Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ

ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակությունում պահանջվում է ոչ միայն դատական իշխանության անկախություն, այլև այնպիսի դատական համակարգի ստեղծում, որի գործունեության արդյունավետությունը և դատական ակտերի բարձր որակը աներկբա կլինի:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (այսուհետ` ԵԴԽԽ) այս առումով ուշադրություն է դարձնում երկու հիմնարար սկզբունքների: Առաջինը վերաբերում է դատական իշխանության անկախության պաշտպանությանը, երկրորդը՝ դատական իշխանության որակի և արդյունավետության պահպանմանը և բարելավմանը:

Այս սկզբունքների իրագործման ուղղություններից է հանդիսանում նաև դատավորների գործունեության գնահատման համակարգի ներդրումը՝ որպես դատական իշխանության բարձր որակական հատկանիշներ ապահովող գործիքակազմ:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի մի շարք փաստաթղթերում ուղղակիորեն նշվում է, որ այն պետություններում, որտեղ գոյություն ունեն դատավորների գործունեության գնահատման համակարգեր, գնահատումը պետք է ուղղված լինի դատական իշխանության բարելավմանը՝ ապահովելով դատական իշխանության հնարավոր բարձր որակական հատկանիշներ, և նման գնահատումը պետք է կատարվի՝ ելնելով ամբողջ հանրության շահերից՝ միաժամանակ նշելով նաև, որ դատավորների անհատական գործունեության գնահատման հիմնարար կանոնը պետք է լինի դատավորի անկախության լիովին պահպանումը (ԵԴԽԽ թիվ 17 կարծիք)[1]:

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է գնահատելու համար վերջիններիս կարողությունները և այն, թե ինչպիսի որակի և ծավալի աշխատանքներ են նրանք իրականացրել։ Դատավորի անհատական գործունեության գնահատումն իրականացվում է, օրինակ, կարծիք տրամադրելու, դատավորների վերապատրաստման կարիքները ուրվագծելու համար։ Այն կարող է իրականացվել նաև դատավորների առաջխաղացման նպատակով թեկնածուներ ընտրելու համար[2]:

Հարկ է նշել, որ Վենետիկի հանձնաժողովն էլ իր մի շարք որոշումներում նշել է, որ դատավորի պարբերական գնահատման նպատակն է պարզել դատավորի անհատական կարիքները՝ ապահովելու նրա որակավորման զարգացումն ու խթանումը: Գնահատումները դատավորի գործունեության կարևոր գործիքներ են, որպեսզի վերջինս բարելավի իր աշխատանքը և նման գնահատումները կարող են նաև ծառայել որպես առաջխաղացման հիմք: Կարևոր է, որ գնահատումը լինի մեծապես որակական և կենտրոնանա դատավորի մասնագիտական կարողությունների, անձնական և սոցիալական կարողությունների վրա:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 18-րդ գլխի 136-140.1-րդ հոդվածներով և Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) 2024 թվականի օգոստոսի 26-ի՝ «Դատավորի գործունեության գնահատման կարգը և ժամկետները, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը, մեթոդաբանությունը, սանդղակները և գնահատման թերթի ձևը սահմանելու և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ ԲԴԽ-53-Ն-9 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-81-Ն-32 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված կարգով` Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կողմից (այսուհետ նաև՝ Հանձնաժողով), իսկ դատավորների գնահատումը հիմնվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված դատավորների գործունեությունը գնահատելու հերթական ժամանակացույցի վրա՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների:

Փաստացի, կարելի է արձանագրել, որ դատավորների գործունեության գնահատման համակարգի ներդրմամբ դրված էր խնդիր՝ ստեղծելու դատավորի գործունեության գնահատման այնպիսի գործուն համակարգ, որի շնորհիվ հնարավոր կլիներ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը, նպաստել դատավորների վերապատրաստման ուղղությունների ընտրությանը, բացահայտել դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները, նպաստել դատավորի ինքնակատարելագործմանը և դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ գործող կարգավորումները չեն կարող ապահովել օրենքով նախատեսված չափանիշների և ցուցիչների հիման վրա դատավորի գործունեության օբյեկտիվ գնահատումը, ուստի և հնարավոր չէ լիարժեքորեն կյանքի կոչել սահմանված նպատակները։

