Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Համաձայն ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից ՀՀ անունից «Սևան» ազգային պարկի (այսուհետ՝ «Սևան» ԱՊ) տարածքի պետական սեփականություն հանդիսացող և «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողամասերի վարձակալության, անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մասին կնքված պայմանագրերով նախատեսված ՀՀ ներկայացուցչի լիազորություններն անցնում են «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ այդ պայմանագրերով նախատեսված հողօգտագործման համար նախատեսված վճարները պետք է փոխանցվեն «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին։

      Որպես սույն դրույթի իրավական հիմք ամրագրված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Մինչդեռ, Որոշման ընդունման համար որպես հիմք վկայակոչվող «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածում 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-380-Ն օրենքով կատարվել է փոփոխություն՝ առաջացնելով անհամապատասխանություն Որոշման իրավական հիմքերում:

      Միաժամանակ, համաձայն Որոշման 2-րդ ենթակետի՝ «Սևան» ԱՊ տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար «Սևան» ԱՊ կողմից գանձված վճարների ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30 տոկոսը պետք է փոխանցվի այն համայնքի բյուջե, որի վարչական սահմաններում գտնվում է տվյալ հողամասը` «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի և համապատասխան համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրերին համապատասխան.»: Մինչդեռ խնդրո առարկա ենթակետի իրավական հիմքերը բացակայում են:

      «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ը 16 համայնքի հետ կնքել է «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին» պայմանագրեր: Նշված պայմանագրերի 4-րդ կետում ամրագրված է, որ դրանց գործողությունը շարունակվում է մինչև ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելը: Ըստ այդմ՝ սույն նախագծի ընդունման դեպքում «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված պայմանագրերը կդադարեն գործել: «Սևան» ԱՊ-ը չի ազատվում մինչև այդ կուտակված պարտավորությունների կատարումից, ինչը նախատեսվում է իրականացնել ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական եկամուտներից և այլ մուտքերից, իսկ վարձակալության հանձնված հողամասերի վերաբերյալ հարաբերությունները շարունակվելու են «Սևան» ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված պայմանագրերին ու համաձայնագրերին համապատասխան:

      ՊՈԱԿ-ի կողմից 16 համայնքներին փոխանցման ենթակա գումարը կազմում է տարեկան շուրջ 40-44 մլն.դրամ՝ կախված վարձակալության վճարներից հավաքագրված գումարի չափից: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության համայնքները շահութահարկ վճարողներ չեն համարվում: Վերը նշված գումարը ՊՈԱԿ-ի համար, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, որպես ծախս չի դիտարկվում և համարվում է շահույթի օգտագործում, հետևաբար՝ ենթակա է շահութահարկով հարկման, ինչն էլ իր հերթին ծանրաբեռնում է ՊՈԱԿ-ի հարկային բեռը՝ տարեկան ևս 8-9 մլն. դրամով: Քանի որ մինչև համայնքներին փոխանցելը նշված գումարն արդեն իսկ հարկվում է անշարժ գույքի և ավելացված արժեքի հարկերով (պետական ոչ առևտրային կազմակերպությունները 2023 թվական հունվարի 1-ից չեն հանդիսանում անշարժ գույքի հարկ վճարող), ՊՈԱԿ-ի համար առաջանում է ևս 10 մլն դրամի չափով լրացուցիչ հարկ, ինչի հետևանքով ՊՈԱԿ-ն ունենում է տարեկան շուրջ 60-64 մլն. դրամ ֆինանսական բեռ:

      Ընդ որում՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների օգտագործման համար գանձված միջոցներից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջե փոխանցելու վերաբերյալ կարգավորումներ նախատեսված են միայն «Սևան» ԱՊ-ի համար, մինչդեռ մյուս բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) համար նման մոտեցում ամրագրված չէ։

Ներկայումս «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ը «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին» պայմանագրերի շրջանակներում 2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ունի շուրջ 136 մլն.դրամ պարտք, և դրա պարբերական ավելացումը թույլ չի տալիս վերոնշյալ կրեդիտորական պարտքերը մարել: Սույն Նախագծի ընդունման, այն է՝ Որոշումն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում «Սևան» ԱՊ-ը, չազատվելով մինչ այդ կուտակված պարտավորությունների կատարումից, այս մասով լրացուցիչ պարտավորության կուտակում չի ունենա։

