի կարծեք թե վերաբերում է միայն դեղատոմսով բաց թողնվող դեղերի առաքմանը, իսկ մյուս դեղերի առաքմանը այդ սահմանափակումը չի ենթադրում: Սակայն, Կարգի 1-ին մասում հստակ նշված է, որ «Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:»: Ըստ մեզ այդ իրավանորմը նշանակում է, որ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը հենց դեղագետ են կամ դեղագործ: Այսպես, «ՀՀ-ում Լիցենզավորման կարգի մասին» ՀՀ կառավարության որոշմամբ հաստակ նշված է, որ. «Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում եւ բացթողում կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված եւ պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր կամ մասնագիտական գործունեության հավաստագիր ստացած դեղագետների կամ դեղագործների միջոցով: Ընդ որում, դեղատնային գործունեության համար լիցենզավորված անհատ ձեռնարկատերը, եթե նա համապատասխանում է սույն կետով դեղագետին կամ դեղագործին ներկայացվող որակավորման պահանջներին, դեղատանը կամ դեղատնային կրպակում դեղերի ընդունում, պահպանում, իրացում եւ բացթողում կարող է իրականացնել անձամբ:»: Այստեղից էլ հետեւմ է, որ Կարգի 12-րդ մասը հակասում է Կարգի 2-րդ մասին եւ սահմանափակում է դրա իրավակարգավորումների դաշտը: Հետեւաբար առաջարկում ենք Կարգի 12-րդ մասը խմբագրել այնպես, որպեսզի համահունչ լինի Կարգի 2-րդ մասի իրավակարգավորմանը: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