Սակայն, ներկայումս առաջխաղացման հավակնություն ունեցող դատավորների թեկնածուներին ընտրելիս Բարձրագույն դատական խորհուրդը հնարավորություն չի ունենում համեմատության մեջ հասնել լավագույն թեկնածուների ընտրությանը, քանի որ առավելապես դատավորները գնահատվում են բարձր ցուցանիշի համար նախատեսված միավորների միջակայքում. գնահատում անցած դատավորների ցուցանիշները գրեթե նույնական էին՝ 90-100 միավոր: Սրանով պայմանավորված հնարավոր չէ նաև բացահայտել դատավորների աշխատանքում այնպիսի թերություններ, որոնց վերացման համար պետք է մշակվեն վերապատրաստման ուղղությունները, դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները, դժվար է նպաստել դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը։

Վերոգրյալի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել բարեփոխել և լրամշակել դատավորների գործունեության գնահատման համակարգին վերաբերող կարգավորումները:

 

Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համատեղ կարծիքը[3] դատավորների գործունեության գնահատմանը վերաբերող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ.

Հիմք ընդունելով վերը քննարկված բոլոր խնդիրները, Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի կողմից համատեղ մշակվել և 2024 թվականի օգոստոսին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին է ներկայացվել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի փաթեթի նախնական տարբերակը (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծի տարբերակ):

Արդեն իր 2024 թվականի հոկտեմբերի 11-12-ին կայացած լիագումար նիստի ընթացքում Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ համատեղ ընդունել է դատավորների գործունեության գնահատմանը վերաբերող «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ նախատեսող սահմանադրական օրենքի նախագծի  վերաբերյալ կարծիքը (այսուհետ՝ նաև Համատեղ կարծիք): Մասնավորապես՝ Համատեղ կարծիքում որպես առաջարկ և դիտարկում նշվում է հետևյալը.

I. Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծի տարբերակում առաջարկվում էր Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) անդամների թիվը սահմանել 25՝ ԲԴԽ որոշմամբ անդամների թիվը ավելացնելու հնարավորությամբ: Նշվածի կապակցությամբ Համատեղ կարծիքում արտահայտվել է այն դիրքորոշումը, որ առաջարկվում է անդամների թիվը նվազեցնել 15-ի և սահմանել Հանձնաժողովի անդամների հստակ թիվ՝ առանց ԲԴԽ որոշմամբ անդամների թիվը ավելացնելու հնարավորության:

II. Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծի տարբերակում առաջարկվում էր, որպեսզի Հանձնաժողովի 25 անդամները գործեն 5 խմբերի միջև բաշխված կազմերով, որոնք համաժամանակյա գնահատում կիրականացնեն: Սակայն այս մոտեցումը Համատեղ կարծիքում քննադատության է արժանացել այն տեսանկյունից, որ խմբերով գործունեության իրականացումը կարող է հանգեցնել նախ տարբեր պրակտիկաների ձևավորման, երկրորդ՝ առանձին հինգ անդամ ունեցող խմբերը չեն կարող արտահայտել ամբողջ Հանձնաժողովի դիրքորոշումը:

III. Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծի տարբերակում առաջարկվում էր որպեսզի Դատավորների գործունեության գնահատման 25 անդամներից 10-ը լինեն դատավոր անդամներ, իսկ 15-ը՝ դատավոր չհանդիսացող անդամներ: Այս կապակցությամբ Համատեղ կարծիքում նշվում է, որ «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 12(2010) հանձնարարականը այս մասով սահմանում է, որ դատավորների կարիերային վերաբերող որոշումները պետք է կայացվեն այն մարմինների կողմից, որոնց անդամների առնվազն կեսը պետք է լինեն իրենց գործընկերների կողմից ընտրված դատավորներ: Ավելի ուշ Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը (CCJE) առաջարկել է նաև, որ «[դատական] անկախությունը պաշտպանելու համար՝ գնահատումը պետք է իրականացվի հիմնականում դատավորների կողմից»: Վենետիկի հանձնաժողովն իր հերթին ընդունել է այն մարտահրավերները, որոնք ծագում են միայն դատավորների կողմից իրենց գործընկերներին գնահատելու պրակտիկայում։ Այն նշել է, որ նման պրակտիկան կարող է «առաջացնել վատ անձնական հարաբերություններ գործընկերների միջև և հետագայում էլ ավելի թուլացնել դատական համակարգի բարոյական վիճակը։»։ Այն եզրակացրել է, որ «գնահատողների խառը թիմ ստեղծելը՝ հրավիրելով իրավաբանների, ովքեր չեն հանդիսանում դատական համակարգի մաս, կարող է լինել ամենաքիչ վնասակար տարբերակը:»: Համատեղ կարծիքում ընդգծվել է, որ նոր լուծումները պետք է համապատասխան լինեն վերը նշված ուղենշային սկզբունքներին։ Նախ, դատական անկախությունը պետք է լինի գերակա, և դատավորների համախմբվածության հետ կապված մտահոգությունները չեն կարող գերակշռել պետությունների պարտականության նկատմամբ՝ դատական անկախությունը մշտապես ապահովելու հարցում։ Երկրորդ, մասնագիտական փորձը կարևոր է, հատկապես դատական աշխատանքի գնահատման հարցում, քանի որ այն պահանջում է դատական աշխատանքի առանձնահատկությունների և համապատասխան չափանիշների խորը ըմբռնում։ Երրորդ, գնահատման մարմնի ընդգրկվածությունը պետք է ընդլայնվի, սակայն դա պետք է արվի տարբեր հնարավոր միջոցներով (տես ստորև), այլ ոչ թե պարզապես ոչ դատավոր անդամների կտրուկ ավելացման միջոցով։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ երբ ավելացնում ենք Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թիվը, կարևոր է ապահովել, որ դատավոր չհանդիսացող անդամները լինեն դատավոր անդամներից քանակապես պակաս, այնուամենայնիվ ունենան նշանակալի ազդեցություն որոշումների կայացման գործընթացում։

IV. Համատեղ կարծիքում ողջունվում է այն մոտեցումը, որ նախագծով ապահովվելու է Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում դատավոր անդամների՝ բոլոր ատյաններից ներկայացվածությունը: Սակայն, այս մասով նշվում է, որ քանակապես առավել նպատակահարմար է հանձնաժողովում ապահովել վերադաս ատյանների դատավորների ներկայացվածությունը՝ առաջին ատյանի դատավորների նկատմամբ: Սա ուղղված կլինի ապահովելու, որպեսզի Հանձնաժողովում առավելապես ընդգրկված լինեն առավել փորձառություն ունեցող դատավորները:

V. Համատեղ կարծիքում նաև անդրադարձ է կատարվում նրան, որ դատավոր չհանդիսացող անդամներին ներկայացվող պահանջները պետք է լինեն հստակ և կարելի է նրանց համար սահմանել որոշակի ժամկետով «cooling off period»:

VI. Համատեղ կարծիքում առաջարկվում է նաև սահմանափակումներ նախատեսել որպես դատավոր չհանդիսացող անդամ ընտրվող փաստաբանների համար:

VII. Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծի տարբերակում առաջարկվում էր, որպեսզի Հանձնաժողովը ձևավորվի և գործի յուրաքանչյուր անգամ 4-6 ամիս ժամկետով: Այս մասով Համատեղ կարծիքում նշվում է, որ Հանձնաժողովի գործունեության համար լիազորությունների իրականացման կարճ ժամկետի սահմանումը կարող է խնդիրներ առաջացնել և լրացուցիչ բեռ դնել համակարգի վրա, որը արդեն իսկ ունի բարդ գործընթաց՝ ինչպես դատավոր, այնպես էլ ոչ դատավոր անդամների առաջադրման և ընտրության գործընթացներում: Բացի այդ, այդ մոդելի ընտրությունը խնդրահարույց է նաև ինստիտուցիոնալ հիշողության պահպանման տեսանկյունից: Միաժամանակ, անդամների աստիճանական փոփոխությունն ապահովելը կարող է օգնել պահպանել շարունակականությունն ու բարձրացնել Հանձնաժողովի արդյունավետությունը։ Այսպիսի «զիգզագ» մեթոդի կիրառումը կարող է նպաստել դատական գնահատման կայուն և հետևողական համակարգի ձևավորմանը երկարաժամկետ հեռանկարում:

VIII. Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծի տարբերակում առաջարկվում էր դատավորների գործունեության գնահատում իրականացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Համատեղ կարծիքով խորհուրդ է տրվում հրաժարվել չափազանց հաճախակի գնահատումներից՝ մատնանշելով դրանց հնարավոր բացասական ազդեցությունը դատական անկախության վրա։ Համատեղ կարծիքում խորհուրդ է տրվում վերանայել առաջարկվող գնահատման հաճախականությունը՝ առաջարկելով գնահատման ժամկետը երկարացնել առնվազն երեք տարվա, որպեսզի ապահովվի ավելի հավասարակշռված մոտեցում։