«Սևան» ԱՊ տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վերաբերյալ Որոշման համատեքստում վարձակալության պայմանագրեր են կնքված ընդհանուր առմամբ 51 սուբյեկտների հետ, և ներկայումս նրանցից 37-ի հետ կնքվել են համաձայնագրեր, որոնք կապահովեն վարձակալության և դրա հետ կապված իրավահարաբերությունների անխափան ընթացքը Որոշումն ուժը կորցնելու պարագայում: 1 վարձակալի հետ համաձայնագրի կնքումն ընթացքի մեջ է: Վարձակալներից 3-ը մահացած են, և նրանց դեպքում իրավահաջորդություն առկա չէ, 1-ը ճանաչվել է սնանկ, 3-ը բացակայում են Հանրապետությունից. պատշաճ կերպով ծանուցվել են համաձայնագրեր կնքելու առաջարկի վերաբերյալ, հայտնել են պատրաստակամություն՝ վերադառնալուն պես ստորագրել համաձայնագրերը: Եվս 6 վարձակալների պարագայում առկա են կադաստրային քարտեզի ճշգրտման, գույքի վրա արգելանքի և այլ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքում են, և ավարտվելուն պես նրանց հետ նույնպես կկնքվեն համապատասխան համաձայնագրեր:

Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ներին ամրացված հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են համաձայն ՀՀ հողային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշումների, իսկ «Պետական գույքի կառավարման մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների իրավակարգավորումները կիրառելի (վերաբերելի) չեն բնության հատուկ պահպանվող տարածքների (հողերի, հողամասերի) նկատմամբ:

Սևան ԱՊ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականության հողամասերը վարձակալության են տրամադրվում համաձայն ՀՀ հողային օրենսգրքի, ինչի 76-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է. «Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները»:

Նույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն՝ «Անտառները և անտառային հողերը օգտագործման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների (բնապահպանական հողերի) հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ կառավարության սահմանած կարգով»։

Ըստ այդմ՝ իրավական ակտի ընդունումը որևէ կերպ ազդեցություն չի ունենա Սևան ԱՊ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացի վրա։ Ընդ որում, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 281-րդ հոդվածի 1.4 կետի ա) ենթակետի  և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա. ենթակետի դրույթները, ըստ որոնց՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում համայնքի  սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները, վերաբերում են համայնքի կողմից իր վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերն իր կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման դիմաց գանձվող վարձավճարներին, իսկ «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերը «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին են հատկացվել անհատույց օգտագործման իրավունքով։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության՝ «Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով»:

Նախագիծը քննարկվել է տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի նիստում, որի ԿԱ/273 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն առաջարկվել է պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև անտառների վարձակալության համար գանձվող վճարները համայնքային բյուջե փոխանցելու հարցը համատեղ քննարկել շրջակա միջավայրի նախարարության, արդարադատության նախարարության և Կադաստրի կոմիտեի հետ, իսկ շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկվել է Նախագծին, ըստ անհրաժեշտության, անդրադառնալ նշված քննարկումից հետո: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հարցի քննարկում չի նախաձեռվել, ըստ այդմ՝ շրջակա միջավայրի նախարարությունը, ելնելով իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունից, վերստին առաջարկում է անդրադառնալ Նախագծին:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել: Որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված՝ վարձակալության վճարների 30 տոկոսը համայնքներին փոխանցելու վերաբերյալ պայմանագրերը կդադարեն գործել, իսկ վարձակալության հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել համաձայն «Սևան» ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի:

 

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Շրջակա միջավայրի նախարարություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև խնդրահարույց անհամապատասխանության վերացում, «Սևան» ԱՊ-ի համար իրավական հիմքեր չունեցող որոշմամբ պայմանավորված պարտավորությունների կուտակման խնդրի լուծում: Որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված՝ վարձակալության վճարների 30 տոկոսը համայնքներին փոխանցելու վերաբերյալ պայմանագրերը կդադարեն գործել, իսկ վարձակալության հետ կապված հարաբերությունները կշարունակեն կարգավորվել համաձայն «Սևան» ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի:

Որոշումն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում «Սևան» ԱՊ-ը, չազատվելով մինչ այդ կուտակված պարտավորությունների կատարումից, այս մասով լրացուցիչ պարտավորության կուտակում չի ունենա։

 

  1. 5. Տեղեկատվություն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա: Վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այլ օրենսդրական ակտերով և Սևան ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված համաձայնագրերով: «Սևան» ԱՊ-ի և համայնքների ղեկավարների միջև կնքված պայմանագրերի 4-րդ կետում ամրագրված է, որ դրանց գործողությունը շարունակվում է մինչև ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելը:

 

  1. 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  1. 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համահունչ է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Ծրագրի 4.10-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» կետի 4-րդ պարբերության 4-րդ՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ռեժիմների և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը» ուղղությանը, ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-L որոշմամբ հաստատված Ծրագրի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 3-րդ նպատակի 3.8-րդ՝ «պետական անտառների, անտառային հողերի օգտագործման տալու և բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու ընթացակարգերի վերանայում» միջոցառմանը:

  • Discussed

    02.04.2025 - 17.04.2025

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 450

Print