IX. Համատեղ կարծիքում անդրադառնալով գնահատման չափանիշներին, նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը նախկինում արդեն առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ դատավորների գնահատման չափանիշների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, դատավորների գործունեության գնահատումը կարող է հիմնվել որակական չափանիշների (օրինակ՝ մասնագիտական կարողություններ, կազմակերպչական կարողություններ, սոցիալական հմտություններ և այլն) և քանակական չափանիշների (օրինակ՝ բողոքարկման արդյունքում բեկանված վճիռների քանակը, դատավարական ձգձգումներ և այլն) համակցման վրա։ Դատական իշխանությունների խորհրդատվական խորհուրդը (CCJE) նշել է, որ «գնահատումը պետք է հիմնված լինի օբյեկտիվ չափանիշների վրա։ Նման չափանիշները հիմնականում պետք է բաղկացած լինեն որակական ցուցանիշներից, սակայն կարող են ներառել նաև քանակական ցուցանիշներ»։ Վենետիկի հանձնաժողովը նաև նախկինում քննադատել է այն համակարգերը, որոնք չափազանց մեծ շեշտադրում են անում դատավորների քանակական գործունեության թվաբանական գնահատման վրա։ Նախագծով պահպանվում են ներկայումս սահմանված գնահատման չափանիշները՝ պահելով վերը նշված որակական և քանակական միջոցների միջև հավասարակշռությունը, և որակական չափանիշները ակնհայտորեն գերակշռում են։ Սա դրական մոտեցում է, որը համապատասխանում է Վենետիկի հանձնաժողովի ընդհանուր առաջարկություններին և պետք է արդյունավետ իրականացվի ԲԴԽ-ի կողմից մշակվելիք գնահատման մեթոդաբանության միջոցով։ Համատեղ կարծիքում նշվել է նաև, որ թեև ԲԴԽ-ի կողմից ավելի մանրամասն մեթոդաբանության մշակումն արդյունավետ միջոց է, սակայն համակարգը կշահի, եթե օրենքով ավելի հստակ և կոնկրետ չափանիշներ սահմանվեն։ Թեպետ դա բարդ խնդիր է, սակայն գնահատման չափանիշների հստակեցումը օրենքում կխթանի գործընթացի օբյեկտիվությունն ու թափանցիկությունը։

X. Համատեղ կարծիքում անդրադարձ է կատարվում նաև գնահատման արդյունքները դատական կարգով բողոքարկելու հնարավորության սահմանմանը: Մասնավորապես առաջարկվում է դատական կարգով բողոքարկման հնարավորություն նախատեսել:

Այսպես, կատարված վերլուծությունների հիման վրա Համատեղ կարծիքում Նախագծի լրամշակման հետ կապված ներկայացվում են հետևյալ 8 առաջարկները.

  1. Գնահատման որոշումները պետք է հաստատվեն մարմնի ամբողջական կազմի կողմից, որը կարող է լինել 25 անդամից պակաս կազմով:
  2. Գնահատման մարմնում պետք է պահպանվի դատավորների և դատավոր չհանդիսացող անդամների հավասարակշռված հարաբերակցությունը՝ դատավորներին թողնելով մեծամասնություն:
  3. Դատավոր չհանդիսացող անդամների ընդգրկվածությունը կարող է բարձրացվել քվորումի և որոշումների կայացման մեծամասնության վերաբերյալ կանոնների սահմանմամբ՝ ապահովելու համար, որ ոչ դատավոր անդամները իրական ազդեցություն ունենան գնահատման որոշումների վրա:
  4. Գնահատման մարմնում առաջին ատյանի դատավորների ներկայացվածությունը պետք է նվազեցվի՝ առաջնահերթություն տալով վերադաս դատարանների դատավորների ընդգրկմանը:
  5. Դատական դեպարտամենտը պետք է հեռացվի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ առաջադրող սուբյեկտների ցանկից:
  6. Գնահատման մարմնի մանդատի տևողությունը պետք է լինի գոնե չորս տարի:
  7. Պարբերական գնահատումների հաճախականությունը պետք է նվազեցվի՝ սահմանելով առնվազն երեք տարվա ընդմիջում:
  8. Գնահատման մարմնի որոշումները պետք է ենթարկվեն արտաքին վերանայման, նախընտրելի է դատարանի կողմից:

 

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կարգավորումների վերանայման հարցին անդրադարձ է կատարել նաև ԵՄ փորձագիտական թիմը և  ներկայացրել հետևյալ հիմնական առաջարկները.

1) Հանձնաժողովի կազմը չպետք է  սահմանվի 25 անդամ և ավելի, ինչպես նախատեսված է օրենքի նախագծում, այլ պետք է պահպանվի ներկայիս թիվը կամ առավելագույնը նախատեսվի մինչև 9 անդամ ունենալու հնարավորություն։

2) Հանձնաժողովը պետք է պահպանի դատավորների և դատավոր չհանդիսացող անդամների միջև հավասարակշռված համամասնություն՝ դատավորների մեծամասնությամբ։

3) Դատական ​​դեպարտամենտին պետք է հանել դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ առաջադրող մարմինների ցանկից։

4) Կանոնավոր գնահատումների հաճախականությունը պետք է լինի չորս տարին մեկ։

5) Գնահատման մարմնի որոշումները պետք է ենթակա լինեն արտաքին բողոքարկման։

 

Միջազգային փորձի ուսումնասիրություն.

Նշվածին զուգահեռ, հարկ ենք համարում անդրադառնալ նաև դատավորների գործունեության գնահատման վերաբերյալ միջազգային փորձին:

Ըստ Դատական Խորհուրդների Եվրոպական Ցանցի կողմից մշակված՝ Դատական իշխանության անդամների գործունեության գնահատման և անփոփոխելիության նվազագույն չափանիշների (2012-2013 զեկույց[4])՝ քաղաքական ազդեցությունից խուսափելու նպատակով դատավորների գործունեության գնահատումն իրականացնող մարմինը պետք է անկախ լինի կառավարությունից, իսկ կազմում պետք է ուղղակիորեն ընդգրկված լինի դատավորների համապատասխան քանակ։ Որպես գնահատում իրականացնող մարմին կարող են հանդես գալ համապատասխան ազգային Դատական խորհուրդը (կա՛մ խորհրդի կազմում գործող հատուկ հանձնաժողով, կա՛մ վարչություն), պետական կամ տեղական անկախ գնահատման խորհուրդները, կա՛մ հանձնաժողովները, կա՛մ համապատասխան դատարանների ղեկավարները, կա՛մ նույնիսկ դատական համակարգի ղեկավարները։ Վերջին առաջարկները կիրառելի կլինեին այն պետություններում, որտեղ չկան Դատական խորհուրդներ, բայց այլ ինքնավար իրավասու մարմինները ունեն անհրաժեշտ իրավասությունները։

ԵԴԴԽ թիվ 14 կարծիքի համաձայն, դատավորների գնահատման գործընթացին կարող են մասնակցել այլ մասնագետներ, որոնք կարող են օգտակար ներդրում ունենալ այդ գործընթացում[5]։ Ուսումնասիրված միջազգային փորձը վկայում է, որ գնահատող մարմնի մոդելի ընտրության առումով ԵԽ անդամ պետությունները կիրառում են չափազանց տարբերակված մոտեցումներ.

Լիտվայում դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է Դատական խորհրդին կից Դատավորների գործունեության գնահատման մշտական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից (4 դատավորներ, ում ընտրում է Դատական խորհուրդը և 3 ոչ դատավոր անդամներ, ովքեր նշանակվում են հանրապետության նախագահի կողմից)[6]:

Վրաստանում փորձաշրջանով նշանակված դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի մեկ դատավոր անդամի և մեկ ոչ-դատավոր անդամի կողմից, ովքեր ԲԴԽ-ի կողմից ընտրվում են վիճակահանությամբ: Նրանք գնահատումն իրականացնում են միմյանցից անկախ[7]:

Իսպանիայում դատավորների գործունեության գնահատումը վերապահված է Դատական խորհրդին (General Council for the Judiciary), որի Տեխնիկական գնահատման բաժինը իրականացնում է գնահատումը[8]:

Հյուսիսային Մակեդոնիայում գնահատումն իրականացվում է Դատական խորհրդի կողմից:

Ալբանիայում գնահատումն իրականացվում է մի քանի մարմինների (անձանց) միջոցով, մասնավորապես գնահատվող դատավորի կողմից` ինքնագնահատման միջոցով, դատարանի նախագահի կողմից` դատավորի վերաբերյալ մանրամասն կարծիք շարադրելու միջոցով և Բարձրագույն դատական խորհրդի գնահատման հանձնաժողովի կողմից` սահմանված չափանիշների միջոցով[9]:

Հարկ է նշել, որ համաձայն ԵԴԽԽ-ի թիվ 17 (2014) կարծիքի պատրաստման համար հարցաթերթին ԵԽ անդամ պետությունների պատասխանների ամփոփագրի՝ պետությունների մեծ մասում գնահատումները կատարվում են կանոնավոր և պարբերաբար՝ որոշակի պարբերականությամբ: Շատ անդամ պետություններում, որտեղ գնահատումն իրականացվում է կանոնավոր և պարբերաբար, լրացուցիչ գնահատումներ կարող են իրականացվել հատուկ իրավիճակներում, հատկապես, երբ դատավորը դիմում է առաջխաղացման կամ եթե առկա է հավանականություն առ այն, որ վերջինս ի վիճակի չէ կատարել իր՝ որպես դատավորի պարտականությունները:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերի փաթեթը մշակվել է Համատեղ կարծիքում ներկայացված առաջարկների և դիտարկումների հիման վրա, որի արդյունքում Նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

  1. Հանձնաժողովը ձևավորվելու է Դատավորների ընդհանուր ժողովից դուրս՝ 9 անդամ կազմով:
  2. Հանձնաժողովի 9 անդամներից 5-ը լինելու են դատավոր անդամներ, 4-ը՝ դատավոր չհանդիսացող անդամներ:
  3. Հանձնաժողովի դատավոր անդամները ընտրվելու են Ընդհանուր ժողովի կողմից, որից երկուսն ընտրվելու են Վճռաբեկ դատարանի դատավորներից, երկուսը` վերաքննիչ դատարանների դատավորներից, մեկը` առաջին ատյանի դատարանների դատավորներից:
  4. Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներին ընտրելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որից երկուսն ընտրվելու են ոչ առևտրային կազմակերպությունների կողմից առաջադրված թեկնածուներից, մեկը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուներից, մեկը՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից առաջադրված թեկնածուներից:
  5. Բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից որպես Հանձնաժողովի անդամ կարող է առաջադրվել այն իրավաբան գիտնականը, որը առաջադրվելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում դրսևորել է քաղաքական զսպվածություն և չեզոքություն, օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն: Ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից որպես Հանձնաժողովի անդամ կարող է առաջադրվել այն իրավաբանը, որը առաջադրվելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում դրսևորել է քաղաքական զսպվածություն և չեզոքություն, օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի մասնագիտական աշխատանքի ութը տարվա փորձառություն կամ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:
  6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների, Ոչ առևտրային կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից առաջադրված թեկնածուները Հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը չեն կարող զբաղվել փաստաբանական (իրավապաշտպան) գործունեությամբ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ դատական ներկայացուցչություն իրականացնելու միջոցով: Հանձնաժողովի անդամ ընտրվելուց հետո սույն մասով նախատեսված գործունեությամբ զբաղվելը հիմք է Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի լիազորությունները դադարեցնելու համար:
  7. Հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Բարձրագույն դատական խորհուրդը:
  8. Հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով և չափով:
  9. Դատավորի գործունեությունը ենթակա է հերթական գնահատման՝ յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ, իսկ Դատական օրենսգրքով սահմանված դեպքերում` արտահերթ:
  10. Դատավորի գործունեության գնահատման եզրակացությունը ենթակա է լինելու բողոքարկման Բարձրագույն դատական խորհուրդ, որը Հանձնաժողովի եզրակացության դեմ ներկայացված բողոքը քննելիս հանդես է գալու որպես դատարան:
  11. Դատավորի գործունեության գնահատման բարձր և լավ արդյունքները դրական ազդեցություն են ունենալու դատավորի համար առաջխաղացման ցուցակում ընդգրկվելիս:
  12. Դատավորի գործունեության գնահատման արդյունքում բարձր գնահատական ստացած դատավորը կարող է չմասնակցել Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպվող դատավորների պարտադիր վերապատրաստման դասընթացներին:

 

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկատարելագործվի դատավորների գործունեության գնահատման համակարգը՝ լավագույնս արտացոլելով դատավորների գործունեությունը: Արդյունքում էլ ավելի արդյունավետ կիրականցվեն դատավորների կարողությունների գնահատումները, ինչպես նաև այն, թե նրանց կողմից ինչ որակի և ծավալի աշխատանքներ են իրականացվում: Նախագծի ընդունումը կնպաստի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս լավագույն թեկնածուների ընտրությանը, դատավորների կարիքների գնահատմանը, դատական իշխանության զարգացմանը, դատավորների աշխատանքի արդյունավետության բարելավմանը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության և Բարձրագույն դատական խորհրդի կողմից

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսերի ավելացումներ, մասնավորապես ««Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 137-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝  «Գնահատման հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով և չափով»:

Ներկայումս Ընդհանուր ժողովի հանձնաժողովների՝ այդ թվում՝ Դատավորների ընդհանուր ժողովի  դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների վարձատրությունը իրականցվում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 19-րդ մասով սահմանված կարգով: Մասնավորապես՝ նշված կարգավորման համաձայն՝ «Հանձնաժողովների՝ դատավոր չհանդիսացող անդամին վճարվում է հատուցում՝ Կառավարության սահմանած կարգով և չափով»:

Կառավարության 2020 թվականի հուլիսի 7-ի թիվ 1282-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` ընդհանուր ժողովի հանձնաժողովներ) դատավոր չհանդիսացող անդամի գործունեության համար հատուցման ամսական չափ սահմանվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով:»:

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «2023 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 83 200 դրամ.»:

Այսինքն՝ Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող մեկ անդամի գործունեության համար հատուցման ամսական չափը կազմում է 582.400 ՀՀ դրամ /83.200*7/: Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում ներկայումս գործում է երկու դատավոր չհանդիսացող անդամ:

««Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 11-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 137-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Գնահատման հանձնաժողովը կազմված է ինն անդամից, որոնցից  (...) չորսը դատավոր չհանդիսացող անդամներ (...)»:

Այսինքն, ««Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում դատավոր չհանդիսացող անդամների թիվը ավելացնել երկու անդամով, և այն պայմաններում, երբ Կառավարության որոշմամբ սահմանվի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամների վճարման չափ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով, ապա դատավոր չհանդիսացող անդամների թիվը գործող անդամների թվի համեմատությամբ երկուսով ավելացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվելու են լրացուցիչ ծախսեր՝ յուրաքանչյուր ամիս առնվազն 1.164.800 ՀՀ դրամի չափով /582.400*2/:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային կամ այլ ռազմավարություններ.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

[1] Opinion No. 17 of the Consultative Council of European Judges on the work of judges, the assessment of the quality of justice and respect for the independence of the judiciary (2014), https://rm.coe.int/16807481ea/:

[2] Opinion No. 17 of the Consultative Council of European Judges on the work of judges, the assessment of the quality of justice and respect for the independence of the judiciary (2014), https://rm.coe.int/16807481ea/:

[3] Տե՛ս, Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համատեղ կարծիքը հետևյալ հղումով https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2024)031-e

[4] 2012-2013 Report from the European Network of Councils for the Judiciary (ENCJ) on minimum standards regarding evaluation of professional performance and irremovability of members of the judiciary, available at https://www.encj.eu/images/stories/pdf/workinggroups/final_report_encj_project_minimum_standards_iii_corr ected_july_2014.pdf:

[5] Եվրոպական Դատավորների Խորհրդատվական Խորհրդի Կարծիք թիվ 17՝ Դատավորների աշխատանքի, արդարադատության որակի գնահատման և դատական իշխանության անկախության նկատմամբ հարգանքի վերաբերյալ (2014թ.), https://rm.coe.int/16807481ea/:

[6]https://www.teismai.lt/en/self-governance-of-courts/permanent-commission-for-the-assessment-of-activities-of-judges/about-commission/676

[7] Օrganic law of Georgia on General courts, https://matsne.gov.ge/en/document/view/90676?publication=34:

[8]https://www.cnj.gob.sv/index.php/unidad-tecnica-de-evaluacion

[9] Law on the Status of Judges of Albania, 2018:

  • Discussed

    02.05.2025 - 17.05.2025

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1562

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: